Գրականության մեջ միշտ էլ առկա է գրամոլների մի հսկա բազմություն, որի չարիքը տեսանելի եւ հասկանալի է: Բայց գրամոլների կողքին, նրանց հետ միասին, միշտ էլ կա շուրջգրական մարդկանց պարսը: Այդ մարդիկ իբր թե գրականությանը նվիրված, գրասեր մարդիկ են, մինչդեռ նրանց ամեն մի քայլը, ելույթը, գործողությունը պղծում է գրականությունը, այն չարիք է ու տհաճություն:
Շուրջգրական մարդիկ իրենք գրականություն չեն ստեղծում, բայց միշտ պտտվում են տաղանդավոր մարդկանց շուրջը, ջանում են մաս ունենալ նրանց փառքից ու ճանաչումից: Ինչպես շուկայի ճանճերն են հարձակվում ու նստում շուկայի մրգերի ու մթերքների վրա, այդպես էլ շուրջգրական մարդիկ են շրջապատում նշանավոր մարդուն, ջանում են իրենց անունը կապել նրան: Նրանք լուռ են, քնած են, բայց սպասում են, որ ասպարեզում հայտնվի նշանավոր մարդու անունը, եւ այդ ժամանակ նրանք անմիջապես արթնանում են: Նրանք միշտ ճիշտ պահին ճիշտ տեղում են եւ սկսում են պատմել նշանավոր մարդու հանդեպ ունեցած իրենց սիրո եւ հարգանքի, իրենց բարեկամության, նշանավոր մարդու իրենց մե՜ծ գնահատումի մասին, երբ ուրիշները դա չէին հասկանում…
Նույնը կատարվեց Կոստան Զարյանի անվան հետ: Մինչեւ 2000 թվականը իր անվան շուրջը քար լռություն էր: Գրողի հարյուրամյակը լրացավ 1985-ին եւ անցավ բացարձակ լռության ու անտարբերության մեջ: Դրան հետեւեցին ուրիշ ամյակներ. նույն լռությունն ու անտարբերությունը. 2000-ից հետո, երբ մեկը մյուսի հետեւից լույս տեսան Կոստան Զարյանի հատորները, չգիտես որտեղից ծլեցին, ուղղակի հայտնվեցին գրողի ու իր գրականության բանավոր «ջատագովները», «նվիրյալները», «պաշտպանները» եւ սկսեցին հուշեր պատմել գրողի հետ իրենց սերտ բարեկամության, իր գրականության հանդեպ ունեցած մեծ համարումի մասին եւ այլն, եւ այլն:
Մարդ ուզում է ասել՝ իսկ մինչեւ հիմա ո՞ւր էիք, ինչո՞ւ ոչինչ չէիք անում գրողի հանիրավի անտեսված գրականությունը մեջտեղ բերելու, ըստ արժանվույն գնահատելու համար: Կոստան Զարյանի հատորները որքան ավելացան, շուրջգրական զարյանասերներն ու «զարյանագետ»-ներն այնքան շատացան ու ոգեւորվեցին:
Ահա նրանցից մեկը: Հեռուստաէկրանից ոմն Լ. Իգիթյան, որ իր եղբոր պես նախընտրում է միշտ քաղաքացիական հագուստով լինել, խոսում էր Կոստան Զարյանի ու գրողի հետ ունեցած իր բարեկամության մասին եւ գրողին վերագրում էր այնպիսի բաներ, որոնք ոչ մի կապ չունեն գրողի ու իր գրականության հետ, Կոստան Զարյանի անունը կապում էր եվրոպական հայտնի մի քանի անուններին, որոնց հետ Կոստան Զարյանը երբեւիցե չի առնչվել, որեւէ կապ չի ունեցել: Մարդն ուզում էր երեւալ իբրեւ խելոք եւ զարգացած անձնավորություն: Ասում են՝ Լ. Իգիթյանը նշանավոր ճարտարապետ է եւ դեռ պատվավոր տիտղոսներ եւ կոչումներ էլ ունի, բայց ես իր որեւէ կառույցը չեմ տեսել: Պարզվեց, որ ուրիշ որեւէ մեկն էլ չի տեսել: Մարդը հայերեն գրագետ որեւէ մեկ նախադասություն չէր կարողանում