Շուրջ հինգ տարի առաջ Սպիտակ տանը տեղի ունեցած հերթական ասուլիսի ընթացքում պատահած սկանդալը դեռ երկար է հիշվելու: Իր անհավասարակշիռ բնավորությամբ հայտնի նախագահ Դոնալդ Թրամփը «կոպիտ, անտաշ, սարսափելի» բառերով որակեց CNN հեռուստաընկերության հայտնի լրագրող Ջիմ Ակոստային, որը համարձակվել էր լրացուցիչ հարց տալ նախագահին Մեքսիկայից Մ. Նահանգներ անօրինական, նախագահի ասելով՝ «կարավաններով» մուտք գործող փախստականների վերաբերյալ: Հարցադրման տոնը, ինքնին՝ հարցը, դուր չէր եկել Թրամփին, որ ափերից դուրս գալով հրահանգեց խլել խոսափողը լրագրողի ձեռքից: Ակոստան դիմադրեց իրեն մոտեցած աշխատակցուհուն ու շարունակեց հնչեցնել իր հարցը: Դա բոլորովին հունից հանեց նախագահին, որ ավելի ուշ հրահանգեց հավատարմագրումից զրկել իր նկատմամբ հետեւողականորեն ընդդիմադիր դիրք որդեգրած CNN-ի լրագրողին: Դա չափից ավելի էր, աննախադեպ՝ Ամերիկայի պատմության մեջ: Խախտվել, ոտնահարվել էր «սրբություն սրբոց» Սահմանադրության Առաջին հավելվածը (First Amendment), մամուլի ազատության օրենքի անխախտելիությունը: Եվ CNN-ը Վաշինգտոնի տարածքային դատարանում բողոքարկեց լրագրողին հավատարմագրումից զրկելու որոշումը ու պահանջեց վերականգնել նրա իրավունքը:
Բողոքարկմանը անվերապահորեն թիկունք կանգնեցին ամերիկյան լրագրողական գրեթե բոլոր կազմակերպությունները, տեսաբանները, ազդեցիկ բոլոր լրատվամիջոցերը, ներառյալ CNN-ի գլխավոր մրցակից, Թրամփին հավատարմորեն նեցուկ կանգնող մեդիամագնատ Հյուբերթ Մըրդոքին պատկանող Fox News-ը եւ Wall Street Journal-ը, որոնք առանձին հաղորդագրությամբ դատապարտեցին եղածը եւ ազդարարեցին՝ «Մամուլի Սպիտակ տուն մուտքի հարցը երբեք պետք չէ օգտագործվի որպես զենք»:
Արդեն դասագրքային դարձած այս միջադեպը հիշեցի շաբաթասկզբին, երբ Նիկոլ Փաշինյանի տեղեկատվական գրասենյակը, մի քանի այլ՝ իսկապես վաստակ ունեցող լրատվամիջոցների շարքում նաեւ մեր թերթին չհավատարմագրեց մասնակցելու վարչապետի հերթական մամլո ասուլիսին, առանց բացատրության եւ առանց, անշուշտ, արդարացման, պարզապես «վերեւից» իջած հրահանգի համաձայն:
Առաջին անգամ չէ, որ մեր թերթին մերժվում է, նույն կառավարության կողմից, իր պրոֆեսիոնալ աշխատանքը կատարելու իրավունքը: Գոնե նախորդ անգամ մեզ ներկայացվել էր չքմեղանքը. ասուլիսի սրահը նեղ է բոլոր դիմորդներին ընդունելու համար եւ տեղեկատվական գրասենյակը, հերթագայության սկզբունքով՝ հաջորդիվ նկատի կունենա նաեւ մեր դիմումը…
Ոչ մի սկզբունք էլ չգործեց: Փոխարենը գործեց լրատվամիջոցների շերտավորման, հավատարմագրվածների պեսպիսունության սկզբունքը, քեբաբային լեզվով ասած՝ «իքի բիրի» կանոնը՝ մի հատ միս, մի հատ դմակ, մի հատ սմբուկ շարվածքը: Մի ակնարկ նետելով հրավիրյալների ցուցակին՝ տեսնում ենք գործող վարչապետին կատաղորեն հակադիր, երբեմն վճարովի եւ երբեմն անվճար աշխատող, նաեւ, բնականաբար, իշխանությանը հլու-հնազանդ ծառայող լրատվամիջոցների անուններ: Իսկական հայկական քաղաքական քեբաբաշինություն, որտեղ մեծագույն մասը անհայտ ծագումով, նորելուկ-հանելուկ կայքէջերն են, որոնց բանեցնողները, սովորաբար՝ օգտակար այլ աշխատանքի անընդունակ տղերք եւ աղջկերք, որոնք ճնճղուկի նման թռչկոտում են ճյուղից ճյուղ, իրենց փորիկը կուշտ պահելուն հետամուտ:
Ահա ա՛յդ վերջին հատվածն է Նիկոլի եւ յուր տիկնոջ նախընտրած կոնտիգենտը. մամուլը նսեմացնելու, խոսքի ազատության պատրանք ստեղծելու, հասարակության ուշադրությունը շեղելու, կարեւորի փոխարեն անկարեւորը կարեւորելու, հակառակորդներին վարկաբեկելու, մերձավորներին պաշտպանելու, արցախահայության օրհասը մոռացնել տալով՝ արքայազույգի կուկուռուզակերությունն ու նույն ձեթի մեջ 10 անգամ տապակված պերաշկին ախորժակով լափելը ցուցադրելու պատրաստակամությունը:
Այսուհանդերձ նման լրատվամիջոցների գոյության իրավունքը ոչ ոք չի կարող զլանալ: Սակայն մեր խնդիրն այլ է. մենք չունենք, առավել եւս իշխանությունը, արժեչափային տարբերակման որեւէ սկզբունք մամուլի համար, օրինակ այնպիսին՝ ինչպես ունեն անգլիացիները, որոնք օրական 11 միլիոն տպաքանակ ունեցող The Sun թերթը չեն համարում որակյալ եւ ազդեցիկ, մինչդեռ ընդամենը 300 հազար օրինակով լույս տեսնող The Gardian-ը՝ ազդեցիկ ու որակյալ: Նրանք՝ անգլիացիները, դարավոր ավանդույթ ունեն ողջամտությունը, պրոֆեսիոնալիզմը գնահատելու, թեեւ չեն խորշում բամբասանքայինից, բայց զզվելով զզվում են, ինչպես ամերիկացիները, ինչպես կայացած այլ երկրների քաղաքացիներ, մամուլի իրավունքների ոտնահարումից:
Վերադառնալով CNN-ի լրագրող Ջիմ Ակոստա-Դոնալդ Թրամփ հակամարտությանը ասենք, որ դատարանը վերականգնեց լրագրողի իրավունքը Սպիտակ տուն առանց ուղեկցող ոստիկանի մուտք գործելու, սակայն, ինչպես հայտնի է, հետագայում ոչինչ չկարողացավ անել Թրամփին իր նախկին պաշտոնում վերականգնելու համար…:
ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