ՀՈՎՀԱՆՆԵՍ ՉԵՔԻՋՅԱՆԻ եւ ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՊԵԼԼԱՅԻ բացառիկ համերգը
2023 թ. հունիսի 25-ին Դիլիջանի Էդվարդ Միրզոյանի անվան կոմպոզիտորների ստեղծագործական տան Լյուդվիգ Վան Բեթհովենի անվան համերգասրահում տեղի ունեցավ Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի համերգը՝ ՀՀ ազգային հերոս, երգչախմբային արվեստի մարշալ Հովհաննես Չեքիջյանի ղեկավարությամբ:
Համերգի ընթացքում, որը դարձավ Հայաստանի կոմպոզիտոների միության կազմակերպած Հայ ժամանակակից երաժշտության 7-րդ փառատոնի շրջանակներում իրականացվող համերգաշարի 2-րդ ակորդը (առաջին համերգը կայացել էր մայիսի 7-ին Երեւանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը եւ նվիրված էր Հրաչյա Մելիքյանի եւ Ռուբեն Սարգսյանի հիշատակին), ներկայացվեցին էջեր հայ խմբերգային երաժշտությունից:
Համերգը շատ խորհրդանշական էր: 1984 թ. հունվարի 28-ին շահագործման հանձնվեց Հայաստանի կոմպոզիտորների միության «Դիլիջան» ստեղծագործական տան Բեթհովենի անվան համերգային դահլիճը, որը նպատակ ուներ նպաստելու հանրապետության երաժշտական կյանքի հետագա վերելքին: Բացման օրը պաշտոնական արարողությանը հաջորդող տոնական համերգն սկսվեց, բնականաբար, Բեթհովենի (քանի որ համերգասրահը նրա անունով էր) Իններորդ սիմֆոնիայի ֆինալով՝ Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի եւ Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնի նվագախմբի, մենակատարներ Գոհար Գասպարյանի, Օլգա Գաբայանի, Վալերի Հարությունյանի կատարմամբ: Դիրիժորական վահանակի մոտ էր Հովհաննես Չեքիջյանը: Այնուհետեւ հնչեցին Շոստակովիչի Հինգերորդ սիմֆոնիան, Խրեննիկովի Դաշնամուրային Երրորդ կոնցերտը՝ հեղինակի մեկնաբանությամբ, եւ հատվածներ Խաչատրյանի «Սպարտակ» բալետից. սիմֆոնիկ նվագախումբը ղեկավարում էր Վալերի Գերգիեւը:
Մաեստրո Չեքիջյանը տասնամյակներ շարունակ համագործակցել է Հայաստանի կոմպոզիտորների միության հետ, ակտիվորեն մասնակցել Միության կազմակերպած միջոցառումներին, կատարել հայ կոմպոզիտորների խմբերգային եւ վոկալ-սիմֆոնիկ ստեղծագործությունները՝ դառնալով դրանցից շատերի առաջին մեկնաբանը: Մաեստրոն, որպես իսկական Արվեստագետ, գիտակցում է, որ յուրաքանչյուր հայ կատարողի, այս դեպքում՝ նաեւ իր, կարեւոր առաքելությունն է հայ երաժշտության հանրահռչակումն ինչպես հայրենիքում, այնպես էլ արտասահմանում: Այս տեսակետից շատ կարեւոր են նրա ստեղծագործական ու մարդկային ջերմ հարաբերությունները հայ ժամանակակից կոմպոզիտորների, Հայաստանի կոմպոզիտորների միության ղեկավարության հետ. նա ՀԿՄ նախագահ Արամ Սաթյանի մի շարքի խմբերգերի առաջին մեկնաբանն է:
