Գերմանական ԶԼՄ-ները հուլիսի 30-ին ժամը 9.30-ին սպասում էին Մյունխենի երկրամասային բարձրագույն դատարանի «Ադրբեջանից կաշառառության գործով» առաջին վճռի հրապարակմանը՝ Բունդեսթագի նախկին պատգամավոր, քրիստոնեա-սոցիալական միության անդամ Էդուարդ Լինթները դատապարտվեց 9 ամսվա պայմանական ազատազրկման: Դատարանի վճռով Լինթները պարտավոր է նաեւ 10,000 եվրո տուգանք վճարել: Մեղադրող կողմը պահանջել է տասնմեկ ամսվա պայմանական ազատազրկում, պաշտպանող կողմը պահանջել է արդարացում: 80-ամյա տղամարդը հունվարից ի վեր դատավարության ընթացքում մշտապես հերքել էր ԵԽԽՎ պաշտոնյաներին կաշառելու մեղադրանքը, փոխարենը կրկնել էր, թե հանցանք չի գործել, Ադրբեջանի օգտին «լոբբիինգ» է արել: Մյունխենի դատարանն այլ կարծիք ուներ, բայց հաշվի առնելով, որ Լինթները չի հրաժարվել, պարզաբանումներ է ներկայացրել, գործի շրջանակներում նրա համագործակցությունը ճանաչեց որպես մեղմացնող հանգամանք, մեկնաբանում է գերմանական NDR-ը:
Մյուս կողմից, Բունդեսթագի քրիստոնյա դեմոկրատական միության անդամ Կարին Շթրենցի գործով (որ մահացել է 2021 թվականին) դատավորը հաստատեց կոռուպցիայի մեղադրանքը՝ դատավճիռը հրապարակելիս: Քաղաքական գործիչը չի կարող հետմահու դատապարտվել, ուստի նրա ամուսինը պետք է ստացած կաշառքը վճարի գերմանական իշխանություններին: Դատարանը նշեց , որ Շթրենցի գործը ընտրակաշառքի դասական դեպք է: «Շտրենցը թույլ տվեց, որ իրեն գնեն», նշել է դատավորը, ըստ NDR-ի:
«Մյունխենի դատարանը կասկած չունի, որ Շթրենցը ստացել է առնվազն 111,000 եվրո կաշառք՝ սկզբում Էդուարդ Լինթներից՝ իր «Line M Trade» ընկերության միջոցով, իսկ ավելի ուշ՝ անմիջապես Ադրբեջանի ներկայացուցիչներից: Պաշտոնապես վճարումները հայտարարագրվել են որպես խորհրդատվական պայմանագրերի համար վճարներ: Լինթներն Ադրբեջանից ստացել է ընդհանուր առմամբ 4 միլիոն եվրո եւ բաշխել այն քաղաքական գործիչներին», ծանուցում է գերմանական վերոնշյալ աղբյուրը՝ այլ մանրամասներ շարադրելով, որ տեղի սղության պատճառով ստիպված ենք համառոտել:
Երկրամասային բարձրագույն դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք կարող է ներկայացվել դաշնային դատարան: Սակայն դա չի ենթադրում փաստերի վերանայում, այլ պարզապես որոշման մեջ առկա հնարավոր իրավական սխալների ուսումնասիրություն կարող է լինել, նշում է NDR-ը: Այլ լրատվամիջոցներ այս հանգամանքը չեն էլ նշում:
Բունդեսթագի նախկին պատգամավոր քրիստոնյա դեմոկրատական միության անդամ Ակսել Ֆիշերի դեմ հարուցված վարույթն առանձնացվել է: Ֆիշերը մեղադրվում է (նաեւ) Ադրբեջանից ֆինանսավորում ստանալու մեջ, մինչ հիմա չի ընդունել իրեն ներկայացվածը, մի քանի անգամ հիվանդության պատճառով չի ներկայացել դատական նիստին: Նրա դեմ դատավարությունը նախատեսվում է վերսկսել աշնանը: Եթե այն չավարտվի, մինչեւ 2026 թվականի վերջը, վաղեմության ժամկետը կլրանա: Ինչպես առցանց «Ցայթն» է փոխանցում, Լինթներին փոխկապակցված մյուս երկու անձանց դեմ վարույթը ժամանակավորապես կասեցվել է՝ տուգանքների վճարման պահից հետո:
Մեղմ պատիժ, որ նախադեպ է ստեղծում
Գերմանական ԶԼՄ-ներն ընդգծում են, որ սա այս սկանդալի իրավաբանորեն առաջին պարտադիր դատավճիռն է: Դատավարության արդյունքների եւ այդ ժամանակվանից ի վեր ներդրված խստացված հակակոռուպցիոն կանոնների լույսի ներքո դատավճիռը կարեւոր նախադեպ է ստեղծում:
Դատավճիռը հստակ ազդանշան է քաղաքական ոլորտում կոռուպցիոն գործողությունների դեմ, չնայած նշանակված պատիժը համարվում է համեմատաբար մեղմ՝ հաշվի առնելով հանցագործության պահին գործող իրավական իրավիճակը: Կոռուպցիայի եւ լոբբիինգի կանոնների փորձագետ Աուրել Էշմանն ընդգծում է. «Կարեւոր ազդանշան է, որ Ադրբեջանի գործով առաջին դատավճիռը կայացվել է: Հաշվի առնելով հանցագործության ծանրակշիռ բնույթը, պատիժը մեղմ է, ինչը պայմանավորված է հանցագործության պահին իրավական անբավարար իրավիճակով»: Սակայն սկանդալից հետո իրականացվել են համապարփակ բարեփոխումներ, որոնք այժմ զգալիորեն հեշտացնում են խորհրդարանական կոռուպցիայի նման դեպքերի հետապնդումը: Օրինակ, ընտրված պաշտոնյաների շրջանում կոռուպցիայի սահմանումը զգալիորեն ընդլայնվել է, քաղաքական գործիչներին ուղղակի ֆինանսական նվիրատվություններն այժմ հստակորեն արգելված են, իսկ թափանցիկության պահանջները զգալիորեն խստացվել են:
Լրատվամիջոցները շեշտում են, որ Ադրբեջանի դեպքը վառ օրինակ է այն բանի, թե ինչպես կարելի է քաղաքական ազդեցություն գործադրել եվրոպական հաստատություններում գաղտնի վճարումների միջոցով: Դատարանի որոշումը առաջին քայլն է դեպի ավելի մեծ իրավական որոշակիություն եւ քաղաքական թափանցիկություն, բայց միեւնույն ժամանակ ընդգծում է ավելի հեռահար իրավական միջոցառումների անհրաժեշտությունը:
15 տարի անց «ադրբեջանական գործով» առաջին դատավճիռը Եվրոպայի խորհրդում եւ Բունդեսթագում կոռուպցիոն սկանդալի բացահայտման գործում կարեւոր դեր խաղացած Ֆրանկ Շվաբեի համար «ցնցող եւ խրախուսական է»: «Սա ցույց է տալիս, որ քաղաքական կոռուպցիան հետապնդվում եւ պատժվում է Գերմանիայում», կարծիք է հայտնում Շվաբեն տեղական՝«Ռուհր նախրիհթեն» թերթում: Էդուարդ Լինթները ակնհայտորեն կառուցել է խորհրդարանի անդամների վրա ազդելու եւ կաշառելու համակարգ, որը ֆինանսավորվում էր Ադրբեջանից ստացված գումարներով: Նա այժմ դատապարտվում է դրա համար», բացատրում է Շվաբեն: «Ազգում» 2024-ի մարտին https://azg.am/analytics/%d5%a3%d5%a5%d6%80%d5%b4%d5%a1%d5%b6%d5%ab%d5%a1%d5%b5%d5%ab%d6%81-%d5%b0%d5%a1%d5%bd%d5%af%d5%a1%d6%81%d6%80%d5%ab%d5%b6%d5%9d-%d6%83%d6%80%d5%af%d5%a5%d5%b6%d6%84-%d5%b4%d5%b8%d5%ac%d5%b8%d6%80/ անդրադարձել ենք Շվաբեի ներգրավվածությամբ Ադրբեջանի կաշառառության գործի մասին ARD-ի «Անդունդի եզրին» քաղաքական թրիլերին, որ դիտել են միլիոնավոր մարդիկ:
«Պատմական դատավճիռ»