ձեւակերպել, չէր կարողանում գրական լեզվով գրագետ խոսել, բայց խոսում էր մեծ գրողի ու իր գրականության մասին: Ծիծաղելի էր: Ես վստահ եմ,- դա ակներեւ էր,- մարդը մեկ իսկ քառատող չգիտեր Կոստան Զարյանից եւ վստահ եմ, որ իր որեւէ գրքից էլ տեղյակ չէր: Եվ այնուամենայնիվ ներկայանում էր իբրեւ Զարյանի ստեղծագործության գիտակ, զարյանագետ: Ցավոք, հնար չկար հեռուստաէկրանից ճամարտակողին ասելու` ախր ձեր նմանները ի՞նչ կապ ունեն Կոստան Զարյանի հետ, դո՞ւ ինչ կապ ունես Կոստան Զարյանի հետ: Կոստան Զարյանն` ո՜ւր, դու` ուր…
…Խե՜ղճ, խեղճ Կոստան Զարյան:
Մի քանի տարի առաջ, երեւի երեք-չորս-հինգ, մի փաստագրական ընդարձակ ֆիլմ նկարեցին Կոստան Զարյանի մասին: Գրողին վարկաբեկող ավելի ամոթալի բան դժվար է պատկերացնել: Ուղղակի խայտառակ ֆիլմ էր: Գրողին նվիրված փաստագրական ֆիլմը, պետք է ներկայացնի գրողի ստեղծագործական ուղին, իր գրականության զարգացումը, իր գրականության եւ գեղագիտության ընդհանուր սկզբունքներն ու յուրահատկությունները, ստեղծագործության ընդհանուր պատկերը եւ այլն, եւ այլն: Այս բոլորի փոխարեն դիտողին մատուցում են սխալ ու անհեթեթ տեղեկություններ, կցկտուր եւ անգույն, մանավանդ՝ թերի կենսագրություն եւ, ինչն ամենաամոթալին է, գրողին վարկաբեկող ստահոդ պատմություններ: Այսպես, օրինակ, էկրանից Կոստան Զարյանին դարձնում են Բենիտո Մուսոլինիի անձնական բարեկամն ու ընկերը: Եվ ձեւակերպումն էլ այնպիսին է, որ կարելի է կարծել, թե Զարյանը եղել է նրա կուսակցության անդամը: Սա ոչ թե սխալ է, սա ամոթալի սուտ է, կեղծիք, գրողին վարկաբեկող հանցավոր հորինվածք:
Էկրանից ասում են, որ 1922 թվականին Հայաստան եկած Կոստան Զարյանը դառնում է Հայաստանի գրողների միության անդամ: Ի գիտություն այս տխեղծ եւ տխմար ֆիլմը սարքողների, Կոստան Զարյանը Հայաստանից հեռացել է 1924 թվականի ամռանը, իսկ Հայաստանի գրողների միությունը ստեղծվել է 1932 թվականին: Ի դեպ, Կոստան Զարյանը երբեք Հայաստանի գրողների միության անդամ չի եղել: 1962 թվականին, երբ նա եկավ Հայաստանում բնակվելու, նրան Գրողների միություն չեն ընդունել: Նա եղել է միայն Գրական ֆոնդի անդամ:
Կարելի է առարկել այդ այսպես կոչված ֆիլմի ամեն մի կադրի եւ ամեն մի նախադասության դեմ: Այդ ֆիլմում ոչ մեծ գրողը կար, ոչ իր հարուստ ու բացառիկ գրականությունը: Չեմ շարունակում եւ չեմ մանրամասնում. դրա տեղը չէ, եւ դա այլեւս անիմաստ է. ֆիլմ կոչվածը արդեն կա:
Փոխարենը մշակույթի նախարարով-բանով ի՜նչ շնորհանդես արեցին, ի՜նչ փառաբանություններ եղան. եւ գովասանական ի՜նչ տխմար հոդվածներ գրվեցին: Կարելի է նախադասություն առ նախադասություն մեջբերել դրանք եւ ցույց տալ դրանց անճարակությունն ու անհեթեթությունը: Եվ ոչ ոք, ոչ ոք որոշակի որեւէ արժանիք չէր մատնանշում, այդ հեղինակները Կոստան Զարյանի ո՛չ կյանքը գիտեին, ո՛չ գործը: Այսօր դրանց անդրադառնալը նույնպես դա այլեւս անիմաստ է:
Բայց անհեթեթության արշավանքը փառապանծորեն շարունակվում էր: Հեռուստատեսությամբ Հայաստանի կինոյի մեծավորը՝ Ռ. Կեւորկովը, գովաբանում եւ փառաբանում էր այս ֆիլմը, իհարկե չասելով, թե գրողին ներկայացնող այս ֆիլմի որոշակի արժանիքները որո՞նք են, ի՞նչ մի նոր, արժեքավոր բան են արել ֆիլմը սարքողները: Մարդը չէր կարողանում հայերեն գրական լեզվով գրագետ երկու նախադասություն ձեւակերպել,- երեւում էր, որ ռըսախոս է,- եւ ասում էր շատ ընդհանուր-վերացական, ոչինչ չասող բաներ: Եվ դեռ սա էլ էր խոսում Կոստան Զարյանի ու իր գրականության մասին, խոսում էր, իհարկե, ոչինչ չասելով: Կարդացե՞լ էր, գիտե՞ր, որ ասեր:
Փոխարենը ֆիլմը սարքողները, ինչպես փողոցում են ասում, լավ «փող էին լվացել»: Խմբով գնացել էին Վենետիկ, մի երկու շենք էին նկարել ու վերադարձել: Այդ պատկերները կարող էին եւ համացանցից վերցնել: Կարծում եք, ֆիլմում «Կոստան Զարյանը եւ Իտալիան» թեման կա՞ր, «Կոստան Զարյանը եւ Վենետիկը» նյութը կա՞ր. նույնիսկ իր նշանավոր «Վենետիկյան նորավեպ»-ի անունը չտրվեց, էլ չեմ ասում Վենետիկի հետ կապված մյուս բաները:
Ինչ եմ ասում, ի՜նչ «Վենետիկյան նորավեպ», երբ իր երեք մեծ վեպերն ու մյուս վեպերը չկային, նույնիսկ դրանց անունները չկային, «Տատրագոմի հարսը» չկար, եւ առհասարակ շատ ու շատ բան, եւ իհարկե, կարեւոր շատ բան չկար ֆիլմում: Դա պարզապես անճարակ, մակերեսային, անարժան խալտուրա էր: Ովքե՞ր էին սցենար գրողները, ֆիլմը սարքողները: Ուսումնասիրե՞լ էին գրողի կյանքը, գործը, ժամանակը: Իհարկե, ոչ:
Եվ ի՜նչ անհեթեթ հոդվածներ գրվեցին,- ու գրվում են,- Կոստան Զարյանի եւ իր գրականության մասին, ի՜նչ տգետ ու բացարձակապես խոտան ու մերժելի ատենախոսություններ (դիսերտացիաներ): Բոլորին ծանոթ եմ, բերեմ միայն մեկ օրինակ: Ոմն Անահիտ Հովհաննիսյանը գրել էր ատենախոսություն՝ «Կոստան Զարյանի գեղարվեստական արձակը» թեմայով: Նյութը Կոստան Զարյանի երեք վեպն էր՝ «Անցորդը եւ իր ճամբան», «Բանկօօպը եւ մամութի ոսկորները» եւ «Նաւը լերան վրայ»: Ատենախոսությունը տվեցին ինձ պաշտոնական գրախոսության, պաշտոնական կարծիքի: Նախ, առաջին իսկ էջից սկսած, ճիշտ չէին գրված վեպերի վերնագրերը: Եվ հետո պարզվեց, որ հեղինակը, կամ նա, ով շարադրել էր այս խոտանը, վեպերը չի էլ կարդացել:
«Նաւը լերան վրայ» վեպի ժամանակը 1918-20 թվականներն են, «Անցորդը եւ իր ճամբան» եւ «Բանկօօպը եւ մամութի ոսկորները» վեպերի ժամանակը՝ 1922-24 թվականները, Զարյանի՝ Հայաստանում գտնվելու ժամանակը: Ատենախոսության 10-րդ էջում հեղինակը գրել էր. «Երեք վեպերն ընդգրկում են մեր պատմության շատ կարճ ժամանակահատված՝ 20-րդ դարի 20-30-ական թվականները»: Եվ սա կրկնում էր քանի անգամ տարբեր էջերում: Ի՜նչ 30-ական թվականներ, ի՜նչ բան…
Ես քանի էջերով մանրամասնաբար ներկայացրի այս խոտանի անհեթեթություններն ու անգրագիտությունը: Եվ` ի՞նչ, մարդը ստացավ իր հայցած գիտական աստիճանը, իհարկե, դարձավ բանասիրական գիտությունների թեկնածու: Այսպես մի «զարյանագետ» էլ ավելացավ:
