Կան գրողներ, որոնք իրենց գրապահոցներում պահված բազում տողեր չեն հրապարակում՝ գտնելով, որ դեռ չեն հասել այն կատարելության, որ ներկայանան ընթերցողին, եւ կամ այրում են իրենց հոգու ցայտումները՝ նոր, կատարյալ հեղեղումների սպասումով: Կան նկարիչներ, որոնք, իրենք իրենցից դժգոհ, պատռում են իրենց կտավները կամ ջնջելով հինը՝ նույն կտավի մակերեսին նոր նկարներ են անում՝ չափսոսալով տքնության իրենց ժամերն ու ներշնչման երբեմնի զգացողությունները: Եվ ես գիտեմ առնվազն մի կոմպոզիտորի՝ Դավիթ Սաքոյանին, որը նախկինում գրած իր որոշ ստեղծագործություններ ոչնչացրել է՝ «ավանգարդ»-ից դարձ անելով դեպի «ավանդականություն», եւ դա ես իմացել եմ իր հետ մի հպանցիկ զրույցում, երբ ուզում էի իր կարծիքն ունենալ մի այլ հեղինակի՝ դեռ նախորդ դարի վերջերին մոդայիկ դարձած «ավանգարդ» ոճի երգաշարի մասին: Նրբանկատորեն չցանկանալով այդ հեղինակի մասին բացասական ոչինչ ասել՝ նա միայն կես խոսքով պատմեց, որ ոչնչացրել է նախապես ստեղծած իր նմանատիպ գործերը:
Խորագետ, նրբաճաշակ, արտաքուստ՝ մենակյաց վարքով, ասես՝ արտաքին աշխարհից ինքնակամ մեկուսացած, սակայն աշխարհի ձայներին՝ ունկնդիր, արարչական ներդաշնությունը խաթարող ձայներին՝ անհաշտ, իր ստեղծագործությունների հնչարտադրման մի նոր համակարգ ստեղծած այս կոմպոզիտորն անընդմեջ եւ բեղուն ստեղծագործում է՝ իր բնակարանը, կարծես, դարձրած ճգնակյացի այն այրը, որում ստեղծվում էին մագաղաթագիր երգարաններ, եւ այդ ձեռագրերից շատերը պահ էին տրվում ժամանակներին՝ հետո վերծանելու եւ վերարժեւորելու համար:
Դավիթ Սաքոյանի երաժշտությունը դյուրին ընկալումներին սովոր ականջների համար չէ՛: Մեղեդային կառույցների անսովոր դարձումներով, նվագարանների հնարավորությունների անսպասելի գործածմամբ, մարդկային ձայնի մեկ դրամատիկ, մե՛կ հիացական, մե՛կ սատիրիկ, մեկ խաղաղաբեր շեշտադրության երանգները գործածելով՝ նա ստեղծել է երաժշտական խոշորածավալ եւ մանրաքանդակ երկեր, որոնցից մեկը՝ համեմատաբար վերջերս ստեղծված սիմֆոնիկ հնգամաս սյուիտը, հնչեց իր հոբելյանական համերգին:
Դ. Սաքոյանն առաջին հերթին սիմֆոնիստ եւ պոլիֆոնիստ է. նրա ստեղծագործություններից շատերը գրված են սիմֆոնիկ կամ կամերային նվագախմբերի համար, ոչ ծրագրային գործեր, որոնցում, ինչպես երաժշտագետ Մարգարիտ Ռուխկյանն է նկատում, «գործում է զուտ երաժշտական արտահայտչամիջոցներով» եւ «այդ երաժշտությունը գերադասելի է դանդաղ լսել: Նրա երաժշտությունը հիմնված է Բախից եւ Բեթհովենից սկիզբ առնող դասական ավանդույթի վրա»: Կոմպոզիտորն իր ստեղծած երաժշտությունը բնութագրում է իբրեւ «ժամանակների սերտաճում»: Իր կարծիքով, այն ձեւերը, որոնցում տեղավորում է իր երաժշտական բովանդակությունները, հնություններ են՝ չակոնաներ, սոնետներ, օպերաներ, սիմֆոնիաներ… «Իմ ռիթմիկ ինտոնացիաները, հարմոնիաները, բազմաձայնույթը, գործիքավորումը նոր ժամանակներն են»: Դրանք իր երաժշտական խոսույթում գոյություն ունեն միաժամանակ: Դավիթ Սաքոյանն ունի նաեւ սիմֆոնիաներ, օպերաներ, կոնցերտներ, սոնատներ, ռոմանսներ, սաղմոսներ, ժողովրդական թեմաներով ստեղծված վարիացիաներ, Նարեկացու եւ Իսահակյանի խոսքերով գրված ստեղծագործություններ:
Թեեւ մանկուց երգեր եւ մեղեդիներ է հնարել, երաժշտական նախնական կրթություն չի ստացել, քանի որ ծնողները չեն խրախուսել՝ երաժշտությամբ իր տարվածությունը: Այդ «բացը» լրացնելու համար սովորել է Հայկական մանկավարժական ինստիտուտի (այժմ՝ համալսարան) երաժշտական բաժնում, մասնագիտացել խմբավարության արվեստում՝ հընթացս նաեւ ստեղծագործելով: Եվ քանի որ ուսման ավարտին արդեն ուներ բազում ստեղծագործություններ, այդ թվում՝ «Արա Գեղեցիկ եւ Շամիրամ» օպերան, պատարագ եւ այլն, 1970-ին հաջողությամբ ընդունվում է Կոմիտասի անվ. կոնսերվատորիայի կոմպոզիցիայի ֆակուլտետ եւ ուսանում Գրիգոր Եղիազարյանին: Ուսումնասիրում է հայկական միջնադարյան պատմագրությունը, փիլիսոփայությունը, բանաստեղծական արվեստը: Բնույթով համառ եւ անզիջում էր, եւ պրոֆեսորական կազմը նրան ճանաչում էր իբրեւ «նիհիլիստի»: Արդյո՞ք իր երաժշտական պոետիկան նորմերի, օրենքների եւ կանոնների անհրաժեշտության ավելորդության մասին էր, նիհիլիզմ, որին դիմում են գոյության անիմաստությունը զգալուց առաջացող ընդհանուր հիասթափության վիճակը բացատրելու համար: Ամեն դեպքում, դա չէր խանգարում պրոֆեսորական կազմի կողմից ուսանողի կարողությունները բարձր գնահատելուն: Ծայրահեղություն էր նիհիլիզմով բացատրելու նրա աշխարհայացքը, բայց որ պոստմոդեռնիզմն անվանվել է նաեւ նիհիլիստիկ ժամանակաշրջան, եւ որ 20-րդ դարավերջի մոդեռն-ավանգարդ արվեստին էր նա հարում ստեղծագործության մի ամբողջ շրջան, խոսուն փաստ է: Տարված էր, մասնավորապես Ստրավինսկու, Ավետ Տերտերյանի արվեստով, եւ այդ շրջանի իր գործերի մասին գրում էր. «Իմ առջեւ լուրջ եւ դժվարին խնդիր եմ դրել՝ տեսնել եւ լսել, թե արյունը ո՛նց է հոսում զարկերակներով, ինչպե՛ս են աշխատում սիրտը, ուղեղը, թոքերը, ինչպե՛ս է ինչ-որ հիվանդություն կլանում մարմինը»: Սաքոյանի արվեստը հետագայում զարգանում է՝ այս հոռետեսությանը հակառակ, երբ ծանր հիվանդություն տանելուց հետո ձեւավորում է իրերն ու երեւույթները գնահատելու նոր դիտանկյուն, ուրեմն եւ՝ նոր գրելաոճ: Այլեւս ուներ նոր ստեղծագործական խնդիրներ: «Ավանգարդ»-ից դեպի «ավանդական»-ն անցման շրջանում էր, հավանաբար, կրակին հանձնել նախկին շատ գործեր: Վաղ շրջանի ստեղծագործություններից նա թողել է «Կիկոս եւ Կիրակոս» մանկական օպերան եւ իր մորը նվիրված թիվ 1 կոնցերտը՝ նվագախմբի եւ կամերային նվագախմբի համար: Ավանգարդիզմից նրա ներկայիս երաժշտությունը «ժառանգել է» միայն ատոնալությունը:
Հետո արդեն հաջորդեց արգասավոր մի շրջան, որ ձգվում է մինչ օրս. ստեղծագործելը կոմպոզիտորի համար շնչելու պես մի բան է, ապրելու պայման, եւ նա ստեղծում է՝ չնայելով այն ցավալի իրողությանը, որ ներկայումս հայ կոմպոզիտորների հին եւ նոր գործերը հազվադեպ եւ դժվարությամբ են ընդգրկվում անգամ հայկական նվագախմբերի երկացանկերում: Բացառություն է Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի վերաբերմունքը արդի կոմպոզիտորների արվեստին. հայ կոմպոզիտորական արվեստը ներկայացնող երեկոներին այլոց տարաժանր երկերի շարքում հնչել է նաեւ Սաքոյան: Համույթի գեղ. ղեկավար եւ դիրիժոր Սեդրակ Երկանյանի