Ֆրանկ Շվաբեն նկատել է տալիս, որ. «Կոռուպցիան համապարփակ կերպով պլանավորված էր: Ներգրավված էին խորհրդարանի բազմաթիվ այլ անդամներ եւ նախկին պատգամավորներ: Կարեւոր է շարունակել իրավական եւ քաղաքական հետաքննությունը»: «Transparency International» հակակոռուպցիոն կազմակերպությունը հուլիսի 30-ի դատավճիռն անվանում է «պատմական»: Այն «կարեւոր ազդանշան է համակարգային կոռուպցիայի դեմ», մեկնաբանում է կազմակերպության փոխնախագահ Բաուզեն: «Ընտրված պաշտոնյաների՝ ավտոկրատ պետությունների ազդեցությանը ենթարկվելը վտանգում է ժողովրդավարական մեր համակարգը»: Քաղաքական գործիչները եւ դատական համակարգը կոչված են այժմ համապատասխան եզրակացություններ անելու:
«Ադրբեջանական ռեժիմը կաշառել է Բունդեսթագի պատգամավորներին՝ այնտեղի բռնապետությունը հրապարակավ արդարացնելու համար»: «Կոռուպցիան կոռուպցիա է, կոռուպցիա է» վերնագրյալ հոդվածում գրում է «Զյուդդոյչե ցայթունգը»: Մյունխենի «Աբենդցայթունգը» այլ դիտանկյուն է հրամցնում՝ «Փողի եւ շքեղության համար. ՔՍՄ քաղաքական գործիչը դավաճանեց իր երկրին»:
«Ֆրանկֆուրտեր ալգեմայնե ցայթունգի» մեկնաբան Ռայնհարդ Վեզերը հոդվածը վերնագրել է «Կոռուպցիայի գայթակղությունը»:
«Գերմանական քաղաքականության մեջ ադրբեջանական ցանցը քաղաքականապես մեռած է 4 տարի առաջ դիմակների սկանդալից հետո, հանրության ուշադրության կենտրոնում հայտնվելուց ի վեր: Սակայն նախկին քաղաքական գործիչ Լինթների դեմ Մյունխենի դատավճիռը հիշեցում է, որ պետք է դասեր քաղել այն փաստից, որ նավթի եւ գազի հարստության շնորհիվ աշխարհաքաղաքական առումով կարեւոր, մի փոքր ավտորիտար պետություն կարողացավ կաշառել եվրոպական խորհրդարանների անդամներին: Գերմանիայում վաղուց ի վեր տիրում է այն կարծիքը, որ կոռուպցիան միայն այլ երկրների խնդիր է: Այդ պատճառով այստեղ շատ օրենքներ ավելի թույլ են, քան ԵՄ մյուս երկրներում: Սակայն մարդիկ ամենուրեք նույնքան ենթակա են գայթակղությունների: Եվ նրանց թիվը կարող է աճել: Ավելի ու ավելի կոշտ միջազգային մթնոլորտում քիչ հավանական է, որ եվրոպական ժողովրդավարությունների ավտորիտար հակառակորդները սահմանափակվեն այնտեղ անկարգություններ ստեղծելով՝ քարոզչության, ապատեղեկատվության եւ հետախուզական գործողությունների միջոցով: Արեւելյան Եվրոպայում անթիվ օրինակներ կան, թե ինչպես է ՌԴ-ն փորձում միջամտել այլ պետությունների քաղաքականությանը՝ կոռումպացված ցանցերի միջոցով: Միամտություն կլինի հավատալ, որ Մոսկվան, Պեկինը կամ ուրիշները նույնը չեն փորձի անել այստեղ: Դրա դեմ պետք է նախազգուշական միջոցներ ձեռնարկել՝ ավելի խիստ օրենքների միջոցով, բայց նաեւ հանրային իրազեկվածության բարձրացման միջոցով»:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Գերմանիա
Լուսանկարում՝ 33 տարի Բունդեսթագում ներկայացված ՔՍՄ պատգամավոր Լինթները 15 տարի առաջ Ադրբեջանից կաշառառության փաստը լոբբինգ էր ներկայացնում: Դատարանին չհամոզեց: