Փաշինյան-Շառլ Միշել-Ալիեւ հանդիպումը
Սովորաբար շաբաթ-կիրակին Եվրոմիության բոլոր ատյաններում աշխատանքային օրեր չեն: Սակայն նախորդ շաբաթ, մայիսի 13-14-ին, Եվրոխորհրդի նախագահ Շառլ Միշելը բացառության կարգով ընդունեց Հայաստանի վարչապետին եւ Ադրբեջանի նախագահին: Մի պահ տպավորություն էր, թե մեր տարածաշրջանի պատերազմական լարված իրավիճակն այնքան անհանգստացնող ու մտահոգիչ է Եվրոպայի համար, որ Եվրոխորհրդի նախագահն իր աշխատանքային գերլարված ռեժիմից դուրս հանգստյան շաբաթ-կիրակին նվիրել է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներին: Բայց, հետո, Եվրոխորհրդի լրատվական ծառայության մեր գործընկերոջ հետ Նիկոլ Փաշինյանին դիմավորելու սրահում, ավելի անմիջական զրույցից հասկանալի դարձավ, որ Եվրոխորհրդի նախագահ Շառլ Միշելն աշխատանքային օրերին շատ ավելի կարեւոր հանդիպումներ ունի, նաեւ առջիկայում գործուղումներ, հետեւաբար միակ հնարավոր տարբերակը մնում էր շաբաթ-կիրակիի մեջ մի կերպ տեղավորվելը:
Փաստորեն, ստացվեց, որ Եվրոխորհրդի նախագահի մտահոգությունը ոչ թե տարածաշրջանի անկայունությունն ու պատերազմն է, բնաջնջման ճիրաններում հայտնված արցախցիներն են, այլ իր աշխատանքային գրաֆիկը հնարավորին արագ թեթեւացնելը:
Եվրոպացի իմ գործընկերոջ ակնարկներից պարզ էր, որ Եվրոխորհրդում շաբաթվա աշխատանքային օրերն առաջնային նախատեսված են հույժ հետաքրքրական, առավել կարեւոր գործերի եւ իհարկե Եվրոպային ավելի հետաքրքրող:
Շաբաթ օրը Նիկոլ Փաշինյան-Շառլ Միշել հանդիպումը նախատեսված ժամը 19:00-ի փոխարեն կայացավ մեկ ժամ ուշացումով՝ 20:00-ին: Ժամը ութին վարչապետի մեքենան արդեն Եվրոխորհրդի հատուկ ընդունելության մուտքի դիմաց էր, բայց մոտ 15 րոպե վարչապետը մեքենայից չէր իջնում, քանի որ դիմավորող Շառլ Միշելն ուշացել էր: (Միջազգային չափանիշներով հյուրերին ուշացումով ընդունելության այս ձեւը համարվում է արհամարհանք ոչ միայն տվյալ ղեկավարի, այլեւ տվյալ երկրի հանդեպ): Երկարուձիգ սպասելուց հետո վերջապես մեր վարչապետը մի տեսակ լարված ու թեւաթափ ժամանեց բարձրակարգ հյուրերի ընդունելության սրահ: Կարմիր գորգով անցնելով առաջին բանը, որ աչք զարնեց՝ Փաշինյանի ջինսե տաբատն էր եւ անթեւ բաճկոնը: Եվրոխորհրդի լրատվական ծառայության մեր գործընկերն ինքնաբերաբար զարմանքով ու հարցականով բարձրաձայնեց՝ Փաշինյանն ընդօրինակել է Ուկրաինայի նախագահ Զելինսկու ո՞ճը:
Փաշինյան-Շառլ Միշել շաբաթօրյա հանդիպումը համարելով ոչ պաշտոնական՝ ՀՀ վարչապետի լրատվական ծառայության պատասխանատուն դրանով փորձեց արդարացնել վարչապետի հագուկապը: Սակայն հարկ է նշել, որ Եվրոխորհրդի պատերից ներս, բարձրակարգ ընդունելության սրահում կարմիր գորգով անցնելը, Հայաստանի եւ Եվրոմիության դրոշի ներքո լուսանկարվելը, լրատվական ծառայության աշխատակիցների ներկայությունն ու տեսախցիկների, տեսաձայնագրությունների առկայությունն ինքնին ասում է,որ այցը չի կարող անձնական կամ ոչ պաշտոնական որակվել: Հետեւաբար ազնիվ կլիներ, որ վարչապետին ոչ պատշաճ հագուստի ընտրության համար ոչ թե արդարացնել, այլ գոնե լռել:
Հայաստանից վարչապետն իր հետ լրագրողներ չէր բերել: Մինչդեռ կիրակի օրը Ալիեւ-Շառլ Միշել- Փաշինյան եռակողմ հանդիպմանը Ադրբեջանի ղեկավարը, ինչպես միշտ, 25 լրագրողներով էր ներկայացել: Ադրբեջանցի լրագրողներն աշխատանքային բուռն եռուզեռի իմիտացիա էին ստեղծել, քանի որ սրահում միայն իրենք էին, իսկ հայկական կողմից՝ միայն մեր վարչապետի օպերատորները: Ադրբեջանցի լրագրողների այդչափ մեծաքանակ ներկայությունն, անխոս, տարօրինակ էր ընկալվում նաեւ Եվրոխորհրդի լրատվական ծառայության իմ գործընկերների համար, բայցեւ նույնքան էլ անհասկանալի՝ հայկական կողմից լրագրող չլինելու փաստը:
Եռակողմ հանդիպման ընթացքում, կարմիր գորգով Ալիեւ-Շառլ Միշել-Փաշինյանն անցնելիս ցայտուն ընդգծուն էր Ալիեւի պահվածքը՝ հաղթական, ինքնավստահ, արհեստական ժպիտը դեմքին: Իսկ մեր վարչապետը հոգնած, մի տեսակ խեղճացած, տխուր, թեւաթափ տպավորություն էր թողնում: Ճիշտ եվրոպացուն բնորոշ՝ Շառլ Միշելն օրվա իր միսիան արագ ավարտին հասցնելու ընթացքի մեջ էր՝ մեծ քայլերով, շտապողական, գործնական: (Իհարկե, տպավորությունս ճիշտ էր, երբ հետո տեղեկացա, որ Միշելը շտապում էր Ախեն, Գերմանիայի եւ Բելգիայի սահմանակից քաղաք, հանդիպելու Զելենսկուն):
Համապատասխան դրոշների ներքո լուսանկարվելու արարողակարգից հետո՝ կողմերն առանձնացան քննարկման սրահ: Արդեն իսկ հասկանալի էր, որ քննարկումները հեշտ չեն լինելու հայկական կողմի համար: Թերեւս վաղուց պարզ էր, որ Հայաստանի համար հաջողություններ գրանցելու բոլոր հնարավորություններն ու լծակներն այլեւս հիմնովին սպառվել են:
Եվ ավելի քան երեք ժամ տեւած եռակողմ հանդիպման վերջնարդյունքում Շառլ Միշելի արած հայտարարությունը գուժեց Հայաստանի պարտությունը:
Չարաբաստիկ հայտարարությամբ Եվրոխորհուրդը հայերիս մատուցեց չափազանց ընդհանրական, մակերեսային, հայկական կողմի իրավունքները հիմնովին անտեսող, բայց Ադրբեջանի շահերը սպասարկող տեքստ:
Շառլ Միշելի հայտարարությամբ կողմերի միջեւ քննարկումները եղել են անկեղծ: Բա ո՞նց:
Դրական համարելով ԱՄՆ-ի վերջին բանակցությունները՝ Եվրոխորհուրդը խրախուսում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է համապարփակ խաղաղության համաձայնագրի հիման վրա վճռական քայլեր ձեռնարկեն Հարավային Կովկասում խաղաղության պահպանմանը հասնելու համար:
Թե մտքով ինչպիսի՜ խաղաղություն է գծագրել Շառլ Միշելը, ի՜նչ տրամաբանությամբ է համոզված, երբ, մինչդեռ, նույն եռակողմ հանդիպման նախօրեին Ադրբեջանը Սոթքի ուղղությամբ վերսկսել էր հերթական ռազմական գործողություններն ու դարձյալ զոհեր կային: Իրականությունց կտրված Շառլ Միշելը, իր պարտականությունը կատարած մարդու ոգեւորությամբ շեշտում է, թե առաջընթաց է գրանցվել Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հարցերում, եւ այսուհետ եւս ԵՄ-ն հետեւողական է լինելու սահմանագծման հաջորդական քայլերին՝ երկկողմ հանդիպումների վերսկսման գործընթացում:
Ի՞նչ սկզբունքներով, սահմնազատման ի՞նչ մոդելով կամ, իր պատկերացմամբ, դրական ո՞ր արդյունքների մասին է խոսքը, երբ Ադրբեջանն աներկբա ներխուժել է Հայաստանի ինքնիշխան տարածք ու հետ չի քաշվում: Ավելին, օրեցօր եւ քայլառքայլ առաջանում է՝ արհամարհելով, շրջանցելով Եվրոպայի բոլոր հորդորները: Անհանդուրժողական, մշտապես պատերազմով սպառնացող այս իրավիճակում անհասկանալի, անորոշ է, թե ինչպես են սահմանազատելու Հայաստանը: Ումի՞ց, ինքն իրենի՞ց:
Հայտարարության մեջ նշվում է, թե Ադրբեջանն ու Հայաստանը միանշանակ վերահաստատել են իրենց հավատարմությունը 1991 թ, Ալմա-Աթայի հռչակագրով Հայաստանի՝ 29,800 քառ.կմ եւ Ադրբեջանի՝ 86,600 քառ.կմ համապատասխան տարածքային ամբողջականության ճանաչմանը, իսկ վերջնական սահմանազատումը կհամաձայնեցվի հետագա բանակցությունների միջոցով:
Արդեն 30 տարի մեր դիվանագիտությունն իր անգործությամբ ու անհեռատեսությամբ Հայաստանը մղեց փակուղի, մեր դիվանագետներն այդպես էլ չկարողացան ամրագրել, որ Սովետ -միության փլուզումից հետո, Ադրբեջանն իր անկախ երկրի սահմանները ճանաչել եւ հռչակել է 1918 թվ-ի սահմաններով, մինչդեռ այդ ժամանակ Ղարաբաղը չի եղել Ադրբեջանի կազմում:
Հայտարարության հաջորդ կետով հանձնարարվել է երկկողմ համաձայնություն հաստատել տարածաշրջանում տրանսպորտային ու տնտեսական կապերի ապաշրջափակման ուղղությամբ եւ Նախիջեւանի հետ երկաթուղային կապերի բացման եղանակների եւ անհրաժեշտ շինարարական աշխատանքների վերաբերյալ հստակ ժամանակացույց սահմանել: Կողմերը պայմանավորվել են օգտվել համաշխարհային մաքսային կազմակերպության աջակցությունից՝ վերոհիշյալ աշխատանքներն իրականացնելու համար:
Միշտ երկակի ստանդարտներով գործող Եվրոպան խոսում է տարածաշրջանի տրանսպորտային ու տնտեսական կապերի ապաշրջափակմից, բայց նույն ժամանակ անտեսում, կամ ավելի ստույգ՝ չի ցանկանում հիշեցնել, պարտադրել Ադրբեջանին՝ հարգել Հաագայի Միջազգային դատարանի վճիռը՝ բացել Լաչինի միջանցքը:
Հումանիտար հարցերի շրջանակներում պայմանավորվածոթյուն է ձեռք բերվել, ըստ Շառլ Միշելի, կալանավորներին, մոլորված զինվորներին արագ ընթացակարգով ազատ արձակել առաջիկա շաբաթների ընթացքում: Քննարկվել են նաեւ անհետ կորածների, նրանց ճակատագրերի որոշմանն ուղղված եւ ականազերծման աշխատանքների ակտիվացման կարեւորության հարցերը:
ԼՂ- ում բնակվող հայերի անվտանգության համար Շառլ Միշելը Ադրբեջանին հորդորել է միջազգային հանրության հետ սերտ համագործակցությամբ մշակել դրական օրակարգ, երաշխավորել ԼՂ- ի բնակչության իրավունքներն ու անվտանգությունը, ապահովել թափանցիկ եւ կառուցողական երկխոսություն:
Շառլ Միշելը հորդորել է զերծ մնալ թշնամական հռետորաբանությունից, բարեխղճորեն ներգրավել, առաջնայնություն ցուցաբերել փոխընդունելի լուծումների հասնելու համար:
Մարդասիրություն հարգող, մարդու իրավունքներ քարոզող Եվրոպան այսօր հայերիս հանդեպ ձեռնպահի դիրքերից ակնհայտ աչք է փակում, խուլ ականջ է ձեւանում Արցախում ապրող 120 հազար հայերի վրա: Եվ պատերազմ հաղթած, հայ զինվորներին գազանաբար խոշտանգած Ադրբեջանին հանձնարարում… ԼՂ հայերին պաշտպան լինել:
Սառնասիրտ տրամաբանությամբ Եվրոպայի այս մոտեցումը միանշանակ հակասական, ժողովրդավարության իրավունքների կոպիտ խախտում է: Այլ կերպ ասած Եվրոպան գայլը գառին պահակ է տալիս:
Շառլ Միշելի հավաստմամբ, ԵՄ-ն թաքնված օրակարգ չունի, միակ նպատակը Հայաստանին ու Ադրբեջանին օգնելն է՝ հասնելու համապարփակ եւ արդար խաղաղության: Հետեւաբար բրյուսելյան եռակողմ հանդիպումներն անցկացվելու են այնքան հաճախակի, որքան դրա անհրաժեշտությունը կլինի:
Բրյուսելյան Երկօրյա այցն ավարտվեց Եվրոպայի բարձրագույն ատյանի հստակ հանձնարարականներով: Իսկ թե գործնական հարթակում Հայաստանին ինչպիսի նոր վերաձեւավորումներ են սպասվում, ցավոք, դժվար չի կռահել: Երիցս ակնհայտ է. Ադրբեջանն այսօր մի կողմից եվրոպական հարթակներում խաղաղության իմիտացիա է խաղում, մյուս կողմից՝ պատերազմ հրահրում: Իսկ Եվրոմիությունն աչք է փակում, հանդուրժում մարդկության դեմ հանցագործություններ կատարող, Ադրբեջանի բոլոր քմահաճ քայլերն արդարացնում:
Առաջնորդների հաջորդ հանդիպումը Բրյուսելում կլինի հուլիսին, իսկ մինչ այդ կողմեը կհանդիպեն ֆրասնսիայի նախագահ Մակրոնի եւ Գերմանիայի կանցլեր Շոլցի հետ Քիշինեւում ՝ Եվրոպական քաղաքական համայնքի երկրորդ գագաթնաժողովի շրջանակներում:
ԱՐԱՔՍ ՍԱՖԱՐՅԱՆ
Բրյուսել