Ավելին, Հայաստանի կոմպոզիտորների միության վարչության 4-րդ պլենումի շրջանակներում տեղի ունեցած 1-ին համերգի ընթացքում՝ 1976թ. ապրիլի 5-ին, հնչել է Հովհաննես Չեքիջյանի «Գարնանային անուրջներ» վոկալ-սիմֆոնիկ պոեմը, որը հետագայում կատարվել է աշխարհի տարբեր քաղաքներում:
Եվ ահա, շուրջ 40-ամյա պաուզայից հետո, Մաեստրոն ու Կապելլան կրկին Դիլիջանում են՝ Բեթհովենի անվան դահլիճում: Համերգն ունկնդրելու էին եկել ոչ միայն Տավուշի մարզի ու հարակից բնակավայրերի բնակիչները, այլեւ Մաեստրոյի արվեստի երկրպագուները Երեւանից, ԱՄՆ-ից, Շվեդիայից:
Համերգից առաջ ներածական խոսքով հանդես եկավ Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Արամ Սաթյանը, որը եւս մեկ անգամ ընդգծեց Մաեստրո Չեքիջյանի եւ հայկական կապելլայի ծանրակշիռ դերը հայ խմբերգային երաժշտության հանրահռչակման գործում:
Առանձնահատուկ ուզում եմ նշել ծրագրի մասին, քանի որ այն ներկայացրեց հայ խմբերգային արվեստի լավագույն էջերը՝ հայ դասականներ Մակար Եկմալյանի ու Կոմիտասի, սփյուռքահայ կոմպոզիտորներ Արա Պարթեւյանի, Բարսեղ Կանաչյանի ու Տիրան Կառվարենցի, ժամանակակից կոմպոզիտորներ Ալեքսանդր Հարությունյանի, Առնո Բաբաջանյանի, Էդգար Հովհաննիսյանի եւ Կոնստանտին Պետրոսյանի, ինչպես նաեւ Հարություն Օդաբաշյանի, Զարուհի Դանիելի ու Նորայր Հարությունյանի՝ բազմաժանր ու բազմաոճ երգչախմբային ստեղծագործությունները: Ստեղծագործություններից շատերը գրվել են հատուկ Կապելլայի ու Մաեստրոյի համար, եւ նրանք էլ դարձել են առաջին մեկնաբանները: Ծրագրի միջով կարմիր թելի պես անցնում էր հայրենասիրության եւ հայրենապաշտության թեման:
Համերգն սկսվեց Բաբաջանյանի «Տղերքը, որոնք չկան» խմբերգով՝ Կապելլայի խմբավար Հարություն Օդաբաշյանի ղեկավարությամբ: 44-օրյա պատերազմից հետո իր համերգները Մաեստրոն հաճախ է սկսում այս խմբերգով, որը հնչում է որպես Ռեքվիեմ պատերազմում զոհված հայ զինվորների հիշատակին: Այս անգամ հայ զինվորների հիշատակի ռեքվեմը հնչեց Դիլիջանում:
Խմբերգ-ռեքվիեմին հաջորդեց Հ.Օդաբաշյանի «Ռազմի երգը»՝ հեղինակի ղեկավարությամբ:
Եվ ահա դահլիճից բեմ է բարձրանում կենդանի լեգենդը՝ Հովհաննես Չեքիջյանը՝ հերթական անգամ կախարդելով համերգասրահը, որը հետեւում է Մաեստրոյի ամեն շարժումին շունչը պահած՝ ըմբոշխնելով Կապելլայի յուրաքանչյուր բառը:
