Բրյուսելում պղծել են հայկական խաչքարը
Ինչպես ամեն տարի, այս տարի եւս, ապրիլի 24-ին, Բելգիայի տարբեր քաղաքներից մեր հայրենակիցներն իրենց հարգանքի տուրքն էին բերել Բրյուսել՝ հարգելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:
Տարեց տարի էլ ավելի մարդաշատ է Բրյուսելի Սուրբ Մարիամ Մագդաղենացի Հայ Առաքելական եկեղեցին, ուր մատուցվեց պատարագ ի հիշատակ մեր նահատակների: Այնուհետեւ ներկաները քայլերթով շարժվեցին դեպի Հայոց ցեղասպանության հիշատակը հավերժացնող խաչքար՝ շարունակելու ոգեկոչման արարողութունը:
Օտարության մեջ մեր հայրենակիցները մենակ չեն: Հայ ժողովրդի սուգը իրենց մասնակցությամբ սփոփում են նաեւ բելգիական կառավարության, քաղաքական կուսակցությունների, օտարերկրյա համայնքների, հասարակական կազմակերպությունների ու միությունների մեծաթիվ ներկայացուցիչներ: Ամեն տարի այս օրը, ի հավատարմության, Բելգիայի բազմաթիվ եւ բազմաշերտ հասարակությունն իր թանկ ժամանակը նվիրաբերում է ծաղիկներ խոնարհելու, ծաղկեպսակներ դնելու, թուրքական յաթաղանի զոհ դարձած անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ:
Անկախ քաղաքական ու այլ տարաձայնություններից այդ օրը մեր հայրենակիցները միահամուռ ու միասնական համախմբվում են:
Հայ երիտասարդները դեռ ապրիլի 23-ի ուշ երեկոյից խաչքարի շուրջ սկսում են մոմավառության արարողությունը:
Բրյուսելում բավականին զգալի է հայ- թուրքական լարվածությունը: Եվ ցեղասպանության տարելիցին նվիրված ողջ արարողության ընթացքում տարածքն ամբողջովին վերահսկվում է ոստիկանների կողմից: Փակվում են եկեղեցու եւ խաչքարին հարող փողոցները: Արգելվում է մեքենաների երթեւեկությունը, պահպանվում է առավելագույն անվտանգություն:
Սակայն այս տարի հայ համայնքը բախվեց թուրքական վանդալիզմի այլ դրսեւորմանը: Ապրիլքսանչորսյան արարողության հաջորդ օրը թուրք ծայրահեղականները պղծել են Բրյուսելի Անրի Միշո (Henri Michaux) հրապարակում տեղակայված խաչքարը: Թուրքերը խաչքարի վրա վառ կարմիր գույնով նկարել են թուրքական դրոշի վրա պատկերված, թուրքերի խորհրդանիշը համարվող երեք հատ կիսալուսին, իսկ խաչքարի վերին հատվածում գրել FUCK PALYAN արտահայտությունը՝ հասցեագրված թուրքական խորհրդարանի ծագումով հայ պատգամավոր Կարո Փալյանին:
Բելգիայի Հայերի կոմիտեն, ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախումբը, ինչպես նաեւ Բելգիայի խորհրդարանի պատգամավորները խստորեն դատապարտել են կատարվածը, կոչ արել անհապաղ լուծարել Եվրոպայում գործող թուրքական «Գորշ գայլեր» կազմակերպության գործունեությունը :
Բելգիայի քննչական մարմինների մեծ ցանկության դեպքում լիովին հնարավոր է գործը բացահայտել, քանի որ տարածքը, ուր տեղակայված է խաչքարը, վերահսկվում է նկարահանող սարքերով:
Առաջին անգամ չէ, որ Եվրոպայի մայրաքաղաքում թուրքերը ահաբեկում են հայերին: Դեռեւս 2007-ին Բրյուսելում, թուրքերը քարերով, կոկտել-մոլոտով, պայթուցիկ այլ նյութերով հարձակվեցին հայի սրճարանի վրա: Ժամեր շարունակ սրճարանի հաճախորդներին սպառնաիքների ենթարկեցին, հիմնովին ավերեցին սրճարանը, սակայն, նրանցից ոչ ոք պատասխանատվության չենթարվեց, նույնիսկ վարչական տույժ չկիրառվեց : Պարբերաբար հայ երիտասարդներ դանակահարվել են թուրքերի հետ բախումների ժամանակ :
2020-ին Ադրբեջանի դեսպանատան մոտ հայերի խաղաղ ցույցին ի պատասխան, դեսպանության շենքից քարերի անձրեւ էր թափվում հայերի վրա, իսկ վերջում արյունալի բախումներ եղան :
«Թուրքերը Բելգիայում հաստատվել են 60-ականներից: Արդեն քանի սերունդ է ծնվել-մեծացել Բելգիայում, սակայն, մինչ օրս նրանք մնացել են իրենց նախնիների պես հետադիմական եւ լիովին չեն ինտեգրվում եվրոպական հասարակությանը, քանի որ անդամակցում են ծայրահեղ ազգայնամոլ խմբավորումներրի»: Երեկ, այս մասին համոզմունք հայտնեցին Բելգիայի խորհրդարանի պատգամավորներ, քաղաքական գործիչներ՝ Բելգիայի ֆրանսիական առաջին ալիքով հեռարձակվող օտար ազգերի ինտեգրմանն առնչվող հեռուստահաղորդման ժամանակ:
Թուրքերի համար ազգային հպարտություն է անգամ Եվրոպայի կենտրոնում հայերի հանդեպ շարունակաբար տարվող ահաբեկչությունը, մշակութային կոթողների սրբապղծումը, ինչը եւս մեկ ահազանգ է եվրոատյաններին՝ առանձնակի ուշադրություն սեւեռել հայ- թուրքական դարակազմիկ խնդրին: Անհապաղ, ավելի քան առաջնային է ցեղասպանության ժխտման օրինագծում ներառել նաեւ Հայոց ցեղասպանությունը, որը ցավոք Բելգիայի ներկայացուցիչների պալատի կողմից շրջանցվել է՝ միջազգային դատարաններում հայցի հիմնավոր բացակայության պատրվակով, իսկ հետեւանքներն այսօր շատ ավելի մտահոգիչ են դարձել ոչ միայն մեր տարածաշրջանում, այլեւ հենց Եվրոպայի կենտրոնում:
ԱՐԱՔՍ ՍԱՖԱՐՅԱՆ
Բրյուսել