Այնպես է ստացվել, որ այս օրերին մարդիկ երկընտրանքի առջեւ են կանգնել. Դուրս գալ ի վերջո փողոց, թե՞ ոչ։ Այն պարզ ճշմարտությունը, որ ամեն ինչ կարգին չէ, որ այսքան անչափելի կորուստներից հետո կրկին վտանգված է մեր ինքնությունն ու պետականության վերջին մնացորդները, ակնհայտ է։ Որ անհրաժեշտ է միշտ ու անընդհատ պայքարել այդ արժեքների պաշտպանության համար, դա էլ է անվիճելի։ Բայց ինչպե՞ս, ի՞նչ ձեւերով ու մեթոդներով, այնքան էլ պարզ չէ։ Շուրջ մեկ ամիս է մարդիկ փողոցում են, լույսերով ու անլույս երթեր են անում, հայրենասիրական երգեր երգում, երբեմն նաեւ պարում։ Հետո՞…
Ստացվել է մի իրավիճակ, երբ հասարակության ավելի գիտակից մասի համար խիստ կարեւորվում է փողոց դուրս գալու կամ չգալու անձնական պատասխանատվությունը։ Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել հանրահավաքին՝ համլետյան հարց է դարձել նրանցից շատերի համար, որովհետեւ որեւէ հարցի նրանք վերաբերվում են պատասխանատվության ամենալուրջ զգացումով։ Հետեւաբար ընդդիմությունը նրանց պետք է առարկայական ու հասկանալի ասի, բացատրի ու, ամենակարեւորը, համոզի իր պայքարի նպատակները, որպեսզի նրանց տանի իր հետեւից։ Իսկ ի՞նչ է արվում գործնականում։ Չնչին բացառությունները չհաշված` ուղղակի հայտարարվում է` ով մեզ հետ չի, ազգի դավաճան է, իսկ երբեմն էլ` չմիացողներն ուղղակի տհասներ են որակվում, եւ հարցը համարում են փակված։ Բա եղա՞վ, բա այդպես որեւէ բան համաժողովրդական կլինի՞։ Չէ, հաստատ չի՛ լինի։ Հետեւապես հարկավոր է ոչ թե վիրավորել ու խրտնեցնել չկողմնորոշվածներին, այլ ականջալուր լինել խելացի, կենսափորձի տեր, պատմությանն ու անցյալի դառը փորձին տեղյակ եւ բանիմաց մարդկանց ասածներին, ընթերցել նրանց գրածները, սովորել դրանցից…
Արդ, քանի դեռ ուշ ու ամեն ինչ կորած չէ, ինչ է անհրաժեշտ անել շարժումը համաժողովրդական դարձնելու համար.
1. Հասարակության եւ տնտեսության բոլոր կարեւոր բնագավառների համար ստեղծել աշխատանքային խմբեր, դրանց մեջ ներգրավել կարող եւ սրտացավ ուժերին,
2. Մանրամասն եւ խորազնին ուսումնասիրել համաշխարհային համանման իրավիճակների փորձը,
3. Հստակ տարբերակել հասարակության մեջ այսօր գոյություն ունեցող խավերը, դասերն ու դասակարգերը եւ նրանցից յուրաքանչյուրի ձգտումներն ու մտահոգող հիմնախնդիրները։ Հասկանալ է պետք, որ Հայաստան երկիրը չի սկսվում ու վերջանում Երեւանով, որ մարդկանց զգալի մասն այսօր մերկությունը ծածկելու եւ քաղցը հագեցնելու խնդիր ունի եւ այնքան էլ դրական չի վերաբերվում շքեղ մեքենաներով երթերին ու առաջնորդներից շատերի բրենդային հագուկապին։
4. Վերջապես հարկավոր է պարզորոշ ընկալել նաեւ սեռատարիքային առանձնահատկությունները, այդ խմբերի պահանջներն ու ակնկալիքները,
5. Առանձնահատուկ վերաբերմունք դրսեւորել պատերազմում զոհվածների, խեղվածների եւ ընդհանրապես բոլոր մասնակիցներին ու նրանց ընտանիքներին, չմոռանալ երբեք, որ միշտ եւ բոլոր ժամանակներում հասարակության հենց այդ մասն է եղել եւ է հիմնական կռվողն ու Հայրենիքի համար նույնիսկ կյանքը չխնայողը։ Հարկավոր է ուշադիր նայել մեր շուրջը, եւ ակներեւ ու պարզ կդառնա, որ պատերազմների ընթացքում ոչ մի պաշտոնյայի կամ մեծահարուստի երեխայի մատն անգամ չի արյունոտվում, մեզանում նույնպես։
