Ռուսական Kino-Teatr կայքում զետեղվել է Տատյանա Եֆիմովայի հոդվածը՝ նվիրված մեծ երգահան Արամ Խաչատրյանի 120-ամյակին
Հունիսի 6-ին լրացավ 20-րդ դարի մեծագույն կոմպոզիտորներից մեկի՝ Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակը: Երեք բալետների, երեք սիմֆոնիաների, վոկալ եւ գործիքային երաժշտության մեծաթիվ ստեղծագործությունների հեղինակ Խաչատրյանը նաեւ երաժշտություն է գրել ֆիլմերի համար: Նրա երաժշտությամբ այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք են «Ստալինգրադի ճակատամարտը», «Ծովակալ Ուշակովը», «Օթելլոն», մտել են հայրենական կինեմատոգրաֆի ոսկե ֆոնդը:
Խաչատրյանը կինոերաժշտությամբ սկսել է զբաղվել 1930-ական թվականներից: Նրա առաջին փորձը «Պեպո» ֆիլմն էր՝ առաջին հնչյունային ֆիլմը հայկական կինոյի պատմության մեջ: Այստեղ գլխավոր հերոսներին բնութագրելու համար կոմպոզիտորն օգտագործել է հայկական ավանդական փողային գործիք՝ դուդուկը: Ֆիլմի հուզական գագաթնակետերը գունավորված են դուդուկի սրտառուչ հնչողությամբ: Գործիքի առանձնահատուկ, մեղեդային տեմբրը եւ երաժշտության քնարական հնչերանգը ստիպում են մեզ կարեկցել կերպարներին: Խաչատրյանի հաջորդ աշխատանքը «Զանգեզուր» պատմահեղափոխական ֆիլմն էր (ռեժ.՝ Համո Բեկնազարյան), որտեղ Խաչատրյանը հանդես է եկել որպես սիմֆոնիկ հնչողության վարպետ:
Հատկանշական է, որ կինոյի համար արված վաղ շրջանի աշխատանքներում արդեն ձեւավորել են կոմպոզիտորի ստեղծագործական կերպարի անհատական առանձնահատկությունները, իսկ Խաչատրյանի ստեղծագործական որոշ սկզբունքներ հետագայում մարմնավորվել են նրա ակադեմիական երաժշտության մեջ՝ ջութակի կոնցերտում, «Սպարտակ» բալետում եւ այլ՝ ֆիլմերի երաժշտության մեջ: 20-րդ դարի շատ դասական կոմպոզիտորներ, որոնք ակադեմիական երաժշտություն են ստեղծել (այդ թվում՝ Շոստակովիչը, Շնիտկեն, Խաչատրյանը), նշել են, որ կինոն իրենց համար յուրատեսակ լաբորատորիա է, որտեղ նրանք հղկել են իրենց հմտությունները, փնտրել գրելու նոր ոճաձեւեր՝ դրանք հետագայում բերելով ակադեմիական երաժշտություն: «Երիտասարդ կոմպոզիտորի համար կինոն վիթխարի դպրոց է, եւս մեկ կոնսերվատորիա»,- ասում էր Խաչատրյանը: «Պեպո» եւ «Զանգեզուր» ֆիլմերի երաժշտության համար Խաչատրյանին 1938 թվականին շնորհվել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչում:
