«Մոլլա՛, ուզո՞ւմ ես սիլլա»
Իզուր չէր Չարենցն իր «Կավկազ թամաշա» բուֆոնատում կերպարներից մեկի բերանով սպառնում կովկասյան թաթարների (բնորոշումը Վլադիմիր Իլյիչ Լենինինն է) կրոնապետին. «Մոլլա՛, ուզո՞ւմ ես սիլլա»: Արժանի ապտակ, եթե կուզեք՝ չափալախ՝ մեծամիտ Մոլլի մռթին, որը փորձում էր, ինչպես նրա այսօրվա պաշտոնակիցը, խաղեր տալ կովկասյան մյուս ազգությունների, մանավանդ հայերի դեմ:
Մեծ գրողները մեծ տեսանողներ են նաեւ, վիզիոներներ, տեսիլք, տեսլական ունեցող մարդիկ: Հանճարները մանավանդ, որոնք տեսնում են ապագան իր կենդանի դերակատարներով նաեւ:
Դրանցից մեկը հե՛նց մի մոլլա է, իբր Աստծու պարգեւած Ալլահշյուքուր եւ իբր փաշայի որդի՝ Փաշազադեն: Ո՞վ, ե՞րբ, ի՞նչ հանգամանքներում է այս անաստվածին տվել «Կովկասի մահմեդականների հոգեւոր առաջնորդ» տիտղոսը, ո՞ր բարեմասնության համար:
Ճիշտ է, հոգեւոր կրթություն ստացել է տարբեր մեդրեսեներում, Սամարղանդ եւ այլուր: Սակայն, որքան որ հայտնի է նրա կենսագրությունից, նա չի անցել Ղոմի պարսկական բարձրագույն դպրոցը, շիիթական սկզբունքայնության եւ աստվածապաշտության հոգեւոր համալսարանը: Գուցե արժանի չե՞ն համարել նրան:
Փոխարենը, ըստ տեղեկությունների, Փաշազադեն քծնանքով եւ անխուսափելի կաշառքով աչքն է մտել փաշաեւների եւ ալիեւների նախիջեւանյան կլանին, հավատարմություն խոստացել քաղաքական ու տնտեսական այդ մաֆիային:
Նա ծառայում է, անխոնջ, փեշերը փռած Կովկասի վրա՝ փեշերի տակ ընկածներին «բաշխելով» որովայնի գազային փուչիկներ, չխնայելով թե՛ Ղազախստանի, թե՛ Դաղստանի, թե՛ Վրաստանի, թե՛ Գիլանի մահմեդականներին:
Բայց նրա գլխավոր թիրախը մնում է Հայաստանը, քրիստոնյա՛ Հայաստանը, որտեղ, հանձին Նիկոլ Փաշինյանի գտել է իր ծագումնաբանական՝ փաշա-փաշին մտերմական կապը, Հայ եկեղեցու դեմ «սրբազան պատերազմի»՝ ջիհադի իր զինակցին:
Ափսոս, շատ ափսոս, որ մեր Վեհափառ Հայրապետը տարիներ առաջ մեկ թե երկու անգամ, Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդի՝ Կիրիլ պատրիարքի միջնորդությամբ, եռակողմ ժողովի է նստել այդ մոլլի հետ, որն այսօր մեր Սուրբ Եկեղեցին եւ Հայրապետին հայտարարում է «նացիստ», «ֆաշիստ», «ռեւանշիստ», «տեռորիստ»:
Ու պատկերացնել, որ Փաշազադեն ինքը ծագումով թալիշ է, Կովկասում եւ Իրանում բազմաթիվ դարեր ապրող շուրջ մեկ միլիոն էթնիկ ժողովրդի զավակ, եւ փոխանակ պայքարելու իր ազգակիցների իրավունքները, թալիշերեն լեզուն, մշակույթը, նույնիսկ կրոնը, դպրոցներն ու մզկիթները պաշտպանելու, լծվել է Ալիեւ-Փաշաեւ կլանի բռնատիրությունը պաշտպանելու գործին, զուգահեռ՝ մեր ժողովրդի հետ խոսում է «Կովկասի մահմեդականների հոգեւոր առաջնորդի» դիրքերից եւ կամք է թելադրում անկրոն, անաստված, անազգ, անմշակույթ մեր իշխանությանը, որը պատրաստ է թուրք-թաթարներին հանձնելու Եկեղեցին, Ազգը, Հող հայրենին, Պետությունը:
Չարենցի հետ չկրկնե՞նք՝ «Մոլլա, ուզո՞ւմ ես սիլլա»:
Մոլլեն ու գործընկերները արժանի են դրան:
ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ





