Թատրոնում՝ փորձերի ժամանակ, քիչ է մնում բոլոր դերերն ինքը խաղա, վայրկենաբար կերպարանափոխվում է, մտնում յուրաքանչյուր հերոսի մաշկի տակ: Հախուռն, ինքնամոռաց, հոգու ու մարմնի ամեն մի բջիջով ապրում է բոլոր կերպարների հոգեվիճակն ու տրամադրությունը, ասես իրականում ապրումակցում նրանց՝ վարակելով նաեւ դերասաններին:
Երբ ներկայացումը պատրաստ է, արդեն բեմում՝ հանդիսատեսի առաջ, նրա անելիքը դեռ ավարտված չէ: Հիմա էլ դահլիճից է ապրումակցում բոլոր հերոսներին, դերասանների ժեստերը, շարժումները, միմիկաները նստած տեղը զուգահեռ կրկնում:
Դերասան, բեմադրիչ ռեժիսոր, թարգմանիչ Ժիրայր Փափազյանի (Բաբազյան) ամբողջ կյանքն է արվեստի մեջ, արվեստով շաղախված: Ծո՜վ պատմությունները, հետաքրքրաշարժ, ծիծաղելի դեպքերը, անգին հուշերը, ճակատագրական դիպվածները, ճամփորդություններն ու աշխարհահռչակ մարդիկ, արվեսագետները, մտավորականներն են նրա անցած ճանապարհի ուղեկիցը: Երբ սկսում է պատմել, թվում է՝ առնվազն 10 մարդու կյանք է ապրել, այնքան հարուստ ու բազմաշերտ է նրա կյանքի ուղին, այնքան շատ բան է տեսել, ապրել, զգացել:
«Ազգ»-ի հարցազրույցը Ժիրայր Փափազյանի հետ նրա 70 ամյակի առիթով է: 70-ը նրա պարագայում ճոխացրած, չափազանցված թիվ է: Ընդամենը թիվ…
Եգիպտոսի մաքրամաքուր ֆրանսերենն ու ֆրանսիական միջավայրը
Երբ ֆրանսիացիները հարցնում էին՝ որտե՞ղ ես այդքան լավ ֆրանսերեն սովորել, իբրեւ պրովոկացիոն պատասխան ասում էի՝ դե, պարզ է, որ Եգիպտոսում եմ սովորել:
Զարմանում էին: Անգամ նրանք չգիտեին, թե Եգիպտուսում, նախորդ դարակեսին ինչ հրաշալի ֆրանսիական միջավայր կար: Ֆրանսիական մշակույթը Եգիպտոսում շատ խոր էր նստած, մինչեւ որ ամերիկացիները, անգլիացիները եկան, ու անգլերեն էլ տարածում գտավ: Հատկապես քրիստոնյա արաբները ֆրանսախոս էին: Ֆրանսիական տասնյակ թերթեր էին հրատարկվում եւ ընդամենը մեկ անգլերեն թերթ՝ «Egiptian Gazette»-ը, որի կենտրոնական էջերը ֆրանսերեն էին, որպեսզի թերթը վաճառվի: Մինչեւ 1950-ականները Եգիպտոսում բազմազան ազգեր են ապրել:
Իմ ընտանիքի անդամները ֆրանսիական կրթություն են ստացել, ֆրանսիական լիցեյներում են սովորել: Մեծ հայրս, մեծ մայրս արվեստագետներ էին, բայց ոչ ոք պրոֆեսիոնալ թատրոնով չի զբաղվել: Մեծ մորս քույրը Փարիզի կոնսերվատորիայում է սովորել, մինչեւ 90 տարեկանը դասավանդել է: Մորական պապս հասարակական- քաղաքական հայտնի գործիչ Միհրան Տամատյանն է, իսկ հորս կողմը՝ Փափազյաններն են՝ Իզմիրից, նույնպես երաժիշտներ:
Իզմիրցի Փափազյանները
1890-ականներին Փափազյանները եկել են Ալեքսանդրիա: Մեծ հայրս եւ նրա եղբայրը Ալեքսանդրիայում «Փափազյան» ընկերությունն են ստեղծել: Ամբողջ Միջին Արեւլքում երաժշտական գործիքների առաջին խանութն են հիմնել նախ Ալեքսանդրիայում, հետո նաեւ՝ Կահիրեում: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նաեւ դաշնամուրներ են պատրաստել, որոնց հիմա էլ հնարավոր է հանդիպել՝ «Փափազյան» մակնշմամբ: Պապիս հայրը 6 զավակ է ունեցել: Պապիս մայրը գերմանուհի է եղել: Ծնողներն իրենց դստերն Իզմիրում ուղարկել են Փափազյանների