Արեւելյան դիվանագիտության աղն ու հացը
Պարսկերենում լայն տարածում ունի namak-gir (հյուրասիրությամբ կաշկանդված կամ պարտավորված) արտահայտությունը, որի համարժեքը հայերենում չկա (պայմանականորեն այդ արտահայտության համար առաջարկում եմ «աղապարտ» տարբերակը): Եվ քանի որ «աղապարտությունը» սերտորեն առնչվում է «աղուհացի» դիվանագիտության հետ, ուստի դրա մասին պատկերացում ունենալը խիստ կարեւոր եմ համարում:
Նախ՝ «աղուհացի» դիվանագիտության մասին.
Դիվանագիտությունը օսլայած օձիքներով ու գուլպաների գույնին համապատասխանող փողկապներով բարձրաշխարհիկ ընդունելություններին մասնակցությունը չէ, այլ՝ կառավարության գործունեությունը պետության արտաքին եւ միջազգային քաղաքականության իրագործմանը միտված միջոցառումների մի ամբողջ համակարգ: Այն ենթադրում է տարբեր բնավորության ու խառնվածքի տեր մարդկանց հետ շփվելու եւ «լեզու գտնելու» կարողություններ: Այսպիսով, շփման եզրեր որոնելու ճանապարհին առաջացել եւ առաջանում են դիվանագիտության այս կամ այն անվանումները: Հանրային, մաքոքային, խորհրդարանական, խավիարային, ֆուտբոլային, եւ շրջանառության լայն տարածում ստացած արդեն իսկ հայտնի ձեւերի կողքին հայտնվել են այլ անվանումներով դիվանագիտական հնարքներ, որոնցից է նաեւ «աղուհացի» դիվանագիտությունը:
Դիվանագիտության այս տեսակն առավելապես ընդունված է Արեւելքում: Օրինակ, արեւելցու համար ցանկալի է, որ բանակցությունների սեղանը հագեցած լինի հարուստ ընդեղենով ու ախորժաբեր ուտեստներով: Արեւելցին գերադասում է, որ իր հետ բանակցողը լինի բարձր պաշտոնյա, միեւնույն ժամանակ այդ բարձր պաշտոնյայի կողմից արժանանա պատվի ու մեծարանքի: Արեւելցու հետ բանակցելիս անհրաժեշտ է զգուշանալ վիրավորական խոսքի տպավորություն թողնող երկիմաստ արտահայտություններից: Նա չպետք է զգա, որ իր զրուցակիցը միայն դիվանագիտական շեշտադրումներով է միտքն արտահայտում: Նրա համար ենթատեքստերն ավելի կարեւոր են:
Ինչպես նշվեց, «աղուհացի» դիվանագիտությունն ու պարսկերեն namak-gir [նամաք-գիր] (աղապարտ) բառը փոխկապակցված են: Քանի որ աղով պատվելը մի հնարք է, որով արեւելցին փորձում է պարտավորեցնել հյուրին՝ հետագայում իր խնդրանքների կատարումը պարտադրելու համար:
2019 թվականի օգոստոսին Կիեւ այցելած Իսրայելի վարչապետի տիկինը, ըստ երեւույթին, իմանալով աղի «պարտավորեցնող հատկության» մասին, հրաժարվում է իրեն մատուցած աղուհացը համտեսելուց, ինչը հարուցում է հյուրընկալողի դժգոհությունը:
2013 թվականի ապրիլին Իրանի ԱԳՆ խոսնակ Մեհմանփարասթի Բելառուս այցելության ընթացում Մինսկի համալսարանի իրանագիտության կենտրոնի բացմանն իրանցի հյուրին աղուհաց հրամցնելու ժամանակ, իրանական պատվիրակության անդամներից մեկն զգուշացնում է Մեհմանփարասթին, թե բելառուսները ցանկանում են իրանցիներին նամաք-գիր՝ աղապարտ անել (պարտքի տակ դնել):
Ահա թե ինչո՞ւ, թե՛ կենցաղում եւ թե՛ դիվանագիտության մեջ պետք է զգուշանալ աղի չարաշահումից:
ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