ԼՈՆԴՈՆ – Լոնդոնի Քովենթ Գարդենի Արքայական Օպերային թատրոն այցելությունը զարմանահրաշ մի տոն է ոչ միայն օպերայի գիտակների, այլեւ դասական երաժշտության սիրահարների՝թե՛ լոնդոնաբնակների, թե՛ հարյուր հազարավոր զբոսաշրջիկների համար: Այս այցելությունը քառապատիկ ավելի հիշարժան է դառնում, երբ Բրիտանիայի մայրաքաղաքի սրտում գտնվող այս լեգենդար բեմում ելույթ է ունենում մեր հայրենակիցը, հայազգի արվեստագետը:
2023 թ. հուլիսին լոնդոնյան հանդիսատեսը հնարավորություն ունեցավ ըմբոշխնելու միանգամից հանրահայտ երկու հայազգի օպերային երգիչների՝ Հրաչուհի Բասենցի («Ֆիգարոյի ամուսնությունը») եւ տենոր Լիպարիտ Ավետիսյանի («Տրավիատա») ելույթները, ում հիասքանչ կատարումներով եզրափակվեց 2022-2023 թթ. Լոնդոնի օպերային տարեշրջանը:
Գերմանաբնակ մեծանուն սոպրանո Հրաչուհի Բասենցը առաջին անգամ չէր հանդես գալիս Քովենթ Գարդենում: Արքայական օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար, աշխարհահռչակ մաեստրո Անտոնիո Պապանոյի հրավերով, Բասենցը Լոնդոն հրավիրվեց դեռեւս 2016 թվականին: Իսկ հայազգի սոպրանոյի դեբյուտը կայացավ 2017 թվականին «Ադրիանա Լեկուվրոր» օպերայում, միանգամից գլխավոր դերը կիսելով աշխարհահչակ սոպրանո Անջելա Գեորգիուի հետ: 2008-2018 թ.թ, Հրաչուհին եղել է Նյուրնբերգի պետական թատրոնի, այնուհետև 2018-2022 Դրեզդենի Սեմպերօպերի առաջատար մեներգչուհի։ 2006-ից սկսած Հրաչուհին ավելի քան մեկ տասնամյակ եղել է Դրեզդենի Սեմպերօպեր եւ Նյուրնբերգի պետական օպերային թատրոնի առաջատար սոպրանոներից ու մշտական անդամներից մեկը: Նա մարմնավորել է օպերային ամենահայտնի կանացի դերերը՝ Նորմա, Վիոլետա, Միմի, Դեզդեմոնա, Լեոնարա, Դոննա Էլվիրա, Կոմսուհի Ալմավիվա եւ Ադրիանա Լեկուվրոր՝ Ավստրիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Իսրայելի բեմահարթակներում:

2022 թ. հուլիսին ինձ բախտ վիճակվեց Քովենթ Գարդենի Արքայական Օպերայում ունկնդրելու Հրաչուհի Բասենցին Դեզդեմոնայի դերում: Ավելին, պատիվ ունեցա հարցազրույց ունենալ Հրաչուհու հետ՝ նրա դերի եւ Վերդիի «Օթելլո» օպերայի բեմադրության մասին: Իսկ այս ամառ հուլիսին հանրահռչակ հայուհին լոնդոնյան բեմ վերադարձավ կոմսուհի Ալմավիվայի դերերգով՝ Մոցարտի «Ֆիգարոյի ամուսնությունը» օպերայում: Մոցարտի երգիծական օպերան գրված է ֆրանսիացի մեծանուն դրամատուրգ Բոմարշեի համանուն կատակերգության հիման վրա, որտեղ բացահայտվում են ամուսնական կյանքի անհավատարմությունները, սիրո անսպասելի շրջադարձերը, իշխող դասակարգի երեսպաշտությունը, վերնախավի երկակի ստանդարտներն ու քաղաքական այրերի ապաշնորհությունը… Ռեժիսոր Սըր Դեյվիդ ՄըքՎիքարի շքեղ բեմադրութունը եւ ժամանակաշրջանի ճոխ զգեստները համապատասխանում էին Հրաչուհու՝ կոմսուհի Ալմավիվայի մեկնաբանությանը՝ նրա բեմական ներկայությունը դարձնելով ավելի տպավորիչ, իսկ կատարումը՝ ավելի գունեղ: Վերջին զգեստավորված փորձից հետո, որին ես ներկա էի երգչուհու բարեհաճ հրավերով, Հրաչուհու հետ զրուցեցինք նրա կերպարի, Մոցարտի օպերայի եւ համաշխարհային օպերայի Օլիմպոս նրա աստեղային վերելքի մասին:

