Տոկիոյի Գինզա շրջանում գտնվող «Մեզոն Հերմես» ցուցասրահում փետրվարի 20-ից մինչեւ մայիսի 31-ը կգործի «Օբոլ» ցուցահանդեսը: Սա 2022-ին Վենետիկի 59-րդ Բիենալեում Հայաստանը «Ղարիբ» վերնագրված ինստալացիայով ներկայացրած նկարիչ եւ երգահան Անդրիուս Հարությունյանի առաջին անհատական ցուցահանդեսն է Ճապոնիայում (նրա հետ մեր հարցազրույցը տե՛ս «Ազգ», 2025, փետրվարի 21):
Անդրիուս Հարությունյանը ծնվել է Լիտվայում, 1991 թվականին, հայ-լիտվական ընտանիքում, բնակվում է Նիդեռլանդներում: 2010-2016 թթ. կոմպոզիտորական արվեստ է ուսանել Հաագայի թագավորական կոնսերվատորիայում: 2016-2021 թթ. եղել է Հաագայի Գեղարվեստի թագավորական ակադեմիայի գեղարվեստական հետազոտությունների վարպետության բաժնի հրավիրյալ դասախոս: Վենետիկի բիենալեից բացի մասնակցել է Շանհայի 14-րդ, Գուանճոուի 15-րդ եւ Լիոնի 17-րդ բիենալեներին:
Ըստ ճապոնական www.tokyoartbeat.com կայքէջի՝ Հարությունյանը երաժշտությունը դիտարկում է որպես «խիտ եւ հիպնոսացնող ուժ», «աղավաղված ժամանակի ճարտարապետություն» եւ ուսումնասիրում է ժողովրդական պրակտիկայի, սպեկուլյատիվ ծիսակատարության, քաղաքական համահնչունության եւ ձայնային ներդաշնակության միջեւ եղած կապը: Այս ցուցահանդեսում հյուր-կուրատոր Իվատա Տոմոյան, որն ուսումնասիրում է այլընտրանքային կուրատորական պրակտիկաները, կներկայացնի աշխատանքներ, որոնք ուսումնասիրում են ժամանակի, ապագայի եւ առասպելի թեմաները՝ հանդերձյալ աշխարհի ֆուտուրիստական տեսլականի միջոցով:
Ա. Բ.





