Հոդվածը տպագրվել է նախ «Le Monde Diplomatique» ֆրանսիական պարբերականի հոկտեմբերի 25-ի առցանց տարբերակում (հեղինակն է «Secret Nation: The Hidden Armenians of Turkey»` Թուրքիայում հավատափոխ եղած հայերի մասին պատմող հատորի), ապա «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթում, որտեղից թարգմանաբար ներկայացնում ենք մեր ընթերցողներին: Հեղինակը լրագրող է, որ որպես թղթակից գործուղվել է Արեւելյան Եվրոպա, նախկին Խորհրդային Միություն, Չինաստան, Կովկաս, Թուրքիա եւ Լատինական Ամերիկա: Հեղինակն է «Secret Nation: The Hidden Armenians of Turkey»՝ Թուրքիայի թաքնված հայերի մասին պատմող հատորի:
Նախկինում Ադրբեջանին մաս կազմող Լեռնային Ղարաբաղի հայկական անկլավում ապրող 120 հազար բնակչության բռնի տեղահանվելուց շաբաթներ անց Հայաստանը ահագնացող մտահոգությամբ հետեւում է Ադրբեջանի ռազմական կուտակումներին իր հարավային սահմանի ամբողջ երկարությամբ: 2020 թվի 44-օրյա պատերազմում կրած ջախջախիչ պարտությունից հետո Հայաստանը վախենում է, որ այս անգամ ստիպված կլինի գոյութենական պայքար մղել իր վաղեմի թշնամու դեմ: Ինը ամսվա շրջափակումից հետո, որի ընթացքում Բաքուն արգելափակեց սննդի, էլեկտրականության, գազի եւ ինտերնետի հասանելիությունը անկլավում, Ադրբեջանը տիրացավ Լեռնային Ղարաբաղի տարածքին 24-ժամյա ռազմական գործողությամբ: Տարածքի գրավումը դուրս մղեց հայ բնակչությանը, որ դարեր շարունակ համեմատաբար բարձր ինքնավարություն էր վայելում, մինչեւ որ Խորհրդային Միությունը 1921-ին անջատեց այն Մայր Հայաստանից եւ կցեց այդ ժամանակ նոր հռչակված Ադրբեջանի Սովետական Սոցիալիստական հանրապետությանը:
Ուժային միջանցքներ
Հայաստանի սահմանին, մինչեւ 3000 զորամիավորումներով Ադրբեջանի Թուրքիայի հետ համատեղ անցկացրած զորավարժությունների լույսի ներքո հայերը վախենում են, որ նույնը կարող է պատահել երկրի հարավում՝ Սյունիքի բնակչության հետ: Եվ իրոք, եթե ադրբեջանական զորքերը հատեն այդ հողակտորը, որի ամենանեղ հատվածը ընդամենը 18 մղոն է, ապա Սյունիքը կմեկուսացվի Հայաստանի մնացյալ մասից եւ բնականաբար՝ մայրաքաղաք Երեւանից: Ադրբեջանի համար դա մի միջանցք կդառնա, որը կկապի մայր երկիրը ազերիական էքսկլավ՝ Նախիջեւանի հետ: «Ադրբեջանի սպառնալիքները Սյունիքի հանդեպ երբեք էլ գաղտնիք չեն եղել», հուշեց ինձ հայկական բանակի վետերան սպան: «Նրանց նախագահը բացահայտորեն է արտահայտվել այդ մասին, խեղաթյուրելով պատմությունը եւ Սյունիքը պիտակելով որպես պատմական Ադրբեջանի տարածք: Նույն պահանջը նրանք կատարում էին Լեռնային Ղարաբաղի նկատմամբ»: Վետերանը, որ նախընտրեց չհրապարակել անունը, նշեց, որ 2021-ի եւ 2022-ի ադրբեջանական հարձակումները բուն Հայաստանի տարածքի վրա վառ ապացույցներ են նրանց մտադրությունների: «Ես չեմ կարծում, որ Ադրբեջանի սպառնալիքները Սյունիքի վերաբերյալ ներկայիս նվազել են», ավելացրեց նա:
