Ակնոց ընտրելիս
Ակնոցիս ժամկետի ավարտին մնացել էին հաշված շաբաթներ: Դեն շպրտելուց առաջ պիտի նորը ձեռք բերեի…
Օպտիկայի խանութում տեսականին մեծ էր, եւ դրա համար էլ ստիպված սկսեցի մեկ առ մեկ տնտղել:
Երիտասարդ տարիքում, երբ մասնագիտություն էի ընտրում, ավելի հեշտ կողմնորոշվեցի եւ միանգամից կանգ առա քարտաշի մասնագիտության վրա՝ դառնալով թե՛ արվեստագետ-քանդակագործ, թե՛ բանվոր-շինարար, եւ թե՛ մարզված մկաններով սպորտսմեն:
Հիմա, երբ ընդամենը ակնոց էի փնտրում, ավելի էի խճճվել: Նույնիսկ կյանքի ընկեր ընտրելու ժամանակ այդքան շփոթված չէի:
Ցուցադրված բոլոր ակնոցներն էլ շլացուցիչ էին՝ գեղեցիկ: Ինձ օգնության հասած վաճառողուհուն խնդրեցի չխանգարել ու մեզ հանգիստ թողնել նկատի ունեի ինձ եւ իմ համեստ ճաշակին այնպես, ինչպես մասնագիտություն եւ կյանքի ընկեր ընտրելու ժամանակ մեր միջեւ ոչ մի միջնորդ չկար:
Վերցրեցի առաջին ակնոցը: Նկատեցի, որ խոշորացույց է եւ ամեն ինչ բնականից ավելի մեծ է ցույց տալիս: Մի կողմ դրեցի ու վերցրեցի հերթականը:
Երկրորդը գունավոր էր դրեցի աչքերիս, եւ աշխարհը վարդագույն թվաց: Ինձ դուր եկավ, բայց դրանից էլ հրաժարվեցի, քանի որ ամեն ինչ իդեալականացված էր ցուցադրում՝ ոչ բնական:
Երրորդը հնաոճ էր: Մի տեսակ օգտագործվածի տպավորություն էր թողնում: Դա էլ մի կողմ դրեցի ու աչքս սահեցրի հաջորդ ակնոցների վրա:
Հաջորդը, ճիշտ է, ֆիրմային էր, եւ վրան Made in USA էր գրված, բայց անմիջապես հասկացա, որ դա էլ մեր ավանդական ճաշակի հետ կապ չունի:
Խանութում ցուցադրված էին նաեւ ջրասույզների՝ հավանաբար էքստրեմալ իրավիճակների համար նախատեսված ակնոցներ դրանք նույնպես ինձ դուր չեկան:
Մեկ ուրիշի վրա էլ գրված էր՝ Made in Belarus: Անմիջապես հասկացա, որ դա էլ իմը լինել չի կարող, եւ վաճառողուհու աչքից հեռու դեն շպրտեցի: Ակնոցներից մի քանիսն էլ նույնի կրկնությունն էին՝ տարբեր մակագրություններով:
Ինձ պատահած հերթական ակնոցն էլ կարծես կլոունի դիմակ լիներ եւ իմ միջավայրին՝ ոչ հարիր: Դա էլ տհաճությամբ մի կողմ դրեցի:
Հանկարծ մի անկյունում հայկական զարդանախշերով երիզված ակնոց նկատեցի, որի վրա գրված էր՝ «Պատրաստված է Հայաստանում»: Թեեւ նշված չէր, թե խոսքը ո՞ր Հայաստանի մասին է, այնուամենայնիվ դրեցի աչքերիս ու զմայլվեցի իմ Հայաստան աշխարհի գեղեցկությամբ:
Գ. ԱՌԱՔԵԼՅԱՆ





