Ստորեւ «Արմինյն Միրոր-Սփեքթեյթրից» թարգմանաբար ներկայացվող հոդվածը նախ տպագրված է եղել Շրի Լանկայի «The Asian Review» պարբերականում:
«Ի՞նչ էր Գազան, Պաղեստինը 1947-ին: Ի՞նչ է այն այսօր: Իսրայե՛լ, ինչպե՞ս մուտք գործեցիր այնտեղ: Դու օկուպանտ ես: Կրկնում եմ` Համասը ահաբեկչական կազմակերպություն չէ: Իսրայելը գուցե վիրավորվի այս խոսքերից, բայց ես հստակ այդ մասին արտահայտվում եմ, որովհետեւ Թուրքիան ոչ մի բանով պարտական չէ Իսրայելին: Մենք շարունակելու ենք մեր ճանապարհը»: Սրանք Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքերն են` ուղղված Ստամբուլում վերջերս կայացած զանգվածային հավաքի մասնակիցներին, որոնք եկել էին ի պաշտպանություն Պաղեստինի: Ամբոխը ցնծությամբ ընդունեց Էրդողանի խոսքերը` համարելով նրան հերոս, որ պաշտպանում է ճնշվածների իրավունքները:
Իսրայելցիներն ու Արեւմուտքը դատապարտեցին նրան, բայց նա այնքան առաջ գնաց, որ դիտորդներից ոմանք հավատացին, որ Թուրքիայի միջամտությունը Գազայի պատերազմին մոտալուտ է: Նման սցենարի իրականացման դեպքում ենթադրվում էր, որ Պակիստանը օգնության կհասնի Թուրքիային: Փառաբանվում էր թուրքական բանակի հզորությունը:
Այս բոլորը հիմնված էր Էրդողանի եւ մյուս քաղաքական գործիչների ճարտար հռետորաբանությունների վրա, սակայն նման ենթադրությունները զուրկ են խորաթափանցությունից եւ առողջ դատողությունից: Անհրաժեշտ է հասկանալ, թե իրականում ի՛նչ է Թուրքիան եւ ինչո՞ւ երբեք պատերազմ չի մղի ընդդեմ Իսրայելի:
Թուրքերը վերջերս մի քանի հակամարտությունների մասնակցեցին: Նրանք Սիրիայում եւ Իրաքում քուրդերի դեմ պաքյարեցին: Այնուհետեւ Ադրբեջանին պաշտպանելով կռվեցին Հայաստանի դեմ: Բայց Իսրայելի դեմ նրանք չպայքարեցին նույնիսկ այն ժամանակ, երբ հրեաները 10 թուրք քաղաքական ակտիվիստների սպանեցին «Մավի Մարմարա» միջադեպի ժամանակ: Եթե թուրքական արյունը գրոշ չարժեր Էրդողանի համար այդ ժամանակ, ինչո՞ւ հիմա պաղեստինցիների կյանքը ինչ-որ արժեք է ունենալու նրա համար: Ձեւացնելով, որ պատմության ճիշտ, արդարացի կողմում է կանգնած, եւ ստանձնելով մարտիկի դերը, որ իր մահմեդական հայրենակիցների կողքին է, նա պարզապես ուժեղացնում է իր դիրքերը երկրի ներսում, որպեսզի իր քաղաքացիները ի վերջո համախմբվեն AKP կուսակցության շուրջը:
Էրդողանը չափազանց պրագմատիկ, խորամանկ ու պատեհապաշտ անձնավորություն է, որ ամեն ինչից փորձում է օգուտ քաղել: Իր մարտավարական եւ տակտիկական երկարամյա փորձառության շնորհիվ նա կարողացել է գրեթե միշտ հասնել հաղթանակների: Օրինակները բազմաթիվ են: ՆԱՏՕ-ի անդամը լինելով հանդերձ՝ նա ձեռք բերեց ռուսական օդային պաշտպանության համակարգեր: Լեւանտում Ամերիկայի ամենամոտիկ դաշնակիցը լինելով, ռմբակոծեց Ամերիկայի կողմից վարժեցված քրդական ուժերին եւ ԵՄ-ից հատուկ ուշադրության արժանանալուն զուգահեռ կարողացավ BRICS եւ Շանհայ կազմակերպությունների հետ համագործակցել: Ուկրաինային «Բայրակդարներ» վաճառելով հանդերձ, ռուսական գազ ձեռք բերեց, եւայլն: Մի բացառիկ դեպքում, սակայն, չկարողացավ նախագահ Թրամփին մոլորեցնել, երբ վերջինս կոչ արեց ազատ արձակել ամերիկացի պաստոր Էնդրու Բրանսոնին: Թրամփին հաջողվեց Թուրքիայի տնտեսության վրա ազդել եւ թուրքական լիրան իջեցնել ռեկորդային ցածր մակարդակի, որի հետեւանքում Էրդողանը ստպիված եղավ ազատ արձակել պաստորին: Այս մեկ դեպքից բացի, նա միշտ գտել է ձեւը համագործակցելու Ամերիկայի բոլոր իշխանությունների հետ:
Երբ առանց մի փամփուշտ արձակելու նրան հաջողվում է հեշտությամբ հասնել իր նպատակների իրագործմանը, ինչո՞ւ պիտի նա իր երկիրը առաջնորդի մասնակցելու մի կործանիչ պատերազմի: Բայց այդ դեպքում ինչո՞ւ է նա աշխարհին հավատացնում, որ թուրքական ռազմական միջամտություն է սպասվում Գազայում: Պատասխանը պարզ է: Նրա հռետորաբանությունը հիմնված է աշխարհատնտեսական եւ աշխարհաքաղաքական հաշվարկների վրա: Նա Համասից հետո եկող ժամանակների մասին է մտածում:
Այս տարվա հունիսին Իսրայելի, Եգիպտոսի եւ Պաղեստինյան իշխանությունների հետ երկար ու բարդ բանակցություններից հետո համաձայնություն կնքվեց, որ «Gaza Marine» անունով ճանաչված գազի հանքերը գործարկվելու են եկամուտների բաժանման սկզբունքով: Համասն իր բաժինը ստանալու էր պայմանով, որ խոստանա չօգտագործել այդ գումարը Իսրայելի դեմ զինվելու նպատակով: Համասն ստիպված էր իր լիազորությունները հանձնել Պաղեստինի իշխանություններին (PA), քանի որ նրանք են պաղեստինցիների օրինական ներկայացուցիչները: Ներկա հակամարտության հետեւանքում Համասը փաստորեն կորցրել է իր շահաբաժինը: Բայց նրա քաղաքական թեւի ներկայացուցիչները, որոնք ապաստան են գտել արաբական մայրաքաղաքներում եւ Անկարայում, շարունակելու են, անշուշտ, պայքարել այդ շահաբաժինը ստանալու համար: Եվ այդ դեպքում նրանք ստիպված են լինելու գործարք կնքել սատանայի` Էրդողանի հետ: Այնպես որ, ամենայն հավանականությամբ Գազայի «Marine One» եւ «Marine Two» գազի հանքերն են Էրդողանի տեսադաշտում: Կա նաեւ «East Med» (Արեւելյան Միջերկրականի) գազի խողովակների հարցը, որն այժմ գուցե սառեցված է, բայց իրականություն կարող է դառնալ միայն թուրքերի համաձայնության դեպքում: Թույլ տվեք մեջբերել երեք հետաքրքրական հատվածներ կարեւոր անձանց ելույթներից:
«Այս հարցի վերաբերյալ որեւէ համաձայնություն պետք է ընդգրկի նաեւ Թուրքիային: Չենք կարծում, որ Իսրայելը, Կիպրոսը եւ Հունաստանը խողովակաշարերի վերաբերյալ համաձայնության կարող են գալ առանց Թուրքիայի մասնակցության», նշել է Իտալիայի գլխավոր պետական էներգաընկերության` Eni-ի վերջերս հաստատված գործադիր տնօրեն Կլաուդիո Դեկալցին: «Հուսով ենք, որ Իսրայելը կկարողանա շարունակել երկխոսությունները Թուրքիայի հետ», արտաքին գործերի հանձնախմբի փոխնախագահ Պաոլո Ֆորմենտինի: «Նման նախագծի գործարկման լավագույն տարբերակը իսրայելական գազը Թուրքիա հասցնելն է, որտեղ Թուրքիան կկարողանա դրա մի մասը օգտագործել ներքին շուկայի պահանջները բավարարելու համար եւ մյուս մասը Եվրոպա առաքել», ասել է Էրդողանը «TRT World»-ին տված հարցազրույցում:
Էրդողանը Թել Ավիվի հետ համաձայնության կգա պաղեստինցիներին պատկանող գազի պաշարների հարցում, միեւնույն ժամանակ իր բաժինը պահանջելով Արեւելյան Միջերկրականի հանքերից: Այդ երկու նախագծերը նա կկարողանա մի կծիկի վերածել եւ գործարք կնքել` խոստանալով, որ իր վերահսկողույթան ներքո ոչ մի փամփուշտ Գազայից Իսրայելի վրա չի արձակվի: Ահա թե ինչու նա այն միակ ղեկավարն է, որը Համասի պարտությունն է ցանկանում: Համասի անկումից հետո, գերպետությունները եւ տարածաշրջանային երկրները շտապելու են որոշելու Գազայի կարգավիճակը: Նախքան որ Սաուդյան Արաբիան մուտք գործի այնտեղ, Անկարան այդ հատվածի խնամակալն է դառնալու: Որպես նախկին կայսերական խնամակալի եւ մի անձնավորության, որը բարձրաձայն պաշտպանում էր պաղեստինցիների դատը. Գազայի բնակիչները նրան հաճույքով են ընդունելու:
Նրան այդքան չեն հետաքրքրում Գազայում մահացող երեխաները: Ոչ էլ անմեղ քաղաքացիները եւ ենթակառուցվածքների ոչնչացումը: Նա այդ ամենի մեջ միայն նոր հնարավորություններ է տեսնում: Գազան դարձյալ վերակառուցվելու է, հառնելու է մոխիրներից: Ոչ միայն ճանապարհներ եւ շենքեր են կառուցվելու, այլ մի ամբողջ նոր էկոհամակարգ: Միջազգային հիմնադրամներից միլիարդներ են հատկացվելու վերակառուցման աշխատանքներին: Իսրայելի դեմ ուղղված էժանագին լոզունգներով եւ Գազայում զոհվածների հիշատակին թափված կոկորդիլոսի արցունքներով Անկարան է, եւ ոչ թե Ռիադը, որ արժանանալու է այդ շահութաբեր հնարավորությանը, որպեսզի խթանի իր շինարարական մեգա-արդյունաբերությունը: Սա է դաժան իրականությունը: Էրդողանը այնքան շատ քաղաքական կապիտալ է կուտակելու մահմեդական աշխարհում, որ կարողանալու է Սաուդյան Արաբիային դուրս մղել որպես մահմեդական աշխարհի առաջնորդի: Տարածաշրջանում ղեկավարությունը ստանձնելու այս չհայտարարված պատերազմը գաղտնիք չէ եւ մղվում է երկու մրցակից պետությունների հարաբերություններում վերջերս նկատվող սերտացմանը զուգահեռ: Որպես խաղաղապահ, թե որպես անվտանգության երաշխավոր, Թուրքիան կարող է ազդեցիկ լծակներ բանեցնելով ազդել ինչպես ամերիկացիների, հրեաների, այնպես էլ տասնամյակների պատմություն ունեցող հակամարտության յուրաքանչյուր մասնակցի վրա:
Էրդողանն այնքան բարձր է բղավում, որ աշխարհն է ցնցվում, արաբական պետությունների փողոցներն են հեղեղվում ամբոխներով, որոնք սոցցանցերի միջոցով հարգանքի տուրք են մատուցում նրան պաղեստինցիների անունից: Բայց սխալ մի հասկացեք: Նա միայն «հաչելու է, չի կծելու»: Այս թատերականացված կուրծք ծեծելը հանդիսասրահի եւ լրատվամիջոցների համար է, եւ դժբախտաբար, այն գերազանց է աշխատում:
Զավեշտական է պարզապես այն, որ Գազայի շրջափակման համար Իսրայելին մեղադրող անձը ի՛նքն էր մի փոքր ժամանակ առաջ պաշտպանում իր զուգընկերոջ` ազերի բռնակալի նույնքան զարհուրելի շրջափակումը` Լեռնային Ղարաբաղի բնակչության նկատմամբ:
«Մենք աշխարհին պատմելու ենք, թե Իսրայելը պատերազմի հանցագործ է: Մենք պատրաստվում ենք դրան», հայտարարում է Էրդողանը, մինչ իր նավերը էներգիա եւ այլ նյութեր են բեռնաթափում Իսրայելում: Թուրքական ապրանքները ամենուրեք են Իսրայելում: Իրականությունն այն է, որ Թուրքիան սովորականի պես Իսրայելի հետ «բիզնես է անում»: Էրդողանը սիրում է Թուրքիային եւ միայն Թուրքիային: Նա կարիքը չունի արդարանալու, թե ինչու միաժամանակ երկու կողմին է պաշտպանում: Նա կարիք չունի հոգալու էթիկայի, ընդունված նորմերի եւ քաղաքական պատշաճության մասին: Միակ բանը, որ նրան առաջնորդում է` ընձեռված հնարավորություններից օգտվելն է: Այնպես որ, նրանք, ովքեր հավատալով նրա խոսքերին ցանկանում են թուրք զինվորների տեսնել Գազայում Իսրայելի դեմ կռվելիս, չարաչար սխալվում են»:
ԴԱՆՈՒԿԱ ԴԻԿՎԵԼԼԱ
Շրի Լանկա
Անգլ. բնագրից թարգմանեց`ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ
(The Armenian Mirror-Spectator)