Ստեղծագործական ուժերի ծաղկման շրջանում կյանքից հեռացավ կոմպոզիտոր Աննա Ազիզյանը
Կոմպոզիտոր Աննա Ազիզյանի ստեղծագործություններին եւ փոխադրումներին ծանոթացա սրանից վեց տարի առաջ, երբ հանդիսականին երեւանյան բեմից մատուցվեցին նրա հոգեւոր տաղերի, ժողովրդական հարազատ ինտոնացիաներով նանիկի, աղոթք-երգերի փոփոխական մետրով, չկրկնվող ռիթմիկ բանաձեւումներով ասերգային ազատ շնչառությամբ մեղեդիները, երաժշտական կառույցներ, որոնք ի հակակշիռ քառյակային երգի կրկնվող ռիթմիկ բանաձեւերին, տանում էին դեպի երաժշտական մտքի շարադրման ազատ, անսպասելի շրջադարձերի, եւ զուգահեռվելով հոգեւոր երաժշտամտածողությանը՝ գնում դեպի մեր երաժշտական մտածողության ակունքները:
Աննային 2016 թ.աշնանն առաջին անգամ տեսել էի Աշտարակի Կարմրավոր եկեղեցում՝ կիրակնօրյա պատարագին՝ իր ղեկավարած մանկական երգչական խումբը գավիթ առաջնորդելիս: Հենց այն ժամանակ էլ խոսք գնաց «Տաղարանի» համերգին իր «Մարիամաձոն» երգերը կատարելու մասին: Երգչախմբի եւ ձայնի ու դաշնամուրի համար իր գրած գործերում բազմիցս է դիմել Ս. Աստվածամորը՝ Ս. Հոգուց ավետումն ստանալուց եւ մայրանալուց, խաչելության Գողգոթայով անցնելով եւ սրբանալով մինչեւ հավերժական Լույսին միաձուլվելը:
2017-ին երեւանյան համերգասրահում հնչեցին նման՝ ոգեղենությամբ լեցուն, գեղեցիկ կառույցներով հույզի տարբեր երաժշտական արտահայտություններ, որոնք առանձին-առանձին աղոթքներ են, իսկ միասնաբար՝ առ Երկինք եւ մարդու հոգի ուղղված ուղերձ-խնդիրք-խոկումներ: Երկերի երաժշտական հյուսվածքը պոլիֆոնիկ էր: Յուրաքանչյուր ձայն սկզբնավորվելով հենակետային կենտրոն ձայնից, բաժանվում էր մի քանի ձայների, ծավալվում՝ երբեմն որպես հիմնական մեղեդու ենթաձայնային արձագանք, երբեմն էլ ստեղծում իր ուրույն գիծը՝ ուղղահայացում ստեղծելով հոմոֆոն-հարմոնիկ ուրույն հնչողություն: Յուրաքանչյուր ձայն միաժամանակ եւ՛ հիմնական մեղեդուն ուղեկցող ու լրացնող գույն էր, եւ՛ առանձին վերցրած ուներ ինքնուրույն մեղեդային հիմք, որը փոխանցվում էր մի ձայնից մյուսին՝ ձեւավորելով բարդ ու նուրբ ամբողջական հնչյունային ասեղնագործ հյուսվածք: Մաեստրո Սեդրակ Երկանյանի խոսքերով՝ «դա մի նոր եւ ուրույն հնչյունային աշխարհ էր»:
Մեր զրույցների ժամանակ Աննան հիշում էր իր հոր արցունքները, երբ լսել էր իր դստեր առաջին ստեղծագործությունը. դա կամերային նվագախմբի եւ դաշնամուրի համար կոնցերտային նախերգանք էր: Այդ արցունքները հասկացումի, իր անձի ու ստեղծագործության յուրովի ընկալման ու նաեւ ճանապարհի օրհնության նշան էին: Հետո պիտի լինեին բազում այլ արարումներ, այդ թվում՝ հոգեւոր բնույթի, Աննան պիտի կայացներ իր կյանքի համար շրջադարձային