ընտանիք՝ դաշնամուրի դասերի, բայց, փաստորեն, գերմանուհին պապիս հոր հետ դաշնամուր նվագելու փոխարեն, ուրիշ բաներ է նվագել, հետո գերմանացի ընտանիքը շատ է բարկացել, բայց պապիս հայրն ու գերմանուհին փախել են միասին նախ՝ Պոլիս, հետո՝ Ալեքսանդրիա: Գերմանուհին հայերեն է սովորել, ծնողների հետ այլեւս ոչ մի կապ չի ունեցել, 6 զավակ է ունեցել, 6-ին էլ կնքել օտար անուններով (նրա միակ խնդրանքն է եղել՝ թույլ տալ զավակներին կնքել ոչ հայկական անուններով) բայց տվել հայկական դաստիարակություն ու կրթություն:
Երաժշտություն՝ երակներումս
Հակառակ այն բանի, որ հորս եւ մորս կողմը պրոֆեսիոնալ երաժիշտներ են, ես երաժիշտ չդարձա: Փոքր ժամանակ առավոտյան մեծ մորս դաշնամուրով նվագած Բախի հնչյուններից էի արթնանում: Դասական երաժշտությունը մանկուց է ինձ հետ:
Ինձ դրեցին դաշնամուրի առաջ. սոսկալի ծույլ էի, գամմաները չէի ուզում նվագել: Հետո ծնողներս ինձ առաջարկեցին գնալ Կիպրոս՝ Մելգոնյան վարժարան: Հարցրի՝ դաշնամուրի դասերից ազատվո՞ւմ եմ: Ասացին՝ այո: Անմիջապես համաձայնեցի գնալ Կիպրոս: Բայց երաժշտությունը միշտ ինձ հետ է եղել, իմ ստեղծագործական աշխատանքում մշտական տեղ ունեցել:
«Կարինե» օպերետի երեւանյան հետկուլիսային ինտրիգները
Ներքին ինտրիգների հետեւանք էր՝ Ալեքսանդ Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանի դեմ կամ նրա հետ: Երգչախումբն էր բոյկոտում: Օրբելյանը դրսի մարդ էր, չէր կարողանում հասկանալ հայաստանյան ինտրիգները, շատ էին շահագործում նրա բարությունը: Սկզբում երգչախմբի հետ հրաշալի աշխատեցինք, հետո երգչախմբի ղեկավարն Օրբելյանի դեմ դուրս եկավ, նրան հանեցին, ուրիշին բերեցին, որն առաջին իսկ օրվանից հայտարարեց, թե չի ուզում, որ «Կարինեն» բեմադրվի՝ պատճառաբանելով, թե սա ակադեմիական թատրոն է, ճիշտ կլինի «Կարինե» օպերետը Պարոնյանի թատրոնում բեմադրել:
2018 թվականն էր, վերջապես պիտի «Կարինեի» պրեմիերան լիներ, բայց Նիկոլի հեղափոխությունը եղավ, ու Սերժ Սարգսյանն այդ օրերին հրաժարական տվեց: Հիշում եմ՝ բեմի վրա փորձ էինք անում. մեկը եկավ, բեմի վրա գոռալով ասաց՝ Սերժը հրաժարական տվեց:
Երաժիշտները գործիքները վայր դրեցին ու շտապ դուրս եկեն թատրոնից: Դրա համար էլ «Կարինեի» պրեմիերան հետաձգվեց մինչեւ ամառ: Բայց էլի չկամությունը չէր նահանջում: Երգչախմբի ղեկավարը ներշնչել էր, թե «Կարինեն» օպերային թատրոնին վայել գործ չի: Մասնակիցների մի մասը սիրում էր «Կարինեն», մյուսները՝ ոչ այնքան: Փորձերի ժամանակ անընդհատ կոնֆլիկտներ էին լինում:
«Կարինեի» երիտասարդությանը նախանձողները
Նախարար Արմեն Ամիրյանը շատ հավանեց օպերետի բեմադրությունը: Օպերային երգիչ Բարսեղ Թումանյանն էր շատ հավանել, ասաց՝ ինչ լավ ադապտացիա է, նորություն է: Օրբերլյանն էլ հավանեց, բայց կողքից շատ էին նրա վրա ազդում: Ես նրան ասել էի, որ Կարինեի դերի համար երիտասարդ երգչուհու պիտի ընտրեմ, ոչ թե 50 տարեկանի: Տարիքով երգչուհիներն Օրբելյանին իմ ընտրության համար բողոքել էին: Պրեմիերայից մեկ շաբաթ առաջ նա ինձ ասաց. «Չե՞ս կարող մեծերից մեկին դուբլյոր դարձնել: Ասում են, որ երիտասարդները լավ չեն երգում, փոքր ձայներ են, մեծ բեմի փորձառություն չունեն»:
Ասացի. «Մի անգամ արի ու լսիր երիտասարդ երգչուհիներին, եթե չհավանես, կփոխեմ»: Օրբելյանի համար փորձ դրեցի, «Կարինեն» երիտասարդները ծայրից ծայր երգեցին: Վերջում հարցրի՝ հը՞, ինչպե՞ս էր: Ասաց՝ ոչ մի վատ բան չտեսա:
Հավանողները հավանեցին, բայց աջուձախ չար լեզուներ կային, որ անընդհատ խանգարում էին: Նկատել եմ, որ անգամ եթե հավանում են ներկայացումը, դրա մասին խոսել, արձագանքել, արտահայտվել չեն սիրում: Օպերայում իմ նկատմամբ շատ ապերախտ գտնվեցին, փոխանակ շնորհակալ լինեին, որ այդ գործը բեմադրեցի, ոչ ոք անգամ պրեմիերայի առիթով չմոտեցավ ու չշնորհավորեց: Միայն Լեւոն Ջավադյանը մոտեցավ: Նրա ղեկավարած երիտասարդ ձայների հետ էի աշխատել: Լեւոնը հրաշալի կադրեր է պատրաստում, որոնք եվրոպական բեմերում են երգում: Օրինակ՝ նրա պատրաստած երիտասարդ տենորներից մեկը Չեխիայում պետք է Օթելլո երգի: Նոր սերունդ է՝ լավ ձայնով ու գեղեցիկ արտաքինով: Աղջիկները կարծես հոլիվուդյան աստղեր լինեն:
«Կարինեի» խորհրդավոր «ոդիսականն» ու բացահայտումը
Կարինեի օրիգինալ գործիքավորումը կորած էր համարվում, ես Փարիզում գտա այն, բերեցի Երեւանի օպերային թատրոն, որպեսզի առաջին անգամ այստեղ հնչի Տիգրան Չուխաջյանի գործիքավորումը, որը մինչեւ իմ բեմադրությունը երբեք չի հնչել: «Կարինե» ֆիլմում էլ օրիգինալը չէ: Ղազարոս Սարյանն է գործիքավորումն արել, այստեղի արխիվում միայն դաշնամուրի բաժինը կա, մյուս գործիքներինը չկա:
Միշտ ասում էին, որ «Կարինեի» Չուխաջյանի արած գործիքավորումը կորած է համարվում: «Լեբլեբիջիների» Հոր-հոր աղայի օպերետը իրականը չէ, օրիգինալը «Ժուբեր» հրատարակչատանն է եղել՝ Փարիզում: Ես 1990-ականներին Փարիզում սկսեցի փնտրել «Ժուբեր» հրատարակչությունը: Ասացին, որ Երկրորդ համաշխարհայինից հետո այն գոյություն չունի:
Փարիզից դուրս մի արվարձանում գտա «Ժուբերի» արխիվը: Ոչ մի հայկական անուն գրված չէր՝ ոչ լիբրետոյի հեղինակ Նալյանի, ոչ կոմպոզիտոր Տիգրան Չուխաջյանի, ոչ հայերենից ֆրանսերեն թարգմանած Անմեղյանի անունը: Ի դեպ, նպատակ է եղել «Կարինեն» ֆրանսերեն ներկայացնել Փարիզում, բայց չի հաջողվել:
Մի մեծ սնդուկի մեջ՝ հենց կափարիչի տակ, ամենավերեւում, գտա Չուխաջյանի ամբողջական գործիքավորումը եւ առանձին դաշնամուրի համար գործիքավորումը՝ կոմպոզիտորի ձեռագրով: Դիրիժորի պարտիտուրան չկար, միայն գործիքներինն էր: Ամբողջը ձեռագիր էր:
Բոլոր գործիքների բաժինները համակարգչով հավաքեցինք, ամբողջացրինք: Բերեցի Երեւան, նվագախումբը նվագեց, «Կարինեն» բեմադրեցի, 4-5 անգամ խաղացին, բայց քովիդը մեջ ընկավ: Այդպես, օպերետը չմտավ օպերային թատրոնի մշտական երկացանկ: Բայց ես հիմա այն վերականգնելու ցանկություն էլ չունեմ, որովհետեւ չէի ուզենա աշխատել այդ թատրոնի հետ:
Երեւանյան մյուս ներկայացումները
Երկու ներկայացումներս թռան, մեկը՝ Համազգային թատրոնում «Արի երազենքը», որտեղ խաղում է Հայաստանի Մերիլ Սթրիփը՝ Նարինե Գրիգորյանը, իսկ մյուսը Կամերային երաժշտական թատրոնի «Ննջասենյակային զավեշտը»: Ինչպես հայտնի է, թատրոնը փակվեց:
Հիմա մնացել է միայն Մալյան թատրոնում «Ատամնաբույժը… նորե՞ն» ներկայացումը:
Անցյալ տարի Կինոյի եւ թատրոնի ինստիտուտում ուսանողների հետ բեմադրեցի Շեքսպիրի «12-րդ գիշերը»: Այս տարի էլ ավարտական կուրսի հետ իսպանացի գրող Ալեխանդրո Կասոնայի «Առանց ձկնորսի նավակը» բեմադրեցի: Երիտասարդ տարիքում մայրս Եգիպտոսում այդ պիեսում խաղացել է ու իր դերով հռչակ ձեռք բերել: Կասոնայից Հայաստանում հայտնի է «Ծառերը կանգնած են մահանում» պիեսը:
Անցյալ տարի, երբ «12-րդ գիշերն» էի բեմադրում, պրեմիերայից 2 օր առաջ մայրս մահացավ, չկարողա հուղարկավորությանը մասնակցել: Տարելիցին բեմադրեցի «Առանց ձկնորսի նավակն» ու այն նվիրեցի մորս՝ Նորա Իբեկյան-Ազատյանի հիշատակին:
«Առանց ձկնորսի նավակում» տղամարդու մի քանի դեր հարմարեցրի աղջիկներին, որովհետեւ կուրսում 8 աղջիկ կա եւ ընդամենը երկու տղա:
Ախ այդ արեւմտահայերենը
Երեւանի թատրոնի եւ կինոյի ինստիտուտի տնօրեն Լիլիթ Արզումանյանը շատ է ուզում, որ ես արեւմտահայերեն բեմադրություններ անեմ, բայց մերժում եմ, որովհետեւ նախ՝ նորմալ դրամատուրգիա չունենք, էլի՞ «Պաղտասար աղպար» կամ «Ատամնաբույժը» պիտի բեմադրեմ: Ասում են՝ Օտյան բեմադրիր, բայց չգիտեն, որ Օտյանի 50 տոկոսը թուրքերեն է, եթե թարգմանենք, գրվածքի ամբողջ հումորը կկորչի:
Անգամ Մալյան թատրոնի պրոֆեսիոնալ դերասանները մեծ դժվարությամբ սովորեցին արեւմտահայերեն: Խենթանում էինք բոլորս: «Դիմակահանդես» բառը պետք է արտասանել «թիմագահանթես»: Հարցրեցին՝ կա՞ մի բառ, որ ե՛ւ արեւելահայերենում, ե՛ւ արեւմտահայերենում նույնն է: Գտանք այդ բառը. եւ-ն է: Հոլով, խոնարհում, քերականություն, արտասանություն. ամեն ինչ տարբեր է:
Նոր, ամբիցիոզ ներկայացում
Պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրեն Էմին Թորոսյանը դեռ քովիդից առաջ է բեմադրության առաջարկ արել: Մտքովս անցավ Պիեր Կոռնեյլի «Սիդը» պիեսը բեմադրել, որը ֆրանսիական գրականության շեդեւր է, ու Ֆրանսիայում միշտ բեմադրում են: Չափածո է, Հենրիկ Բախչինյանն է թարգմանել ու բավականին լավ: Ես 15 վանկերը 14-ի վերածեցի, որպեսզի ավելի թեթեւ լինի:
Երիտասարդ, լավ ուժեր ունի Պատանի հանդիսատեսի թատրոնը: Հանձնաժողով հավաքվեց, սկսեց քննարկել՝ հարմա՞ր է արդյոք «Սիդը» այդ թատրոնի համար, ծանր չէ՞, հին չէ՞: Երկու ժամ գլուխս տարան: «Հայֆեստ» թատերական փառատոնի հիմնադիր Արթուր Ղուկասյանն ասաց. «Ինչո՞ւ ոչ, թող բեմադրվի, մի քանի տարի առաջ ես «Սիդը» Ռուսաստանում եմ տեսել»: Հարցրին՝ որտե՞ղ ես տեսել: Պատասխանեց. «Սանկտ-Պետերբուրգի ՏՅՈՒԶ-ում»: Միայն այդ ժամանակ բոլորը համոզվեցին, որ եթե Սանկտ-Պետերբուգի Պատանի հանդիսատեսի թատրոնը բեմադրել է «Սիդը», մենք էլ ի՞նչ ենք անիմաստ քննարկում, ուրեմն մենք էլ կարող ենք:
Հիմա սկսել եմ աշխատանքը, սեպտեմբերին առաջին փորձերը կանենք, մինչ այդ՝ դերաբաշխում: Թատրոնում, բարեբախտաբար, ուզում են այդ ներկայացումը խաղալ: Հույս ունեմ, որ լավ է լինելու:
(Շարունակելի… իսկ շարունակությունն ավելի հետաքրքրական է լինելու):
ՆԱԻՐ ՅԱՆ