Առանց միջազգային համայնքի ճնշումների (հայերը իրենց հույսը դրել են մասնավորապես Մ. Նահանգների, Ֆրանսիայի եւ Իրանի վրա) եւ նոր էսկալացիան կանխելու հայկական դիվանագիտության ակտիվ ջանքերի, ադրբեջանական հարձակման սպառնալիքը մշտապես առկա է: «Մենք միշտ ակնկալում ենք նման ագրեսիա»:
Դեպի Հարավային Հայաստանի շրջանները կատարած մեր այցելության ընթացքում գրականագետ եւ 44-օրյա պատերազմի մասնակից Արա Զարգարյանը ինձ ցույց տվեց անզեն աչքով անտեսանելի, բայց սնկի գլխիկներ հիշեցնող «գմբեթներ» անվանումով հազարավոր խրամատներ, որոնք ենթադրաբար պետք է դեմն առնեն դրոնների (ԱԹՍ-երի) հնարավոր հարձակումներին:
Եթե ադրբեջանական զորքերին հաջողվի բացել միջանցքը, Հարավային Հայաստանն իր 140 հազար բնակչությամբ ծուղակի մեջ է հայտնվելու: Միայն Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը կարողանալու է ապահովել տեղահանված փախստականների անվտանգությունը: Դրանից հետո մենք ականատես կլինենք Լեռնային Ղարաբաղի միեւնույն սցենարին:
Հայաստանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու ազերի պաշտոնյաների հրապարակային հայտարարությունները կարող են մոլորեցնող լինել, հավատացած է անկախ քաղաքական վերլուծաբան եւ Հայաստանի կիրառական քաղաքականության հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատող Բենիամին Պողոսյանը: «Ճանաչելով Հայաստանի ինքնիշխանութունը Սյունիքի նկատմամբ, եւ հրաժարվելով այդտեղից արտատարածքային միջանցք պահանջելուց, Ադրբեջանը այնուամենայնիվ շարունակում է հատուկ երաշխիքներ պահանջել այն ադրբեջանցիների համար, որոնք հատելու են Հայաստանի տարածքը: «Հատուկ երաշխիքներ» ասվածը բավականին անորոշ եզրույթ է, եւ Ադրբեջանի կողմից կարող է մեկնաբանվել ամենատարբեր ձեւերով, որոնք կսահմանափակեն Հայաստանի ինքնիշխանությունը այդ շրջանի վերաբերյալ», նշում է նա:
Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացում
Հայաստանի մարտավարական ծանր կացությունը է՛լ ավելի է բարդանում ռազմավարական դաշնակից եւ անվտանգության երաշխավոր՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացմամբ: Ռուսաստանը անտարբերությամբ հետեւում էր, թե ինչպես է Ադրբեջանը շարունակում ճնշել Հայաստանը իր ռազմական նպատակին հասնելուց եւ նվաճելուց հետո Լեռնային Ղարաբաղը, որը ինքնավար մարզ էր Խորհրդային Ադրբեջանի սահմանում եւ որն իր անկախությունն էր հռչակել 1991-ին, երբ փլուզվում էր Խորհրդային Միությունը:
2018-ի այսպես կոչված թավշյա հեղափոխության հետեւանքում Հայաստանի իշխանության ղեկը ստանձնած վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ժողովրդավարական քաղաքականություն է վարում՝ պայքարելով կոռումպացված նախկին վարչակազմի դեմ, որը սերտ կապեր ուներ Կրեմլի հետ, եւ որոնելով առավել սերտ հարաբերություններ Արեւմուտքի հետ: Շատերն են իրավամբ հավատացած, որ Ռուսաստանի անգործությունը 44-օրյա դաժան պատերազմի օրերին պարզապես Հայաստանին պատժելու միջոց էր բռնատիրական տարածաշրջանում (Ադրբեջանը մեզ օրինակ) ժողովրդավարության համակարգը ամրապնդելու Փաշինյանի ջանքերի դեմ ուղղված:
Հատկանշական է, որ Ադրբեջանում բռնապետությունը ժառանգական բնույթ է կրում՝ սկսած 1969 թվականից, երբ Ալիեւների գերդաստանը երկրի իշխանությունը ստանձնեց: Նախ Հեյդարը, որը միայն կարճ ժամանակով (1987-93) իշխանության ղեկին չէր, եւ հետո՝ Իլհամը, որ հոր մահվանից (2003-ին) սկսած պահպանում է իշխանությունը մինչ օրս: Հայաստանը 1991-ին, անկախություն հռչակելուց հետո բոլրոովին այլ ճանապարհ ընտրեց գործնականում ամբողջովին ժողովրդավարական կարգեր հաստատելով, որով բնութագրվում է նաեւ Լեռնային Ղարաբաղի երեք տասնամյակների անկախությունը, որտեղ կանոնավոր նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ են անցկացվել:
Վերոնշյալ վետերանը Ռուսաստանին չնշեց այն գործընկերների շարքում, որոնք պատրաստ են օգնելու Հայաստանին Ադրբեջանի կողմից հնարավոր հարձակման դեպքում:
Սյունիքում սահմանամերձ զինվորական դիրքերից մեկում ծավալված խոսակցության ընթացքում զրուցակիցներս նույնպես չնշեցին Ռուսաստանի, որպես հնարավոր դաշնակցի եւ հստակեցրին, որ Հայաստանը սեփական ուժերի վրա է հենվում դիմակայելու որեւէ ադրբեջանական հարձակում:
Ռուսաստանի մասին հարցին, նրանք ցույց տվեցին մոտակա օդային հետախուզության կայանը, որ ռուսները մոտ մեկ տարի առաջ դատարկել են, փոխադրելով որոշ գործողություններ մեկ այլ վայր՝ ավելի մոտիկ Հայաստանի՝ Ադրբեջանի հետ ունեցած սահմանին:
Բայց Հայաստանի անվտանգության մարտահրավերները առավել սուր բնույթ են ստացել ոչ միայն Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման, այլեւ Ադրբեջանից եւ Թուրքիայից Ռուսաստանի կախվածության մեծացման հետեւանքում: Ռուսաստանը այդ երկրներին դիտարկում է որպես առեւտրային եւ քաղաքական գործընկերների, հաշվի առնելով ԵՄ-ի եւ Մ. Նահանգների կողմից իր դեմ կիրառվող հեղձուցիչ պատժամիջոցները:
Լեռնային Ղարաբաղի անկումից մեկ շաբաթ անց «Carnegie Europe»-ի ավագ աշխատակից Թոմաս դը Վաալը իր գրություններից մեկում գրում էր. «Երեքն էլ` Ռուսաստանը, Ադրբեջանը եւ Թուրքիան, իրենց առանձին բնորոշումներով շահագրգռված են, որ Զանգեզուրի միջանցքի վրա Հայաստանն ունենա հնարավորինս նվազ վերահսկողություն: Անհրաժեշտության դեպքում գուցե նաեւ ուժային պարտադրությամբ», իսկ «Center for European Policy Analysis»՝ եվրոպական քաղաքականության վերլուծության կենտրոնի ավագ գիտաշխատող Աուրա Սաբադուսը համոզված է, որ Ռուսաստանը, Ադրբեջանը եւ նրա ռազմական դաշնակից Թուրքիան ունեն ընդհանուր շահագրգռվածություն գազի պաշարների նկատմամբ: «Ադրբեջանն ու Թուրքիան կարող են հարմար գաղտնադուռ հանդիսանալ ռուսական գազի արտահանման համար, խառնաշփոթ առաջացնելով Եվրոպայի մութ գործարքներում եւ թուլացնելով բռնակալական վարչակարգերի դեմ Եվրոմիության ծավալած քայլերը»:
Վերադասավորված դաշնություններ
Դաշնությունների վերադասավորման ներկա պայմաններում, Պողոսյանը կանխատեսում է, որ Հայաստանը կփորձի նվազեցնել առեւտրային ճանապարհներից օգտվելու կամ դրանց մասնակցելու Ռուսաստանի հնարավորությունները: «Հայաստանը ուղիներ է որոնում հրաժարվելու Ռուսաստանի խաղաղապահ զորքերի ներկայությունից այդ ճանապարհների գործարկման հարցում, ինչը լարվածություն է ստեղծում հայ-ռուսական հարաբերությունների ոլորտում», ասում է նա: «Բոլոր արտաքին դերակատարները՝ ԵՄ-ն, Մ. Նահանգները եւայլն, շահագրգռված են վերահաստատելու հաղորդակցությունները, այդ թվում նաեւ Հայաստանի տարածքով Ադրբեջանից Նախիջեւան ճանապարհի բացման հնարավորությամբ»: Մ. Նահանգներն ու Եվրոմիությունը չեն ցանկանում տեսնել Ռուսաստանի դերակատարությունը այդ ճանապարհների բացման եւ գործարկման մեջ: Ներկա պայմաններում Հայաստանը պետք է քայլեր ձեռնարկի, որպեսի մարտադաշտ չդառնա Արեւմուտք-Ռուսաստան կամ ժողովրդավարությունն ընդդեմ բռնատիրության առճակատման հարցում: Նա պետք է քայլեր ձեռնարկի մեծացնելու Սյունիքի շրջանի պաշտպանական կարողություններն ու տնտեսական զարգացումների տեմպերը»: Մյուս կողմից, այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի գլխավոր աշխարհաքաղաքական եւ տնտեսական նպատակը վստահելի ցամաքային կապ հաստատելը պետք է լինի, համոզված է «Berd NGO»-ի պաշտպանական վերլուծաբան Արփի Թոփչյանը, մի պորտալար ռուս-թուրքական մարտավարական դաշնության համար, որը խթանելու է հեռահար աշխարհաքաղաքական նպատակներ հետապնդող ռուս-թուրքական տնտեսական համագործակցությունը ամենատարբեր ոլորտներում եւ մակարդակներում: «Զանգեզուրի միջանցքի գործարկումը մեծապես ստվերելու է Հյուսիս-Հարավ ճանապարհի տնտեսական եւ աշխարհաքաղաքական նպատակահարմարությունը: Այն Պարսից ծոցից դեպի Եվրոպա այլընտրանքային ճանապարհ է լինելու, որն անցնում է Հայաստանի տարածքով»:
Դա միաժամանակ Իրանի աշխարհաքաղաքական դիրքն է սասանելու: Թոփչյանը հավատացած է, որ Զանգեզուրի միջանցքի բացման մյուս նպատակը Իրանին վստահելի զսպաշապիկ հագցնելն է, մի բան, որ նաեւ օտար դերակատարներին է ցանկալի: «Ներկայիս քննարկվող հարցն այն է, թե ո՞վ է վերահսկելու միջանցքի գործողությունները, ո՞ւմ ձեռքերում է լինելու բանալին: Գլխավոր «թեկնածուն առայժմ Ռուսաստանի Դաշնությունն է, որն իր վրա է վերցրել Հայաստանին պարտադրելու պարտականությունը», գրում է նա:
Թոփչյանի կարծիքով, Զանգեզուրի միջանցքը կենսական նշանակություն ունի Ռուսաստանի համար, քանի որ այն երաշխավորում է իր ներկայությունը Հարավային Կովկասում: Դա նաեւ նվազեցնելու է Հայաստանի աշխարհաքաղաքական նշանակությունը: «Ադրբեջանի սպառնալիքներն ու հնարավոր հարձակումը Ռուսաստանի ձեռքում հարկադրման գործիքներ են լոկ: Զանգեզուրի միջանցքի բացումով Հայաստանը գործնականորեն կորցնելու է իր վերահսկողությունը Սյունիքի շրջանի վրա եւ դառնալու է անհետաքրքական միավոր բոլորի համար: Դրանով Ռուսաստանը չեզոքացնելու է Հայաստանի ինքնավարության վերջին մասնիկները»:
Միջին Արեւելքում լարվածության թեժացումը էլ ավելի է հարցականի տակ դնելու Հայաստանի անվտանգությունը: Համասի հոկտեմբերի 7-ի հարձակումը կարող է տարածվել ամբողջ տարածաշրջանում եւ այդ դեպքում Իրանի դեմ ազերի զորքերին միացած թուրք-իսրայելական գործողությունները անխուսափելիորեն սպառնալու են գործնականում որեւէ մարտավարությունից զուրկ Հայաստանին, հատկապես եթե Ռուսաստանը հրաժարվի միջամտելուց:
Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման պայմաններում Հայաստանը շրջվում է դեպի Արեւմուտք: Սեպտեմբերին հայկական զորքերը փոքրածավալ զորավարժություններ անցկացրին ամերիկյան զորքերի հետ: «Eagle Partner» գործողությունը ներառում էր 87 ամերիկացի զինծառայող, որոնք իրենց հայ գործընկերներին սովորեցնում էին խաղաղապահական առաքելությունների հմտությունները: Դա ինչպես ակնկալվում էր` առաջացրեց Կրեմլի արտգործնախարար Սերգեյ Լավրովի զայրույթն ու զգուշացումը:
Թշնամական հարեւաններ
Մինչ Ռուսաստանը խրված է ուկրաինական պատերազմի ճահճուտում, հետխորհրդային անվտանգության համակարգը Հարավային Կովկասում փլուզվում է: Աշխարհաքաղաքական այս բարդ իրավիճակում, որտեղ որեւէ անխոհեմ քայլ կարող է վրդովել տարածաշրջանի գլխավոր տերություններին, Հայաստանը պարտավոր է հնարագիտությամբ պաշտպանել իր շահերը հիմնականում իրենից ավելի ուժեղ եւ թշնամական հարեւանների (ներառյալ Թուրքիայի, որ 1915-ին բնաջնջեց իր երկրի համարյա ամբողջ հայ բնակչությանը) հետ իր հարաբերություններում: Թուրքիան ոչ միայն վճռականորեն ժխտում է հայերի ցեղասպանությունը, այլեւ մեկ ուրիշ թյուրքական պետության` Ադրբեջանի դաշնակիցն ու պաշտպանն է: 44-օրյա պատերազմից հետո (որի ադրբեջանական հաղթանակի մեջ մեծ դեր խաղացին թուրքական Բայրաքթար դրոնները) Թուրքիան Օսմանյան կայսրության տապալումից մոտ մեկ դար անց առաջին անգամ դերադառնում է Կովկաս:
Այսօր, Հայաստանի ընդամենը մի փոքրիկ հատված, որ մնացել է 11-րդ դարում թուրքական նվաճումներից հետո, ստիպված է որպես սահմանակից ունենալ չափազանց ռազմատենչ Ադրբեջանին, որին պաշտպանում եւ զինում է Թուրքիան: Որեւէ նոր պատերազմ կարող է վճռորոշ լինել Հայաստանի համար, որն ընդամենը Իռլանդիայի հազիվ կես տարածքն ունի, ժողովրդագրական բացասական աճ եւ երեք միլիոնից էլ պակաս բնակչություն:
ԱՎԵՏԻՍ ՀԱՃՅԱՆ
Անգլ. բնագրից թարգանեց ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ
(The Armenian Mirror-Spectator)