Վաշինգտոնն ու Թեհրանը վերջին շաբաթների ընթացքում զբաղված էին ՀԳՀԾ-ին վերաբերող Եվրոմիության ամենավերջին առաջարկությունների շուրջ փոխանցված պատասխանների ուսումնասիրությամբ: Սակայն, կարծես այլեւս չի նկատվում խնդրի հանգուցալուծմանը միտված նախկին խանդավառությունն ու ոգեւորությունը: Կարծես թունելի վերջում նշմարվող լույսն այլեւս խամրել է: Ներկայումս շատերն են խոսում այն մասին, որ Թել Ավիվին ԱՄՆ նախագահի տված խոստման համաձայն, մինչեւ նոյեմբերի սկիզբը Իսրայելում կայանալիք Քնեսեթի, եւ գրեթե նույն ժամանակահատվածում ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների ավարտը, կասեցվելու է Իրանի միջուկային ծրագրին նոր շունչ հաղորդելու բանակցային գործընթացը:
Ֆրանսիայի, Գերմանիայի ու Մեծ Բրիտանիայի՝ «Եռյակի» առաջարկությունների վերաբերյալ Իրանի ու ԱՄՆ պատասխանների փոխանակման համար հինգշաբաթյա ժամկետն ավարտվելուց հետո բանակցությունների արդյունքին սպասող միջազգային հանրույթը սեպտեմբերի 3-ին, առանց մանրամասներին ծանոթանալու, վերջապես տեղեկացավ կնճռի հիմնական կողմերի՝ Թեհրանի ու Վաշինգտոնի պատասխանների փոխանակման մասին: Ներկայացվեցին միայն այդ առիթով հրապարակված շահագրգիռ կողմերի տեսակետների մեջ տեղ գտած մանրամասները.Ֆրանսիան, Գերմանիան ու Մեծ Բրիտանիան, «եռյակի» համատեղ հայտարարության հրապարակման միջոցով իրենց դժգոհությունը հայտնեցին Թեհրանի այն պահանջի նկատմամբ, ըստ որի, ՄԱԳԱՏԷ-ն պետք է ավարտին հասցնի միջուկային երեք կայքերում ուրանի հայտնաբերված մասնկիների ուսումնասիրությունը, նշելով, որ այդ պահանջը վտանգում է բանակցային գործընթացը:
«Եռյակի» համատեղ հայտարարության մեջ նաեւ նշված է, որ Թեհրանի վերջին դիրքորոշումը լուրջ կասկածներ է առաջացնում ՀԳՀԾ-ի հանգուցալուծմանը միտված Իրանի նպատակների ու ստանձնած պարտավորությունների նկատմամբ:
Նույն օրը՝ սեպտեմբերի 3-ին, Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին, արձագանքելով «եռյակի» հայտարարությանը, նշել է՝ «Բանակցությունների հանգուցալուծման նպատակով բանակցող կողմերի ու գործընթացը համակարգող մարմնի միջեւ գործադրվող դիվանագիտական ջանքերի ու տեսակետների փոխանակման պայմաններում եվրոպական երեք երկրների կողմից բանակցությունների ընթացքը շեղելուն ուղղված վարքագիծը զարմանք ու ափսոսանք է հարուցում»:
Ի հավելումն դրա, Վիեննայում ընթացող բանակցություններին մասնակցող իրանական թիմի խորհրդական Մոհամմադ Մարանդին լիբանանյան «Ալ-Մայադին» հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ նշել է, որ բանակցային գործընթացի երկարաձգումից բազմապատկվելու են եվրոպական երկրների խնդիրները: Նա հավելել է, որ այնուամենայնիվ, «եռյակն» ու Վաշինգտոնը տեղյակ են Իրանի միջուկային ծրագրի խաղաղասիրական բնույթի մասին:
Իր հերթին, Վիեննայում ընթացող բանակցություններում Ռուսաստանի ներկայացուցիչ Միխայել Ուլյանովը, քննադատելով «եռյակի» դիրքորոշումը, այն համարել է անպատեհ, ու նշել, որ հայտարարությունը տարածվել է ճիշտ այն պահին, երբ Վիեննայում ընթանում էին զգայուն բանակցություններ, ու ՄԱԳԱՏԷ-ն պատրաստվում էր անցկացնել իր հերթական նիստը:
Այնուամենայնիվ, նախատեսված նիստը կայացավ սեպտեմբերի 12-ին ու հրապարակվեց ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի նախնական զեկույցն առ այն, որ Իրանը շեղվել է իր ստանձնած պարտավորություններից: Զեկույցի մեջ մասնավորապես նշված է. «Քանի դեռ Իրանը երեք չհայտարարված օբյեկտներում ուրանի մասնիկների ծագման վերաբերյալ փաստական տվյալներ չի ներկայացրել, գործակալությունը չի կարող խոսել Իրանում միջուկային ծրագրի խաղաղ նպատակներին ծառայեցնելու Թեհրանի հավաստիացումների մասին»:
Մեղադրանքներին պատասխանելու հերթը Իրանինն է:
ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Դիվանագետ