Ռուս քաղաքական գործիչ, ՌԴ Պետդումայի ԱՊՀ-ի գործերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը այսպես հայտարարել է «Գովորիտ Մոսկվա» ռադիոկայանի եթերում, անցած շաբաթ: Նրա խոսքը ներկայացնում է «Եվրասիա դեյլի» լրատվական գործակալությունը:
Քաղաքագետի խոսքով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Հայաստանում արդեն բոլորին բացատրում է, թե Ղարաբաղը ռուսները հանձնեցին, ամեն ինչում Ռուսաստանն է մեղավոր, մենք դրա հետ կապ չունենք»: Մեկնաբանելով սա եւ անդրադառնալով իր պետության դիրքորոշմանը, Կ. Զատուլինն ասել է. «Մեր (Ռուսաստանի) գիծը, որին չգիտես ինչու սկսել ենք հավատարիմ մնալ ինչ-որ փուլում, այն է, թե «այ, քանի որ Փաշինյանն ասաց՝ Ղարաբաղը Ադրբեջանի մաս է, նա է գլխավոր հայը»: Փաշինյանը հայ ժողովրդի Հռոմի պա՞պն է: Ի՞նչ է, նա իրավունք ունի խոսել ողջ հայ ժողովրդի անունի՞ց, հատկապես Ղարաբաղի անունի՞ց, որը Հայաստանը երբեք չի ճանաչել որպես պաշտոնական կառույց: Անգամ խորհրդային տարիներին պարզ էր, որ հայերը Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմում տանելի գոյության համար պետք է երաշխիք ունենային: Երաշխիքը կարգավիճակն է: Այն կոչվում էր Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզ: Հիմա կարգավիճակի մասին խոսք չկա, նա (Փաշինյանը – Գ. Մ.) բոլորովին մի կողմ է թողել այս խնդիրը: Եվ մենք նրան հետեւելով համաձայնել ենք՝ այո, մենք նույնպես այս թեմայի մասին այսօր արդեն չենք խոսում»:
Ռուսաստանցի պատգամավորի խոսքով՝ «նման մոտեցման հետեւանքով մենք թույլ տվեցինք մեր աչքի առաջ, մեր խաղաղապահ զորախմբի ներկայությամբ փաստորեն արտաքսել հայ բնակչությանը Լեռնային Ղարաբաղի պատմական հողերից»:
«Ահա թե ինչ տեղի ունեցավ,- ասել է նա:- Մենք այնտեղ խաղաղապահներ ուղարկեցինք, բայց նրանց ակտիվացնել հրաժարվեցինք: Մենք երկար ամիսներ հանդուժեցինք այն, որ Ադրբեջանը Լաչինի միջանցքի արգելափակում էր սարքել: Ադրբեջանը զգաց, որ կարող է անել այն, ինչ ուզում է եւ արեց այն, ինչ ինքն ուզում է: Ուրիշ էլ ի՞նչ եք ուզում Կովկասում»:
Ռադիոկայանի զրուցակիցը համոզմունք է հայտնել, թե «Փաշինյանն այսպիսով փաստացի հրաժարվում է Ռուսաստանի հետ հարաբերություններից եւ հայ ժողովրդին տանում է փակուղի»: Նկատի ունի նաեւ ՀՀ վարչապետի արեւմտամետ ձգտումները:
Սակայն պրն Զատուլինը միայն Փաշինյանին կամ հայկական կողմին չի միակողմանի մեղադրում: «Մենք ինքներս մեզ վախեցրինք եւ խուսափեցինք իրավիճակի ճշմարտությունից,- նրա խոսքն է մեջ բերում լրատվամիջոցը:- Հեռանալով իրերն իրենց անուններով կոչելուց՝ մենք անհեթեթության ենք հասնում: Երբ, կներեք ինձ, Ռուսաստանում պաշտոնական անձն ասում է «գիտե՞ք, հայերը հեռանում են Լեռնային Ղարաբաղից, մենք դա ընդհանուր առմամբ չենք ողջունում, բայց մեղավորներ փնտրել պետք չէ, մեղավորներ չկան», այդ ինչպե՞ս մեղավորներ չկան: 20-րդ դարի սկզբին մեղավորներ կային, դա կոչվում է հայ ժողովրդի ցեղասպանություն, բայց 21-րդ դարի սկզբին մեղավորներ չկան: Եվ ո՞վ է սա ասում. Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղարը»…
ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