Հոկտեմբերի 18-ին Հայաստանի գրողների միության կլոր սրահում տեղի ունեցավ ռուսաստանաբնակ գրող, խմբագիր եւ լուսանկարիչ Լեւոն Օսեպյանի «Հայոց աշխարհը Լեւոն Օսեպյանի ֆոտոդիմանկարներում» (Մոսկվա, «Պերո» հրատարակչություն, 2022, 192 էջ) գունավոր պատկերագրքի շնորհանդեսը: Առաջին անգամ մեզանում փորձ է արվել բարձրորակ տպագրությամբ եւ այսպիսի ծավալով մեկտեղել 84 գեղարվեստական ֆոտոդիմանկար եւ գրեթե նույնքան էլ՝ կենսագրական հոդված:
Դիմանկարների շարքի վրա Օսեպյանն աշխատել է 10 տարուց ավելի, այդ նպատակով այցելել տարբեր երկրներ: Իր իսկ բնորոշմամբ՝ ջանացել է լուսանկարել ոչ թե օբյեկտներ, այլ կերպարներ, ընդ որում՝ ոչ ստանդարտ մոտեցմամբ: Ալբոմի առաջաբանում գրող Նատալյա Կուզնեցովան գրում է, որ Օսեպյանի ֆոտոդիմանկարները կարելի է ընկալել «իբրեւ պահի Նշաններ, որոնք արդեն պատկանում են Ժամանակին»:
Պատկերագիրքն ընդգրկում է հայտնի (եւ դեռեւս՝ ոչ այնքան) անհատների, որոնց ճանաչում եւ գնահատում է հեղինակը, եւ որոնք «երբեւէ բնակվել են Մոսկվայում, ու հասցրել են ինչ-որ բան անել ե՛ւ Մոսկվայի, ե՛ւ նրա հայ համայնքի ու հենց իր՝ Հայաստանի համար»: Պատկերագրքի հերոսներն ամենատարբեր հետաքրքրությունների եւ հայացքների կրողներ են. նույնիսկ զարմանում ես, թե ինչպես է Օսեպյանին հաջողվել մեկ ալբոմում համատեղել որոշ դեպքերում իրար հետ սակավ ընդհանրություններ ունեցող այսքան մարդկանց: Օսեպյանը կես-կատակ ասում է, որ լուսանկարչին անհրաժեշտ հատկանիշներից մեկն էլ բնորդին համոզելու ունակությունն է: Ինքս եմ ականատես եղել, թե ինչպես մեր ճանաչված կին երաժիշտներից մեկը, որ սկզբում կտրուկ մերժեց լուսանկարվել, մի քանի րոպե Լեւոնին լսելուց հետո ոչ միայն համաձայնվեց, այլեւ լուսանկարները դիտելով՝ անսպասելի գոհ մնաց ու սկսեց ոգեւորությունը կիսել գործընկերների հետ:
Օսեպյանի օբյեկտիվը ոչ միայն արտապատկերում է, այլեւ տեսնում, հետազոտում, կարողանում է շեշտել անհատի առավել բնորոշ գծերը, առանձնահատկությունները, այն աստիճան, որ եթե նույնիսկ չես ճանաչում լուսանկարի հերոսին, նրա մասին որոշ դատողություններ անել անպայման կկարողանաս: Կտեսնես մեկի արտիստականությունը, մյուսի խաղացկուն խորամանկությունը, մեկ ուրիշի հետաքրքրությունների բազմազանությունը կամ նրան համակած պաթոսը: Այսպես, տարբեր կողմերից ընկնող լույսը, անտուրաժը, որում պատկերված է արտիստ Կարեն Ավանեսյանը, ամենեւին պատահական չէ: Ընդգծված են նրա ե՛ւ մարդկային արժանիքները, ե՛ւ հազիվ նշմարելի թախիծը: Պարզ ու անպաճույճ է հասարակական գործիչ Գերման Անանյանցի դիմանկարը՝ առանց գունային վառ երանգների: Գրիգորի Անիսոնյանի դիմանկարում դիպուկ արտացոլված է ոչ միայն նրա՝ ղեկավարի ձիրքը, այլեւ մարդկային հատկանիշները, որ ճանաչողները կհաստատեն: Հետաքրքրական գեղարվեստական մոտեցմամբ է արված նկարիչ Ռուբեն Ապրեսյանի դիմանկարը (արժե նշել, որ պատկերագիրքը լավ առիթ է՝ ծանոթանալու տաղանդավոր մեր բազում հայրենակիցների հետ, որոնց