Մեդվեդեւն իր թվիթերյան էջում արձագանքեց ԳԴՀ արտգործնախարար Բերբոքի՝ «Ռուսաստանի կուրսի 360 աստիճան փոփոխության» մասին հայտարարությանը, թե «դրանից երջանիկ կլինեն»: «Աներկբա՝ երկրաչափության գերազանց իմացություն:Այդպես էլ կլինի: Մեր դիրքորոշման տերն ենք»:
Մյունխենը անցյալ շաբաթավերջին հյուրընկալել էր աշխարհի պետությունների 40 ղեկավարների, 1000 լրագրողի, 5000 ոստիկանի, դարձել էր քաղաքական կենտրոն եւ տեսակավորել աշխարհն՝ Ռուսաստանին՝ ագրեսորին սատարողների, Ուկրաինային՝ զոհին սատարողների եւ չեզոքների։ Առաջիններին չէր հրավիրել, վերջիններին կոչ էր անում դիրքավորվել։ Տպավորություն էր, թե Մյունխենյան համաժողովը դատարան է, որտեղ ականատեսները, զոհերը ձայն ունեն, իսկ ամբաստանյալը՝ Ռուսաստանը ներկա չէ, հրավիրված չէ։ Պուտինի եւ «նրա բարձրախոսը դարձած Լավրովի» (Մյունխենի անվտանգության համաժողովի նախագահ Հոյսգենի բնութագրումն է) ռազմատենչ ձայնը չեն ուզում լսել այս հարթակում։ Մյունխենի անվտանգության համաժողովն ավարտվեց մի հստակ ցուցադրական ուղերձով՝ արեւմուտքը միասնական է Ուկրաինային սատարելու հարցում։ Մինչեւ պատերազմի վերջը։ Իսկ եր՞բ է այդ վերջը, ինչպե՞ս է գալու, ո՞ր ճանապարհով, պատասխան չկա։ Տասնյակ հազարավոր զոհեր, միլիոնավոր փախստականներ, Ուկրաինայից Գերմանիայում ապաստանածների թիվը մեկ միլիոն է, օտարերկրացիների երկրորդ խումբն են կազմում։ Անցյալ շաբաթավերջին Մյունխենում մեծազանգված հանրահավաքներ եղան, նույնը գումարվեց ԱՄՆ-ում, այս շաբաթավերջին նաեւ Բեռլինում են հավաքվելու պատերազմն անհապաղ կանգնեցնելու օգտին արտահայտվողները, նախկինում անպատկերացնելի մի բան՝ աջ եւ ձախ ուժերը միասնաբար։ Բայց նախկինն այլեւս անդարձ է, անցյալն այլեւս չի լինելու, ներկան էլ չի լինելու, իսկ ինչպես կձեւեն ապագան, մեծ մկրատն արդեն Չինաստանի ձեռքում է։
Մյունխենում Չինաստանի արտաքին քաղաքականության դարբին Վանգ Յին (Wang Yi) հայտարարեց, թե փետրվարի 24-ին ներկայացնելու են խաղաղության իրենց փաստաթուղթը՝ շեշտելով Պեկինի կառուցողական գործունեությունը։ Այս բարձրաստիճան դիվանագետը փետրվարի 22-ին արդեն Կրեմլում Պուտինի հետ հանդիպեց, ապա հայտարարվեց հարաբերությունների սերտացման մասին, եւ՝ բացառիկ կարեւորը՝ իրազեկ դարձանք, որ առաջիկայում կայանալու է Սի Ծինպին-Պուտին հանդիպումը։ «Ազգում» արդեն ծանուցել ենք, որ Արեւմուտքի՝ Պուտինին մեկուսացմանն ի պատասխան, Արեւելքում նրա հետ ոչ միայն բանակցում են, այլ՝ համագործակցում. Փետրվարի 22-ին սկսվեցին Չինաստանի, Ռուսաստանի եւ Հարավային Աֆրիկայի համատեղ ռազմածովային զորավարժությունները։ Հարավային Աֆրիկայի ղեկավարները ավելի վաղ Բլինքենի հետ հանդիպման ժամանակ հստակ արտահայտվեցին՝ ո՞վ ասաց, թե Արեւմուտքի թելադրանքն է միակ ճիշտը։ Արեւելքն արդեն հիշեցնում է, որ Արեւմուտքի սնուցման մարտկոցն ինքն է եւ իր արեւը, ուստի սպասենք ուրվագծվող ճառագայթներին։
Միակ ճիշտը, ճիշտն ու ճշմարիտը որոնելը չմոռանալով, նորից դառնանք Մյունխենյան համաժողովում հնչած բանավոր ելույթներին։
