Նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցից եւ Սաուդյան Արաբիայում ռուս եւ ամերիկացի պատվիրակությունների պատմական հանդիպումից հետո Թուրքիան նախաձեռնեց բանակցությունների մի նոր ռաունդ` իր երկիր հրավիրելով ռուսներին եւ ամերիկացիներին: Թուրքիան երկար ժամանակ է, ինչ դիտարկվում էր որպես մի պետություն, որն ամուր կապեր ունի ինչպես Ռուսաստանի, Ամերիկայի եւ Ուկրաինայի հետ, այնպես էլ որպես հնարավոր միջնորդ կարգավորելու ռուս-ուկրաինական հակամարտությունը:
Սակայն Վաշինգտոնն ու Մոսկվան գերադասեցին Սաուդյան Արաբիան ընտրել որպես հանդիպման վայր, դուրս թողնելով Թուրքիային նոր աշխարհակարգի ձեւավորման գործընթացից:
Թուրքիան ձգտում է դառնալ ոչ միայն տարածաշրջանային, այլեւ գլոբալ առումով գերտերություն: Նա նպատակ է հետապնդում առանձնակի նշանակության գործընկերը դառնալ ե՛ւ Ռուսաստանի, ե՛ւ Մ. Նահանգների: Վերջիններիս թշնամական հարաբերությունների խորապատկերում նրա կարեւորությունը ավելի քան կրկնապատկվել էր երկու գերտերությունների համար, սակայն նրանց միջեւ լարվածության թուլացումից հետո, նրա ազդեցության ոլորտը զգալիորեն սահմանափակվում էր, քանի որ Ռուսաստանն ու Մ. Նահանգները սկսել էին անմիջական երկխոսությունների միջոցով հասնել որոշակի համաձայնությունների:
Այդուհանդերձ, իր երազած կարգավիճակին հասնելու համար, Անկարան փորձում է ավելի մեծ ներգրավվածություն ունենալ միջազգային հարցերում եւ ավելի շատ լծակներ ձեռք բերել` կարգավորման բանակցություններում:
Թուրքիայի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը ռազմական միջամտությունն ու ակտիվ ներկայությունն է ամենատարբեր երկրների բազմաբնույթ հակամարտություններում:
Թուրքիան նշանակալի ազդեցություն է բանեցնում Սիրիայի եւ Ադրբեջանի կառավարությունների վրա: Նրա մասնակցությունը Սիրիայի եւ Լեռնային Ղարաբաղի պատերազմներում մեծապես ուժեղացրել էր իր ներկայությունը Հարավային Կովկասում եւ Միջին Արեւելքում, դարձնելով նրան անփոխարինելի գործընկեր Ռուսաստանի եւ Մ. Նահանգների համար: Ուկրաինական պատերազմի սկզբնավորումից ի վեր Թուրքիան բարեկամական հարաբերություններ է պահպանել ինչպես Կիեւի, այնպես էլ Մոսկվայի հետ, մի կողմից մասամբ պաշտպանելով հակառուսական պատժամիջոցները, մյուս կողմից օժանդակելով Մոսկվային, որ շրջանցի դրանցից մի քանիսը:
Հակառակ այս հանգամանքներին, մի բան պարզ է: Թուրքիան եւ Ռուսաստանը դարեր շարունակ հակառակորդ պետություններ են եղել, եւ նրանց մրցակցությունը հավիտյան շարունակվելու է: Արդյունքում, ակնհայտ է, որ Ռուսաստանը ուկրաինական պատերազմից հետո ավելի մեծ ուշադրություն է դարձնելու եւ ավելի շատ ռեսուրսներ հատկացնելու այն տարածքներին, որոնց վրա պատմականորեն ունեցել է հզոր ազդեցություն: Դրանցից կարեւորագույնը Հարավային Կովկասն է, որտեղ Թուրքիան մեծացրել է իր ներկայությունը` քաղաքական ճնշումներ գործադրելով Հայաստանի եւ իր դաշնակից Ադրբեջանի վրա:
Ռուս-ամերիկյան հարաբերությունների բարելավումից եւ ուկրաինական հակամարտության կարգավորումից հետո Ռուսաստանի համար Թուրքիայի եւ Ադրբեջանի կարեւորությունը բնականաբար նվազելու է` քաղաքական զգալի փոփոխություն առաջացնելով տարածաշրջանում:
