Նախ՝ միանգամից արձանագրենք այն, ինչ կարեւորվել է գրքի փոքրիկ նախաբանում. գրքում հեղինակը փորձում է տալ իր ապրած ժամանակի անկեղծ, չխաղարկված, չմիջնորդավորված, գրականորեն անճանաչելի չդարձրած համապատկերը:
Գիրքը նրա, բոլորիս ապրած ժամանակի, այդ ժամանակի տարբեր գալարների մեջ տեղավորված մարդկանց, նրանց ճակատագրերի մասին է: Այդ ժամանակը նախ անցած դարի վերջին տասնհինգ-քսան տարին է՝ դժվար, հակասական, նաեւ երկրին անկախության բերած մի ժամանակ, որն իր մեջ ուներ դարափոխի ջղակծկումների ողջ կծիկը՝ անհատների ճակատագրեր էին հաճախ անդարձ փոխակերպումների ենթարկվում, հանրային միջավայր էր փոխվում, արժեքներ ձեւախեղվում: «Դեպի կյանք» վիպակը հենց դարի ավարտի եւ նոր դարասկզբի հակասական ժամանակն է ներկայացնում, ղարաբաղյան շարժման հետ գիրկընդխառն ապրող ու նաեւ դժվարությունների միջով անցնող անհատների ներաշխարհը՝ երկրի կյանքում տեղի ունեցող կարեւոր իրադարձությունների վավերականության հիմքով:
Իսկ պատմվածքներն ու մանր պատումներն ավելի շատ մեր ներկայի մասին են՝ կարծես վիպակի իրականությունը ներկա իրականության հետ հակադրել-համադրելու հնարավորությունը տալով ընթերցողին: Նոր դարում էլ կարծես չեն փոխվել առաջնահերթությունները՝ հերոսներին էլի երկրի ճակատագիրն է անհանգստացնում, բայց նաեւ այլ մտայնություն ու սերունդ է եկել, ու դա գրքի պատմվածքների ու վիպակի զուգահեռման մեջ հստակ երեւում է: Պատմվածքներում ե՛ւ վերջին ղարաբաղյան պատերազմի դրվագ կա՝ հախուռն սիրով միախառնված («Դժբախոտություն եւ սեր»), ե՛ւ պատերազմ անցած մարդկանց ու նրանց մտերիմների՝ կյանքի եւ սիրո ընկալման փոփոխություն («Հարազատներ»), ե՛ւ կյանքի իմաստի վերագնահատում («Հատուցումներից ամենաանհավանականը»), ե՛ւ բարքերի ախտորոշում («Գրողը եւ գրողը»):
Մանր պատումներում միջին երեւանցու կենցաղի, բարքերի մտահայեցողական արձագանքներ են, իրական եւ կեղծ արժեքների ակամա բաղդատումներ, ուղղակի ժամանակակիցների փոքրիկ կերպարապատումներ:
Արժե նկատել, որ բոլոր գործերի տողամեջերից սպրդում են մայրաքաղաքի կյանքի պատառիկներ, նրա արվաձանների բնակիչների կյանքին բնորոշ եւ հատկանշական դրվագներ հատկապես, այսինքն՝ այն , ինչ կատարվում է գրքում, դրա միջավայրը, գործողությունների վայրը Երեւանն է, ու սա էլ կարեւոր է տվյալ ժամանակի մեր մայրաքաղաքի կյանքը ներկայացնելու առումով:
Հեղինակի ոճը հանգիստ է, նա հանդարտորեն, առանց ողբերգական շեշտադրումների կարող է նկարագրել մարդու խորը թախիծը, այնպես, կարծես մի սովորական պատմություն է պատմում, բայց մեկ էլ հանկարծ մի անսպասելի տողով կամ ավարտով դուրս է ցայտում պատմության իրական ենթատեքստը եւ ամեն բան միանգամից դնում իր տեղը:
Պատմվածքների մեծ մասը հենց նովելային ավարտ էլ ունեն, երբեմն թվում է՝ դրանք կինոնովելներ են, այնքան որ պատկերավոր է նկարագրությունը, երեւում է ՝ հեղինակի մեջ խորը հետք է թողել հեռուստալրագրային կարճառոտ ոճը, հեռուստալրագրությամբ նա զբաղվել է տասնամյակից ավելի:
Հեղինակի արձակը ընթերցողի մասին մտահոգվող արձակ է՝ զերծ անիմաստ բառախաղերից, խելք խաղալու՝ այժմ ընդունված նորաձեւությունից: Հեղինակի զուսպ լեզուն ավելորդ բառեր, նկարագրություններ չունի, հակիրճ է եւ սակավ բառերով խիտ բովանդակություն փոխանցող: Թվում է՝ հեշտ ընթերցվող արձակ է, բայց պատմվածքն ավարտելիս ուզում ես վերադառնալ սկիզբ, որ տեսնես՝ ճի՞շտ ես արդյոք հասկացել հեղինակի ներքին միտքը, տողատակը:
Պատումների ոճը թեթեւ է, երբեմն խորանալով ենթատեքստերում, երբեմն կրկին մակերես դուրս գալով, ընթերցողի համար կարծես մի պահ ստեղծելով բովանդակության հետեւից հեշտ գնալու պատրանքը՝ մինչեւ մի նոր թանձրացում:
Մարիետա Խաչատրյանի «Դեպի կյանք» նոր գիրքը, նախորդ «Արտաժամանակ» գրքի հետ միասին, ներկա գրական բազմազանության մեջ առաջարկում է հեղինակի տարբերվող եւ առանձնահատուկ աշխարհը: Ի դեպ՝ այդ աշխարհն ավելի ընդգծում է հեղինակի գեղանկարչական աշխատանքներից մի քանիսով գրքի ձեւավորումը, որն ավելի գունեղ է դարձնում գիրքն ընթերցողի համար:
Գիրքը կազմել եւ ձեւավորել է Կարինե Արզումանյանը, տպագրել է «Վան Արյան» հրատարակչությունը:
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Լոս Անջելես