պատվերով է նա գրել «Վարք հիմարաց» սատիրական մինի-օպերան: Հովհ. Թումանյանի հեքիաթների մոտիվներով այս ստեղծագործությունը տարիներ առաջ մեծ հաջողությամբ բեմադրվել է հենց «Տաղարան»-ի կողմից Կոմիտասի անվ. կամերային երաժշտության տանը: Պատահական չէ, ուրեմն, որ Ս. Երկանյանը, Հայաստանի Կոմպոզիտորների միության աջակցությամբ, հանձն առավ նույն բեմում անցկացնելու կոմպոզիտորի ծննդյան 75-ամյա հոբելյանին նվիրված համերգային երեկոն:
Դավիթ Սաքոյանն ուշադիր եւ խորաթափանց ընթերցող է: Եվ երբ իր տպավորությունն էր հայտնում 2019 թ.-ին լույս տեսած բանաստեղծություններիս ժողովածուի մասին, համայն լսողություն էի դարձել՝ վստահելով նրա անաչառությանը եւ կոմպոզիտորի ներքին լսողությանը: Հենց այդ զրույցին էլ հայտնեց իր «Հրդեհիր մորենուն» գրքի տպավորությամբ սյուիտ գրելու մտադրությունը: «Ընթերցելով Հասմիկ Սարգսյանի պոեզիան» հնգամաս սյուիտը՝ գրված կամերային նվագախմբի համար, ամբողջության մեջ, պոետիկ մտածումների երաժշտական ընկալում է՝ ներանձնական զգացողություններից մինչեւ խոհական ընդհանրացումներ, հուսաբեկ տողերից մինչեւ սիրո գաղտնագրեր, նոր սաղմոսներից մինչեւ երգ-երգոցյան շարաններ, ներքին ինքնազննությունից մինչեւ անանձնական նվիրումներ…
Տրամադրությունների տատանումները հաղոդելու ձեւը Դ. Սաքոյանի արվեստին հատուկ ատոնալությունն է: Եվ սա հաղորդելու համար նա դարձյալ դիմել է ատոնալ երաժշտության ոճաձեւին, գործածել տոների լադային-հարմոնիկ փոխհարաբերությունների կառուցման իր հեղինակային ձեռագիրը:
Կոմպոզիցիայի այս մեթոդով կառուցված ամբողջական ստեղծագործության ընկալման համար պետք է հիշել եւ ճանաչել նրա առանձին թեմաները, մուտքերը, ինտոնացիաները, որոնք հայտնվելով մի անգամ, կարող են հետագայում զարգանալ, փոխկապակցվել եւ այդ պատճառով փոփոխվել: Հիմնական երաժշտական թեման զարգանում է զանազանակերպ, եւ առանձին մասերն արդեն իսկ ինքնուրույն ստեղծագործություններ են:
Այս երաժշտությունը ոչ թե որեւէ կոնկրետ բանաստեղծությունից ներշնչանք է, այլ վերաբերում է ամբողջ գրքի պատկերային եւ հուզական կառուցվածքին: Սյուիտի հինգ մասից յուրաքանչյուրն ունի իր առանձնահատուկ բնույթը եւ կարող է ընկալվել՝ որպես առանձին, ինքնուրույն պիես: Դավիթ Սաքոյանը, սակայն, պնդում է, որ սյուիտը մտահղացել է՝ որպես մեկ ստեղծագործություն, որն ամբողջապես բացահայտվում է մասերի հաջորդականությամբ: Առաջին չորս մասերը կոմպոզիցիոն առումով նման են միմյանց. բոլորն էլ ունեն եռամաս կառուցվածք, որտեղ սկզբում եւ վերջում հնչում է նույն թեման, թեեւ «կրկնությունը» բնույթով եւ գործիքավորմամբ կարող է էապես տարբերվել սկզբնական տարբերակից:
Հակադրությունների միասնության, գեղեցիկը պատկերող ներդաշնությունն ընդգծելով «տգեղի» մեղեդային աններդաշնությամբ՝ կոմպոզիտորը զարգացնում է երաժշտական թեման: «Գեղեցիկ»-ի ներդաշնակ միջավայրն անփոփոխ է: Եվ աստիճանաբար այս մշտական գեղեցիկ կոնտեքստի շնորհիվ թեման նոր որակ է ստանում: Ավարտին այն դառնում է ամբողջական գեղեցիկ, հանդիսավոր եւ երաժշտականորեն համաչափ:
ՀԱՍՄԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ
Արվեստաբան