6. Ձեւակերպել այնպիսի լոզունգ-կոչեր, որոնք սրտամոտ կլինեն հասարակության մեծ մասին եւ նրանց դուրս կբերեն համազգային պայքարի։ Ակներեւ է, որ բացի իմքայլականներից եւ նրա արբանյակ մի քանի հնարովի արտախորհրդարանական խմբերից, բոլոր ուժերը ցանկանում են հեռացնել օրվա իշխանություններին։ Բայց քաղաքական վերնախավը չի կարողանում որդեգրել այնպիսի ուղենիշ, որը մեծ զանգվածներ կհամախմբի եւ կիրականացնի դա։ Ինչպես արդեն բազմիցս նշել եմ, պատճառն այն է, որ մեր քաղաքական էլիտան ունի ազգային, բայց չունի սոցիալական մտածողություն։ Եվ դա այն դեպքում, երբ ակնհայտ է, որ մեր ժողովրդի 90 տոկոսը սոցիալական խնդիրներ ունի եւ մտածում է նախ եւ առաջ դրանք լուծելու մասին։ Իսկ նորություն չէ, որ աղքատ մարդու համար կարեւոր է նախ օրվա հացը հայթայթել եւ մերկությունը ծածկել, հետո այլ բաների մասին մտածել։ Պատմությունը մեկ անգամ չէ, որ համոզել է ասվածի ճշմարիտ լինելու հանգամանքը։
1917թ., երբ բոլշեւիկներն առաջ քաշեցին «հողը` գյուղացուն, գործարանը` բանվորին» լոզունգը, ժողովուրդը, որ սոված էր ու տկլոր, թողեց ամեն ինչ, լքեց ոխերիմ թշնամու` գերմանացիների ճակատը, դեմ գնաց իր իսկ պետությանը եւ կանգնեց բոլշեւիկների կողքին։ Եվ ոչ միայն կանգնեց, այլեւ ավելի քան երկու տարի տեւած քաղաքացիական կռիվներում արյուն թափեց հանուն նրանց հաղթանակի։
Նույնը 1933թ. արեցին ֆաշիստները։ Նրանք աղքատին պարզ ասացին, որ դու ոչ թե հակասության մեջ մտիր ու պայքարիր քո ազգակից կապիտալիստի դեմ, այլ օգնիր նրան այլ երկրներ նվաճել, թալանել նրանց, եւ դրա հաշվին բոլորը շատ լավ կապրեն։ Այսինքն` կրկին սոցիալական հիմնախնդրով, կրկին լավ ապրելու գաղափարն առաջ քաշելով բանվորին ու գյուղացուն կանգնեցրին իրենց կողքին ու գնացին պատերազմի։ Ասել է, թե նացիոնալ-սոցիալիզմն այլ ժողովուրդներից բարձր լինելու թեզերը նույն սոցիալական նպատակն էին հետապնդում, բայց ավելի «քաղաքակիրթ» մակարդակում։
Հեռու չգնանք. Արցախյան շարժումից ավելի 1988-ին այդպես համախմբեց մեր ժողովրդին աղքատ ԽՍՀՄ-ից դուրս գալու եւ Արեւմուտքի պես հարուստ ապրելու գաղափարը։ Քանի որ այդ տարիներին արդեն զգալի թվով մարդիկ գնացել էին, տեսել, իսկ շատերն էլ ԶԼՄ-ներից տեղեկացել, թե որքան լավ են ապրում այդ երկրներում։ Իշխում էր այն մոտեցումը, թե սոցիալիզմից կապիտալիզմի անցնելով կյանքի պայմանները շատ կլավանան։
2018-ի թավշյան էլ նույն կերպ իրականացավ։ Գյումրիից սկսված քայլարշավի ընթացքում յուրաքանյուր կիլոմետրի հետ խոստումներն ավելի շռայլ էին դառնում։ Հիմնական գաղափարն այն էր, որ հարուստների կուտակած միլիոնները կխլվեն ու կտրվեն ժողովրդին, եւ բոլորը կապրեն հարուստ ու երջանիկ։
Այս օրերին էլ խելացի շատ ելույթներ են հնչում (օրինակ` վերջերս Հրանտ Բագրատյանինը), գործնական առաջարկներ, բայց, որ ամենակարեւորն է իմ կարծիքով, սոցիալական գաղափարը դրանցում կա՛մ բացակայում է, կա՛մ թույլ, աղավաղված ու այլ թեզերում տարրալուծված տեսքով է առաջ քաշվում։ Այնինչ, ինչպես մի առիթով ասել եմ, դա հստակ ու շատ պարզ պիտի լինի, որովհետեւ մարդկանց փողոց հանելու իրական միջոցը սոցիալական գաղափարն է։ Չկա, քանի որ մերօրյա էլիտան ուղղակի չգիտի