Ինչ էլ որ որոշվի, այդուհանդերձ միջազզային աշխարհակարգն այլեւս ճեղքվել է, «այլեւս ետդարձ չի կարող լինել», ձեւակերպեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը Մյունխենում, «Եվրոպայի անվտանգությունը ամբողջովին փոխվել է»։ «Տարբերակ չկա, որ ռիսկային չլինի, բայց ամենամեծ խնդիրը կլինի, եթե Պուտինը հաղթի»։ Մյունխենից առաջ ձեւակերպված «Պուտինը չպետք է հաղթի», «Ուկրաինան պիտի հաղթի» պարզ բանաձեւերը յուրացրած՝ Մյունխենում կարծես բոլորը երդվեցին, բայց այդպես էլ միասնական ձեւակերպում չեղավ՝ ի՞նչ է այդ հաղթանակը։
Գերմանիան լավ գիտի «հաղթանակ» եւ «պարտություն» բառերը, եթե խոսքը Ռուսաստանի մասին է, առավել լավ է պատկերացնում դրանց ազդեցության շառավիղը, եւ մեկ տարի է արդեն խաղարկում է դրանք։ Այդ բառերի տերն ու գերին դարձած Մյունխեն հասած Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարներն էլ խաղարկում են այդ բառազույգը՝ արեւմտյան այդ հարթակում նրանց ունկնդիր դարձող աշխարհի անտեղյակների համար այդպես էլ բաց ու տեսանելի չդարձնելով, թե վերջին հաղթանակից արբած Ալիեւի ցանկությունը Հայաստանը բնաջնջելն է, եթե Երեւան հասնելն իր անթաքույց նպատակն է։
Այստեղ ես էլ կիրառեմ գերմանացի իմ գործընկերների բառապաշարը՝ «ստվերում մնացած» արտահայտությունը, որով իրավամբ ռուս-ուկրաինական պատերազմի լայնասաղարթ լուսաբանման համեմատությամբ ակնարկում են արցախյան պատերազմը, ավելի ստույգ՝ Հայաստան-Ադրբեջան հարաբերություններն ընդհանրապես։ Մյունխենում նախ Մակրոնը, ապա ԳԴՀ արտգործնախարար Աննալենա Բերբոքը հիշատակեցին Հայաստանի անունը։ Ֆրանսիայի նախագահը ելույթի ժամանակ բարձրաձայնեց Հայաստանի վարչապետին սատարելու մասին, իսկ ԳԴՀ արտգործնախարարը Հայաստանին անդրադարձ արեց՝ ակնարկելով մեր երկրի խնդրառու դերը։ Նախ հիշատակենք Աննալենա Բերբոքի ելույթը, որ մյունխենյան հարթակում լսվեց ԱՄՆ-ի եւ Ուկրաինայի իր պաշտոնակիցներ Բլինքենի եւ Կուլեբայի հետ բանավեճի ժամանակ։
«Միջազգային իրավունքի ավարտ է նշանակում, աշխարհակարգի ավարտ, երբ հիմա խաղաղության նպատակով համաձայնենք, որ Ռուսաստանի՝ Ուկրաինայից բռնազավթած տարածքներն անփոփոխ մնան։ Աշխարհը փոխվել է, արթնացել ենք ուրիշ աշխարհում փետրվարի 24-ից հետո, ուստի 180 աստիճան մեր (Գերմանիայի, որ պիտի ընթերցել աշխարհի) փոխվելը դրա արտահայտությունն է։ Եթե վաղը Պուտինը 360 աստիճան փոխվի, բոլորս ուրախ կլինենք»։
Եթե Ռուսաստանը կամ որեւէ պետություն 360 աստիճան փոխվի, աշխարհում քաոսն անկառավարելի կդառա։ Սա մեր կարծիքով, իհարկե։ Բերբոքը, հասկանալի է, սա գիտի, կամ՝ լեզվի սայթաքում էր կամ՝ դիտմամբ ընդգծված, գերիրապաշտական մի ցանկություն։ Ռեալպոլիտիկի լեզվով մեզ թելադրողներն ուրեմն հրաշալի տիրապետում են լոգոսի բանալիներին։ Բանը, լոգոսն ենք կորցրել։ Իսկ բանակցելիս ուրիշ զենքի կարիք ունե՞նք։