որոշումներ, որոնք ոչ բոլորը պիտի հասկանային, պիտի հայրենի Աշտարակում ուսուցչի դերը գերադասեր մայրաքաղաքային կյանքից ու կարիերայից, պիտի ուսուցաներ ապագա երգիչ-երաժիշտների մի քանի սերունդներ, հոգեւոր երաժշտության հունչով պիտի կրթեր մանկանց… Եվ շարունակեր ստեղծագործել: Վերջին տարիներին դասախոսում էր նաեւ Երեւանի պետական կոնսերվատորիայի Խմբավարական եւ սիմֆոնիկ դիրիժորության ամբիոնում՝ վարելով «Վերադաշնակում» դասընթացը:
Կոմիտասի անվան երաժշտանոցում վաղ տարիների փաստաթղթերում մինչ օրս պահպանվում է Աննա Ազիզյան ապագա կոմպոզիտորի ընդունելության մասնագիտական քննությանը ներկայացրած գործերի ցանկը՝ Տրիո, «Մանիներ» դաշնամուրի համար, «Մտորում» ֆուգետա, «Ռեքվիեմ սիրո» երգ-ռոմանս, «Ճանապարհի երգ», «Առավոտ լուսո» երգչախմբի համար ստեղծագործությունները: Գերադասությունը տալիս էր երգչախմբային ստեղծագործություններին:
Տարիներ առաջ մեր զրույցին Աննան իր ստեղծագործության մասին որոշ «փակագծեր» է բացել. «1985-ից սկսած ներքին լսողությանս անբացատրելի մղումով եմ արարել, որ տասնամյակներ չմարեց, թեեւ 90-ականներից սկսած մինչեւ 2000-ականները գործերիս կատարումն անհնարին էր: Ինձ համար նշանակալից են գրեթե բոլոր գործերս, որովհետեւ դրանցից յուրաքանչյուրն ինձ փոխադրում է մի նոր չափում: Ինձ համար չկան աննշանակալից մարդիկ, չկան աննշանակալից օրեր, ժամեր: Չկա նաեւ աննշանակալից ստեղծագործություն: Յուրաքանչյուր երկ նախորդի ստեղծագործական փուլն ավարտող, ի մի բերող եւ նոր փուլի սկիզբ ազդարարող գործ է եղել: Երաժշտական դպրոցն ավարտելիս՝ «Հայոց բերդը» (1980) դաշնամուրի համար, երաժշտական ուսումնարանն ավարտելիս «Մանիները» դաշնամուրի համար (1984), «Երեք տաղը միջնադարյան բանաստեղծների խոսքերով» (1985), «Վարուժանյան շարքը» (1985-86), «Զուգահեռը» (2005-2008) «Հովեր» կամերային երգչախմբի համար, «Պոչատ Աղվեսը…» կանտատ-մյուզիքլը մանուկների ու պատանիների համար, «Համշենաշարը», «Տաղարանի» համար վերաիմաստավորված եւ նորովի խմբագրված «Մարիամաձոնը»… Ամենն իմ անցած ճանապարհի որոշակի փուլում Լույսի բռնկումներ են եղել, որոնք ինձ տեղափոխել են մի չափումից մյուսը»:
Երբ Աննան ընդունվեց երաժշտական դպրոց՝ դաշնամուր չուներ: Պարապում էր Կույրերի միավորման աշտարակյան ձեռնարկության ակումբում՝ սեւ, խունացած, լարից ընկած դաշնամուրի վրա, երեկոյան ժամերին էլ, երբ ազատ դասարաններ կային երաժշտական դպրոցում, որի բակի ծաղիկները խնամում էր իր Սաթենիկ տատիկը, որը թեեւ տառերը եւ նոտաները չգիտեր, բայց հզոր ու գեղեցիկ ձայն ուներ եւ լսողությամբ երկու ձեռքով դաշնամուր էր նվագում…