վատ ապրելն ինչ է ու չի կարողանում աղքատի նման, նրան սրտամոտ մտածել եւ նրան հոգեհարազատ թեզեր առաջ քաշել եւ նրանց փողոց դուրս բերել։ Աղքատը մոտավորապես մտածում է այսպես. իշխանությունները վատն են, մեծ դժբախտություններ բերեցին, բայց որ գնան, դրանից ի՞նչ օգուտ կլինի իրեն, ո՞րքանով կթեթեւանա իր վիճակը եւ արդյո՞ք կթեթեւանա, արդյո՞ք ջրից ջրհեղեղի մեջ չի հայտնվի։ Այսինքն` այսօր փողոց են դուրս եկել ու այդ խմորումները փորձում են ղեկավարել մարդիկ, որոնք հիմնականում կուշտ են, գիտեն հայրենիք ու արժանապատվություն գաղափարների ինչ լինելը, բայց աղքատի հոգեբանությանն այնքան էլ տեղյակ չեն։ Ստացվել է մի վիճակ, երբ կուշտը սովածին իրոք չի հասկանում։ Այստեղից էլ սկսվում ու վերջանում է շարժման ղեկավարության եւ զանգվածների խզվածության ու փողոց դուրս չգալու հիմնական պատճառը։ Եվ դա այն դեպքում, երբ օրվա իշխանությունների ու նրա առաջնորդի նման այսքան մերժված կերպար չենք ունեցել, որ նրանք արդեն նախկին հենարանը չունեն հասարակության մեջ։ Բոլորին նրանց իշխանությունն այնքան էլ ժողովրդական չէ եւ հարմար է միայն իրենց ու իրենց մտերիմ-բարեկամներին։
7. Հարկավոր է վերջապես այս ամենին զուգընթաց պայքարում ներառել Սփյուռքին ու համազգային միասնական գաղափարախոսություն մշակել, որն այդպես էլ մեզ դեռ չի հաջողվել։ Քանի որ նախ, աշխարհի հզորները «քաղաքակրթութեան իրաւունքները ոտնակոխ ըրին», հետո էլ` «Շուարումէ շուարում քալեցինք։ Անստուգութիւն, անհեռատեսութիւն, ներքին պառակտումներ եւ խուճապ պատեցին մեզ, եւ մեր ազգային նաւը, առանց ղեկի ծովու ալեկոծեալ ալիքներէն տարուեցաւ հոս ու հոն»։ Սակայն վստահ եմ, որ «ցիրուցան Հայութիւնը պիտի մի օր գայ բոլորուիլ ներկայ ազատ Հայաստանի շուրջը եւ պիտի պատսպարուի ազատութեան ծառին թեւերուն ներքեւ»։ Կասկածից դուրս է, որ Հայրենիքի սատարմանն ուղղված ազգային տեսլականը, խոսքերն ու գործադրած ջանքերը, արեւմուտքի երկրների հետ կապած հույսերն ու հուսախաբությունները, Հայաստանի ռազմավարական կողմնորոշման վերաբերյալ իրատեսական դատողություններն ու գնահատանքները այսօր էլ խիստ արդիական են, քանի որ հիմնված են պատմաքաղաքական փորձառության, գիտակցված ազգային նպատակի եւ գործնական հայրենասիրության վրա։
Այս առիթով ցանկանում եմ հիշեցնել, որ համազգային համախմբման այդպիսի գործնական փորձ նույնիսկ ԽՍՀՄ-ում է եղել։ Կոմկուսի կոնտկոմի քաղբյուրոյի որոշումով դեռեւս 1962 թ. ստեղծվեց «Սփյուռքահայության հետ մշակութային կապերի կոմիտեն»։ Սակայն այդ եզակի եւ ուրույն կառույցը ոչնչացվեց Տեր-Պետրոսյանի նախագահության առաջին իսկ օրերին։ Այդ քայլը «մահացու» հարված հասցրեց սփյուռքահայ կառույցներին։ Սփյուռքում էլ ավանդական կուսակցություններն ու նրանց ղեկավարությամբ գործող «Հայ դատ» եւ «Հայկական համագումար» կազմակերպությունները, որոնք ազդեցիկ դիրքեր ունեին ԱՄՆ-ում (տարիներ շարունակ երրորդ տեղն էին զբաղեցնում), Եվրոպայում, Մերձավոր Արեւելքում, «էրոզիայի» ենթարկվեցին եւ հստակ էլ չէ, թե այժմ որերորդ տեղում են։ Որովհետեւ այդպես էլ չգիտակցվեց, որ մեր ժողովրդին նպատակի հստակ ձեւակերպում, այսինքն` համազգային գաղափարաբանություն է անհրաժեշտ եւ այն գիտակցումը, որ երկրի կարեւորագույն գործառույթը համազգային ներուժի արդյունավետ ու նպատակային կառավարումն է։ Այնինչ, ներկա վարչախումբն ավելի հեռուն գնաց եւ ընդհանրապես վերացրեց Սփյուռքի նախարարությունը։
