Հերթական մշակութային կողոպուտ
Դեկտեմբերի 2-ին լույս տեսնող իրանական ԶԼՄ-ները տարակուսանքով հայտնեցին, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում» ընդունվել է Աքեմենյան շրջանից Իրանում տարածում գտած իրանական ավանդական սպորտաձեւերից «զուրխանեական ծեսերը» ներառելու մասին Ադրբեջանի դիմումը, եւ ներկայումս Բաքուն հավակնում է դառնալ այդ «մշակութային ժառանգության» տերն ու տիրականը:
Այս մշակութային խեղաթյուրումը հասկանալի պատճառներով Իրանում բողոքի ալիք է բարձրացրել: Այնտեղ սկսել են կասկածել, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն կա՛մ իր ներկայացուցչական ցանկում գրանցվելու նպատակով ներկայացվող փաստերն ստուգելու հնարավորություններ չունի, կա՛մ էլ դրանք հաճախ շոգիանում են նավթի ու խավիարի գարշահոտից: Իրանցիներն արդեն գիտեն, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ում նույն մեխանիզմների ազդեցության տակ, հօգուտ Ադրբեջանի մշակույթի նյութական եւ ոչ նյութական ժառանգության հավելագրման, գրանցվելու փորձեր են արվելու նաեւ այլ արժեքներ, այնպես ինչպես միջազգային հանրությանը հայտնի են Ադրբեջանի կողմից մշակութային կողոպուտի բազմաթիվ փորձեր, որոնցից 2021 թվականի նոյեմբերին իրանցի աշխարհահռչակ բանաստեղծ Նիզամուն «յուրացնելու» եւ նրան գայլային կերպար «շնորհելու» Բաքվի նկրտումներն էին:
Շնազգիների գերդաստանին պատկանող գարշելի գայլը ոչ միայն մեզանում,այլ նաեւ իրանցիների մոտ ամենաբարի ու անվնաս կենդանիների շարքին չի դասվում, եւ եթե այդ վայրասունի անունը հայտնվում է հայի կամ իրանցու մականվան մեջ, նշանակում է, որ դրանով բնորոշվելու է մարդու անկուշտ ու ագահ լինելը, կամ՝ գազանային հատկությունը:
Եվ ընդհանրապես, հայերի ու իրանցիների ժողովրդական հավատալիքներում գայլը միշտ էլ հանդես է եկել որպես չար ոգիներին հավասար մարդակերպ հրեշ:
Հետաքրքրականն այն է, որ հայերեն գայլ եւ պարսկերեն gorg բառերը ծագում են միեւնույն արմատից, ու տվյալ լեզուների համար հանդիսանում բնիկ բառեր, որոնց հիմքը տեսանելի է նաեւ սանսկրիտում (vrka) եւ զենդերենում (v hrka): (Ի դեպ, Կասպից կամ Գորգան ծովի Վրկանաց ծով հայերեն անվանումը բխում է հենց vrka արմատից):
Պարսկերեն gorg բառն իրանական մշակույթում խորշանք առաջացնող բառ է, եւ այդ գիշատիչ կենդանու կերպարի մասին իրանցի հեղինակների անբարեհաճ վերաբերմունքն էլ՝ դրա ապացույցը: Հիշենք բանաստեղծական տողերում գարշելի կենդանու մասին, օրինակ, Նիզամու արտահայտած վերաբերմունքի բազմաթիվ դրվագներից միայն երկուսը.
Պատգամդ մեծ է, հռչակդ նույնպես՝ բարձր ու փառահեղ,
Պետք չէ քողարկես գայլի մորթու մեջ առյուծդ զորեղ:
Գոյատեւելուց մենք խիստ տկար ենք՝ թույլ ու ուժասպառ,
Քանզի մշտապես վայրի գայլի հետ մղում ենք պայքար:
Գայլի բացասական կերպարի մասին բազմաթիվ ակնարկներ կան նաեւ իրանցի մյուս անվանի բանաստեղծների գործերում:
Իսկ թուրքերը, ելնելով իրենց դիցաբանությունից, եւ հիմք ընդունելով Asena կոչված էգ գայլի եւ թուրք էթնոսի ծագումնաբանության միջեւ կապը, ջերմ ու սիրալիր վերաբերմունք են ցուցաբերում գայլի նկատմամբ: Եվ նրանց կրտսեր եղբայրները Նիզամու թյուրքական ծագման մասին կեղծ ապացույց ներկայացնելու համար, առանց հաշվի առնելու բանաստեղծի արգահատելի վերաբերմունքն այդ կենդանու նկատմամբ, հորինել են Նիզամու գեղարվեստական հանճարին չհամապատասխանող երկտող, ապացուցելու, թե իբր բանաստեղծը խոսում է իր թյուրքական ծագման մասին:
Նիզամուն վերագրվող կեղծ տողերն են՝
Թուրք ենք բոլորս հայրական տոհմից,
Գայլերի նման խոհեմ ու անբիծ:
Արդյո՞ք իրանական հարուստ մշակույթը ներկայացնող հանճարեղ բանաստեղծը կարող էր այդ գորշ կենդանու հետ ազգակցական կապ ունենալ:
ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