Ջոնի Մելիքյան. «Վրաստանի իշխանությունների հետ շարունակենք ռազմավարական երկխոսությունը, փորձենք Արեւմուտք-Վրաստան հարաբերություններում միջնորդությամբ հանդես գալ»:
«Ազգ»ը դեկտեմբերի 5-ին զրուցել է վրացագետ, քաղաքագետ, Օրբելի կենտրոնի վերլուծաբան Ջոնի Մելիքյանի հետ:
–Պարո՛ն Մելիքյան, հատկապես վերջին տարիներին վրաց ժողովուրդն ընդգծված եվրոպամետի, արեւմտամետի համարում ուներ: Նոյեմբերին խորհրդարանական ընտրությունները արձանագրեցին «Վրացական երազանքի» հաղթանակը: Եթե անգամ հավատ ընծայենք ընդդիմության՝ ընտրությունների արդյունքը կեղծված է պնդմանը, միեւնույն է, երկրում կա մի հոծ ընտրազանգված, որ ԵՄ-ի, արեւմուտքի հետ հույս չի կապում: Ձեր կարծիքով, ԵՄ երկակի ստանդարտների՝ Ադրբեջանին խնայելու, Վրաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու վա՞րքն է հիասթափության գլխավոր պատճառը, թե՞ Ռուսաստանի դիրքերի ամրապնդումը Ուկրաինայի հետ պատերազմում:
– Վրացի ժողովուրդն էությամբ արեւմտամետ է. Արեւմտամետ շրջանակները լայն են, Եվրոպային ինտեգրվելու կողմնակիցները եւս շատ են: Ուստի տարբեր շրջանակների, բնակչության տարբեր շերտերի համար այդ հարցն առաջնային է, ոմանց համար առաջին հնգյակի, կամ՝ տասնյակի մեջ: Բայց չենք կարող պնդել, որ որեւէ մեկի համար այդ ամենը կարեւոր չէ, որոշիչ չէ: Խորհրդարանական ընտրություններին հաջորդած, հերթական հետընտրական գործընթացն ի տարբերպություն անցած ընտրությունների, մի փոքր ավելի կոշտ, ավելի բարդ պայմաններում է: Արտաքին ֆոնն է բարդ, քանի որ 2022 թվականից արդեն էլ ավելի են լարվել հարաբերությունները Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ, Եվրոմիությունը իր արտաքին քաղաքականությամբ ՌԴ-ի հետ անուղղակի պատերազմի մեջ է, ուստի այս պարագայում լինել եվրոպամետ եւ ինտեգրվել Եվրոատլանտյան կառույցներին, ինչ- որ չափով պահպանել քո սուվերենությունն այն իմաստով, որ փորձես նաեւ չվատացնել հարաբերություններն Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ արդեն իսկ բարդ հարաբերություններում, արդեն ընդունելի չեն լինում Արեւմուտքի համար: Նախկինում Վրաստանը կարող էր տնտեսական համագործակցություն ունենալ, նվազագույն կապերը պահեր ՌԴ-ի հետ՝ չունենալով դիվանագիտական հարաբերություններ, եւ ձգտեր Եվրոմիությանը, այն գործընթացը, որ տեսանք վերջին շրջանում, պակաս կարեւոր չէր. Վրաստանը, Ուկրաինան եւ Մոլդովան անդամակցության հայտով հանդես եկան, վերջին երկուսը ճանաչվեցին թեկնածու, հետո բանակցություններ սկսվեցին անդամակցելու համար, Վրաստանը որոշ բարդ պրոցեսներ անցավ, իսկ մեկ տարի առաջ Վրաստանը ճանաչվեց որպես թեկնածու անդամ երկիր: Շուրջ 27 երկրների կոնսենսուս կար: Դրանից հետո այս իշխանությունների առջեւ դրվեց, վերաձեւավորվեց նախկինում 12 կետանոց նախապայմանների 9 կետանոց