Հայաստանը տեւական ժամանակ Մարդու իրավունքների պաշտպան չունի, նախկին օմբուդսմեն Քրիստիննե Գրիգորյանի հրաժարականից հետո խորհրդարանական երեք խմբակցություններից որեւէ մեկը թեկնածու չի առաջադրել: Այս ընթացքում ամենատարբեր մարդկանց անուններ շրջանառվել են, բայց որեւէ մեկն այդպես էլ չի համաձայնել գործուղվել ու աշխատել բավական բարձր հեղինակություն ու նշանակություն ունեցող կառույցում: Եթե խորհրդարանական ընդդիմությունը թեկնածու չառաջադրելու ոչ այդքան համոզիչ պատճառաբանություն ունի, այն է՝ ում էլ առաջադրեն, միեւնույնն է, մեծամասնությունը տապալելու է քվեարկությունն ու չի ընտրելու, ապա իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» այս թեմայով անգամ չի խոսում:
«Ազգ»ը Ազգային ժողովի իշխանական թեւից քանիցս փորձել է ճշտել՝ ի վերջո ի՞նչ են մտածում այս հարցի շուրջ, ե՞րբ վերջապես թեկնածու կառաջդրեն, մեր հարցերը սակայն անպատասխան են մնացել: Խորհրդարանի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ասես թեկնածու առաջադրելու միայն տեխնիկական մասի համար է պատասխանատու, առաջադրման հրահանգը կամ որոշումը, փաստացի, «վերեւներից» է գալու:
Ընդդիմադիր «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցությունները, որ բացի խորհրդարանական պաշտոնները, այլ ոլորտներում թեկնածուներ չեն առաջադրում, այս հարցում նույնպես լուռ են: Բայց սեփական թեկնածուին առաջադրելով՝ մարդկանց կարող են ցույց տալ, թե ինչ այլընտրանք են առաջարկում: Իսկ եթե չեն անում, հետեւաբար կա՛մ ավելի արժանավոր թեկնածու չունեն ու չեն կարող ներկայացնել, կա՛մ էլ գերադասում են քննադատելով բավարարվել:
Իհարկե այնպես չէ, որ մեր երկում ամեն բան իր տեղում է կամ մնացյալ կառույցներում լավագույն մասնագետներն են պաշտոնավարում, բայց ՄԻՊ չունենալու հանգամանքն, առաջին հերթին, վկայությունն է այն բանի, որ «ժողովրդավարության բաստիոն» Հայաստանում մարդու իրավունքներով որեւէ մեկը չի ուզում զբաղվել: Պատճառը, գուցե, հասկանալի է այն առումով, որ այս պաշտոնը զբաղեցնող անձը չի ցանկանում գործադրից եկող հրահանգներով կամ հորդորներով առաջնորդվել, բայց սրանով հանդերձ՝ այս ինստիտուտն անգլուխ թողնելը, կարծում եմ, մեր երկրի միջազգային վարկի վրա է վատ հետք թողնում: Մյուս կողմից՝ օմբուդսմենի համար թեկնածու չառաջադրելու ու պաշտոնը թափուր թողնելու հանգամանքը լավագույնս կարող են հենց ընդդիմադիրներն օգտագործել՝ դրսի գործընկերների հետ շփումների ժամանակ սա որպես իրական «ժողովրդավարության» ցուցիչ ներկայացնելով: Այն տրամաբանությամբ, որ եթե այդքան ժողովրդավար է Հայաստանը, ապա ինչո՞ւ որեւէ մեկը չի համաձայնում զբաղեցնել այս պաշտոնը:
ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