Ադրբեջանը, առաջին հերթին, կորցնելու է իր նշանակությունը Ռուսաստանի համար, քանի որ վերջինս այլեւս կարիք չի ունենալու Ադրբեջանի խողովակաշարերի միջոցով եվրոպական երկրներ հասցնել իր բնական ռեսուրսները` եվրոպացիներին ստիպելով, որ ավելի բարձր գին վճարեն դրա համար: Պատերազմի ավարտից եւ պատժամիջոցների վերացումից հետո եվրոպական որոշ երկրներ անմիջականորեն Մոսկվայից են գնելու այդ ռեսուրսները` ավելի քիչ վճարելով դրանց համար: Նույնը կատարվելու է Թուրքիայի հետ, որն օգտվելով Մ. Նահանգներ-Ռուսաստան լարվածությունից, կարողացել էր ընդարձակել իր ռազմավարական նշանակությունը երկու կողմերի համար: Հարաբերությունների կայունացումը հաստատապես նվազեցնելու Անկարայի դերակատարության կարեւորությունը, Թուրքիայի փոխարեն Սաուդյան Արաբիայի ընտրությունը որպես բարձրաստիճան բանակցությունների միջնորդ երկիր, հենց դա է նշանակում` ի հեճուկս Անկարայի ցանկության եւ վրդովմունքի: Ավելին, եթե Թրամփը Պուտինին հանդիպի Սաուդյան Արաբիայում, ինչպես ծրագրված է, Թուրքիայի դերակատարությունը որպես միջնորդի երկու գերտերությունների միջեւ ընդհանրապես վերանալու է:
Այս իրավիճակից խուսափելու համար Թուրքիային մնում է ուժեղացնել իր ճնշումները Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի վերջինս հասկանա, որ առանց իր մասնակցության Ռուսաստանը չի կարող Անկարայի համար տարածաշրջանային կարեւոր նշանակության հարցեր կարգավորել: Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ հետզհետե սաստկացող լարվածության ետեւում արդեն իսկ նկատելի է Թուրքիայի հետկուլիսյան դերակատարությունը: Թուրքիան նաեւ փորձում է ամրապնդել իր գլոբալ դիրքը` օգտագործելով իր ազդեցությունը Բաքվի վրա, որպեսզի բանակցություններում այն ծառայեցնի որպես լծակ: Նույնը կարելի է ասել Սիրիայի թուրքամետ կառավարության վերաբերյալ, որտեղ Թուրքիան ձգտում է իր պատվավոր տեղը գրավել գլոբալ բանակցություններում եւ վերականգնել իր հեղինակությունը որպես գերտերություն:
Զելենսկու այցը Թուրքիա, եւ Էրդողանի պատրաստակամությունը խաղաղապահպան զորքեր ուղարկելու Ուկրաինա` հստակ ուղերձներ են պարունակում իրենց մեջ, մասնավորապես այն, որ Ռուսաստանը կա՛մ պետք է համագործակցի Թուրքիայի հետ, կա՛մ էլ դիմագրավի բազում մարտահրավերներ տարածաշրջանում, այդ թվում նաեւ Հարավային Կովկասում: Այս տարածքում Թուրքիան շարունակելու է մրցակցել Ռուսաստանի հետ նաեւ գլոբալ մասշտաբներով:
Ադրբեջանի վրա ունեցած իր աշխարհաքաղաքական ազդեցությամբ, Վրաստանում իր հսկայական տնտեսական ներկայությամբ եւ Հայաստանի դեմ գործադրած ճնշումներով, Թուրքիան մարտավարական նոր լծակներ է բանեցնում` ընդարձակելու համար իր ազդեցության ոլորտը տարածաշրջանում:
Հայաստանի կառավարությանը հաճախ են քննադատում թուրքամետ կամ թուրքանպաստ քաղաքականություն վարելու մեջ, որը թուրքական ճնշումների հետեւանքն է: Վրաստանը շատ ավելի պրագմատիկ ձեւաչափ է որդեգրել` հաշվի առնելով գլոբալ զարգացումներն ու տարածաշրջանային իրականությունը: Բայց թուրք-ադրբեջանական «տանդեմի» տնտեսական ազդեցությունը Վրաստանի վրա խոչընդոտում է ինքնուրույն եւ գործնական որոշումներ կայացնելու նրա կառավարության կարողություններին: Մի բան պարզ է: Մ. Նահանգներ-Ռուսաստան հարաբերությունների կարգավորումը, նույնիսկ եթե Եվրոպան շարունակի զինամթերքի օգնություն եւ նյութական ֆինանսավորում ցուցաբերել Ուկրաինային, հիմնովին ձեւափոխելու է գլոբալ բնապատկերը եւ աշխարհի ոչ մի երկրի ղեկավար չի կարողանալու անտեսել այն:
ՍՈՒՐԵՆ Ա. ՍԱՐԳՍՅԱՆ
Միջազգայնագետ, ԱՄՆ արտաքին քաղաքականության փորձագետ
Անգլ. բնագրից թարգմանեց`ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ
(The Armenian Mirror-Spectator)