Խոսելով Արեւմուտքի միասնականության մասին, Բերբոքը շեշտեց, որ «ԵԱՀԿ-ն էլ մեռած չէ», ավելի քան երբեւէ միասնական է՝ վկայակոչելով ԵԱՀԿ գագաթնաժողովին հնչեցրած հարցը եւ դրա պատասխանը։ «Կենտրոնական Ասիայի այնպիսի երկրներ, ինչպիսիք Ղազախստանն ու Ուզբեկստանն են, ասում են ուզում ենք ձեզ հետ սերտացնել մեր աշխատանքը։ ԵՄ-ն այժմ առաքելություն է ուղարկում Հայաստան, քանի որ Հայաստանն ասում է՝ ձեզ ենք վստահում մեր հետագա խաղաղության համար»։
Բոլորը կարծես եւ հաստատ խաղաղություն են ցանկանում։ Բայց՝ ի՞նչ ճանապարհով։ Եթե ագրեսորին զսպելու, զոհի կողքին կանգնելու ազնիվ մղումն է, ապա Հայաստանը եւ նրա վահան Արցախը վաղուց պիտի լսեին ագրեսոր Ալիեւին լռեցնելու Արեւմուտքի, մանավանդ՝ Գերմանիայի այս հնչեղ ձայնը։ Բայց Բերբոքի՝ Հայաստան առաքելություն ուղարկելու հայտարարությունը, որով, ուշադրություն, չի հաղորդում, թե ԵՄ-ն վստահության երաշխիք կամ՝ խոստում տալիս է, այլ ավելի շուտ ընդգծում է, թե Ռուսաստանը խաղաղություն չի հաստատել, հետեւաբար վստահությունը կորցրել է։ Բերբոքը երբեւէ չի դատապարտել Ադրբեջանի՝ Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժելու, այնտեղ հաստատվելու ոտնձգությունը, իսկ Մյունխենին նախորդած՝ Բեռլինում ՀՀ արտգործանախարար Միրզոյանի հետ մամլո ասուլիսում դարձյալ խուսափեց հստակ դիրքորոշում հայտնել։ Ուրեմն՝ նրա բերանից դեռ չենք լսել՝ Հայաստան -Ադրբեջան դիմակայության ագրեսոր եւ զոհ հստակեցումը։
«Չպիտի մոռանանք՝ ով է ագրեսոր, ով՝ զոհ։ Եթե շարունակենք մեղադրել զոհին, ասում էր Բերբոքը եւ նայում Բլինքենին, (ասես նաեւ ԱՄՆ-ն էր զոհը), նա էլ հաստատում էր գլխի շարժումով, «եւ թույլ տանք ագրեսորը հաղթի…ամեն օր ասում ենք ագրեսորին՝ խնդրում ենք փոխի՛ր կարծիքդ, եւ եթե փոխեց, կունենանք խաղաղություն Ուկրաինայում եւ ողջ աշխարհում։ Չի փոխի, մենք կլինենք Ուկրաինայի կողքին այնքան ժամանակ, մինչ ունենա խաղաղություն, ազատություն։ Բերբոքի անգլերենով՝ «peace, liberty and freedom again»։ Բերբոքը խոսեց չեզոքության մասին, ակնարկելով, թե մեր՝ «արդեն ավարտվող շաբաթվա մեջ երկրները պիտի ընտրություն կատարեն՝ ո՞ր կողմում են մնում՝ ագրեսորի՞, թե՞ զոհի»։
Այստեղ իմ կարծիքով, պիտի շարադրել՝ Հայաստանն «ընտրություն» կատարել է՝ ի՛նքն է զոհը։
«Եթե Չինաստանը խաղաղության փաստաթուղթ է ներկայացնում, շատ լավ։ Բայց ընդգծենք՝ ինչպիսի՞ խաղաղության, ասաց Բերբոքը։ Եթե Չինաստանը կոչ անի Ռուսաստանին չկռվել, պատերազմը կավարտվի, բայց եթե Ուկրաինան իրեն չպաշտպանի, Ուկրաինան էլ չի լինի։ Իսկ մենք դա չենք կարող թույլ տալ, քանի որ ՄԱԿ-ի խարտիան էլ չի լինի»։
Ուկրաինայի արտգործնախարար Կուլեբան Չինաստանի խաղաղության նախաձեռնության մասին մոդերատորի հարցին անկեղծ պատասխան տվեց՝ մինչեւ չտեսնենք՝ ինչ թուղթ է…բայց՝ եթե նույնիսկ մարտնչելուց մահու չափ հոգնած լինենք, չենք կարող մեզ արտոնել հոգնած լինել ազատության համար պայքարելուց»։
Մարդը, հայ մարդը, որքան գիտեմ, միշտ խաղաղություն է երազել։ Ուրեմն խաղաղությանը կողմ լինելով, բնական է, որ հայ մարդը Հայաստանում պիտի հարց տա՝ տեսնենք ի՞նչ թուղթ է մեր խաղաղության սեւագիրը։ Մանավանդ որ զոհի բարդույթից ազատագրվել էր դանդաղ՝ 60-ականներին նախ գրականության միջոցով, ապա 1988-ին Արցախյան շարժման, հաղթական ոգին վերագտնելու շեփորի կանչով, ռազմաճակատում իրական հաղթանակով… Իսկ հիմա նրան ուղղակի հուշում են՝ եթե քեզ չպաշտպանես, չես լինի։ Մենք պարզապես չենք կարող թույլ տալ, որ ագրեսոր երկրի ղեկավար Ալիեւը 2020 թվականից հետո էլ վերապատմի իր 20 տոկոս կորցրած տարածքների, իր տառապանքի մասին։ Չպետք է ակնկալենք, որ վաղվա դերաբաշխմամբ կնկատեն, որ զոհը հենց դահիճն է։ Մյունխենում ցեղասպանին եւ ագրեսորին չզսպեցին, Մյունխենում Ալիեւին թույլ տվեցին, մե՞նք էլ չխոսենք… Մյունխենյան համաժողովի ֆեսբուքյան էջում Հայաստան-Վրաստան-Ադրբեջան բանավեճի ժամանակ ադրբեջանցի մի օգտատերը գրում էr՝ Karabakh is Azerbaijan, մյուսը պատասխանում՝ Zangezur and Irevan too։ Պաշտոնական Երեւանը չի կարող հանդուրժել կամ՝ չպետք է հանդուրժի այս սպառնալիքը։
Մյունխենի անվտանգության համաժողովը մի վայր է, որտեղ մարդու, երկրի, պետության առաջնային բնական պահանջն է ընդգծվում՝ անվտանգությունը։
Կա՞ անվտանգություն մի երկրի համար, երբ Ալիեւը նույն հարթակից անթաքույց հայտարարում է՝ խաղաղության բանակցությունները 28 տարի արդյունավետ չեղան, ուժ կիրառեցինք։ «Արդար պատերազմ» ձեւակերպումն է անում, եւ նրան ՄԱԿ-ում ԳԴՀ դեսպան եղած Հոյսգենը չի սաստում, թե միջազգային իրավունքը նման ձեւակերպում չունի՝ պատերազմն ընդունելի է համարում աշխարհը, երբ քո վրա հարձակման դեմ պաշտպանվում ես։
Մյունխենի անվտանգության համաժողովի նախագահին, այդ պահին Ալիեւի կողքին նստած հյուրընկալ Հոյսգենին այդպես էլ որեւէ մեկը հարց չպիտի տա՞, թե ու՞ր մնաց իր շեշտած «իրավունքի ուժը», երբ ինքը Ալիեւի՝ «ուժեղի իրավունքը» լուռ մնալով արտոնում է, մեր բառով՝ խրախուսում է։ Բանավեճի հարթակում բանը՝մեր գլխավոր կռվանը, չենք կարող լռության մատնել։ Մանավանդ, երբ մեզ անվտանգության համաժողովում նույնիսկ, բանավոր տարածքում անգամ չեն տալիս անվտանգության երաշխիք։ Իսկ մենք վերապրողներ ենք։ Եւ նաեւ զոհ ենք, ինչպե՞ս ենք դիմակայելու, երբ աշխարհակարգ է փոխվել, երբ անդառնալի շատ բան է փոխվել, երբ Եռաբլուրն այսքան ընդարձակվել է, երբ մեր անգին տղաներն իրենց երազները կտակել են մեզ՝ իրենց կյանքի հաշվին ապրողներիս։
Խելացիներն ասում են այս մեծ՝ Ռուսաստան- Ուկրաինա պատերազմն իրականում Չինաստանի դեմ է։ Բայց (դեռ) չեն ձեւակերպում՝ Չինաստանը չպետք է հաղթի։ Ի՞նչ խաղաղություն է թելադրում կամ առաջարկում Չինաստանը, դեռ հայտնի չէ, իսկ արեւմտյան ղեկավարները թերահավատ են, թե այն զոհի իրավունքները սահմանող փաստաթուղթ է լինելու։ Ագրեսոր Ռուսաստանին չի հորդորելու Ուկրաինայի տարածքները նրան վերադարձնել, ուստի…ամեն բան գերձայնային արագությամբ է ընթանում, սպասենք այդ փաստաթղթի երեւան գալուն։
Այդ թուղթը շատ բան է փոխելու հենց մեր տարածաշրջանում, շատերն են վախեցած, որ չինական մկրատը դանդաղ վերաձեւելու է նոր աշխարհակարգ ու սահմաններ։ Ուրեմն զինվենք համբերությամբ եւ ոչ միայն… զինվե՛նք։
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Գերմանիա