Եվ ինչ մի զարմանալու բան է, Հայաստանում այնպիսի բաներ են կատարվում, սիրելի Հորացիո, որ…
…Խե՜ղճ, խեղճ Կոստան Զարյան:
Գրականության ինստիտուտը, ինստիտուտի գիտական խորհրդի որոշումով, տպագրում է Ալմաստ Զաքարյան անունով մի մթագնած անձնավորության երեք հատորով «Եղիշե Չարենց» «աշխատությունը»: Ավելի ճիշտ կլինի ասել` աշխատություն ընդդեմ Կոստան Զարյանի: Այդ «աշխատության» մեջ սեւով սպիտակի վրա գրված է, որ Կոստան Զարյանը եղել է Աթաթուրքի անձնական լրտեսը եւ 1922 թվականին ուղարկվել է Հայաստան՝ երկիրը ներսից կործանելու: Եվ այս զառանցանքը կրկնում է քանի անգամ: Այդ երեք հատորում անթիվ են Կոստան Զարեանին հասցեագրված հայհոյանքները եւ անարգանքի խոսքերը: Եվ այդ «աշխատության» առաջաբանում ինստիտուտի տխրահռչակ ակադեմիկոսը, որը նաեւ գրքերի խմբագիրն էր, ուրախ գեղգեղանքով փառաբանւմ էր հարյուրավոր էջերի զառանցանքը իբրեւ գիտության հրաշք: Հիշեցեք, որ «աշխատությունը» տպագրվել է «ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ»:
Եվ նույն ինստիտուտը կարճ ժամանակ անց, առանց ամոթի նշույլի, հրավիրում է Կոստան Զարյանին նվիրված գիտաժողով, որտեղ մարդիկ ամբիոն են բարձրանում եւ ճապաղ խոսքերով ճառում ու ճռվողում են «Աթաթուրքի անձնական լրտեսի» մասին: Ահա քեզ գրականության ինստիտուտ, գիտության կենտրոն եւ գրականագիտություն:
Գիտաժողով համարվածում ելույթ ունեցողներից ոչ ոք Կոստան Զարյանի ձեռագրերի որեւէ էջը չի տեսել, արխիվի որեւէ թուղթը չի տեսել, բայց «զարյանագետ» է: Ամբիոն են բարձրանում, վերապատմում են այլոց գրած հոդվածները, առաջաբաններն ու ծանոթագրությունները եւ հետո դրանք առանց ամոթի տպագրում են իրենց անունով իբրեւ «գիտական զարյանագիտություն»: Մեկը երբ ինձ մի քանի բան ուղղակի մատնացույց արեց, ես միայն ուսերս թոթվեցի՝ մարդը գիտությունների դոկտոր է, տնօրեն, երեւի դրա իրավունքը ունի: Հետո ես գրիչ չեմ վերցնելու եւ բոլորի հետեւից վազեմ. եթե իրենք չեն ամաչում, ես ի՞նչ անեմ: Այնպես որ գիտական աստիճանն ու կոչումը խոչընդոտ չեն շուրջգրական տիպ լինելու համար:
Մի հարցնող լինի` գիտաժողովի մասնակից «զարյանագետներ», իսկ ո՞ւր էիք մինչեւ հատորների լույս տեսնելը: Չէ՞ որ Կոստան Զարյանի անունն էլ կար, գրականությունն էլ կար, ու դուք էլ ողջ էիք: Պարզապես դուք ընդամենը Ալմաստ Զաքարյանի պես եւ Ալմաստ Զաքարյանի չափ «ազնիվ կոմունիստ» գրականագետներ էիք:
Եվ դա էլ փաստորեն ոչ թե գիտաժողով էր, այլ շուկայի ճանճերի պարս, որ հաջողությամբ փակչում էր գրողի անվանը:
…Խե՜ղճ, խեղճ Կոստան Զարյան:
Քանի գնում, իր «սիրելիներն» ու «սրտամոտ մերձավորները» շատանում են, աճում են սունկի պես: Հիմա էլ մեջ է ընկել, չգիտես որտեղից հայտնվել է չարաբաստիկ մի պառավ:
Մարտի 6-ին, տագնապած ու վրդովված, Վենետիկից ինձ զանգահարեց Արա Զարյանը եւ ասաց, որ ինչ-որ մի կին վիրավորել ու անարգել է իրենց ընտանիքը: Ինչ-որ մի Գրետա Վերդիյան-Այվազյան մի անամոթ հարցազրույցում կեղտաջուր է լցրել Կոստան Զարյանի ընտանիքի վրա: Ես ստացա այդ հարցազրույցը եւ կարդացի:
Նախ, դա տգետ, ուղղակի անգրագետ մարդու շարադրանք էր: Լրագրող կոչվածն ու համարվածը իր գրության արդեն առաջին իսկ տողերում դրոշակի պես ծածանում է իր գրագիտության աստիճանը. «Լուսանկարը այն մասին է… »: Այսինքն, եթե մենք տեսնում ենք ընկեր Լենինի լուսանկարը, ուրեմն կարող ենք ասել, որ լուսանկարը ընկեր Լենինի մասին է: Ա՜յ քեզ հայերեն լեզու, ա՜յ քեզ գրագիտություն: Ողջ շարադրանքը այս մակարդակով է:
Առայժմ թողնենք լրագրողին, դառնանք «Կոստան Զարյանի մտերիմ ընկերուհուն»: Ավելի անամոթ ու լկտի բան ես չեմ կարդացել. «Մենք երկուսս էլ նյութի, մատերիայի մարդիկ չէինք»: Այս նույն կնիկը չէ՞ր, որ շատ թանկ վճարով ռուսական դպրո՞ց, թե՞ մանկապարտեզ էր պահում եւ, իհարկե, լինելով «նյութից ու մատերիայից հեռու»:
Այն, ինչ ասում է այս տիկինը, բացարձակ սուտ է, կեղծիք եւ անամոթ բարբաջանք: Ես իր ասած (գրած) ամեն մի տողին չեմ անդրադառնալու, իմաստ չունի, բայց ասեմ, որ մի քանի տարի, օրեր եւ ամիսներ շարունակ, Կոստան Զարյանի որդու՝ Արմեն Զարյանի տանը, վաղ առավոտից աշխատել-ուսումնասիրել եմ Կոստան Զարյանի արխիվը: Օրեր շարունակ ես նախաճաշել եւ ճաշել եմ Արմեն Զարյանի եւ իր կնոջ՝ ազնվազարմ տիկին Մարիա Գավրոնսկիի հետ: Մենք ժամերով զրուցել ենք: Նրանք ինձ այնքան բան են պատմել Կոստան Զարյանի եւ իր ընտանիքի կյանքից, որ դժվար է նույնիսկ ասել: Այդ ընտանիքի կյանքի հետ կապված ես գիտեմ շատ բան, որ գիտեն միայն ընտանիքի անդամները եւ ես: Այս բանը գիտեն եւ կվկայեն Արմեն Զարյանի զավակները: Ես սա ասում եմ միայն ասելու համար, որ այդ տանը ես շատ անուններ եմ լսել, բայց այդ կնոջ անունը երբեւիցե չի տրվել: Տեր Աստված, սա որտեղի՞ց ծլեց իր անամոթ խոսքով, անամոթ շեշտով եւ անամոթ սուտ ու կեղծիքով: Ուրեմն, ինքը, այն է, այն է` պետք է ամուսնանա Կոստան Զարյանի հետ եւ չգիտի, որ Կոստան Զարյանի որդին, ճարտարապետ Արմեն Զարյանը իր բազմանդամ ընտանիքով ապրում է Կոստան Զարյանի հարեւան մուտքում: (Այս մասին կարդալ «Ազգ»ի նախորդ՝ 17.03.2023 թ.ի համարում):
Այստեղ արդեն ես ուզում եմ դառնալ լրագրող կոչվածին: Լրագրողը, որ գնում է հարցազրույցի, իր նյութն ու առարկան պետք է լավ իմանա, ինչպես հարկն է նախապես ուսումնասիրի իր նյութի հետ կապված ամեն բան: Մեր լրագրողները ով ինչ գլխից դուրս է տալիս, նույնությամբ հանում են ասպարեզ: Ահա ձեզ հայ լրագրող: Հիմա երբ Կոստան Զարյանի երբեմնի «ամենօրյա մտերմուհին», որի հետ գրողը, իր ասելով, պատրաստ էր նույնիսկ ամուսնանալու, այսօրվա անառողջ հոգեբանությամբ պառավը ասում է, թե Կոստան Զարյանի զավակները արտասահմանում էին, չէին կարող գալ Հայաստան, եւ գրողը բացարձակ միայնակ էր ու անտերության մատնված, լրագրողը չի ընդհատում նրան, չի ասում. «Այ տիկին, չէ՞ որ որդին՝ ճարտարապետ Արմեն Զարյանը իր բազմանդամ ընտանիքով ապրում էր հարեւան մուտքում: Նրանք օրը քանի անգամ մտնում-ելնում էին Կոստան Զարյանի բնակարանը, ամեն օր ճաշ եւ ուտելիք էին տանում. շենքի բնակիչները, հարեւանները դա տեսել են ամեն օր, դուք այդ ի՞նչ եք ասում», թեեւ ավելի ճիշտ կլիներ, որ ասեր՝ «Այդ ի՞նչ եք դուրս տալիս»: Բայց Հայաստանում ի՞նչ լրագրող…
