Ի՜նչ փափկասիրտ, նրբազգած մարդ է ՀՀ Անվտանգության խորհրդի (ԱԽ) քարտուղար Արմեն Գրիգորյանը: Մեր հայտնի հարեւանի համար տրոփող նրա սիրտը վրդովվել է ի լուր այն քննադատությունների, որոնք մամուլում, համացանցում թե հասարակական մտածողության մեջ ուղղված են մեր Սրբազան լեռան՝ այսպես կոչված պետական «օտարումին», Արարատյան սիմվոլի օգտագործման արգելումին՝ նախ անձնագրերում, ապա, շուտով, հավանաբար, նաեւ պետական զինանշանի վրայից եւ ընդհանրապես:
Արմեն Գրիգորյանը հրապարակավ հանդիմանեց բոլորիս՝ իբր օրինակ բերելով Թուրքիային՝ «Հարեւանդ ի՞նչպես կարող է էմոցիաներ չունենալ ու չխռովել, երբ տանդ պատին տեսնի իր չսիրած կամ չուզած նկարը»: Այս պարագայում՝ «չսիրված, չուզված» նկարը մեր Մասիս սարն է, Արարատը, մեր Սուրբ լեռը:
Տեղեկացնենք նրան, որ թուրքերը մեր Արարատը կոչում են այլ անունով՝ «Աղրը դաղ», այսինքն՝ «Ցավի լեռ»: Թուրքերը թերեւս իրավունք ունեն հակապատմագիտական այդ անվանափոխությունը կատարելու, նկատի ունենալով հայկական հնագույն ավանդապատումը, ըստ որի Մասիսը չի սիրում չարագործներին ու պատժում, ցավ է պատճառում նրանց, ու երբեմն էլ՝ ոչնչացնում…
Հետեւաբար, պրն. Գրիգորյան, այդքան հուզվելու կարիք չկա, դա չի սազում պետական գործչին, կարիք չկա թուրքի էմոցիաներից ինքնե՛րդ էմոցիոնալ պոռթկումներ ունենալու, Արարատի դեմ պատերազմ հայտարարելու: Դա ճիշտ այն է, ինչը բնութագրել է Չարենցը՝ «Ինչպես Արարատին նետված մի քար»:
Սփոփվեք, բոլոր քար նետողներդ. մեր ժողովուրդն ի վերջո իր պետության սահմանների մեջ է առնելու Արարատը՝ նույն թուրքերին փրկելով իրենց ցավ (աղրը) պատճառող լեռից (դաղ), առանց էմոցիաների:
Իսկ դուք ցավո՞ւմ եք այդ հեռանկարից, իզուր: Մինչ այդ ձեզ եւ ձեր գործընկերներին, նաեւ Քլըչի բարեկամ Ռուբեն Ռուբինյանին մնում է նորից կարդալ ու հետեւել մեծն Ավետիք Իսահակյանի խորհրդին.
…Հերթը մի պահ քո՛նն է հիմա,
Դո՛ւ էլ նայիր սեգ կատարին
Ու անցիր:
***
Ու քանի որ խոսքը վերաբերում է Արարատին, որը գենետիկորեն նստած է յուրաքանչյուր նորմալ հայի մեջ, չենք կարող չհիանալ մեր այն բոլոր հայրենակիցներով, որոնք ամեն օր համացանցում տեղադրում են Սրբազան լեռան լուսանկարները: Խաղաղ, հանգիստ ու նպատակասլաց՝ նրանք իրենց, մեր, բոլորիս լուռ եւ սկզբունքային անհամաձայնությունն են հայտնում վայ-իշխանավորների տխմար արշավին ու կրկնում Իսահակյանի քերթվածի վերջին տողը, մանավանդ վերջին բա՛ռը: Երախտագիտություն նրանց ու նաեւ այն պաշտելի մայրիկներին ու տատիկներին, որոնք իրենց մատղաշ երեխաների ու թոռների մայրենի լեզվի դասագրքերում Մեսրոպ Մաշտոցի նկարներն են կպիչով (stiker) կպցնում, սրբագրելով կրթության նախարարի ու «Կառավարությունը ես եմ»ի մյուս տխմարությունը:
***
Հարց է առաջանում. կարո՞ղ են թուրքերը վետո դրած լինեն, բացի Արարատից, նաեւ հայոց ու վրացիների այբուբենների ստեղծողի դեմ, առարկելով, օրինակ, որ Մեսրոպը ծնվել է Տարոն գավառի Հացեկաց գյուղում, այսինքն «թուրքական» հողում: Եվ կամ՝ կարո՞ղ է Իլհամը հետմահու persona non grata հայտարարած լինել Մաշտոցի դեմ՝ որպես խռովարարի, ահաբեկիչի ու ռեւանշիստի, որը 303 թ.ին որպես սահմանախախտ թափանցել է Արցախ՝ Ամարաս, դպրոց ու վանք կառուցել, անգամ՝ տեղի բնակիչների «խեցբեկագույն» (Խորենացու բնորոշումն է) բարբառը կարգի բերել՝ պրոպագանդիստական, օրինական իշխանությունների դեմ դավադրական հետին նպատակներով:
Այս ընթացքով, Արմեն Գրիգորյանը, խաղաղասիրակա՜ն նույն զգացումներով տոգորված նրա լծակից Ռուբեն Ռուբինյանը, ՔՊ-ական նրանց ընկերները, ղեկավարությամբ «Կառավարությունը՝ այդ ե՛ս եմ»ի, շուտով կփոխեն Մատենադարանի, Երեւանի գլխավոր պողոտայի անունները, գուցե եւ՝ փակեն Օշականի եկեղեցին, արգելեն մարդկանց, հատկապես դպրոցականների մուտքը նկուղ, որտեղ գտնվում է Սիամանթոյի խոսքերով՝ «Ամենասուրբ գերեզմանը» Մեսրոպ Մաշտոցի: Ամեն բան հնարավոր է ներկա «իրական» Հայաստանում:
Ե՞րբ է ավարտվելու իբր դիվանագիտական, իրականում՝ անձնատուր լինելու այս տխմարությունը:
ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