Բանաստեղծ Խաչիկ Մանուկյանի նորատիպ գրքի շնորհանդեսը կայացավ Հայաստանի Գրողների միության մեծ դահլիճում 44-օրյա հայրենական պատերազմում զոհված և հերոսացած՝ իր Վաչագան որդու ծննդյան օրը՝ հուլիսի 7-ին: Բանաստեղծությունների այս ժողովածուն ամբողջությամբ կազմված է անմահացածին նվիրումներից: Բարձր գեղարվեստականությամբ արարված և ցավի, սպասման, անհաշտության, զղջման, կարոտի, բողոքի, թաքուն հույսի և հուսաբեկության, կորստի զգացումի շարունակական վերապրումների, ահագնացող բողոքի արտահայտություն այս գիրքը նաև աստվածաքննության մի արար է, բանաստեղծի և Արարչի լուռ երկխոսություն, երբ երկիր ուղարկված Աստծո որդու տեղ տեսլանում է կյանքը հանուն հայրենիքի զոհասեղանին դրած զավակի պատկերը: Վաչագանի անմահության և, ի վերջո, հոր և որդու հանդիպման ու միաձուլման հանդեպ հավատն ապրեցնող են, թեև ցավ ու լույսով շաղախված բոլոր տողերում հոր առատ արցունքը, հանրությունից հեռու՝ տղամարդու մռունչն ու անդարմանելի կսկիծները կան: Գիրքը կրում է «Անմահականս» խորագիրը:
Գրքի առաջին իսկ բանաստեղծությունում հեղինակն իրեն ներկայացնում է՝ իբրև քար կրող մեկի, որ «բառ քարերի» ծանրությունը հանում է երկինք՝ որդուն ձոնված տաճարը կառուցելու.
«Ես քարեր եմ հանում դեպի երկինք,
Բառ քարեր եմ հանում, ոգի քարեր,
Տաճարդ եմ կերտում լուսակնիք՝
Աստծո պարտեզին մոտ, ամպերից վե՜ր»:
Այս տողերն ընթերցելիս ինձ ակամա պատկերացել է Անի քաղաքից հարավ-արևմուտք՝ երեք ժայռերի ծերպերին վեր հառնող Խծկոնքի վանքը, որը կառուցելու համար դժվարին արահետներով քարեր են կրել բերել, որ հավատի և դպրության տաճար հիմնվի: Եվ որքան էլ մեր ժամանակներում անօրենի ձեռքով փորձել են պայթեցնել վանքի՝ այսօր արդեն միակ եկեղեցին, չի հաջողվել, քանի որ, ոնց վկայում են ականատեսները, դյուրին չէ դժվարանցանելի արահետներով այդքան պայթուցիկ հանել դեպի բարձունք: Իսկ հայ մարդը նույն ուղիներով քարեր է հանել ու կառուցել: Որքան էլ կտտանքի է ենթարկվել բանաստեղծի հոգին, նա շարունակում է կառուցել, ու իր ոգեղեն տաճարը ամուր հիմք ունի՝ Խծկոնքի պես ծվատ, բայց կանգուն: Պահեր, ընթերցանությանս ընթացքին, թվացել է, թե երերում է հավատը, հարցումներ ունի՝ երկնքին ու մարդկանց ուղղված, ինքն անթերի չէ, բայց իր իր զավակն էր անթերի, կատարյալ: Անթերի և կատարյալ էր այն սերունդը, որ հիմա հանգչում է Եռաբլուրում. բանաստեղծի որդու կերպարը դառնում է հավաքական – ամբողջացնող՝ դրանով իսկ առավել արժեքավոր դարձնելով գիրքը: Այն «հուշարձան» չէ՛ լոկ մի մարդու, այն բոլոր անմահականներին մնայուն գեղարվեստական ձոնվածք է:
Երկնային հորն իր բազմակի դիմումներում կորսվող սերը փրկելու հայցն է.
«Փոշիանում է, տիեզերքի Հայր,
Տաճարը սիրո, որ արարեցիր…
Խուլ մի՛ ձևացիր, տիեզերքի Հայր,
Ոճիրների դեմ կույր մի՛ձևացիր…
Եվ մի՛ կործանիր, տիեզերքի Հայր,
Այն ամենը, որ Դո՛ւ արարեցիր»:
Հիշողությունը տանում է դեպի իր մանկան թոթովանքը, ամեն քայլը, որ իմաստավորել է իր կյանքը, և ներկա դատարկությունը, կարոտի անդունդը բանաստեղծը լցնում է իր հուշերգությամբ.