Առանձնապես ամոթալի է,- չգիտեմ ինչ բառով որակեմ,- գրողի մահվան պահի պատմությունը, ուղղակի ամոթ եւ խայտառակություն: Ուրեմն, Արմեն Զարյանը իր մեռնող հոր կողքին չէր, Արմենի բազմանդամ ընտանիքը գրողի կողքին չէր, բժիշկների խումբը այնտեղ չէր, այնտեղ էր միայն այս Գրետա Վերդիյան-Այվազյան կոչվածը:
Առանց ամոթի այդ ռըսախոս կնիկը իրեն Կոստան Զարյանի գրականության գիտակ է համարում՝ գրականության համար է մղվել դեպի Կոստան Զարյանը: Մեկը դրան հարցնի՝ կարո՞ղ է մի քառատող կամ գոնե երկու տող արտասանել Կոստան Զարյանից, կամ կարո՞ղ է հիշել որեւէ կտոր, որեւէ պատկեր:
Բայց ավելի լավ կլինի, որ մեկը հարցնի՝ ա՛յ ժամկետանց պառավ, քո այդ տարիքում ի՞նչ ես ուզում Կոստան Զարյանի անունից ու հիշատակից, ինչո՞ւ ես կեղտաջուր լցնում գրողի ու իր ընտանիքի անվան վրա:
Ես նրան խորհուրդ կտայի զբաղվել իրեն ավելի սրտամոտ գործով, ասենք, օրինակ, համաշխարհային օլիմպիական խաղեր կազմակերպի ի պատիվ Աղասի Այվազյանի, որի ազգանունն է ավելացրել իր ազգանվանը:
Վստահ եմ, որ դա իր համար ոչինչ բան է եւ շատ դյուրին կհաջողվի:
…Խե՜ղճ, խեղճ Կոստան Զարյան:
Ինչե՜ր տեսավ իր կյանքում, ի՜նչ փորձությունների միջով անցավ, ինչե՜ր քաշեց սովետահայ գրողների ու գրականագետների ձեռքից: Մահից հետո էլ չպրծավ այս «ազնիվ կոմունիստներ»-ից: Հիմա էլ սուտ «ջատագովների», շուրջգրական «նվիրյալների» ու «գիտակների» ոհմակը:
Կոստան Զարյանի գրականությունը որեւէ մեկի մենաշնորհը չէ, որեւէ մեկի մասնավոր տիրույթը չէ: Այն մեր ժողովրդի հարստությունն է եւ պատկանում է բոլորին: Եվ ամեն ոք կարող է զբաղվել Կոստան Զարյանի գրականությամբ, խոսել ու գրել գրողի եւ իր գրականության մասին, պայմանով, որ դա լինի իմացությամբ, գիտությամբ, վայելուչ ու պատշաճ մակարդակով:
Եվ ոչ ոք, ոչ ոք, տգետ, անգրագետ ու ապիկար որեւէ մեկը իրավունք չունի ստվեր գցելու գրողի, իր ընտանիքի ու իր գրականության վրա, վարկաբեկելու նրա անձն ու անունը: Այն, ինչ որ անում են շուրջգրական մարդիկ, աններելի է, ամոթալի եւ խայտառակ վարմունք: Եվ ցավոք սրտի, այսօր էլ դա շարունակվում է:
Բայց ավելի լավ կլինի, որ շուրջգրական մարդկանցից ամեն մեկը զբաղվի իրեն պատշաճող գործով: Պնակալեզը կարող է լիզել հերթական Տարոն Մարգարյանի կոշիկները (բայց` միայն կոշիկները), կինո սարքողների «փող լվացող» խումբը գնա նոր ուղղությամբ, «գիտնական զարյանագետները» նոր անուն որոնեն փակչելու համար:
…Խե՜ղճ, խեղճ Կոստան Զարյան…
ԵՐՎԱՆԴ ՏԵՐ-ԽԱՉԱՏՐՅԱՆ