նախապայմանների փաթեթը, որոնց մի մասը վերաբերում էր բարեփոխոխմներին, դատական համակարգին եւ այլն, բայց կար շատ հստակ երկու կետ՝ մեկը բեւեռացման վերացումն է, որը իշխանությունների առջեւ է դրվում, ինչն անիրական է, եթե տեսնում ենք բեւեռացման այն մակարդակը, խորությունը Վրաստանում, որը կա այսօր: Բողոքի ցույցերով բեւեռացումը շատ արտահայտիչ երեւում է: Եւ կարեւորը գլոբալ աշխարհաքաղաքական փոփոխությունների այս ֆոնին այն է, որ Եվրոմիությունը Վրաստանին նաեւ հուշել է այս կետով, որ Վրաստանը պիտի մոտեցնի, հավասարեցնի իր արտաքին քաղաքականությունը Եվրոմիության արտաքին ռազմական քաղաքականությանը: Ինչը նշանակում է, որ այն, ինչ անում են Եվրոմիության տարբեր պետություններ, արդեն պետք է նույն ուղղությամբ շարունակի նաեւ Վրաստանը, ինչին այսօրվա իշխանությունները ցույց տվեցին, որ պատրաստ չեն, նույնիսկ եվրոպական հեռանկարի պարագայում: Դրա համար բարդացան հարաբերությունները, դրա համար ճնշումները շատացան, դրա համար ընտրություններից կես տարի առաջ պարզ էր՝ Արեւմուտքը քննադատորեն է վերաբերվում այս իշխանություններին, միգուցե դրա համար շատ քննադատված օտարերկրյա ազդեցության մասին այդ օրենքը վերադարձրին օրակարգ եւ ընդունեցին եւ կիրառում են այսօր, ընդդիմադիր քաղսեկտորին մեղադրեցին օտարերկրյա գործակալ լինելու մեջ: Ուստի վերջին տարվա այս բոլոր բարդությունները կապված են աշխարհաքաղաքական փոփոխությունների հետ: Այստեղ կա հույսի մի իրավիճակ, որ կապված է Թրամփի Սպիտակ տուն վերադառնալու հետ. Եթե Թրամփի հետ կարողանանան հաղորդակցվել, նվազագույնս վերականգնվեն որոշ հարաբերություններ Վաշինգտոնի հետ, միգուցե այս ամենը կարող է անդրադառնալ Եւրոմիությսն հետ իրենց հարաբերություններին: Տեսնենք ինչ կլինի. Առնվազն այսօր Բայդենի վարչախումբը բացասական վերաբերմունք ունի Վրաստանի այս իշխանությունների հանդեպ, նույնիսկ սառեցրել են ռազմավարական փոխգործակցությունը, ուստի պիտի արձանագրենք, որ այս իշխանությունները ստանձնում են պարտավորություն ասոցացման համաձայնագրի իրականացման, բարեփոխումներն ապահովել մինչեւ 2028 թվական՝ հայտարարելով, որ իրենք ավելի քան 90 տոկոսով իրականացրած կլինեն այդ փաստաթուղթը եւ պատրստ կլինեն ինտեգրվելու, եթե Եւրոմիությունը որպես շանտաժի գործիք չկիրառի այն Վրաաստանի նկատմամբ: Հակառակ բեւեռը պնդում է, որ այս ամենը՝ զգուշավորությունը, արտաքին քաղաքականության մեջ բալանսավորումը նշանակում է արտաքին քաղաքականության փոփոխություն, ինչն իմ՝ փորձագետիս կարծիքով, այդպես չէ, բայց կարող է այդպես լինել, եթե Արեւմուտքը շարունակի էլ ավելի շատ ճնշել Վրաստանի իշխանություններին, դիստանցավորի, նվազագույնի հասցնի, միգուցե խզի կապերը, ինչն, իմ կարծիքով, կաշխատի հօգուտ թե՛ Ռուսաստանի, թե՛ Չինաստանի, թե՛ տարածաշրջանային խաղացողների, որ որոշ հարցերում ավելի մեծ հեղինակություն, ազդեցություն ունեն Վրաստանում, ինչպիսիք են Թուրքիան եւ Ադրբեջանը: Ուստի շատ բաներ այս մեկուկես ամսվա ընթացքում կորոշվեն եւ այն կոնֆիգուրացիան, որ ընթացքում կձեւավորվի, կարող է ազդել նաեւ Հայաստանի վրա:
–Պարո՛ն Մելիքյան, թեեւ ընդդիմությունը փողոցում է, սակայն ցուցարարների թիվը մի քանի հարյուրի սահմանից չի անցնում, հազարի չի հասնում: Ոչ՛ կառավարող ուժը, ո՛չ էլ ընդդիմությունը կարծես պատրաստ չեն փոխզիջումների, բանակցությունների: Ինչպե՞ս պիտի հանգուցալուծվի այս առճակատումը:
-Դժվար եմ պատկերացնում՝ ինչպես պիտի հանգուցալուծեն, քանի որ իշխանությունները արտահերթ ընտրությունների չեն գնալու, շարունակելու են իրենց տրամաբանությամբ՝ ընտրելով նոր նախագահի, եւ սպասելով հունվարին Թրամփի հետ առաջին բանակցություններին կամ կոնտակտներին: Մյուս կողմից ընդդիմությունը փորձելու է կապիտալիզացնել բողոքի ցույցերը: Բողոքի ցույցի դուրս եկածների մեծ մասը արեւմտյան գաղափարի շուրջ էին ձեւավորում ցույցերը, եթե հիմա բողոքի տրամաբանությունը եւ բնույթը փոխվի, միգուցե մասնակցության վրա ազդի, մարման տենդենց լինի: Կտրուկ փոփոխություն էլ հնարավոր է՝ նախագահի ընտրության ժամանակ ավելի լայնամասշտաբ: Այսօր կարիք կա դրսի միջնորդությամբ կողմերին բանակցությունների սեղան նստեցնելու: Ի տարբերություն 2020 թվականի, երբ Շառլ Միշելը փորձեց հանգուցալուծել Վրաստանի ճգնաժամը, ինչ-որ չափով հաջողվեց՝ ընդդիմությունը մտավ պառլամենտ, միացավ պառլամենտական ընդդիմությանը: Այսօր միգուցե Արեւմուտքից չլինի, այլ մայրցամաքից լինի, բայց լինի դրսից մի ուժ, որ կարողանա այդ դերը ստանձնել:
–Արեւմուտքն այժմ էլ չի պնդում «Ուկրաինան պիտի հաղթի» կամ՝ «Ռուսաստանը չպիտի հաղթի» ձեւակերպումները: Ձեր կարծիքով, Արեւմո՞ւտքը, թե՞ Ռուսաստանը կհաղթի Վրաստանում:
– Ես կողմ չեմ սեւ-սպիտակի տրամաբանությամբ Վրաստանի զարգացումները դիտարկելուն՝ Ռուսաստա՞ն, թե՞ Արեւմուտք, քանի որ չեմ տեսնում Ռուսաստանի ակտիվ դերակատարությունը: Այս պայքարն ավելի շատ ներքաղաքական պայքար է, պայքար է քաղաքական ուժերի միջեւ, որոնք հիմնականում արեւմտամետ են, ուղղակի որոշ ուժեր իրենց համարում են ավելի արեւմտամետ, մյուսները՝ ծայրահեղ արեւմտամետ եւ ապավինելով Արեւմուտքի աջակցությանը փորձում են իշխանության գալ եւ մյուս ուժերը, որ լինելով արեւմտամետ, չցանկանալով արեւմտյան այսօրվա կանոններով երկրի ներսում իրենց արտաքին քաղաքականությունը, կյանքը շարունակել, փորձում են իշխանությունը պահել՝ չայրելով բոլոր կամուրջները Արեւմուտքի հետ եւ ցանկանալով 2028 կամ 2030 թվականին անդամակցել Եւրոմիությանը՝ իրենց որոշ կանոններով, ինչը միգուցե անիրատեսական է, բայց այն մոտեցումն է, որ ունի Թբիլիսիում իշխող քաղաքական ուժը: Ի՞նչ է սրանից բխում. Այն ճգնաժամը, որ խորանում է Արեւմուտքի՝ ԵՄ-ի, ԱՄՆ-ի եւ Վրաստանի միջեւ, հնարավորություն է տալիս այլ խաղացողների. Դրանից օգտվելու են առաջիններից՝ Թուրքիան եւ Ադրբեջանը: Ավելի շատ հնարավորություն է ստանում նաեւ Չինաստանը: Միգուցե Ռուսաստանն էլ օգտվի, բայց Ռուսաստանի քաղաքական ազդեցությունը Վրաստանում չնչին է՝ ի տարբերություն տնտեսականի: Տնտեսականը չի կարող փոխակերպվել քաղաքական գործոնի եւ ազդեցության: Որպես անուղղակի ազդեցություն Աբխազիան, Հարավային Օսիան են, որոնց մասով պարբերաբար տարբեր պրոցեսներ են տեղի ունենում: Այս ամենը եւս լարված է պահում պաշտոնական Թբիլիսիին, եւ իշխանությունները փորձում են հավելյալ քայլեր չանել, քանի որ դեռեւս հույս ունեն, որ Աբխազիան եւ Հարավային Օսիան ոչ ռազմական, խաղաղ ճանապարհով Վրաստանին են վերադարձնելու: Այս բոլոր փոփոխությունները, գործընթացները անխուսափելիորեն ազդում են նաեւ մեզ վրա:
– Վրաստան-Հայաստան հարաբերությունները վերջին տարիներին կարծես առավել աշխուժացել են, սակայն վրաց-հայկական եղբայրական հանգույցը կտրվում է, երբ պարբերաբար հայատյաց արտահայտություններ են հրապարակվում: Նույնը չի նկատվում մյուս մեծ համայնքի՝ ադրբեջանականի հանդեպ: Վերջին ընտրությունների ժամանակ էլ նախագահ Զուրաբիշվիլին չթաքցրեց իր հայատյացությունը կամ արհամարհանքը: Ավելին՝ ակնարկեց Լոռու մարզի որոշ հատվածների վրացապատկան լինելու հանգամանքը: Կառավարող ուժը զսպեց նախագահին, եւ այդ հայտարարությունը չշրջանառվեց: Սակայն այդ տրամադրությունները կան: Ի՞նչպես պիտի արձագանքի ՀՀ-ն:
– Այսօրվա դրությամբ՝ հունվարի վերջին փաստաթղթով հայտարարել ենք, որ մեր հարաբերությունները ռազմավարական են: |ՀՀ-ն Վրաստանի հետ միասին, երբ ներքաղաքական ճգնաժամը Վրաստանում ավարտվի կամ կայունանա, պիտի մտածենք այն ճանապարհային քարտեզի, տարբեր նախագծերի մասին, որ էլ ավելի կակտիվացնեն մեր հարաբերությունները եւ առավել խորացնեն տնտեսական փոխգործակցությունը: Ինչը կարող է ապագայում հանգեցնել ռազմավարական հարաբերություններին բնորոշ ցուցանիշների: Ուստի կան այս հարաբերությունները, կա նաեւ հայատյացությունը որոշ շրջանակներում: Չէի ասի, որ նախագահ Զուրաբիշվիլին իր քայլով պաշտոնական Թբիլիսիի կարծիքն է արտահայտել, պաշտոնական Թբիլիսին այսօրվա կառավարությունն է կամ նախկին կառավարությունը, որ խորհրդարանական ընտրություններից առաջ գոյություն ուներ, ուստի այստեղ հստակ է, որ ՀՀ-ն չի կարող որեւէ բան ասել, միմյանց տարածքային ամբողջականությունը Երեւանն ու Թբիլիսին պաշտոնապես ճանաչում են, միմյանց ներքին գործերին չեն խառնվում, մնացածը ներքին տիրույթն է, Վրաստանի քաղաքացիների միջեւ լուծվող տիրույթն է, դա էլ հստակ պիտի ֆիքսենք: Իսկ որոշ շրջանակների մոտ գոյություն ունեցող հայատյացությունը հարեւան Ադրբեջանն է պարբերաբար ֆինանսական օժանդակությամբ, տարբեր գործիքներով փորձում հրահրել, ինչը ստացվում է: Բայց, իմ կարծիքով, Երեւանի եւ Թբիլիսիի ճիշտ աշխատանքի արդյունքում, իսկ վերջին տարիներին նման բան նկատում ենք, այն չեզոքացվում է, ինչը դրական է, եւ հնարավորություն է տալիս առավել արդյունավետ դարձնելու մեր փոխգործակցությունը:
– Լիբանանում չվերահսկվող հրադադարը, Սիրիայում պատերազմը սրում են Իրանի շուրջ աշխարհաքաղաքական լարվածությունը, եւ Հայաստանին խիստ անհրաժեշտ է Վրաստանի կայունությունը: Ըստ Ձեզ, դրա հեռանկարն ուրվագծվու՞մ է, ի՞նչ պիտի անի ՀՀ-ն, որ Ռուսաստանի, աշխարհի հետ իր կապն ապահովող ճանապարհը չփակվի:
-Իմ կարծիքով, Հայաստանի մոտեցումը հավասարակշիռ է, Հայաստանի համար ոչ պակաս կարեւոր է, ուսուցողական է Վրաստանի շուրջ այն բոլոր գործընթացները, Արեւմուտք-Վրաստան հարաբերությունները, մեր արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման շրջանակներում, ուստի իմ կարծիքով, երկու մայրաքաղաքներում իշխող քաղաքական ուժերը հասկացել են, որ պետք է այսօրվա գլոբալ առճակատման ֆոնին Ռուսաստան-Արեւմուտք բախումների ֆոնին, Մերձավոր Արեւելք, Ասիայում տեղի ունեցողի ճգնաժամների ֆոնին մաքսիմալ համագործակցային քաղաքականություն վարել, որեւէ մեկի դեմ չմիանալ որեւէ մեկի հետ, աշխատել բոլորի հետ, աշխույժ քաղաքականություն վարել, փորձել տարածաշրջանային, արտատարածաշրջանային բոլոր դերակատարների հետ տերություն, գերտերությունների շահերը պրոյեկտել Հայաստանի վրա, եւ փորձել չհակադրվել, այլ փորձել դիվերսիկացման քաղաքականությամբ կարեւոր հանգույց դառնալ տարբեր խաղացողների համար, որ նրանց համար էլ մեզ մոտ առկա կայունությունը լինի կարեւոր, ինչը կայունություն կհաստատի մեր տարածաշրջանում: Եթե հասնենք նրան, որ կայունությունը Հայաստանում եւ Վրաստանում տրանսպորտային հաբ դառնա՝ որոշ ուղղություններով բեռնափոխադրումներ՝ Վրաստան-Ադրբեջան- Կենտրոնական Ասիա այլ ծրագիր է, Սեւ ծով- Պարսից ծոց այլ ծրագիր է: Հասնել մի իրավիճակի, որ մեզ մոտ տեղի ունեցող ճգնաժամերը, ապակայունացումը այլ երկրների տնտեսության վրա կարող է ազդել, եւ այս ամենը կարող է հանգեցնել նրան, որ բոլորը շահագրգռված լինեն մեր տարածաշրջանի կայունությամբ: Առնվազն այդպես չէ՝ տեսնում ենք, որ դրսի, տարածաշրջանային խաղացողները փորձում են իրենց միջեւ հարցերը լուծել նաեւ մեր հաշվին: Վրաստանի իշխանությունների հետ շարունակենք ռազմավարական երկխոսությունը, նոր նախագծեր նախաձեռնենք, փորձենք Արեւմուտք-Վրաստան հարաբերություններում միգուցե միջնորդությամբ հանդես գալ: Չգիտեմ՝ ինչպես կստացվի, բայց փորձել պետք է: Միմյանց աջակցենք, փորձենք նվազագույնի հասցնել այն ռիսկերը, որ գալիս են տարբեր ճգնաժամերից եւ անկայուն իրավիճակից:
Հարցազրույցը՝ ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