Այսօր նաեւ օդի նման անհրաժեշտ է գիտակցել, որ պատերազմի օրերին ընգծված հավասարության նշանով ստեպ-ստեպ հայտարարություններից բացի ոչինչ չձեռնարկած Արեւմուտքն աննախադեպ աշխուժացել է, քանի որ նրան հարկավոր է մեր տարածաշրջանում երբեմն-երբեմն ժայթքող տաք կետը սառեցնել եւ ավելի հիմնավոր զբաղվել Ռուսաստանի ու նոր աշխահակարգի ձեւավորման հարցերով։ Իսկ դրանից օգտվելով Թուրքիան Արեւմուտքի զանազան կենտրոնների հետ բանակցում եւ չքմեղանալով հայտարարում է, թե ինչ անեն Հայաստանի խեղճ իշխանությունները (կարծես ինքը նրանց փաստաբանն է), նրանց ներսից արմատականներն են ճնշում, դրսից` Սփյուռքը եւ թուլ չեն տալիս խաղաղություն հաստատել տարածաշրջանում։ Ով-ով, մենք լավ գիտենք ինչի մասին է խոսքը…
Պատերազմը նաեւ ցույց տվեց, որ ՀՀ-ն ու նրա խնդիրները ոչ մի արժեք չունեն Արեւմուտքի համար եւ 44-օրյայի ընթացքում ամենուր զրո լռություն էր։ Իսկ սա Թուրքիայի համար պատմական շանս է օրվա վարչակարգը պահելու, Ռուսաստանին ավելի նյարդայնացնելու եւ Հայաստանի հետ անելու այն, ինչն արեց Արցախի հետ, որ Ռուսաստանը չկարողանա նույնիսկ միջամտել։ Այնպես որ, այս պայմաններում իշխանությունների մնալն իսկապես սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը։ Կարծում եմ Ռուսաստանին էլ ձեռնտու չէ, որ Հայաստանում ղեկավար մնան «խաղեր տվող» հայկական նավալնիները, միայն թե Ուկրաինայում երկարաձգվող հատուկ գործողությունը հնարավորություն չի տալիս մեզանով զբաղվելու, ուղղակի՝ «ему не до нас»։ Այս պայմաններում վտանգն այն է մեզ համար, որ մենք կկորցնենք մեր լիակատար սուվերենությունը, քանի որ եթե խնդիր ունես եւ ինքդ չես լուծում այն, այլ ուրիշը, ապա նա էլ բնականաբար դառնում է թելադրողը։ Ամեն ինչ կախված է նրանից, թե մեր քաղաքական ղեկավարությունը եւ ընդդիմությունն ինչպես իրենց կդրսեւորեն ապագայում։ Պարզապես հարկավոր է ամեն ինչ անել եւ թույլ չտալ, որ մենք Ուկրաինայի նման հայտնվենք ռուսական եւ ամերիկյան շահերի բախման կիզակետում եւ գործիք դառնանք նրանց ձեռքին։ Ամեկարեւորն ու անհրաժեշտն այս պահին ճկուն, պրագմատիկ եւ համարձակ քաղաքականություն վարելն ու հզորների միջեւ առկա հակասությունից խլամիտ օգտվելն ու երկրի համար առավել շահած դիրք ապահովելը։
Խորհրդարանական ընդդիմությունը առաջարկում է իշխանափոխություն, հետո՝ ինչ-որ անկապ ժամանակավոր կառավարություն, հետո՝ ընտրություններ։ Նպատակը՝ ընտրությունները կազմակերպեն իրենք, որովհետեւ «ժողովրդավարական» ընտրություններով իրենք փաստորեն չկարողացան իշխանության գալ։ Իսկ թե իրենք ինչպիսի՞ ընտրություններ են կազմակերպում, բոլորս լավ հիշում ենք։ Հետեւաբար՝ այս ընդդիմությունը հակաժողովրդավարական է, միանշանակ։ Իշխանափոխությունից հետո խոստանում են արժանապատիվ խաղաղություն։ Ինչպե՞ս, ո՞վ է բանակցելու ինչ-որ ժամանակավոր կառավարիչի հետ եւ որո՞նք են երաշխիքները, որ թշնամին չի օգտվի ՀՀ անկայուն իրավիճակից։ Նման երաշխիք կարող է տալ կա՛մ Ադրբեջանը, կա՛մ ՌԴ-ն։
ՍՈՒՐԵՆ Թ. ՍԱՐԳՍՅԱՆ
պրոֆեսոր