ՀԱՅԸ ՄԻԱՆԳԱՄԻՑ Է ՈՏՔԻ ԿԱՆԳՆՈՒՄ
Հայերն իրանական Ատրպատականում ապրել են դարեր շարունակ, ու այսօր էլ այդ ծաղկուն գաղութից մնացած փոքրաթիվ համայնքով շարունակում են օտար ափերում բարձր պահել հայի պատիվը:
Բնականաբար, գոյաբանական առանձնահատկությունների բերումով հարթ չի եղել հայերի ու Ատրպատականի տեղաբնակների միջեւ համակեցությունը: Եվ այսօր Ատրպատականի հայ համայնքի նոսրացումը կարելի է բացատրել նաեւ այդ համագոյակցության հետեւանքների տրամաբանությամբ:
Հայերի ու Ատրպատականի թյուրքախոս տարրերի միջեւ շփումների արդյունքում, թե՛ հայերի եւ թե՛ տեղաբնակների մոտ ձեւավորվել են միմյանց վարքն ու կեցությունը բնորոշող լեզվական միավորներ՝ թեւավոր խոսքեր, ասացվածքներ, որոնցով կարելի է այդ հարաբերությունների մասին պատկերացում կազմել:
20-րդ դարի սկզբին Թավրիզում ծնված անվանի բանաստեղծուհի Փարվին Էթեսամիի՝հայերի վայելած հարգանքի մասիններքոգրյալ չափածո խոսքը պատահական չէ՝
Քարոզիչը դիմեց որդուն ու հարց տվեց մի անգամ.
–Գիտե՞ս որդիս, ո՞վ է արդյոք մուսուլմանը պատվական:
Նա պիտ լինի ազնիվ, արդար, ժողովրդին ծառայող,
Երկրպագի իր ողջ կյանքում, լինի խոնարհ անսահման:
Որդին ասաց, –այս որակով մեր քաղաքում բովանդակ
Մուսուլմանը մեկն է միայն, այն էլ հայ է իսկական:
Ատրպատականցի տեղաբնակների մոտ քրիստոնյա հայը, շնորհիվ իր դավանած կրոնի, դիտվել է որպես եվրոպական ու արեւմտյան բարքերի կրող, եւ նրան է վերագրվել այդ աշխարհամասին բնորոշ հատկություններ: Թերեւս դա է պատճառը, որ թյուրքերենում թեւավոր խոսքի արժեք է ստացել «Ermənilik yaxşıdır, qıyamətdə dadı cıxmasa»(հայ լինելը լավ է, միայն թե ահեղ դատաստանի ժամանակ համը դուրս չգա) ասացվածքը, որը վկայում է հայերի եվրոպական կենցաղավարության մասին: Դրա մասին է վկայում նաեւ Ատրպատականում լոլիկի թուրքերեն «Erməni badımcanı» (հայկական սմբուկ) անվանումը, որը պարսկերենով կոչվում է «goje farangi» (եվրոպական միրգ)։ Քանի որ այդ մշակաբույսը Կաջարների տիրապետության օրերին Պարսկաստան է ներմուծվել Եվրոպայից:
Սակայն կան նաեւ հայերին ուղղված ոչ այնքան հարգալից արտահայտություններ, որոնցից է՝ «Erməni dığası kimi qabağa gəlməkdən dala gedər» (Հայի տղայի նման, առաջ գալու փոխարեն, հետ է գնում) ասացվածքը, որտեղ «Erməni dığa»(հայի տղա) բառակապակցությունն իր անհարգալից իմաստով հավասարազոր է հայերենով հնչող «թուրքի լամուկ» արտահայտությանը:
Թավրիզի թյուրքերենով «Canı boşluqdan erməniyə dayı deyir»(ծուլության պատճառով հային քեռի է ասում) ասացվածքին համապատասխան արտահայտություն հայերենում չգտա, եւ այն «էշին քեռի ասել» հայերեն դարձվածքի հետ որեւէ կապ չունի: Դրա մասին են վկայում շահադիտական իմաստ պարունակող ադրբեջաներեն “Erməniyə dayı de, arxı keçənə kimi” (Մինչեւ առվակն անցնելը հային քեռի ասա)եւ“Erməniyə əl ver, çayı keçənə qədər” (մինչեւ գետն անցնելը հայի ձեռքը սեղմիր) դարձվածքները:
Դառը ճակատագրի բերումով արհավիրքներին միշտ պատրաստ հայի զգաստ կեցվածքից ելնելով է, որ թավրիզցիները թյուրքերենով կազմել են “Erməni qalxanda bir yoldan qalxar”(հայը միանգամից է ոտքի կանգնում) թեւավոր խոսքը։
Այո, հայը միանգամից է ոտքի կանգնում։
Գրիգոր Առաքելյան