Տարօրինակ մարդ արարած
«Մահկանացու» իմաստով հնդեվորոպական նախալեզվից փոխառված բնիկ հայկական ՄԱՐԴ բառն ստուգաբանված է, բայց, իմաստաբանորեն պատկանում է իր ողջ էությամբ դեռեւս չբացահայտված խորհրդավոր բառերի շարքին:
Կարո՞ղ եք ասել՝ ո՞ր դեպքում է մարդը մեծատառով գրվում, ո՞ր դեպքում՝ փոքրատառով:
Ո՞վ կասի, ՄԱՐԴ բառը ո՞ր սեռին է պատկանում՝ արականին, թե՞ իգականին: Երբ Պարույր Սեւակն ասում է՝ «մարդ կա ելել է շալակն աշխարհի…», նկատի ունի միայն պաշտոնամոլ, խրախճասեր ու վայելքների սիրահար տղամարդկա՞նց, թե՞ կանայք նույնպես կարող են աշխարհի շալակը բարձրանալ: Չէ՞ որ, արական սեռին պատկանող հայերը, հատկապես Շիրակի մարզում, սեփականաշնորհել են ՄԱՐԴ բառը եւ մարդկության ավելի խոցելի հատվածի ներկայացուցչին «կնիկ-մարդ» են անվանում:
ՄԱՐԴ բառի նկատմամբ գենդերային խտրականությունը չի սահմանափակվում միայն Շիրակի մարզով: Հայաստանի մյուս մարզերի բնակիչները նույնպես ՄԱՐԴ բառին վերագրել են արական սեռին բնորոշ հատկանիշներ, եւ կնոջ ամուսնության համար հորինել «մարդու գնալ» արտահայտությունը, իսկ տղամարդու ամուսնությունը «կնկա գնալ» ձեւով արտահայտելը մի տեսակ անպատվաբեր են համարում:
Ամուսնական զույգին «մարդ ու կնիկ» անվանելը նույնպես մարդ-մահկանացուին արականություն հաղորդելու ձեւերից մեկն է:
Արդյո՞ք ՄԱՐԴՈՒ իրավունքների պաշտպանի կողքին ԿԱՆԱՆՑ իրավունքների պաշտպանի առկայությունը նույնպես ՄԱՐԴ բառիմաստի խեղաթյուրման փաստի մասին չի խոսում:
Ի դեպ, պարսիկներն էլ, անկախ հայերից, ՄԱՐԴ բառը փոխառել են հնդեվրոպական նախալեզվից, ու միանգամից նրան արականության հատկանիշներով օժտել: Հենց այդ պատճառով էլ, առանց երկմտանքի, Իրանում ՄԱՌԴ ասելով, տղամարդ են հասկանում, իսկ «ամենատղամարդ» ու ամենապատվարժան տղամարդկանց՝ ջավան-մարդ անվանում (հայերենով՝ ՋՈՄԱՐԴ): (Ի դեպ, Ղազախստանի նախագահ Կասիմ-ԺՈՄԱՐՏ Տոկաեւի անվան մեջ նույնպես կարող եք «պատվարժան տղամարդու» հետքեր որոնել):
ՄԱՐԴ բառի իմաստը խեղաթյուրելու հարցում հայերն ու իրանցիները միայնակ չեն: 1927 թվականից ԱՄՆ-ում լույս տեսնող «Թայմ» հանդեսը ավանդաբար հրապարակում է «Տարվա մարդ» անվանակարգին արժանացած անձանց անունները: Այդ ցանկի առաջին հորիզոնականն զբաղեցնում է արական սեռին պատկանող օդաչու Չարլզ Լինդբերգը, որը պատմության մեջ առաջին անգամ միայնակ թռչել-անցնել է Ատլանտյան օվկիանոսը:
Տարբեր տարիների Տարվա մարդ են ճանաչվել Ֆրանկլին Ռուզվելտը, Ադոլֆ Հիտլերը, Իոսիֆ Ստալինը, Ջոն Քենեդին, Ջորջ Բուշը, Վլադիմիր Պուտինը, Ֆրանկլին Ռուզվելտը, Ջորջ Մարշալը, Հարի Թրումանը, Ուինսթոն Չերչիլը, Դուայթ Էյզենհաուերը, Լինդոն Ջոնսոնը, Ռիչարդ Նիքսոնը, Ռոնալդ Ռեյգանը, Միխայիլ Գորբաչովը, Բիլ Քլինթոնը, Բարաք Օբաման… (բոլորն էլ արական սեռի ներկայացուցիչներ):
Հայաստանում էլ Տարվա մարդ անվանակարգին արժանացած այրեր շատ կան, բայց մեզանում Տարվա Մարդը, եւ ընդհանրապես՝ մեծատառով գրվող ու ամենաարժանապատիվ Մարդը, անկախ սեռական պատկանելությունից, բոլոր ժամանակների մեր Հայ Զինվորն է:
ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