«Հորադիզից մինչեւ Հայաստանի սահման երկաթուղու շինարարությունն արդեն ընթացքի մեջ է՝ վստահ եմ, որ հաջորդ տարի այն ամբողջությամբ շահագործման կհանձնվի: Այն շատ հարմար ենթակառուցվածք կլինի»: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ օրերս ունեցած ելույթից մի հատված է սա, իսկ ելույթն, այսպես ասած «Զանգեզուրի միջանցքի»՝ իրականություն դառնալու մասին է:
Ըստ Ադրբեջանի առաջնորդի, Զանգեզուրի միջանցքի շրջանակներում արագացված տեմպերով իրականացվում է Հորադիզից Զանգելան չորս ու վեց շերտանոց ճանապարհների կառուցումը: Ճանապարհի փուլային շահագործման հանձնումը, վստահեցրել է Ալիեւը, 2023-ին կսկսվի:
Դեռեւս այս տարվա մարտի 11-ին, հիշեցնենք, Ադրբեջանի եւ Իրանի կառավարությունները փոխըմբռնման հուշագիր էին ստորագրել, որ վերաբերում էր այսպես կոչված` «Արեւելյան Զանգեզուրի» տնտեսական շրջանի եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության միջեւ Իրանի տարածքով հաղորդակցության նոր կապեր ստեղծելուն:
«Զանգելանի շրջանով անցնող երկաթուղին եւ ավտոմոբիլային ճանապարհները Զանգեզուրի միջանցքի շրջանակում ապագայում ոչ միայն Ադրբեջանի հիմնական մասը կկապեն Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության հետ, այլեւ նոր ճանապարհ կդառնան միջազգային բեռնափոխադրումների համար: Բացի այդ, Զանգելանից Կուբաթլի, ու Կուբաթլիից Լաչին բազմաշերտ ճանապարհ է կառուցվում: Այս տարի շահագործման կհանձնվի Զանգելանի միջազգային օդանավակայանն, ու ապագայում մենք Զանգելանը տեսնում ենք որպես միջազգային տրանսպորտային եւ լոգիստիկ կենտրոն»,- իր ելույթում ասել է նա:
«Ազգ»ի հետ զրույցում իրանագետ Վարդան Ոսկանյանն ասում է՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի քարոզչամեքենան Իրանի հետ հարաբերություններում գրանցված յուրքանաչյուր դեպք փորձում է ներկայացնել ուռճացված դրական քողի ներքո, դրա միջոցով փորձելով նախ ճնշում գործադրել մեզ վրա, երկրորդը՝ փորձել չեզոքացնել իրենց համար Իրանից բխող սպառնալիքները: Մարտի 11-ի փաստաթուղթը, բացատրում է, փոխըմբռնման հուշագիր է (դա պայմանագիր էլ չէ անգամ), ինչի վերնագիրը նույնիսկ աղճատվում է ադրբեջանական ԶԼՄ-ների կողմից: «Եթե ադրբեջանական ԶԼՄ-ները խոսում են ինչ-որ «Արեւելյան Զանգեզուրի» մասին, ինչն իր մեջ Արցախից օկուպացված մերձարաքսյան գոտին է ներառում նաեւ, ապա հուշագիրն, ըստ էության, վերաբերում է Ադրբեջանի՝ այսպես կոչված արեւմտյան շրջանների ու Նախիջեւանի միջեւ հաղորդակցության ապահովմանը: Որպեսզի առավել հասկանալի լինի ասեմ՝ այդ հաղորդակցությունն այս պահին էլ կա, ուղղղակի ադրբեջանական «իքս» բեռնատարն Ադրբեջանից Նախիջեւանի Ինքնավար Հանրապետություն հասնելու համար ավելի երկար իրանական տարածք է հատում: Հիմա այս նոր՝ կառուցվողով Ադրբեջանը փորձում է անցակետ ստեղծել Հայաստանից մոտավորապես 5 կմ հեռավորության վրա՝ այդպիսով կրճատելով Ադրբեջան-Իրան-Նախիջեւան ավտոճանապարհի իրանական հատվածը: Ադրբեջան-Իրան-Նախխջեւան ճանապարհահատված մշտապես է եղել, պարզապես այս նոր ճանապարհի քիչ հատվածն է անցնելու Իրանով, հինը կամ գործողն ամբողջությամբ է անցնում Իրանի տարածքով»,- ներկայացնում է մեր զրուցակիցը:
Ոսկանյանի գնահատականներով՝ հիմնազուրկ են նաեւ Ալիեւի այն հայտարարությունները, թե ադրբեջանական կողմը Հորադիզում՝ Արցախի բռնազավթված տարածքներում, շուտով ավարտին կհասցնի դեպի ՀՀ սահման ձգվող երկաթուղու շինաշխատանքները: Իրանական տարածքի այդ հատվածում երկաթուղային գիծ գոյություն չունի, երկաթուղին հասնում է մինչեւ Ջուլֆա, այնուհետ մուտք է գործում Հին Ջուղա՝ Նախիջեւանի տարածք:
«Ինչո՞ւ են իրանցիները համաձայնել նման հուշագիր ստորագրել»,- հարցին իրանագետն այսպես է արձագանքում. «Ակնհայտ է, որ իրանական շրջանակներում որոշ անհանգստություն կա առ այն, որ Հայաստանն, ադրբեջանցիների ճնշումներին տրվելով, կարող է բացել ադրբեջանաթուրքական երազանքի «Զանգեզուրյան միջանցք» կոչվածը, հետեւաբար իրանցիները ձգտում են պահպանել իրենց վերահսկողությունն Ադրբեջան-Նախիջեւան կապի վրա՝ անհրաժեշտության դեպքում սահամափակելու այն: Այդ կապը սահմանափակվել է նաեւ այն ժամանակ, երբ Ադրբեջանն ակնհայտ հակաիրանական դիրքորոշում է որդեգրել, իրանցիներն ուղղակի կտրել կամ գրեթե անանցանելի են դարձրել այն: Հետեւաբար Իրանը նաեւ այս նոր ճանապարհի միջոցով կփորձի իր վերահսկողության տակ պահել Ադրբեջան-Նախիջեւան կապը»:
ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