2000-ականներից հայտնի անեկդոտ կա: Ուղեւորը հապշտապ տաքսի է նստում ու խիստ վրդովված ձայնով հրահանգում վարորդին՝ «Քշի Թուրքիա»: Վարորդը զարմացած հարցնում է. «Թուրքիա ի՞նչ կա, ա՛յ ախպեր»: «Ո՞նց չգնամ,-ասում է ուղեւորը,- Բա իմացե՞լ ես դրանք հարյուր տարի առաջ ի՞նչ են արել, սպանել են, ցեղասպանել են մեր ժողովրդին»: «Ա՛յ ախպեր, 100 տարի առաջ ցեղասպանել են, նո՞ր ես Թուրքիա գնում»,- հակադարձում է վարորդը: «Բա նոր իմացա»,- խիստ վստահ տոնով շեշտում է ուղեւորը:
Ճիշտ նույն իրավիճակում է հայտնվել հայրենի ընդդիմությունն` ի դեմս խորհրդարանական «Հայաստան» խմբակցության ու «Դաշնակցություն» կուսակցության: Ավելի քան յոթ ամիս շրջափակման մեջ գտնվող Արցախի հարցով սեպտեմբերի 2-ին հանրահավաք են հրավիրում` ցույց տալով, թե Արցախը միայնակ չէ: Իհարկե, շրջափակման թեմայով Փաշինյանի թիմի հետ գործուղումների մեկնող ուլտրաընդդիմադիրներն էլի են 1-2 հավաքներ ունեցել, բայց դրանից հետո սայլը տեղից չի շարժվել: ՀՅԴ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի` Արցախի անկախության օրը հանրահավաք նախաձեռնելու հրավեր-ազդագիրը Facebook-ի իրենց էջերին դրել են բոլոր կուսակցականները: Դաշնակցական պատգամավորներից մեկի գրառման ներքո մեկնաբանություն թողեցի. «Իսկ հանրահավաքից հետո գործողությունների ի՞նչ հաջորդակություն է լինելու, թե՞ ուղղակի հայտարարությունների ժամ եք հայտարարել»: Հարց, որը, ցավոք, անպատասխան մնաց:
ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