Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հայտարարել է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողով ստեղծելու մասին։ Սա Նիկոլ Փաշինյանի իշխանության՝ պատերազմի դետալներն ուսումնասիրող թվով երկրորդ հանձնաժողովը կլինի։ Առաջինը, հիշեցնենք, Ապրիլյան 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովն էր, որ ձեւավորվել էր 2018-ի քաղաքական վերադասավորումներից անմիջապես հետո։ Հասարակությունն ու ՀՀ «հպարտ ու արժանապատիվ» քաղաքացիները մեծ ոգեւորությամբ էին ընդունել նոր-նոր իշխանության եկած «հեղափոխական» Փաշինյանի՝ նախկինների ժամանակ տեղի ունեցած պատերազմի հանգամանքները պարզելու համար ստեղծված հանձնաժողովի ստեղծումը։ Բայց այն, ինչ պարզվեց հանձնաժողովի աշխատանքներից հետո, մեղմ ասած հիասթափեցնող էր հասարակության լայն զանգվածների համար։ Ի՞նչ պարզվեց. Ապրիլյան պատերազմից հետո այն ժամանակվա ընդդիամդիր քաղաքական ու հասարակական գործիչների շուրթերից հնչած հայտարարությունները, թե ռազմի դաշտում զինվորները փամփուշտ չեն ունեցել, սոված են եղել ու ստիպված են եղել բահերով կռվել կամ խոտ ուտել, մեկը մյուսի հետեւից հերքվեցին արդեն իմքայլական պատգամավորների կողմից։ Թե իրականում ինչ եզրահանգումներ էր արել այդ հանձնաժողովը կամ ինչ էր ասվում դրա եզրակացության մեջ, այդպես էլ որեւէ մեկին հայտնի չդարձավ, այն որեւէ կերպով չհանրայինացվեց։
Ի տարբերություն Ապրիլյան քննիչ հանձնաժողովի, որի աշխատանքներին նաեւ այն ժամանակվա խորհրդարանական ընդդիմադիր երկու խմբակցությունները՝ «Լուսավոր Հայաստանն» ու «Բարգավաճ Հայաստանը» նույնպես մասնակցում էին, երեկ ձեւավորված հանձնաժողովում բացառապես իշխանական պատգամավորները կլինեն։
«Ազգ»ի հետ զրույցում Ազգային ժողովի «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները նշեցին, որ իմաստ չեն տեսնում մասնակցելու մի հանձնաժողովի աշխատանքների, որի նպատակը ոչ թե իսկապես պատերազմի հանգամանքները պարզելը, գնահատականներ տալն ու վերլուծություններ անելն է լինելու, այլ նախկին-ներկա տրամաբանության մեջ մեղավորներ փնտրելն ու կրկին «սեւերին» մեղադրելը։ Չի բացառվում, որ հանձնաժողովի աշխատանքների ամփոփումից ու գնահատականներից հետո «աղմակահարույց» նոր ձերբակալություններ լինեն, որոնք, ըստ երեւույթին, միայն բարձրաստիճան զինվորականներին, սպայական կազմին կամ «թալանչի նախկիններին» կվերաբերեն։
Իշխանությունը, փաստորեն, պատրաստվում է քննել իր իշխանության ժամանակ տեղի ունեցած ռազմական ագրեսիան ու դրա ժամանակ նաեւ իր կողմից թույլ տրված սխալները, բացթողումները։ Սակայն պարզից էլ պարզ է, որ իշխող ՔՊ-ն իր իսկ վրա մեղադրական ու հարցական հայացք չի գցելու։
ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