1943 թվականին Խաչատրյանը ծանոթանում է ռեժիսոր Միխայիլ Ռոմմի հետ: Նրանց ստեղծագործական տանդեմը հայրենական կինոյի պատմության ամենավառ դրվագներից է: 1944 թվականին թողարկվեց նրանց առաջին համատեղ աշխատանքը՝ «Մարդ թիվ 217» ռազմական դրաման՝ ֆաշիստներին գերի ընկած Տանյա (Ելենա Կուզմինա) անունով մի աղջկա մասին: Այս ֆիլմի երաժշտության մեջ չկան կոմպոզիտորի ստեղծագործական ոճին բնորոշ լայն, երգային մեղեդիներ: Կարճ, կոպիտ քրոմատիկ ֆրազների, սուր դիսոնանսային զուգակցումների եւ օստինատային դարձվածքների հաջորդականության մեջ արտացոլված է ֆաշիստական գերության սարսափների դեմ աճող բողոքը: Այս կինոնկարի երաժշտությունը չէր կարող անտարբեր թողնել հանդիսատեսին, որը ֆիլմը ստեղծողների հետ զայրանում եւ ապրումակցում էր: «Ես պարտավոր էի դրամատուրգի եւ ռեժիսորի հետ արտահայտել իմ վերաբերմունքը փաստի հանդեպ: Երաժշտությունը պետք է դիտողին հասցներ մեծ հոգեւոր հուզմունքի ու բարկության վիճակի»,- ասում էր կոմպոզիտորը:
Միխայիլ Ռոմմի եւ Արամ Խաչատրյանի հաջորդ համատեղ աշխատանքը «Ռուսական հարցը» ֆիլմն էր: Մի տեսարանում, որտեղ ֆիլմի գլխավոր հերոս, լրագրող Սմիթը (Վսեւոլոդ Ակսյոնով) պետք է կարեւոր որոշում կայացնի Խորհրդային Միության մասին ճշմարտությունը գրել-չգրելու վերաբերյալ, Խաչատրյանը Ռոմմին օրիգինալ լուծում առաջարկեց՝ հերոսի խոսքը փոխարինել երաժշտությամբ: «Դերասանի դեմքը հուզված է, բայց մենք լսում ենք ոչ թե նրա խոսքերը, այլ նրա զգացմունքներն արտահայտող երաժշտությունը»,- հիշել է կոմպոզիտորը: Միխայիլ Ռոմմի եւ Արամ Խաչատրյանի եւս երեք համատեղ գործերն են «Գաղտնի առաքելություն», «Ծովակալ Ուշակով» եւ «Նավերը գրոհում են բաստիոնները» ֆիլմերը:
1949 թվականին Խաչատրյանը գրել է «Ստալինգրադի ճակատամարտ» երկսերիանոց մեծ ֆիլմի երաժշտությունը, որի ռեժիսորը Վլադիմիր Պետրովն էր: Խորհրդային բանակի հերոսական պայքարի եւ հաղթանակի մասին պատմող ֆիլմ-էպոպեայում, ըստ էության, բացակայում էին տարաբնույթ դրվագները: Էկրանին մեկը մյուսի հետեւից հերթագայում էին մարտերի տեսարանները, օդային եւ ցամաքային մարտերով կադրերը: Առաջին անգամ կոմպոզիտորի առջեւ դրվեց դժվարագույն մի խնդիր՝ անհրաժեշտ էր գրել երկու ժամ տեւողությամբ մարտական, էպիկական երաժշտություն: Այդ երաժշտությունն այնուհետեւ կոմպոզիտորը վերամշակեց որպես «Ստալինգրադի ճակատամարտ» ծրագրային սիմֆոնիկ սյուիտ: Այստեղ դինամիկ դրվագները հակադրվում են հերոսների հիշատակը ոգեկոչող զուսպ, սգավոր երաժշտությանը, իսկ ռուսական ժողովրդական «Վոլգայի վրա մի ժայռ կա» երգի ինտոնացիաները՝ հանդիսավոր ուրախ քայլերգին, որը խորհրդանշում է մեծ հաղթանակը:
Խաչատրյանի ստեղծագործության մեջ առանձնանում են Շեքսպիրի անվան հետ կապված ստեղծագործությունները: Դա «Մակբեթ», «Լիր արքա» թատերական ներկայացումների երաժշտական ձեւավորումն է, ինչպես նաեւ 1955 թ. թողարկված «Օթելլո» ֆիլմի (ռեժիսոր՝ Սերգեյ Յուտկեւիչ) երաժշտությունը: Վերջինը Խաչատրյանի ամենաերեւելի գործերից է կինոյում: Շեքսպիրի դրամատուրգիան՝ մարդկային կրքերի իր ծայրահեղ սրվածությամբ, մոտ էր կոմպոզիտորի էությանը: «Օթելլո»-ում կոմպոզիտորը կենտրոնանում է մեկ կերպարի՝ Օթելլոյի վրա: Օրգանապես միավորվելով պատկերային շարքին՝ երաժշտությունը բացահայտում է նրա՝ մարդու, սիրեկանի, զորավարի կերպարի ամբողջականությունն ու բազմակողմանիությունը:
Դեզդեմոնայի սպանության տեսարանում Խաչատրյանը մեջբերում է միջնադարյան Dies Irae երգը (լատիներենից թարգմանաբար՝ «Ցասման օր»): 19-րդ դարում ռոմանտիկ կոմպոզիտորներն այն օգտագործում էին որպես մահվան եղանակ, մարդու կյանքում ողբերգականի խորհրդանիշ: Տարբեր հարմոնիկ, ֆակտուրային եւ տեմբրային ձեւավորմամբ այս մեղեդին հնչում է դասական երաժշտական բազմաթիվ ստեղծագործություններում: Հանդիսանալով Ահեղ դատաստանի եւ աշխարհի վերջի գաղափարների հետ կապված պատկերների մարմնավորում՝ Dies Irae-ն տեղափոխվեց կինո: Դրա օգտագործման ամենավառ օրինակներն են Սթենլի Կուբրիկի «Փայլատակումը» եւ Միլոշ Ֆորմանի «Ամադեուսը»: Հետաքրքրական է, որ հայրենական կոմպոզիտորներն այս մռայլ մեղեդին կապում են շեքսպիրյան կերպարների հետ. Խաչատրյանի ընտրության հետ շաղկապված է նույն մեղեդու օգտագործումը Շոստակովիչի կողմից՝ Շեքսպիրի «Համլետ» ողբերգության ներկայացման (ապա նաեւ՝ էկրանացման – թարգմ.) համար ստեղծված սյուիտում՝ Համլետի հուղարկավորության տեսարանում:
Խաչատրյանն ընդհանուր առմամբ երաժշտություն է գրել 25 ֆիլմի համար: «Կինոյի համար գրելն ինձ համար միշտ եղել է բարդ, բայց անչափ հետաքրքրական ու վեհ խնդիր»,- խոստովանում էր կոմպոզիտորը: Առանձնակի սրտի թրթիռով էր Խաչատրյանը վերաբերվում թատրոնին: Լերմոնտովի «Դիմակահանդես» դրաման դարձավ դրամատիկական թատրոնում Խաչատրյանի ստեղծագործության գագաթնակետը:
Կոմպոզիտորի ստեղծագործությունը ներծծված է զարմանալի լիարյունությամբ: Նրա կյանքը եւս պայծառ ու գունեղ էր: Նա տեսավ ողջ աշխարհը, հանդիպեց Ռոմեն Ռոլանի, Էռնեստ Հեմինգուեյի, Չարլի Չապլինի, Իգոր Ստրավինսկու, Հերբերտ ֆոն Կարայանի հետ: Նրա ստեղծագործությունները նվագել են կատարողական արվեստի աստղեր, ջութակահարներ Յաշա Հայֆեցը, Դավիդ Օյստրախը, դաշնակահարներ Արթուր Ռուբինշտեյնը, Էմիլ Գիլելսը, թավջութակահար Մստիսլավ Ռոստրոպովիչը: Ինչ վերաբերում է կինեմատոգրաֆին՝ Խաչատրյանը դրա զարգացման գործում մեծ ներդրում է ունեցել ոչ միայն որպես կոմպոզիտոր, այլ նաեւ որպես ուսուցիչ, որը դաստիարակել է այնպիսի հայտնի կոմպոզիտորների, ինչպիսիք են Անդրեյ Էշպայը, Միքայել Թարիվերդիեւը, Վլադիմիր Դաշկեւիչը, Ալեքսեյ Ռիբնիկովը:
Ռուսերենից թարգմանեց ԱՇՈՏ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