Շուտով Աննայի հայրը, համոզվելով, որ դուստրը լուրջ վերաբերմունք ունի երաժշտության նկատմամբ, կատարեց իր խոստումը՝ նրա համար դաշնամուր գնեց: Շատ շուտով ծնվեց աղջնակի առաջին դաշնամուրային պիեսը, եւ Աննային ներկայացրեցին Ռոբերտ Ամիրխանյանին: Սկսվեցին կոմպոզիցիայի առաջին դասերը… Շատ ավելի ուշ՝ Կոմիտասի անվ. կոնսերվատորիայում ուսանեց Էդվարդ Միրզոյանին, 1987-ին իր «Վարուժանյան» խմբերգաշարն արժանացավ համամիութենական 3-րդ մրցանակի, դրանից յոթ տարի անց դարձավ Հայաստանի կոմպոզիտորների եւ երաժշտագետների միության անդամ: Կոնսերվատորիան ավարտելուն պես՝ 1990-ից աշխատանքի անցավ իր ծննդավայր Աշտարակի Ա. Այվազյանի անվ. երաժշտական դպրոցում: Միաժամանակ ՀՀ Մշակույթի նախարարության «Մշակութային կրթության աջակցության» հիմնադրամի Արագածոտնի մասնաճյուղի մեթոդիստ-մանկավարժն էր:
«Յուրաքանչյուր սերունդ եւ ամեն մի մանուկ ունի իր յուրահատկությունը, իր ընկալունակության սահմանը, իր հետաքրքրությունները, բնավորությունը, ի՛ր անհատականությունը, անկրկնելի, առանձնահատուկ աշխարհը,- ասում էր Աննան:- Երբեք նույն թեման նույն կերպ մատուցել հնարավոր չէ: Դասավանդվող առարկայի մատուցման բովանդակությունը, բառերը նույնն են, բայց մատուցման ձեւերը, եղանակները, երեխաների կողմից տվյալ նյութի ընկալման գործընթացն անկրկնելի է: Ավելի հիասքանչ բան չկա, քան փայլող աչքերով մանչուկը, որն սկսում է լսել եւ գիտակցել հնչյունի բարձրությունը եւ հետեւել հնչյունի շարժման տրամաբանությանը»: Մի առանձին գորովով եւ խնամքով էր վերաբերվում իր հիմնած «Զվարթունք»-ին: Տասնութ տարի առաջ էր՝ Սրբոց Առաքելոց տոնին, որ Թորգոմ վարդապետ Տոնիկյանից հորդոր ստացավ՝ մանկանց հոգեւոր երգեցիկ խումբ ստեղծելու: «Դա իմ վաղեմի երազանքն էր,- հիշում էր Աննա Ազիզյանը,- ուստի ջերմեռանդությամբ լծվեցի խմբի հավաքագրման գործին: Սկզբում դժվար էր: Երեխաները չէին հասկանում Պատարագի գրաբար տեքստը: Անսովոր եւ դժվար էր նաեւ մինչ այդ անծանոթ հոգեւոր երաժշտությունը, ինտոնացիան ընկալելը եւ յուրացնելը: Հարկավոր էր երեխաների համար թարգմանել եւ նրանց բացատրել ոչ միայն հոգեւոր տեքստերի բովանդակությունը, այլեւ Ս. Պատարագի խորհուրդը: Յուրաքանչյուր երեխայի հետ հարկավոր էր բազմակի երգել յուրաքանչյուր ֆրազը, յուրաքանչյուր նախադասությունը, հարկավոր էր չհուսալքվել… Հիմա արդեն երգչախումբը քանիցս սերնդափոխվել է: Երգչախմբի տղաները լրջորեն մտորում են հոգեւոր կրթության, հոգեւոր կյանքին նվիրվելու մասին: Ոմանք մեծանում, թեւ են առնում, հեռանում, մյուսները գալիս են, հոգեւոր կյանքում առաջին քայլերը կատարում»:
Աննայի ստեղծագործությունում հատուկ տեղ են գրավում օրորոցայինները: Դրանք եւս յուրահատուկ աղոթքներ են առ Աստված: Նրանցում քնքշանքին միախառն թախծություն կա. «Մի՞թե հայ մայրերի օրորոցայինը հավերժ պիտի կրի թախծության այդ կնիքը, որ գեղեցկորեն ձեւակերպվել է թե՛ հնուց եկած գործերում, թե՛ հիմա՝ ձեր փոքրածավալ երկերում»,- հարցրեցի նրան: «Այդ թախիծը, այդ տխրությունը մեր գենետիկ հիշողության մեջ է: Մինչեւ սումգայիթյան դեպքերը, տառապելով մեր կորուսյալ հայրենիքի փաստի, մեր հազարամյա գոյապայքարի նահատակների ու ազգային հերոսների համար՝ ես համոզված էի, որ եղեռն ու հոլոքոսթ տեսած աշխարհը այլեւս թույլ չի տա նման հանցագործություններ: Ինձ թվում էր՝ մաքառման գոյապայքարի, հայի տեսակի լինել – չլինելու հարց այլեւս չկա: Մենք կանք, հայի տեսակը հաստատել է իր տեղը երկրագնդի վրա, եւ մենք պիտի աշխատենք մեր մշակութային ժառանգությունը խորապես ճանաչելու եւ կատարելագործելու համար, պիտի ապրենք արարելու, մեր գենի տեսակը կատարելագործելու համար: Չէի էլ պատկերացնում, որ մի օր պիտի հանգեմ այն մտքին, որ հայն իր տեսակը պահպանելու համար դատապարտված է անընդհատ պարտադրված պատերազի մեջ լինելու: Եվ որ այդ գոյամարտը ոչ միայն չի ավարտվել, այլեւ դեռ երկար կշարունակվի: Եթե կա պատերազմ, գոյամարտ, կան կորուստներ ու ինքնազոհաբերում, ու քանի դեռ մենք գոյապայքարի կրողն ենք, քանի դեռ ամբողջ աշխարհում կան զոհվող երեխաներ, զոհաբերվող մարդկային կյանքեր ու երազներ, կլինեն այդ կորուստների թախիծը կրող օրորոցայիններ»:
2000-ականներին Աննայի համար սկսվեց Սոնա Հովհաննիսյանի հետ համագործակցության ժամանակաշրջանը: «Հովերի» համար գրեց «Մայրական» շարքը, «Զուգահեռ» խմբերգային ներկայացումը: Միահյուսվեցին Ոդիսեւսի, Ալիսի, Գուլիվերի, Կապույտ թռչունի վերաբերյալ մտորումները, Սոնայի հետ իր զրույցները, իր խոստովանությունները, երկուսի քննարկումները: «Զուգահեռ»-ում յուրաքանչյուրն ստեղծեց իրենը, իր երեւակայականը. Աննա Ազիզյանը՝ լիբրետտոյին իր ազատ խմբագրականը եւ երաժշտությունը, Սոնա Հովհաննիսյանը՝ իր մեկնաբանությունը, երգչախումբը՝ իր կատարողական ոգին… Եվ ոնց Աննան էր վկայում, չէին խանգարում մեկը մյուսին, չէին ժխտում մեկմեկու…
«Ի՞նչ սկզբունքներով է առաջնորդվում արվեստի գործեր ստեղծելիս» հարցիս իր պատասխանն էր. «Աստծուց պարգեւ ստացած խղճի եւ անհաս կատարյալին հավերժորեն ձգտելու ճանապարհին իմ կուտակած փորձի եւ ձեռքբերման վրա հիմնված արժեհամակարգով, որը անընդհատ նորանոր դրսեւորումներ է ունենում: Եվ էլի մի վիճակով, որը անբացատրելիորեն տիրում է ինձ ստեղծագործելիս, եւ ես Աստծու ներկայությունն զգում եմ իմ հոգու ամբողջ մերկությամբ: Ժամանակակից կոմպոզիտորական դպրոցում իմ իրական տեղը որոշողը ժամանակն է…»:
ՀԱՍՄԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