«Մաթեմյանների ծնողներն են Ադին և Բուդին, նրանք ունեն երեք երեխա՝ Գուդին, Դուբին և Եգին»: Սա մեջբերում է մաթեմատիկայի 5-րդ դասարանի դպրոցական դասագրքից: ԿԳՄՍ նախարարը ճեպազրույցին «արդարացրեց» Ադիբուդնանց և Գդադուբնեգնանց ընտանեկան կարևոր գոյության անհրաժեշտությունը մաթեմատիկայի (երևի պիտի ասեի` մաթեմի) դասագրքերում: Ի պաշտպանություն «դասագրքի»` դրա կողմնակիցները քննադատում են քննադատողներին, թե բովանդակային քննարկում է պետք: Բայց, հարգելինե՛րս, սա հենց բովանդակությունն է: Եթե, իրոք, մաթեմատիկոսներ եք, այն էլ մանկավարժի կոչումով, պետք է իմանաք, որ պարզելու համար` աշակերտը հասկացել է խնդիրը թե չէ, պարտավոր եք նրան պատմել տալ այդ խնդիրը: Ե՞վ… Սա՞ պիտի պատմի երեխան` այս խառնացեղ ծագմամբ խառնանվանական շիլաշփո՞թը: Միջառարկայական կա՞պ եք ուզում` հայերենի և մաթեմատիկայի սերտացման, սրանից լավ կա՞պ: Հետևեք, որ խնդրի պահանջը երեխան ձևակերպի` մտքերը հայերեն ճշգրտորեն վերարտադրելով: Բայց Ձերդ գերազանցություն Մաթեմյանների տոհմածառն ի՞նչ մտքերով տեղ հասցնի աշակերտը և ինչո՞ւ, որ բավարարի ձեր դիվային նկրտումները երևի միայն ձեզ հայտնի անգութ պատճառո՞վ, որ ուզում եք անցկացնել իբրև մեթոդական նորարարությո՞ւն: Եվ այդ «նորարարության» արդյունքն է լինելու, ի թիվս այլոց, նաև երեխայի ենթագիտակցության մեջ մաթեմատիկայի փոխարեն «մաթեմի» պաշտոնական ամրակայումը: Այդպե՞ս են սիրում մաթեմատիկոսներն իրենց գիտությունը և սիրել տալիս երեխաներին…
Հետաքրքիր է, որ դասագրքի հեղինակ, ֆիզմաթ գիտությունների դոկտոր Սմբատ Գոգյանն անթաքույց հավակնություններ ունի ոչ միայն դասականների հետ չափվելու (Աղայանին ու Թումանյանին է օգնության կոչում` արդարացնելու իր հորինովի անունները), այլև հենց մաթեմատիկային վերաբերող գնահատումներում: Ահա վերջինին վերաբերող մի միտք` նրա շարադրանքից. «Դասագրքով փորձել ենք մաթեմատիկա առարկայի մեջ տրամաբանություն մտցնել»: Այս պահին մի բան է ինձ հետաքրքրում` մաթեմատիկայի մեջ մինչև Գոգյանն ընկած ժամանակաշրջանը համաշխարահային ընդգրկմա՞մբ է մաթեմատիկայից բացակայել տրամաբանությունը, թե՞ միայն Հայաստանում է այդպես եղել: Ճիշտն ասած` կուզենայի, որ դա աշխարհովի լիներ, և մաթեմատիկոսների համաշխարհային հանրությունը գլուխ խոնարհեր մեր քանքարի առաջ…
Պարոն Գոգյանը նաև մեծահոգի է, տեղեկացնում է, թե իրենց արածը մի փորձ է, և հիմա մեջբերում եմ հանրային տիրույթում գրած նրա խոսքը` առանց լեզվական վրիպումները շտկելու. «Հաջողվել է թե ոչ ցույց կտա ժամանակը, այսինքն մայիս ամսին»: Սա մաթեմատիկայի մեջ (իբրև անօրինակ նորություն ու նորարարություն) տրամաբանություն մտցնող դոկտոր մաթեմատիկոսի խոսքն է, որի կետադրական ու խնդրառական սխալները հենց վկայությունն են հեղինակի կաղացող տրամաբանության: Բայց սա` դեռ մի կողմ: Լույս տեսած դասագիրքը կանխատեսելի պիտի լինի պիտանելիությամբ: Եղբա՛յր, եթե ասում ես` մայիսին, այսինքն` տարեվերջին պարզ կլինի` գիրքը գիրք է թե չէ, ի՞նչ պիտի մտածի խոսքդ կարդացողը: Բա որ պարզվի` իրոք, խոտան է, մի ողջ սերնդի ուղեղի խեղման համար ո՞վ պիտի պատասխան տա և ինչպե՞ս:
