ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Սեւանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովը 2023թ. անցկացրել է 35 նիստ: Քննարկվել են Սեւանա լճին եւ ջրավազանին առնչվող ՀՀ նախարարությունների, գերատեսչությունների, մարզպետարանների եւ մի շարք ընկերությունների կողմից ներկայացված ծրագրեր, նախագծեր, հաշվետվություններ:
Հանձնաժողովին փորձաքննության ներկայացված 41 ծրագրերին, նախագծերին եւ առաջարկություններին տրվել է 16 բացասական եւ 25 դրական կարծիք: Բացասական կարծիք է տրվել Սեւանա լճից ջրառի, Սեւանա լճի ջրավազանում տարբեր բնույթի հանքավայրերի բացման եւ կեղտաջրերի մեխանիկական մաքրման կայանների արդիականացման, երկրաբանական ուսումնասիրություններ կատարելու վերաբերյալ ծրագրերին: Դրական կարծիք է տրվել Սեւանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանման եւ օգտագործման, ոռոգման նպատակով, «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին, արեւային ֆոտովոլտային էլեկտրակայանների հիմնման եւ այլնի նախնական գնահատման հայտերին:
Հանձնաժողովը քննարկել եւ 19 առաջարկություն է տվել Սեւանա լճից ջրբացթողումների, ջրակորուստների նվազեցման, բույսերի ջրապահանջի նորմերը պահպանելու, Սեւանա լճի ջրածածկման ենթակա տարածքների մաքրման, Սեւանա լճի բացասական հաշվեկշռի կարգավորման եւ բնակավայրերի կոյուղաջրերի խնդիրների վերաբերյալ:
Հանձնաժողովի կողմից քննարկվել եւ հավանություն է տրվել Սեւանա լճում ձկան եւ խեցգետնի արդյունագործական որսի տարեկան առավելագույն չափաքանակների վերաբերյալ որոշման նախագծին:
2023թ. իրականացվել է այց Սեւանա լճի ջրավազան, կազմակերպվել են քննարկումներ «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի մասնագետների, Գեղարքունիքի մարզպետարանի համապատասխան ծառայության մասնագետների հետ համատեղ: Համագործակցելով միջազգային կազմակերպությունների հետ՝ հանձնաժողովը կազմակերպել է բազմաթիվ քննարկումներ: Հանձնաժողովի նիստում հաստատվել է 2024թ. աշխատանքային ծրագիրը:
ՍՏԵՓԱՆ ՊԱՊԻԿՅԱՆ