Գժերի վարքագիծը
«Գիժ» բառը պարսկերենից է «ներխուժել» մեր բառապաշարի մեջ ու անմիջապես «քաղաքացիություն» ստացել: Թեեւ «խելագար» իմաստն արտահայտող «գիժ» ածականը զուրկ է վիրավորական լիցքից, ու հաճախ սիրահար զույգերի միջեւ փոխանակվող դիմելաձեւի է վերածվում, սակայն հայերենը, սիրահար զույգերի խաթրը շահելու համար, հորինել է «գժուկ» փաղաքշական տարբերակը, որ լսելիս, ոչ թե վիրավորվում, այլ փշաքաղվում ես (փաղաքշվում):
Գժի հետ առնչություն ունեցող փաղաքշական ու դրական լիցք պարունակող իմաստների մեջ կարելի է բացառություն համարել «գժի թուղթ» ձեռք բերած անմեղսունակներին եւ պատահականորեն փոսի մեջ քար նետած ու խելոք մարդկանց համար գլխացավանք առաջացնող գժերին:
Խենթ ու խելագար իմաստով ԳԻԺ բառից ածանցված «գժական» մակբայն էլ հաճախ օգտագործվում է «շատ լավ», «ընտիր», «հոյակապ» իմաստներով: Երբ ասում ենք «գժական հարսանիք», հասկանում ենք մեծաքանակ հյուրերի ու շոու բիզնեսի բազմաթիվ ներկայացուցիչների մասնակցությամբ, ահռելի ֆինանսական միջոցներով կազմակերպված հարսանյաց հանդես, կամ՝ «դարի հարսանիք»:
Գիժը թեեւ պարսկերեն gij հոմանիշից է փոխառված, բայց պարսկերենում բառը չունի խելագար, խենթ եւ վերջապես՝ հայերենին բնորոշ ԳԻԺ նշանակությունը, այլ արտահայտում է «շշմած», «բժժած», «ապշած», «թմրած» իմաստները: Երբ 13-րդ դարի իրանցի բանաստեղծ Մոլանան ասում էր՝ az saghare u gij ast saram (Նրա գինու թասից գլուխս «գժվել է»), նկատի է ունեցել, որ խմելուց գլուխը բժժել է՝ հարբած է:
Խենթի ու գժի միջեւ տարբերությունը տեսանելի է հատկապես իրանական Ատրպատականում թյուրքերենով հնչող ասացվածքի մեջ՝ ՛՛deli qirmizini sever, gic sarini՛՛, որ նշանակում է՝ «խենթը կարմիրն է սիրում, իսկ գիժը՝ (բժժած մարդը) դեղին գույնը»:
Հայտնի է Հարուն ալ-Ռաշիդի ժամանակակից, «խելոք գիժ» մականունով խենթի կերպարանք ընդունած Բահլուլի մասին պատմությունը, որ կարմիր ու դեղին գույների համադրությամբ շորերով խրատում ու դաստիարակում էր մարդկանց:
Իսկ մեր իրականության մեջ կա խենթանալու արդարացված պատրվակ. ցանկալի նպատակին հասնելու համար երբեմն մարդիկ ստիպված են լինում խենթ ձեւանալ: Օրինակներից է մեծանուն վիպասան Րաֆֆու «Խենթ» վեպի հերոսը՝ Վարդանը, որ մահապարտի դերում խենթ ծաղրածու է ձեւանում ու ազատ շրջում քաղաքից քաղաք՝ տեղեկություններ հավաքելով թշնամու բանակի մասին, եւ վերջապես, օգնության խնդրանք բովանդակող նամակը հասցնում ռուսական բանակի հրամանատարին:
ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