«Երբ թոթովեցիր բառն առաջին,
Ես Աստծո հոգում պարում էի,
Ինձ անմահական գարուն էին
Բերում քո ձայնով օրերը ջինջ»:
Ավելորդության զգացումն այն առանձնությունն է, որի մեջ հայտնվել է քնարական հերոսը. «Այստեղ ավելորդ եմ, // Ամեն բան խորթ է, // Անտառի հարճերը // Առյուծ են մորթել»:
Խաչիկ Մանուկյանի պոեզիային ծանոթ ընթերցողի համար ակնհայտ է, որ վերջին երկու տարիներին գրված նրա տողերում, որքան էլ դրանք կրում են հեղինակի ձեռագրի կնիքը, թեմատիկան, պատկերահամակարգը զգալիորեն փոփոխվել են. սիրո գրգիռ տաղերին, կյանքից հիացմունքին, անդրդվելի հաղթանականությանը եկել են փոխարինելու «արնոտված բառերը»՝
«Երազանքներ են այստեղ մորթել,
Թույն են հավելել հոգուս երգին»:
Բայց մահվան հերքումն ավելի զորեղ է, քան ունայնության չապրեցնող զգացումը.
«Քաջե՛ր, ձեզանով մահն եք հերքում,
Վստահ եմ՝ հողի գրկում չկաք,
Հրեշտակների հետ եք երգում՝
Աստծո երկնային հովանու տակ…»:
«Քեզ չեմ իջեցնի իմ ուսերից»,- գրում է հայրը՝ ասես վերջին ջանքով ընդդիմանալով իր մանկանը կորցնելու իրականությանը: «Որդիս էլ իր Որդու նման խաչվեց». Խ. Մանուկյանը խաչելության պատկերի առջև տոչորվող ծնողն է, և խաչին հանված որդու կերպարը հաճախ է հանդիպում գրքում: Ու հավատը, որ վերադառնալու է՝ շոշափելի, մարմնեղեն, անմարելի է, թեև շարունակ ալեկոծումների մեջ է՝ մերթ հանդարտ, մերթ նկուն տրամադրությամբ, «որբ կարոտներ»-ից փոթոթվող, մերթ բողոքող, մերթ հաշտ ու մերթ պահանջատեր: Ցավի վիհն անչափելի է, բայց հասկանում է այն առավե՜լ վիշտը, որ տանում են որդեկորույս մայրերը՝ «Դուք գնացիք, տղերք, հայրենիքը մնաց, // Ի՜նչ բալասան տանենք ձեր մայրերին»:
«Բարձունքը մերն է, տղերքը չկան» բանաստեղծական հայտնի տողերի հեղինակը վերաձևակերպում է իր խոսքը՝ «Դուք գնացիք, տղե՛րք, հայրենիքը մնաց»: Թեման հետզհետե զարգացնելով՝ բացահայտվում է իր ցավի և անհանգստության արմատները. հայրենիքի ապագան է վտանգված՝ «Այնպես տիրական է փռվել նեռը, // Որ թվում է՝ երբեք լույս չի լինի»:
Հայրենիքն իր որդու դիմագիծն ունի, և դա այն պահից, երբ Վաչագանն առանց դույզն-ինչ երկմտանքի, խորը համոզմունքով, ճշմարտության և արդարության իր հավատամքով, կամավորներով ձևավորված իր խմբով մեկնել է ռազմաճակատ՝ Արցախ. «Քեզ հիմա նայում եմ՝ // Իմ որդին ես, Արցա՛խ, // Հաղթանակի իր պատկերն է դեմքիդ, // Քեզ սնող այն բոլոր քաջերին միացավ, // Որ լվա արյունը վերքիդ»:
Խ. Մանուկյանն արդի ժամանակների գնահատականն է տալիս՝ «Կոտրել ենք սիրո հենակները», կամ՝ «Անհեթեթ, փնթի ժամանակներ են՝ // Հոգին արյունող նյութի ճանկերում»: Եվ միայն անմահական զավակների անտես ներկայությունն է, որ ուժ և հավատ է հաղորդում հուսախաբներին, դրդում, որ «բառը շուրթին ծաղկի».
«Զավակիս արյունն է տարերքից
Ավետում հայոց գարունը»:
ՀԱՍՄԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