«Պետք է միշտ սկսել Կոմիտասից: Կոմիտասն առվակ է, որից կարելի է սնվել: Թե հետո ծով կդառնաս, թե կցամաքես՝ խնդիրն ուրիշ է: Բայց ակունքը պետք է լինի Կոմիտասը, հաստատ գիտեմ: Էդ մաքրությունը, էդ հստակությունը, ակադեմիզմը, որ կարելի է ձեռք բերել երաժշտության մեջ՝ դա Կոմիտասն է եւ մեր մոդալ երաժշտությունը:[1]»
Աշոտ Զոհրաբյան
Հունվարի 24-ին ի Տեր ննջեց ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Աշոտ Զոհրաբյանը: Արվեստի ժամանակագրական պրիզմայով նրան կարելի է դասել հայ կոմպոզիտորական սերնդի ավագ ներկայացուցիչների շարքին: Կոմպոզիտոր, որը բառիս լավագույն իմաստով զերծ էր ամեն ցուցադրականից՝ զատվելով իր զուսպ, առաքինի մարդկային կերպարով եւ խորունկ էությամբ: Մարդ, ուսուցիչ եւ կոմպոզիտոր. այս երեքը զարմանալիորեն բնականորեն էին մեկտեղվում նրա վառ անհատականության մեջ:
Ծնվել է Երեւանում, 1945 թվականի հունվարի 29-ին: Սովորել է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում` Գրիգոր Եղիազարյանի ստեղծագործական դասարանում: Այնուհետեւ երկար տարիներ դասավանդել է կոնսերվատորիայում որպես գործիքավորման եւ երաժշտության տեսության ու կոմպոզիցիայի դասախոս, ստացել նաեւ պրոֆեսորի կոչում:
Հեղինակ է բազմաթիվ կամերային, գործիքային, վոկալ-գործիքային ստեղծագործությունների:
2012 թ. արժանացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործչի կոչման: Կամերային ստեղծագործությունների համար արժանացել է Արամ Խաչատրյանի անվան մրցանակի: Համաշխարհային Հայկական կոնգրեսի մրցանակաբաշխության դափնեկիր է: 2017 թ. պարգեւատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալով:
Նրա ստեղծագործությունները կատարվել են աշխարհի ամենատարբեր անկյուններում (Ֆրանսիա, Գերմանիա, Շվեցարիա, Իտալիա, Իսպանիա, ԱՄՆ, Ուկրաինա, Բելոռուս, Ռուսաստան, Թուրքիա, Ադրբեջան եւ այլուր):
Ականավոր կոմպոզիտորին այսպես է նկարագրել հանրահայտ թավջութակահարուհի Մեդեա Աբրահամյանը. «Աշոտը հաճախ է խորասուզվում լռության մեջ՝ խոսակցության մեջ չմտնելով ոչ մեկի հետ: Նա առանձնահատուկ հոգեկերտվածք ունի, նույնիսկ ռացիոնալ ճշտություն, ոչ սովորական էներգետիկա. նա կարծես խուսափում է իրեն մինչեւ վերջ վատնելուց: Զոհրաբյանի լռակյացությունն ու առեղծվածային էությունը պարզապես հմայում են: Ես միշտ մտածում եմ, որ նրան պետք է հասնել, հասկանալ: Աշոտն ազգային մեղեդայնության զարգացման նոր ուղիների բացահայտման վրա հիմնված իդեալի իր մոտեցումն ունի[2]»:
Ստեղծագործել է մեծամասամբ կամերային երաժշտության բնագավառում, որն առանձնանում է իր ուրույն գեղագիտական միջավայրով, կերպարային եւ հնչողական անհատականությամբ: Նրա ստեղծագործությունը սնվում է ազգային պրոֆեսիոնալ արվեստի ակունքից եւ հարստանում ժամանակակից կոմպոզիտորական արտահայտչամիջոցներով: Իր ստեղծագործական ժառանգության մեջ փոքր մաս են կազմում սիմֆոնիկ երաժշտությունը, «Վարիացիաները» եւ «Սիմֆոնիկ պոեմը»:
Երաժշտագետ Սվետլանա Սարգսյանի խոսքով՝ Աշոտ Զահրաբյանը ոգով նորարար է, չնայած նրա ստեղծագործության մեջ մենք չենք հայտնաբերի արտասովոր երաժշտական միջոցներ:[3]
Ուսանողական տարիների կամերային անսամբլների մեջ առանձնանում են դաշնամուրային կվինտետը, փողային գործիքների եւ դաշնամուրի համար գրված սեպտետը, Միսաք Մեծարենցի եւ Դանիել Վարուժանի խոսքերով գրված վոկալ շարքերը, որոնցում արդեն ի հայտ են գալիս կոմպոզիտորի անհատականության վառ գծերը:
70-ականների ստեղծագործությունների թվին են պատկանում գործիքային կազմի համար գրված «Բումերանգների խաղ» ստեղծագործությունը՝ բաղկացած երկու տետրերից, որը հեղինակին բերեց ճանաչում, կատարվեց խորհրդային եւ եվրոպական մի շարք երկրներում:
Պուանտիլիստական գրելաոճը արտահայտվել է հետագա կամերային եւ գործիքային ստեղծագործություններում, ինչպիսիք են թավջութակի երկու եւ դաշնամուրի համար գրված սոնատները:
Հետագա տարիներին ստեղծվել են «Էլեգիան» (1979), կամերային նվագախմբի համար գրված «Նվիրում Մեծարենցին»-ը (1981), «Սերենադը» տասներեք գործիքների համար (1982), «Chant matinal» փողային կվինտետը (1990):
1990-ականներին Զոհրաբյանը ստեղծել է «Rituel» ստեղծագործությունը ֆլեյտաների տրիոյի համար, այնուհետեւ՝ «Նարցիս» թիվ 1 կվարտետը (1994), թիվ 2 կվարտետը «Քրոնոս» քառյակի պատվերով (1998), «Պարաբոլ» ստեղծագործությունը փոքր նվագախմբի համար: Այդ տարիներին իր վոկալ երաժշտության մեջ հայերենից զատ օգտագործում է օտարալեզու տեքստեր. «An den knaben Elis» վոկալ շարը մեցցո-սոպրանոյի, կլառնետի, թավջութակի եւ դաշնամուրի համար Գեորգ Թրակլի տեքստերով (1994), «Նոր Տաղերը» Դանիել Վարուժանի եւ Մեսրոպ Մաշտոցի տեքստերով (1995), «Lux fulgebit» շարը Ղուկասի Ավետարանի 92 Սաղմոսի լատիներեն տեքստերով (1997):
Վերջին շրջանի ստեղծագործություններից են «Նովելետ» դաշնամուրային կվարտետի համար (2009), «Stanzas in August» թիվ 3 լարային կվարտետը (2016): Ամենավերջին ստեղծագործությունը դաշնամուրային տրիո է (2023), գրված Armenian National Music-ի պատվերով, որն ապրիլին կներկայացվի երաժշտասերների դատին:
Ինչպես Զոհրաբյանն է նկարագրել իր երաժշտությունը, դրանում լարվածություն կա, եւ վերջին տասնամյակում ինքն աշխատում էր թուլացնել այդ լարվածությունը: Գտնում էր, որ 21-րդ դարում երաժշտությունը բարիացել է, ինքն էլ փորձում է գնալ այդ ուղղությամբ[4]:
Ըստ հայազգի ռուսական կոմպոզիտոր Յուրի Կասպարովի՝ «Բազմաշերտ պոլիֆոնիկ ֆակտուրաներում, շնորհիվ նորովի հնչող ժողովրդական ինտոնացիաների յուրահատուկ միաձուլման, Զոհրաբյանը ստեղծում է զարմանալի (չեմ համարձակվում բառերով նկարագրել՝ ինչպիսի) հնչողական մթնոլորտ: Նրա բոլոր ստեղծագործություններում առաջանում է յուրահատուկ հնչողական տարածություն, որտեղ անխափան «աշխատում է» այս տարածության բոլոր բազմազան տարրերը կարգավորող ինչ-որ տրամաբանական գործառույթ եւ հաղորդում նրան կատարյալ ձեւ: Իմ մեջ անընդհատ տպավորություն է առաջանում, որ Զոհրաբյանի ստեղծագործություններում երբեք եւ ոչ մի տեղ չկա ոչ մի ավելորդ նոտա, եւ ամեն նոտան ծանրակշիռ քանակությամբ կարեւոր ինֆորմացիայի մի աշխարհ է, եւ նոտաների հաջորդականությունը նման է նախադասության մեջ բառերի հերթականությանը, որը մեզ է հասցնում մի կարեւոր միտք»[5]:
Հիրավի, Աշոտ Զոհրաբյանի ստեղծագործական ժառանգությունը կարեւոր եւ ուրույն տեղ է զբաղեցնում 20-21-րդ դարաշրջանի հայ ակադեմիական երաժշտության սահմանագծում եւ, անկասկած, շարունակելու է սերունդներին փոխանցել հայ կոմպոզիտորական մտքի լավագույն գաղափարները:
ԱՆՆԱ ԱԴԱՄՅԱՆ
[1] Զրույց կոմպոզիտորի հետ «Նարեկացի» արվեստի միությունում, 2010: https://www.youtube.com/watch?v=hXRfZP-1608
[2] Մեդեա Աբրահամյան,Կատարողի մտորումներ, Երեւան, 2014:
[3] Светлана Саргсян, Поэтическая исповедь Ашота Зограбяна, На рубеже веков. Музыка и ее сферы, Москва, 2014, стр.77-87.
[4] Զրույց կոմպոզիտորի հետ «Նարեկացի» արվեստի միությունում, 2010: https://www.youtube.com/watch?v=hXRfZP-1608
[5] Յուրի Կասպարով, Աշոտ Զոհրաբյան, 2017, https://specialradio.ru/sk/ashot-zograbyan/?fbclid=IwAR2pXYOmR