Ի դեպ, ժամանակին ֆիզմաթ դպրոցում միջառարկայական կապի անզուգական օրինակ է տվել հայտնի մաթեմատիկոսներից մեկը, որը մինչև մաթեմատիկական թեմային անմիջականորեն հասնելը տևական պտույտներ է կատարել անտիկ և համաշխարհային դասական գրականության բավիղներում, ընդ որում արհեստականության նշույլ իսկ չեն ունեցել այդ պտույտները: Կերպարների հոգեկան վիճակները, անցքերը տրամաբանական շղթայով բերել-հանգեցրել է այս կամ այն թեմային:
Այն, ինչ հիմա տեղի է ունենում կրթական ոլորտում, շարունակությունն է վերջին պատերազմի շեմին մեծ աղմուկ հանած հանրակրթական դպրոցի առարկայական նոր ծրագրերի նախագծերի, դրանց վերաբերյալ բոլոր բանական քննադատություններն արհամարհելով` դրանք հաստատելու և դրանց հիման վրա նոր դասագրքեր մոգոնելու ԿԳՄՍ նախարարության գործունեության: Գոգյանին և հեղինակակցին ուզում եմ տեղեկացնել, որ աճպարարությամբ առանձնապես զարմացնել չեն կարող: Ավելի վատ բաներ են տեղի ունեցել: Երեք ամսում մի կիսատ-պռատ լեզվաբան չորս դասարանի` հայերենի քերականության «դասագրքեր» գրեց, որոնց մասին շատ եմ խոսել ժամանակին: Գոգյանին սփոփելու համար միայն մի օրինակ բերեմ: 5-րդ դասարանի դասագրքի մի էջում հոլովի երեք սահմանում էր բերած` երեքն էլ սխալ, երեքն էլ իրար հակասող: Այնպես որ, «նորարարության» հարցում առաջին տեղում չէ նա: Դրանից բացի` կրթության ոլորտի իր նախորդ գործընկերներից շատ բան ունի սովորելու, օրինակ` Աիդա Թոփուզյանից, որ հաստատել էր դպրոցում երկլեզու «ուսուցման» գիտափորձի անցկացումը, երբ բոլոր ժամերին (նաև հայերենի) աշակերտները 10 րոպեն մեկ լեզվից լեզու էին թռչում: Լևոն Մկրտչյանից սովորելու բան ունի, թե ինչպես պետք է ռուս նախարարուհու գալուստը պարային տոնակատարության վերածի և փորձի ռուսերենը պաշտոնական լեզու դարձնել Հայաստանում: «Քաղբանտարկյալ» Աշոտյանից սովորելու բան ունի, որ կարողացավ ապականել ՀՀ Լեզվի օրենքը:
Դիմամամատյանի գրառումներում կարծիք կար, որ անչափ բարի մարդ է Գոգյանը և հմուտ մասնագետ: Եթե դա ճիշտ է, ապա գիտության հետ քիչ թե շատ կապ ունեցողիս խղճմտանքով առաջարկում եմ նրան արթնացնել իր միջի հիշյալ հատկանիշները, բարի լինել և ամեն բան անել, որ այդ գրքերով չսովորեն մեր երեխաները, որովհետև դրանք սովորեցնելու համար չեն: Եվ եթե բարության հետ ազնվություն էլ ունենա, ինքն իր ներսում թող խոստովանի, թե ինչի համար են դրանք:
Հայաստանն այդպես էլ պետություն չդարձավ, որովհետև թվացյալ հաղթանակած երկրում պարբերաբար ազգային ոգին էր արհամարհվում: Իսկ պատերազմից հետո և՛ պետության մարմինն է ծվատված, և՛ այդ մարմինն իմաստավորող ոգեկանությունը: Վերջինիս նահանջը պակաս վտանգավոր չէ, քան հայրենի մարմինը կմախքի վերածելը…
Դավիթ ԳՅՈՒԼԶԱԴՅԱՆ
Սպասում ենք այլ արձագանքների: