Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ապրիլի 28-ին երկօրյա աշխատանքային այցով ուղեւորվել էր Սաուդյան Արաբիայի Թագավորություն: Նույն օրը նա մայրաքաղաք Ռիադում հանդիպեց թագավոր Սալման բին Աբդուլազիզին եւ թագաժառանգ Մուհամմեդ բին Սալմանին: Թեեւ նա ապրիլի 29-ին վերադարձավ Թուրքիա, սակայն ոչ մի կերպ չեն դադարում այցի արձագանքները, պայմանավորված, ըստ երեւույթին, դրա սկանդալային բնույթով:
Ռիադ մեկնելուց առաջ Էրդողանը օդակայանում ի լուր աշխարհի հայտարարել էր, որ իրեն հրավիրել են, ակնարկելով Սաուդյան Արաբիայի թագավորին եւ թագաժառանգին: Սակայն Ռիադում, երբ վերջիններս ընդունում են Էրդողանին եւ հադիպումը շարունակվում է, նույն պահին սաուդական պետհեռուստատեսությունը՝ «Al Ekhbariya»-ն, իսկույն հերքում է Էրդողանին եւ հայտնում, որ այցը իրականացվում է Թուրքիայի նախագահի պահանջով, սաուդյան իշխանությունները, ինչպես Անկարան է ներկայացրել, նրան չեն հրավիրել: Հետագայում այդ մասին նշել են նաեւ թուրքական թերթերը, մասնավորապես «Սյոզջու»-ն, «Բիր Գյուն»-ը, «Ջումհուրիյեթ»ը:
Գալով միջազգային մամուլին, ահա «Financial Times»-ը «խորհրդանշական» է համարել Էրդողանի հանդիպումները, մատնանշելով, որ այս այցի իրականացումն Էրդողանից մեծ ջանքեր է պահանջել: Ըստ անգլիական թերթի, Թուրքիան վերջին շրջանում ձեռնամուխ է եղել հարաբերությունների բարելավմանը Արաբական Միացյալ Էմիրությունների, Եգիպտոսի, Հայաստանի եւ Իսրայելի պես տարածաշրջանային մրցակիցների հետ, որոնցից, թերեւս, իբրեւ խնդիր ամենադժվարինը Էրդողանի համար կարծես Սաուդյան Արաբիան է ներկայացնում: Այդ ընթացքում սաուդական բարձրաստիճան մի պաշտոնյա անգլիական «Guardian» թերթի հարցին ի պատասխան ասել է. «Ոչ այնքան մենք ենք նրա կարիքի մեջ, որքան ինքը մեր, հետեւաբար առեւտրի պայմաններն Էրդողանին ինքներս ենք թելադրելու»:
Թուրքական թերթերի գնահատականով Էրդողանի սկանդալային սկիզբ ունեցող այցը Սաուդյան Արաբիա սկանդալով էլ ավարտվել է: Սկանդալի պարագային խոսքը Էրդողանի սուլթան Աբդուլ Համիդի կերպարով արաբական սոցցանցերում լայն տարածում գտած վերեւի լուսանկարն է, ինչպես նաեւ լուսանկարին կից Թուրքիայի նախագահին վերագրվող նսեմացուցիչ «ներողություն խնդրեց» եւ «փող պահանջեց» բնույթի գրառումները, որոնց Odatv.com ի Milli Gazete -ի գլխավորությամբ արձագանքել են նաեւ թուրքական մյուս թերթերը:
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
Թուրքագետ