մասին մինչ այս ոչինչ չէինք լսել): Օսեպյանի փորձառու աչքից չեն վրիպել բանաստեղծուհի Սեդա Վերմիշեւայի հանդիսավոր հանդարտությունը, նկարիչ Մարտիրոս Բադալյանի մարդասիրությունն ու արտիստականությունը, երկրաբան Գրիգորի Գաբրիելյանցի մտքի կենտրոնացումը, ռեժիսոր Մարիա Սահակյանի անմիջականությունը: Որոշ դեպքերում լուսանկարներն այնքան խոսուն են, որ փորձում ես կռահել պատկերվողի մասնագիտությունը, բնավորության գծերը (Մեծ թատրոնի պարուհի Յուլյանա Մալխասյանց, բժիշկ, գրող եւ հավաքորդ Զախարի Աղաջանով եւ այլն):
Ալբոմում հատուկ տեղ է հատկացված արցախցի մտավորականներին: Բացի հայազգի գործիչներից՝ զետեղված են նաեւ Հայաստանի եւ հայության մի շարք բարեկամների դիմանկարները:
Նկատելի է, որ Օսեպյանը խուսափում է վառ երանգներից, նախընտրում է առանց արտաքին գունային ազդակների եւ ավելորդ ցայտունության վեր հանել կերպարների ներքին արտահայտչականությունը: Որոշ լուսանկարներում տեսնում ենք միայն պատկերվողի դեմքը (Ֆրիդրիխ Սողոյան, Նիկիտա Սիմոնյան, Կարինե Գեւորգյան, Շանթ Մկրտչյան). այլեւս ոչինչ չի շեղում մեզ կերպարի «հոգու հայելին» վերծանելու փորձերից:
Ֆոտոդիմանկարներից առնվազն երեքը (Արկադի Տեր-Թադեւոսյան, Լեւոն Հայրապետյան, Զորի Բալայան) իրենց հաջողված լուծումներով, կարծում եմ, դասական աշխատանքներ դառնալու, ժամանակի ընթացքում լայն ընդունելության արժանանալու ու տարածվելու բոլոր հեռանկարներն ունեն:
Լեւոն Օսեպյանը ծնվել է 1952 թ.՝ պարսկահայ հոր եւ արմատներով կողբեցի (Սուրմալուի գավառ) մոր ընտանիքում: Հիմնադրել եւ երկար տարիներ խմբագրել է «Արմյանսկի պերեուլոկ», «Առագաստ» եւ «Մեցենատ ի միր» գրական-գեղարվեստական եւ մշակութաբանական մեծարժեք ալմանախները: Շուրջ 10 ռուսերեն գրքի հեղինակ է, թարգմանվել է մի շարք լեզուներով: Մասնավորապես, նրա «Ճիչ» բանաստեղծությունների ժողովածուն, որ ներառում է նաեւ հայկական թեմաներով գործեր, թարգմանվել է իտալերեն, սլովակերեն եւ մասամբ՝ ֆրանսերեն: Ռուսաստանյան գրողների միության վարչության անդամ է (2012 թ. դեկտեմբերից՝ նաեւ միության կազմքարտուղար), արժանացել է Ռուսաստանի, Չեխիայի եւ Սլովակիայի պետական պարգեւների եւ պատվոգրերի:
Օսեպյանի՝ «անկրկնելիության եւ անհատական վարպետության հրաշքով տոգորված» (քննադատ Ստանիսլավ Այդինյանի բնորոշումն է) լուսանկարչական աշխատանքները գտնվում են ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Իտալիայի, Իսրայելի, Իրանի, Լիբանանի, Հայաստանի, Ռուսաստանի եւ այլ երկրների մասնավոր հավաքածուներում, դրանցով ձեւավորվել են գրքեր եւ պարբերականներ: Ունեցել է 90-ից ավելի անհատական ֆոտոցուցահանդես, այդ թվում՝ Երեւանում եւ Ստեփանակերտում:
Ուրախալի է, որ ինչպես նշեց Օսեպյանը՝ պատկերագրքերի այս շարքը շարունակելի է լինելու եւ ընդգրկելու է ամենատարբեր ոլորտներում եւ աշխարհագրական վայրերում աչքի ընկած մեր հայրենակիցներին:
ԱՇՈՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