–Սիրելի՛ Հրաչուհի, կարելի՞ է իմանալ քո տպավորությունները Քովենթ Գարդենի Օպերայի մասին: Սիրո՞ւմ ես այստեղ ելույթ ունենալ եւ ինչո՞ւ:
-Քովենթ Գարդենի Արքայական Օպերային թատրոնը ինձ համար դարձել է շատ հարազատ եւ շատ ցանկալի բեմահարթակ: Այո՛, շատ սիրում եմ այս թատրոնում ելույթ ունենալ, այն ինձ մեծ երաժշտական, պրոֆեսիոնալ բարձր աշխարհ հանած, ճանաչելիություն նվիրած թատրոնն է: Հակոբ Ասատրյանի «Օրեր» ամսագրին տրված հարցազրույցներիցս մեկում մանրամասն անդրադարձել էի, թե ինչպիսի հետաքրքրական եւ հրաշք ճանապարհով հրավիրվեցի այս պատմական թատրոն եւ այն էլ միանգամից համանուն օպերայում դերերգով՝ սկզբում Նորմայի, այնուհետեւ Ադրիանա Լեկուվրորի՝ վերջինս կիսելով մեր ժամանակների մեծագույն դիվա Անջելա Գեորգիուի հետ: Ինձ համար մեծագույն պատիվ եւ օրհնություն է անցնել այս թատրոնի միջանցքներով եւ փորձասրահներով, որտեղ խնամքով կախված են օպերային արվեստի տարբեր ժամանակների հին ու նոր տիտանների նկարները, ովքեր արարել են այդ բեմում եւ թողել իրենց էներգիան, ինչպես նաեւ երգել, վայելել այդ նույն բեմում կանգնելու բերկրանքն ու հանդիսատեսի ջերմ ընդունելությունը: Ես անչափ շնորհակալ եմ իմ Աստծուն եւ իհա՛րկե թատրոնի տնօրենությանը՝ ի դեմս Պետեր Կատոնայի, տարիների համագործակցության, բոլոր գեղեցիկ դերերի եւ տաղանդավոր արտիստների, լեգենդար ռեժիսորների եւ դիրիժորների հետ բեմը կիսելու, բացառիկ հանդիպումների եւ ծանոթությունների համար:

–Ինչպե՞ս ընթացավ այս տարվա սեզոնը Արքայական թատրոնում եւ ինչպե՞ս ընդունեց հանդիսատեսը Մոցարտի «Ֆիգարոյի ամուսնությունը» եւ հատկապես քո դերերգը՝ ի տարբերություն անցյալ տարվա «Օթելլոյի», որտեղ դու աննման էիր Դեզդեմոնայի՝ միանգամայն փխրուն եւ հզոր դերում:
-Անհամեստություն թող չթվա, բայց անկեղծորեն պիտի նշեմ, որ 2016 թվականից մինչ այսօր Արքայական օպերայի բեմում կերտելով տարբեր գեղեցիկ կերպարներ՝ շատ ջերմ ընդունելության եմ արժանացել թե՛ հանդիասատեսի, թե՛ արտիստների, եւ՛ թե տնօրենության կողմից: Թեպետ պիտի առանձնացնեմ անցյալ սեզոնի «Օթելլոն», որտեղ իմ Դեզդեմոնայի «Ավե Մարիա» արիայից հետո դահլիճում մի աննկարագրելի, արտակարգ ծափողջույններ եւ բրավոների բացականչություններ էին սկսվում, այնքան երկար եւ բարձր, որ Օթելլոյի մուտքը չէր լսվում: Բազում անգամներ եմ երգել Դեզդեմոնայի դերերգը, բայց անցյալ տարվա սեզոնը շատ տպավորիչ եւ հիշարժան էր: Լոնդոնի հանդիսատեսի որքա՞ն մասն է գիտակ կամ երաժշտասեր՝ չեմ կարող ասել, բայց համեմատած, օրինակ, Դրեզդենի Սեմպերօպերի, որտեղ երբեմն տուրիստների գերակշռության պատճառով զուսպ ընդունելության կարող ենք հանդիպել, անկախ կատարման որակից կամ անվանի արտիստների առկայությունից, Լոնդոնի Արքայական թատրոնում երբեւէ նման երեւույթի հետ չեմ առնչվել: Միշտ շատ ջերմ, բաց եւ անկեղծ է հանդիսատեսի ընդունելությունը այստեղ:
Իսկ թե ինչպես ընդունեց հանդիսատեսը Մոցարտի օպերան եւ իմ կերտած կոմսուհի Ալմավիվային՝ կասեի հետեւյալը… Այո՛, այս դերը երգել եմ 8-9 տարի առաջ՝ Նյուրնբերգի Ազգային օպերային թատրոնում՝ Մարիամ Կլեմոյի բեմադրությունում: Մեծագույն սիրով եմ երգում Մոցարտ: Իհա՛րկե, կան Մոցարտի իտալական եւ գերմանական մեկնաբանումներ: Դրանք տարբեր են իրենց ոճերով եւ պահանջում են առանձնահատուկ մոտեցումներ: Ես չեմ կարող ասել, թե ես «մոցարտյան» ձայն ունեմ, այն բարոկկո ոճ եւ հատուկ հնչեղություն ունի, ձայնի գույն եւ կատարողականություն, հատկապես գերմանականը: Բայց եւ այնպես, Մոցարտ երգելը գրեթե պարտադիր է, երկարացնում է ձայնի կյանքը, երիտասարդացնում, ինչո՞ւ չէ, նաեւ շատ «առողջարար» է, ինչպես մեզ համար Կոմիտաս երգելը: Հնարավոր է լինել ճանաչված, բարձունքների հասած երգիչ, բայց չկարողանալ Կոմիտաս երգել, ինչն ինքնին խոսում է սխալ հիմքերի մասին: Սրանք նշաձողեր եւ չափորոշիչներ են, որ դրվել են կոմպոզիտորների կողմից, որոնցով բացահայտվում են այս կամ այն վոկալ խնդիրները եւ կամ հակառակը: Պատահական չէ, որ տվյալ դեպքում Մոցարտի ստեղծագործությունները պարտադիր են ուսանողության սկսնակ տարիներին եւ մրցույթներին, քանի որ բացահայտում են երգչի կարողությունները:
–Վերդիի եւ Պուչինիի հանրահայտ դերերգերի հետ համեմատած, ինչպե՞ս ես քեզ զգում Մոցարտի օպերաներում եւ հատկապես ա՛յս օպերայում: Ինչպիսի՞ն են կոմսուհի Ալմավիվայի դերի քո մասնագիտական եւ էսթետիկ մոտեցումները:
-Պիտի ասեմ, ես բելկանտո, վերիզմո և վաղ Վերդի երգող երգչուհի եմ, իհարկե մշտական պայմանագրով աշխատելու տարիներին գեթե ամեն ինչ , ամեն ոճ երգել եմ, անգամ Վագներ և անգամ Մոցարտի “Գիշերային թագուհին”, ամեն անգամ հաճույքով համաձայնում եմ Մոցարտ երգելու առաջարկներին: Այն կարծես ձայնալարերի, ձայնի «վերականգնողական կենտրոն» լինի, վերադարձ սկզբնակետին եւ ճշգրիտ երգեցողությանը: Եթե որոշ կոմպոզիտորների գործերում որոշակի կատարողական ազատություններ կարելի է թույլ տալ, ապա Մոցարտի մոտ դա չի աշխատում: Այս է պատճառը, որ շատ երգիչներ չեն սիրում Մոցարտ երգել, նա ճշգրիտ կատարողական սահմաններ ունի:

Ուրախ էի Մոցարտ եւ հատկապես այս օպերան երգելու նաեւ այն պատճառով, որ այն շատ հումորային է, եւ հնարավորություն ունեցա այս ոճում էլ հանդիսատեսին ներկայանալ: Իմ երգացանկում գերակշռում են մեծամասամբ դրամատիկ, զոհաբերվող, ողբերգական դերերը, սակայն ես միշտ հաճույքով մարմավորել եմ նաեւ կատակերգական ոճի կերպարներ: Կոմսուհի Ալմավիվան ընդունված է ներկայացնել որպես ծանրակշիռ, տարիքով, տխուր, մի փոքր նաեւ «ձանձրալի» կեցվածքով, որին ես ի սկզբանե կտրականապես դեմ էի: Ռոզինան դեռ չարաճճի, երիտասարդ կին էր, բացի այդ նա որբ էր, արիստոկրատ ծագում չուներ, որն ամուսնանալով կոմս Ալմավիվայի հետ՝ ձեռք էր բերել անուն, տիտղոս, կարգավիճակ, բայց հոգում դեռ նույն աղջնակն էր մնացել: Ռեժիսոր Սըր Դեյվիդ ՄըքՎիքարի հետ քննարկեցինք իմ այս դիտարկումն ու համաձայնեցրինք, որ ես փոքր ինչ այլ կերպ ներկայանամ մինչ այս եղած Ռոզինաներից, այն է՝ ավելի զվարթ, երիտասարդ, չարաճճի եւ հումորով լի:
Այս մոտեցումն, իրոք, ավելի լավ ընդունվեց, շատերն էին հաստատում, որ վերջապես առաջին անգամ համակրանքով լցվեցին կոմսուհու հանդեպ, հասկանալի դարձավ նրա կերպարը, եւ, որ առաջին անգամ ձանձրալի չէր: Սա, իհարկե, ինձ համար ամենամեծ գնահատականն է եւ լավագույն ընդունելությունը:
–Ի՞նչ է քո կարծիքը բնական, աստվածատուր տվյալների, երաժշտական, դերասանական եւ որեւէ տաղանդի եւ աշխատասիրության միջեւ: Այս եզակի արժանիքները Աստծո տվա՞ծ են, թե՞ ձեռքբերովի:
-Ես միշտ եղել եւ մնում եմ այն կարծիքին, որ Գեղեցիկն Աստվածային է: Չարն ի վիճակի չէ Գեղեցիկ արարել: Իսկ արվեստագետը մշտապես արարում է, ստեղծում, ընծայում Գեղեցիկը: Ես նաեւ խորապես համոզված եմ, որ երգիչ, նկարիչ, դերասան չեն դառնում, այլ ծնվում են… Այդ աստվածային շնորհի, պարգեւի մեջ մի յուրահատկություն կա, մոգական մի ուժ, այն է՝ հպվել հանդիսատեսի սրտին, թակել հոգու դռները եւ բժշկել, սովորեցնել սիրել, ոգեշնչել, եւ դա հնարավոր է միայն, եթե դա ի վերուստ տրված է եւ անկեղծ է: Շատ եմ լսում միտք այն մասին, թե շատ ու շատ վարպետ կատարողներ, տաղանդավոր արտիստներ կյանքում շատ վատ մարդիկ են… Ես այդ համոզմանը դեմ եմ եւ հավատացած եմ, որ էգոիստ, ինքնամեծար անձինք ճիշտ ուղերձներ չունեն, ի վիճակի չեն մեծ զոհողության եւ մեծ արվեստ կերտելու: Ճշմարիտ արվեստագետները զուսպ են ու ինքնազոհաբերվող: Հնարավոր չէ վատը լինել եւ բարձր արվեստ ստեղծել, այդ անձը չի հուզի, չի բժշկի, որովհետեւ նա անկեղծ չէ… ինչով լցված ես, այդ էլ դուրս է հորդելու քեզանից, եւ բեմը դա շատ պարզ ցույց է տալու…
Հարցի հաջորդ մասին անդրադառնալով ասեմ, որ աշխատասիրությունն անչափ կարեւոր գործոն է մասնագիտական բարձունքներին հասնելու համար, բայց եւ այնպես, ինչպես միայն աշխատանքով, այնպես էլ միայն տաղանդով հնարավոր չէ հաջողություններ գրանցել: Ինչպես աստվածաշնչյան հայտնի օրինակում է ասվում. «Ծառաներին տերը տաղանդներ է բաժանում եւ հրահանգում է խնամքով պահել այդ տաղանդները եւ վերադառնալիս միայն այն ծառային է հավատարիմ բարի ծառա կոչում, որն ավելացրել, ծաղկեցրել, բազմապատկել էր տվածը»: Սա մի ամբողջական համակարգ է, մի հարուստ փաթեթ, որտեղ մեկն առանց մյուսի չի աշխատում, որտեղ ե՛ւ մեկը, ե՛ւ մյուսը շղթայաբար իրար հաջորդում են: Եթե սա ըմբռնենք՝ ամեն բան ճիշտ ժամանակին ճիշտ տեղում կլինի եւ կտա սպասված պտուղները:
–Հրաչուհի՛, բազմաթիվ օժտված արվեստագետներ, երգիչներ այդպես էլ անկարող են լինում հասնել կատարողական կատարելության եւ ճանաչման: Որտե՞ղ է հաջողության հասնելու գաղտնիքը:
-Աշխատասիրությունը բերում է վարպետություն, իսկ վարպետությունը՝ ինքնատիրապետում: Պատմության մեջ շատ կան բնատուր տվյալներով, բայց ոչ վարպետ կատարողներ, ովքեր չեն կարողացել իրենց բեմում տիրապետել եւ հաղթահարել իրենց վախերը, կորել են պատմության էջերում:
Բեմական, կատարողական արվեստը մարտի դաժան դաշտ է, որտեղ պիտի կանգնես ոտքից գլուխ զինված, հարյուր տոկոսով պատրաստված՝ պատերազմելու տարբեր դեւերի դեմ, եւ, եթե կան թույլ տեղեր, կամ վախեր, ապա համոզվա՛ծ եղեք, հենց դրանք էլ դառնալու են խոցվելու նշանակետերը: Բեմն ուժեղների, հոգեպես կայունների համար է (քանի որ շատերը հաջողությունից կորցնում են գլուխներն ու մարդկային արժեքները), եւ հավատացնում եմ՝ բեմը բարի մարդկանց տեղն է: Ինչո՞վ են տարբերվում ճշմարիտ արվեստագետն ու շինծուն.նրանով, որ ճշմարիտը ծառայում է իրեն տաղանդ նվիրողին, իսկ շինծուն՝ ինքն իր անձին… Բեմը մի զարմանահրաշ վայր է, որտեղ ամեն բան խոշորանում է՝ ե՛ւ լավը, ե՛ւ վատը, ե՛ւ ինքնասիրահարվածությունը, ե՛ւ համեստությունը, ե՛ւ անսրտությունը, ե՛ւ բարությունը…
Իսկ հանդիսատեսն ինչքան էլ գիտակ չլինի, մասնագիտական առումով չհասկանա, բայց էմոցիոնալ դաշտով նրան չես խաբի, չես ստիպի սիրել… Սա է պատճառը, որ որոշ երաժիշտներ, որ կարծես շատ պատրաստված են եւ ամեն բան ճիշտ են անում, բայց անկարող են լինում հուզել: Իսկ մյուս արվեստագետն ականջ է շոյում ու սրտեր գրավում իր ազնիվ հոգով եւ գունեղ ձայներանգով…
–Սիրելի՛ Հրաչուհի, կցանկանայի նշեիր Քովենթ Գարդենում քո գալիք ծրագրերի մասին: Ե՞րբ լոնդոնյան երկրպագուները կրկին կվայելեն քո ելույթները:
-Միշտ մեծագույն ոգեւորությամբ եմ վերադառնում իմ սիրելի Արքայական թատրոն եւ այս անգամ էլ ուրախ եմ, որ պատիվ ունեմ հաջորդ տարվա երաժշտական սեզոնին ներկայանալու իմ ամենասիրելի կերպարներով՝ Չիո-Չիո Սան (Պուչինիի «Մադամ Բաթերֆլայ») եւ Վիոլետտա Վալերի (Վերդիի «Տրավիատա»)…
Ոգեւորությունս անսահման է, ինչպիսի՛ դերեր… Լոնդոնի բազմահազար օպերայի երկրպագուները, ինչպես նաեւ հայ երաժշտասեր հանրությունը (որը, ցավով պիտի նշել, շատ սակավաթիվ է) մեծագույն ուրախությամբ կսպասեն լուսեղեն ու բարի հայ սոպրանո Հրաչուհի Բասենցի վերադարձին՝ իր գունագեղ ու պատմական ելույթներով կրկին զարդարելու Քովենթ Գարդենի Արքայական թատրոնի բեմը…
ՀԱՍՄԻԿ ՍԵՅՄՈՒՐ
Լոնդոն