Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչությանը հարկադրված լիակատար շրջափակման հետեւանքով հումանիտար իրավիճակի վատթարացման առնչությամբ արտահերթ նիստ գումարելու պահանջով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին Հայաստանի ներկայացրած դիմումի նկատմամբ անտարբեր չի եղել նաեւ կովկասյան հարցերի իրանցի փորձագետ Բորհան Հեշմաթին, որի կարծիքով, Անվտանգության խորհուրդն ու Եվրամիությունը ի զորու չեն նման հակամարտությունների համար լուծում առաջարկել: Նա համոզմունք է հայտնում, որ միայն Իրանի ներգրավվածությունն այդ խնդրում կարող է բխել կովկասցիների շահերից: Վերլուծաբանն իր ափսոսանքն է հայտնում, որ Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցում հանդես չի գալիս նախաձեռնությամբ եւ Արցախում ընթացող իրադարձությունների շուրջ շարունակում է լռություն պահպանել:
Հիմք ընդունելով ադրբեջանական նավթի ու գազի պաշարների տնօրինման հարցում Լոնդոնի բացառիկ դերն ու Բաքվի նկատմամբ վերջինիս ունեցած ազդեցության լծակները, Բորհան Հեշմաթին նշում է, որ Մեծ Բրիտանիան մշտապես իր շահերին ստորադասում է հումանիտար հարցերն ու ճգնաժամային իրավիճակների կարգավորմանը վերաբերող խնդիրները:
«Իսնա» լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ, իրանցի փորձագետը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից Լեռնային Ղարաբաղի հարցի քննարկման կապակցությամբ նշել է, որ սովորաբար Անվտանգության խորհուրդի դիրքորոշումները նմանօրինակ հարցերում չունեն հարկ եղած ազդեցությունը, որի վկայությունն է, վերլուծաբանի տեսակետով, արցախյան ճգնաժամի ողջ պատմության ընթացքում այդ միջազգային կառույցի կեցվածքը: Նա հավելել է, որ Մեծ Բրիտանիայից բացի, Անվտանգության խորհրդի մյուս անդամները նույնպես այդ կարգի հարցերի նկատմամբ լուրջ մոտեցում չեն ցուցաբերում եւ հաճախ հարցն ավելի են բարդացնում՝ խնդրի լուծումը երկարաձգելու նպատակով: Իրանցի փորձագետը նման նիստերի անցկացումը ձեւական է համարում եւ չի պատկերացնում, թե այդ երկրներն ինչպե՞ս կարող են հարցի լուծման համար որեւէ ելք առաջարկել:
Հեշմաթիի պատկերացմամբ՝ ավելի ճիշտ կլիներ, եթե կարգավորման հարցով զբաղվեին այն երկրները, որոնք իրենց հեղինակությամբ Բաքվի վրա ներազդելու ավելի մեծ հնարավորություն ունեն, որոնք կկարողանային համոզել Բաքվին՝ ապաշրջափակել Արցախը, որը Բաքվի պնդմամբ՝ իբր Ադրբեջանի անբաժանելի մասն է: Վերլուծաբանը նաեւ հիշեցմնում է, որ Ալիեւը «Եվրոնյուզին» տված հարցազրույցի ժամանակ, Արցախն Ադրբեջանի կազմում ինտեգրվելու դիմաց արցախահայությանը անվտանգության երաշխիքներ է տվել:
Հեշմաթին իր համոզմունքն է հայտնել, որ Արցախի հարցը պետք է կարգավորվի քաղաքական ուղիներով՝ այն երկրների միջնորդությամբ, որոնք Իրանի պես քաղաքական շահեր չեն հետապնդում: Վերլուծաբանն այդ համատեքստում հիշում է Ռուսաստանի ու Թուրքիայի դերակատարությունն ու գործադրած ապարդյուն ջանքերը:
Կովկասյան հարցերի իրանցի փորձագետն «Իսնա» լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ընթացքում նաեւ անդրադարձել է արցախյան հակամարտության կարգավորման տարբեր փուլերում Իրանի ներգրավվածությանը, հիշեցնելով, որ հակամարտության նախնական փուլում Իրանին հաջողվել է, հօգուտ Ադրբեջանի, կանխել հայկական կողմի առաջխաղացումն Ադրբեջանում:
Հեշմաթին Կովկասը համարում է Իրանի պատմական ու քաղաքակրթական միջավայրի անբաժան մասնիկն ու համոզմունք հայտնում, որ հակամարտության կարգավորման ներկա փուլում Իրանը պետք է հրաժարվի կրավորական կեցվածքից ու հանդես գա խելամիտ նախաձեռնություններով:
ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Իրանագետ