Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը դեկտեմբերի 12-ին, առանց մանրամասնելու, հայտարարեց, որ Մոսկվան ու Թեհրանը կարագացնեն «նոր խոշոր միջկառավարական համաձայնագրի» վրա աշխատանքը:
Այս հայտարարությունից ընդամենը մեկ շաբաթ առաջ, իր պաշտոնն ստանձնելուց ի վեր, ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսին երկրորդ անգամն այցելեց Մոսկվա:
Թեհրանի «Մեհրաբադ» օդանավակայանում նախագահ Ռայիսին լրագրողների ներկայաությամբ հայտարարեց, որ Մոսկվա է մեկնում ՌԴ նախագահ Պուտինի հրավերով՝ տարածաշրջանի զգայուն հարցերի եւ տարբեր բնագավառներում երկկողմ հարաբերւթյունների զարգացմանը վերաբերող հարցերի շուրջ քննարկումներ անցկացնելու նպատակով:
Սակայն ՌԴ նախագահ Պուտինը Կրեմլում իր իրանցի գործընկերոջ հետ հանդիպման հենց սկզբում ասաց, որ տարածաշրջանաին երկրներ այցելելուց հետո, տունդարձի ճանապարհին, մտադիր էր անակնկալ այց կատարել Թեհրան, սակայն իրեն զգուշացրեցին, որ նախագահ Ռայիսին արդեն ուղեւորվում է դեպի Մոսկվա:
Այս աղմկահարույց «բացահայտումից» հետո անգամ մամուլի տարածած հաղորդագրություններից հայտնի է դառնում, որ ՌԴ նախագահ Պուտինի հետ հանդիպումն անցել է ջերմ, բարեկամական ու գործնական մթնոլորտում:
Երկու ժամ տեւած ընդլայնված հանդիպումից հետո, երկու նախագահները ունեցել են նաեւ երեքժամյա առանձնազրույց, որի բովանդակության մասին մեր ձեռքի տակ եղած սուղ տեղեկատվությունից կարող ենք վկայաբերել նախագահ Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքերն առ այն, որ երկու երկրների միջեւ տեղի ունեցած բանակցությունների ընթացքում քննարկվել է հարցերի լայն շրջանակ: Բանակցությունների մասին Պեսկովի թվարկած թեմաներից են նաեւ ՕՊԵԿ-ի շրջանակներում երկու երկրների միջեւ համագործակցության շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները:
Իսկ ԻԻՀ ԱԳ նախարար Ամիր-Աբդոլլահիանի խոսքերով՝ բանակցությունների մի զգալի մասը կենտրոնացած է եղել պաղեստիյան հարցի վրա: Ըստ ԻԻՀ ԱԳ նախարարի, նախագահներն ընդգծել են պատերազմի անհապաղ դադարեցման, Գազայի հատվածում ցեղասպանության կանխարգելման, Գազայի բնակիչների բռնագաղթի դադարեցման եւ հումանիտար օգնություն հասցնելու նպատակով Ռաֆահի սահմանի անվերապահ ապաշրջափակման անհրաժեշտությունը: Նույն աղբյուրի համաձայն, նախագահ Ռայիսին, տարածաշրջանային համագործակցության վերաբերյալ իրանական կողմի կուտակած փորձը մատնանշելով՝ ռուսական կողմին առաջարկել է այդ ուղղությամբ համաձայնեցված քայլեր ձեռնարկել:
Բնականաբար, Ռայիսիի մոսկովյան այցի վերաբերյալ Վաշինգտոնի պատկերացումներն ու մտահոգություններն առավելապես վերաբերում էին ռազմական համագործակցության շուրջ քննարկումներին ու պայմանավորվածություններին, որի կապակցությամբ ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին պարզաբանել է, թե «Վաշիգնտոնն այս մտահոգիչ ու հարաճուն համագործակցությունն իր ուշադրության կենտրոնում է պահում»: Իսկ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը, դարձյալ խոսելով Իրան-Ռուսաստան համագործակցության առնչությամբ Վաշինգտոնի մտահոգության մասին, հայտարարել է, որ ԱՄՆ-ը մշտապես հետեւում է ԱՄՆ-ի պատժամիջոցենրը շրջանցելուն ուղղված Թեհրանի ու Մոսկվայի ջանքերին եւ անհրաժեշտության դեպքում կանխարգելիչ քայլեր կձեռնարկի:
Որն էր, իրականում, Ռայիսիի Մոսկվա այցելության հիմնական նպատակը:
Որոշ լրատվամիջոցների կարծիքով, ԻԻՀ նախագահը ռուսական Սու-35 ինքնաթիռներ ձեռք բերելու հարցին վերջնական ընթացք տալու համար էր Մոսկվա այցելել: Իսկ նման ենթադրությունների համար հիմք էր ծառայել վերջերս ԻԻՀ պաշտպանության փոխնախարար բրիգադային գեներալ Մահդի Ֆարահիի հայտարարությունն այն մասին, թե ավարտվել են ռուսական արտադրության Су-35 կործանիչներ, Ми-28 մարտական ուղղաթիռներ եւ Як-130 ռեակտիվ ինքնաթիռներ Իրան մատակարարելու նախապատրաստական աշխատանքները:
Չնայած պաշտոնական Մոսկվան այդ լուրը չի հաստատել, սակայն Ռայիսիի այցը Մոսկվա կարծես այդ տեղեկատվության հաստատումն է, որի համար Արեւմուտքը անհանգստացած է:
Միգուցե «խոշոր միջկառավարական համաձայնագրի» առնչությամբ Ռուսաստանի արտգործնախարարության դեկտեմբերի 12-ի հրապարակած հայտարարությունը հենց ռազմական համագործակցությա՞ն մասին էր:
ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Իրանագետ