Եկմալյանի խմբերգային արվեստը ներկայացվեց Պատկանյանի խոսքերով (սա «Քաջ Վարդան Մամիկոնյանի մահը» վիպասանության վերջաբանն է) բարիտոնի եւ երգչախմբի համար գրված «Լռեց..» խմբերգով (մենակատար՝ Գրիգոր Աբրահամյան), որի համերգային կյանքը կապված է Հ.Չեքիջյանի գործունեության հետ: Հենց նա մոռացությունից փրկեց Եկմալյանի խմբերգերը: 1963 թ. հունիսի 2-ին Հայկական պետական ֆիլհարմոնիայի համերգային մեծ դահլիճում Չեքիջյանի ջանքերով կազմակերպված համերգի երկրորդ բաժնում հնչել էր «Լռեց…»-ը (մենակատար՝ Շարա Տալյան): Սա հայաստանյան բեմում Եկմալյանի ստեղծագործություններից կազմված առաջին համերգն էր, որի ընթացքում հնչած խմբերգերը, այդ թվում նաեւ «Լռեց…»-ը, հետագայում դարձան Մաեստրոյի ու Կապելլայի այցեքարտերը:
Կոմիտասի երգչախմբային արվեստիվ Մաեստրոն ընտրել էր Հովհաննիսյանի խոսքերով գրված «Գարուն» («Նոր գարուն») a cappella խմբերգը, որը Չեքիջյանի անգերազանցելի մեկնաբանությամբ հնչել է աշխարհի տարբեր ծայրերում:
Խմբերգային համերգի ծրագրում Մաեստրոն ներառել էր խմբերգային հատվածներ հայկական դասական օպերաներից ու բալետներից՝ Չուխաճյանի «Արշակ Երկրորդ» օպերայի 3-րդ գործողությունից «Հաշտության տեսարանը», Տիգրանյանի «Անուշ» օպերայի նախերգանքը եւ Խաչատրյանի «Սպարտակ» բալետի ֆինալը՝ երգչախմբային «Ռեքվիեմը»: Այս քայլով Մաեստրոն տարածում եւ հանրահռչակում է հայկական երաժշտական թատրոնի խմբերգային տեսարանները:
Չուխաճյանի «Արշակ Երկրորդ» օպերայի 3-րդ գործողությունից N 18-ը՝ «Հաշտության երդումը», հնչեց բաս Պողոս Բիազբեկյանի մենակատարմամբ: Ներսես կաթողիկոսի դերերգի «Հայրենիքում մեր թող անդորրը իշխի» խոսքերը, որոնք այնուհետեւ հնչեցին երգչախմբի երգամասում, առավել քան արդիական են այսօր:
Որպես առ Հայաստան եւ առ Հայրենիք Ձոն հնչեց Կոնստանտին Պետրոսյանի՝ շռայլ մեղեդայնությամբ ու հայրենասիրական բարձր շնչով գրված «Հայաստան» երգը Հայկ Թոնգուրյանի մեկնաբանությամբ: Կատարումն առաջ բերեց ինչպես ունկնդիրների, այնպես էլ ԱՄՆ-ից ժամանած կոմպոզիտորի հիացմունքն ու խանդավառությունը:
Համերգի ընթացքում հնչեցին Արա Պարթեւյանի «Օրատորիան», Բարսեղ Կանաչյանի «Օրորը»՝ Արծվիկ Դեմուրչյանի կատարմամբ, Ալեքսանդր Հարությունյանի «Էլեգիան», Նորայր Հարությունյանի «Խաղիկները» եւ Զառա Դանիելի «Երկիր Նաիրի» եռերգությունը (մենակատար՝ Աբել Կյուրեղյան): Էդգար Հովհաննիսյանի «Անուշ անուրջ» խմբերգը հնչեց Կապելլայի խմբավար Կարլեն Ալեքսանյանի ղեկավարությամբ:
Համերգին Մաեստրոն ներկայացավ նաեւ որպես կոմպոզիտոր՝ Դիլիջանում առաջին անգամ հնչեց նրա «Մեկիկ-մեկիկ» a cappella խմբերգը (1959), որը բազմիցս հնչել է Երեւանում, Լենինգրադում եւ շատ ու շատ քաղաքներում:
1959 թվականին Վ. Ակկուլյանի խոսքերով գրված ստեղծագործության մեջ Հ.Չեքիջյանը մի կողմից շարունակում է հայ դասական խմբերգային երաժշտության ավանդույթները, մյուս կողմից սեղմ ու լակոնիկ ստեղծագործության մեջ, որպես երաժիշտ-փիլիսոփա՝ խորհրդածում մարդկային կյանքի ունայնության մասին: Զարմանալի է, որ այս մտքերին նա հանգել է բավական երիտասարդ տարիքում՝ ընդամենը 30-ամյա հասակում:
Ուշագրավ է խմբերգի կառուցվածքը՝ տոնայնական ու մետրական տեսակետից անկայուն ու փոփոխական ծավալուն բաժնից հետո վերականգնվում են նախկին տեմպն ու 12/8 չափը, եւ նորից հնչում է Խմբերգի առաջին բաժինը՝ «Ծաղկեփունջ մըն էր մեր ընտանիք, շուշան, մեխակ, վարդն ու հասմիկ»:
Խմբերգի երկու ծայրերի միջեւ ստեղծված թեմատիկ կամարի առկայությունը հնարավորություն է տալիս երկու մեկնաբանության՝ մի դեպքում ընտանիքի անդամները կրկին միասին են, բայց այս անգամ՝ հանդերձյալ կյանքում: Իսկ մեկ այլ դեպքում՝ մի ընտանիքի կյանքն ավարտվեց, բայց ստեղծվեց նոր ընտանիք, եւ այդպես շարունակ: Հենց դա է ընկած կյանքի անընդհատության հիմքում:
Համերգը եզրափակվեց Շառլ Ազնավուրի տեքստով եւ Տիրան Կառվարենցի երաժշտությամբ 1988 թվականի Սպիտակի ավերիչ երկրաշարժի օրերին ստեղծված «Pour toi, Armenie» («Քեզ համար, Հայաստան») երգով՝ ֆրանսերեն:
Ու երգի ստեղծումից 35 տարի անց Հովհաննես Չեքիջյանն ասես այդ երգով՝ Ազնավուրի խորիմաստ ու փաստորեն խիստ արդիական տեքստով, ուղերձ հղեց հայոց պատմության դժվարագույն փուլերից մեկն ապրող իր հայրենակիցներին, որոնք այսօր եւս, ինչպես դաժան երկրաշարժից հետո, կարիք ունեն կարեկցանքի ու վշտակցության, նաեւ՝ մխիթարության ու լուսավոր ապագայի հանդեպ հավատի նորոգման՝
«Ոսկյա արեւը թող ժպտա մի բուռ քո հողին,
Հար ցնծա՛, իմ Հայաստան աշխարհ:
Արցունքը քո սրբի՛ր, թող հույսը քեզ օգնի,
Գոտեպնդվի՛ր, ի՛մ ժողովուրդ….»
(թարգմանությունը՝ Գեւորգ Արմենյանի):
Հատուկ ուզում եմ ընդգծել կոնցերտմայստեր Արամ Թուրաբյանի ելույթը, որն աչքի ընկավ կատարողական բարձր մակարդակով:
Համերգը ոչ միայն դարձավ երաժշտական տոն Դիլիջանում, այլեւ եւս մեկ անգամ ապացուցեց, որ հայ խմբերգային արվեստը, որը սկիզբ է առնում Քրիստափոր Կարա-Մուրզայից, այսօր ունի իր անգերազանցելի ու բացառիկ ջահակիրը, որն աշխարհին է ներկայացրել եւ ներկայացնում ոչ միայն հայ կոմպոզիտորների խմբերգերի ու վոկալ-սիմֆոնիկ ստեղծագործությունների անգերազանցելի մեկնաբանությունները, այլեւ բարձրագույն մակարդակի է հասցրել հայկական երգչախմբային կատարողական արվեստը՝ դառնալով կամերտոն հայ կատարողական արվեստի ներկայացուցիչների ու, առհասարակ, երաժիշտների համար:
Ինչպես միշտ, այս անգամ եւս ունկնդիրները Մաեստրոյից ու Կապելլայից բաժանվեցին մեծ դժվարությամբ, սակայն` Դիլիջանում կրկին հանդիպելու հաստատ հույսով ու հավատով:
ԱՆՆԱ ԱՍԱՏՐՅԱՆ
Արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր