Վարչական դատարանում՝ դատավոր Մհեր Պետրոսյանի նախագահությամբ, կայացել է Մուրադ Փափազյանին անցանկալի անձանց ցուցակում ներառելու մասին ԱԱԾ որոշումը վիճարկելու հարցով գործի քննությունը:
Վարչական դատարանի դատավորը լուրջ դեմքով հարցնում է փաստաբաններին՝ դատարանը պետք է գնահատակա՞ն տա հայցվորի՝ ոչ ցանկալի անձանց ցանկում ներառելու իրավաչափությանը:
Այսքանով դատական նիստն ավարտվում է, որովհետեւ փաստաբանների պահանջն այլ էր՝ ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանի անունը հանել «ոչ ցանկալի անձանց» ցանկից, որովհետեւ նրա անունն այդ ցանկում ներառելը ոչ իրավաչափ է:
Իրավաբանական ձեւակերպումները պետք է ճիշտ լինեն, որպեսզի չվնասեն պաշտպանյալին: Այնինչ դատաիրավական համակարգի հերթական ֆարսի հետեւում հակապետական, հակաազգային մի կուռ ծրագիր կա, որի ակունքները Թուրքիայում ու Ադրբեջանում են, այդ ծրագրի ստնտուներն ամեն օր քարոզչական խողովակներով հանրության ուղեղը լցնում են, թե Սփյուռքն է ձեր թշնամին, Սփյուռքն է, որ բորբոքում է վրեժի ու պահանջատիրության կրակը ու թույլ չի տալիս, որ հայաստանցիները թուրքերի ու ադրբեջանցիների հետ հաշտվեն:
Օրերս ադրբեջանցի պատգամավորներից մեկը սոցցանցերում հենց այդպես էլ գրել էր՝ հայե՛ր, ձեր թշնամին ձեր Սփյուռքն է, ո՛չ թե Ադրբեջանը:
Մինչ այժմ շարքային ադրբեջանցիներն էին գրոհում՝ հայե՛ր, մի հավատացեք Սփյուռքի սադրանքին, սփյուռքահայերը չեն ուզում, որ դուք հանգիստ ապրեք, նրանք անընդհատ հակամարտություն են հրահրում, որ դուք Արցախի համար պայքարեք, Զանգեզուրի համար պայքարեք, Ցեղասպանության համար պայքարեք, Թուրքիայում գտնվող հողերի համար պայքարեք: Հիմա անթաքույց անցել են պետական մակարդակով գրոհի՝ անգամ պաշտոնյաներն են կոչ անում հայաստանցիներին «հեռու մնալ» Սփյուռքից:
Մուրադ Փափազյանի մուտքը Հայրենիք արգելելը ՀՀ իշխանությունների ադրբեջանահաճո ու թրքահաճո տրամաբանության շարունակությունն է: Ոչ ոք չի կասկածում, որ սա իրավական դաշտում քաղաքական ենթատեքստով ու նպատակով արված քայլ է՝ սփյուռքահայ ընդդիմադիր գործիչը իշխանությունների աչքի փուշն է:
Մուրադ Փափազյանը պահանջում է դատական կարգով պարտավորեցնել ԱԱԾ-ին ՀՀ տարածքում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկից հանել իր տվյալները:
Քանի որ նրա մուտքը Հայաստան արգելված է, դատարանում էր նրա ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
Դատարանը որոշում կայացրեց այս վարույթով որպես Մուրադ Փափազյանի ներկայացուցիչ՝ Արծվիկ Մինասյանի լիազորությունները չճանաչել. տեխնիկական խնդիրներ կային՝ լիազորագրի մի հատվածը ֆրանսերենից հայերեն թարգմանելու անհրաժեշտություն:
10 ամիս է անցել, մինչ օրս ԱԱԾ-ն Մուրադ Փափազյանին չի տրամադրել տեղեկություն, թե ի՞նչ պատճառով է իր մուտքը Հայաստան արգելվել. այն չի տրամադրվել նաեւ փաստաբաններ Ռուբեն Մելիքյանին ու Սիրանուշ Սահակյանին: Դատավոր Մհեր Պետրոսյանն էլ կրկնեց՝ պետական գաղտնիք է:
Փաստաբանները պահանջում են Մուրադ Փափազյանի տվյալները հանել ԱԱԾ-ի բանկից՝ պնդելով, որ դրանք հավաքագրվել են ապօրինաբար:
Անցանկալի անձանց բանկը ԱԱԾ-ն է վարում: Ըստ օրենքի՝ դրանում տեղեկություններ մուտքագրելու նպատակով ԱԱԾ-ին տեղեկություններ են ներկայացնում Հայաստանի նախագահի աշխատակազմը, Ոստիկանությունը, Արտաքին գործերի նախարարությունն ու Միգրացիայի ծառայությունը: Մուրադ Փափազյանի մասին տվյալները ԱԱԾ-ին հաղորդել են վարչապետ Փաշինյանի աշխատակազմից, թե նա հանդիսանում է 2021 էվականի հունիսի 1-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպանության մոտ վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակության՝ ՀՀ պետական դրոշակիր ավտոշարասյան դեմ հարձակում կազմակերպած անձանցից մեկը: Ավտոշարասյան ուղղությամբ նետվել են տարբեր իրեր, առարկաներ: Վարչապետի ՀՀ պետական դրոշակիր ավտոմեքենան ենթարկվել է հարձակման և ստեղծված իրավիճակը հաղթահարվել է միայն ֆրանսիական ոստիկանության և անվտանգության ուժերի ջանքերի արդյունքում:
Մուրադ Փափազյանը Ֆրանսիայի քաղաքացի է: Օտարերկրացիների մասին Հայաստանի օրենքը սահմանում է, թե որ դեպքերում է արգելվում արտասահմանցիների մուտքը Հայաստան: Արգելքի պատճառներից է, օրինակ, որ հավաստի տեղեկությունների համաձայն՝ օտարերկրացին իրականացնում է այնպիսի գործունեություն, մասնակցում, կազմակերպում է այնպիսի գործողոթյուն կամ հանդիսանում է այնպիսի կազմակերպության անդամ, որի նպատակն է վնասել Հայաստանի պետական անվտանգությունը, տապալել սահմանադրական կարգը, թուլացնել պաշտպանունակությունը, իրականացնել ահաբեկչական գործունեություն:
Մուրադ Փափազյանը persona non grata չորրորդ սփյուռքահայն է, որի մուտքը Հայաստան 2022 թվականի հուլիսի 13-ից արգելված է: «Ոչ ցանկալի» անձանց ցանկում են նաեւ Մասիս Աբրահամյանը, Սյունե Աբրահամյանը եւ Նժդեհ Գարագավորյանը:
ՀՀ իշխանությունների դիրքորոշումը միայն Մուրադ Փափազյանի կամ մյուս երեք սփյուռքահայերի դեմ չէ, այն ԱՄԲՈՂՋ ՍՓՅՈՒՌՔԻ ԴԵՄ Է:
Իրեն անցանկալի անձ ճանաչելու՝ Մուրադ Փափազյանի հայցի քննությունը հետաձգվեց:
Եվս մի սփյուռքահայ սպասում է, որ իր մուտքը Հայրենիք արգելանքից հանվի: Ի դեպ, Փափազյանի մուտքն արգելված է նաեւ Ադրբեջանում ու Թուրքիայում:
ՆԱԻՐ ՅԱՆ