Ավստրիայի նախագահ Ալեքսանդր Ֆան Դեր Բելլենի հրամանագրով տոնական հատուկ արարողակարգով զալցբուրգցի հայագետ Յասմին Դում Թրագութին նոյեմբերի 12-ին շնորհվել է պրոֆեսորի մասնագիտական կոչում: Ավստրիական kathpress-ը հաղորդելով սույնը, նկատել է տալիս, որ Ավստրիայում հայագիտության հաստատմանն ուղղված՝ Դում Թրագութի տարիների ջանքերի ճանաչում է սա:
Դում Թրագութն ավելի քան 35 տարի աշխատել է Հայաստանում և վերջին 20 տարիների ընթացքում հայագիտության ամբիոն է հիմնել Զալցբուրգի Փարիզ Լոդրոն համալսարանում: Նա ղեկավարում է Զալցբուրգում գտնվող «Քրիստոնյա Արևելքի ուսումնասիրության կենտրոնը» (ZECO): Յասմին Դում Թրագութը նաև «Պրո Օրիենտե» (“Pro Oriente”) հիմնադրամի խորհրդատուն է և «Պրո Օրիենտե»-ի Զալցբուրգի բաժնի աշխատանքային հանձնախմբի անդամ: Նա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության հարցերով գրասենյակի գիտական խորհրդատուն է: 2020-ից սկսյալ բազմաթիվ են Յասմին Դում Թրագութի՝ Լեռնային Ղարաբաղում քրիստոնեական ժառանգության պահպանմանը նվիրված հրապարակումները միջազգային գիտա եւ մեդիահարթակներում:
«Զալցբուրգում հայագիտական ուսումնասիրություններն հաստատելու տարիների իմ ջանքերն այժմ ճանաչում և գնահատում են նաև Ավստրիայի իշխանությունները՝ ինձ պրոֆեսորի կոչում շնորհելով», իր երախտագիտությունն է հայտնել ավստրիացի հայագետ Դում Թրագութը: «Վերջին տարիներին Դում-Թրագութի նվիրվածությունը հայկական մշակույթին զգալիորեն նպաստել է ակադեմիական նոր առարկաների զարգացմանը, այդ թվում՝ Հայաստանում: 2023 թվականի հոկտեմբերից նա ղեկավարում է Հայաստանի գիտությունների ակադեմիայի հայկական մշակութային ժառանգության ուսումնասիրությունների միջառարկայական հետազոտական նոր բաժինը», գրում է kathpress-ը:
2023 թվականի դեկտեմբերին Հայաստանի նախագահը Դում Թրագութին արժանացրել է ՀՀ պետական բարձրագույն պարգեւի՝ Մովսես Խորենացի շքանշանի: «Ազգում» գրել ենք, որ Յասմին Դում Թրագութին հոկտեմբերի 8-ին շնորհվել է ՀԲԸ Միության «Կարպիս Փափազյան» մրցանակ՝ «լայնածավալ հայանպաստ գործունեության, հետազոտությունների, կոնֆերանսների կազմակերպման, հայոց լեզվի, մշակույթի, պատմության, եկեղեցու եւ հայկական մշակութային ժառանգության վերաբերյալ բազմաթիվ հոդվածների եւ գրքերի համար» (տե՛ս «Ազգ», 03.10.2025):
«Ազգի» ընթերցողները մարտ ամսից ի վեր տեղյակ են, որ Դում Թրագութն այժմ աշխատում է Առաքելոց հայկական վանքը և համանուն միջնադարյան բնակավայրը ավերածություններից փրկելու ուղղությամբ:
Հոկտեմբերի 24-ին Մատենադարանում բացվեց Դում Թրագութի «Սրբագործ ձեռքեր. Գրչակենտրոն կուսանոցներ Հայաստանի հարավում, 17-րդ դար» անվանյալ ցուցահանդեսը: Իսկ առաջիկայում Դում Թրագութի ջանքերով Լեոգանգի գոթական թանգարանում կբացվի «Հայաստան» ցուցահանդեսը, որ այցելուներին կներկայացնի հայոց քրիստոնեական ժառանգության նմուշներ:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ





