ՀՀ-ում միջուկային նոր էներգաբլոկների կառուցման նախագծի շրջանակներում հայկական պատվիրակությունը եղել է Կուրսկի ԱԷԿ-ում: Հայկական ԱԷԿ-ի ղեկավարության հետ քննարկվել են տեխնիկական եւ կազմակերպչական մի շարք հարցեր: Կուրսկի ԱԷԿ-2 շինարարական հրապարակ շրջայցի ընթացքում տեղում ծանոթացել են – ռեակտորով էներգաբլոկի կառուցման աշխատանքներին:
Կայացել է հանդիպում «Ռոսատոմ» պետկորպորացիայի ղեկավարության հետ, որի ընթացքում քննարկվել են ՀՀ-ում նոր էներգաբլոկների կառուցման, գործող էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման վերաբերյալ հարցեր: Ձեռք են բերվել պայմանավորվածություններ, նախանշվել են հիմնական առաջնային ուղղություններն ու քայլերը:
Էներգետիկ ոլորտի մասնագետների պատրաստման հարցը մշտապես արդիական է եղել Հայկական ատոմային էլեկտրակայանում: Կնքվել է Համագործակցության հուշագիր՝ «ՀԱԷԿ» ՓԲԸ եւ «Երեւանի պետական համալսարան» հիմնադրամի միջեւ:
Հուշագրով նախանշվել են համագործակցության որոշակի ուղղություններ: Օրինակ՝ կրթական ծրագրերով ՀԱԷԿ-ի պահանջներին բավարարող բարձրորակ կադրերի պատրաստում, կայանի աշխատակիցների որակավորման բարձրացման եւ վերապատրաստման համար անհրաժեշտ կազմակերպչական գործառույթների իրականացում, ՀԱԷԿ-ի ռազմավարական խնդիրներին նպատակաուղղված համատեղ քննարկումների, սեմինարների կազմակերպում, գիտաարտադրական եւ հետազոտական աշխատանքների համատեղ իրականացում եւ այլն:
Համաձայն Հուշագրի՝ կստեղծվեն անհրաժեշտ պայմաններ՝ ուսանողների ուսումնական, արտադրական, հետազոտական աշխատանքները ՀԱԷԿ-ում անցկացնելու համար:
ՍՏԵՓԱՆ ՊԱՊԻԿՅԱՆ
Ռուսաստանի բնագիտության ակադեմիայի պրոֆեսոր