Բրյուսելում ցույց ի պաշտպանություն Արցախի
Աշխատանքային երկուշաբթին Բրյուսելում սկսվեց հայ համայնքի կողմից կազմակերպված ցույցով: Եվրոմիության ամենաբանուկ հատվածում՝ Շումանի հրապարակում, Բելգիայում գործող Հայ դատի հանձնախմբի, ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի, Բելգիահայերի կոմիտեի, Բելգիայի Հայ Դեմոկրատական կուսակցության նախաձեռնությամբ կազմակերպվել էր բողոքի ցույց ընդդեմ Ադրբեջանի՝ արցախահայության նկատմամբ իրականացվող Էթնիկ զտման քաղաքականությանը:
Չնայած այս օրերին Բելգիայի ցրտաշունչ, մռայլ, անձրեւային եղանակին, բելգիահայերը դեռ հավատով` Եվրոմիության գործադիր մարմիններից հայցում էին ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ անմիջապես դադարեցնելու դեպի Արցախ ճանապարհի արգելափակումը եւ վերջ տալու կործանարար քաղաքականությանը:
Լաչինի միջանցքի շրջափակումից ցայսօր բաղմաթիվ նամակներ են ուղարկվել Եվրոխորհրդի նախագահ Շառլ Միշելին, ինչպես նաեւ Եվրոխորհրդարանի տարբեր հանձնախմբերին: Սակայն, իրականում, դատապարտող հայտարարություններից բացի ոչ մի գործնական քայլեր չկան, Եվրոպան դեռ լուռ է;
Աշխարհին իր կամքը թելադրղ, ռուս -ուկրաինական պատերազմով գերկենտրոնացած Եվրոպան այլեւս չի էլ թաքցնում իր անտարբերությունն ու չհետաքրքրվածությունը Հայաստանի, Արցախի, արցախահայության նկատմամբ: Մինչդեռ, Ռուսաստանի դեմ գործնական յուրաքանչյուր քայլ, պատժամիջոցների նոր փաթեթ, միանշանակ դառնում է կիրառելի:
Սուրբ Ծննդյան տոներին ընդառաջ, երբ քրիստոնյա աշխարհը, այս պարագայում՝ Եվրոպան խանդավառությամբ պատրաստվում են տոնական միջոցառումների, նվերներ ընտրում, աշխույժ եռուզեռով տոնական սեղաններ ,ճաշկերույթներ, ընդունելություններ կազմակերպում, նույն այդ ժամանակ մեր ազգակիցները, ցրտից կուչ եկած, բայցեւ հավատով, հուսալով ի լուր աշխարհի բարձրաձայն բղավում են «Արցախահայությունը բնաջնջման եզրին է»: Իսկ ո՞վ է լսում մեր ձայնը: Արդյոք մտահո՞գ է մարդու իրավունքներ քարոզող Եվրոպան: Բեռլայմոնի (Berlaymont) իր հարկաբաժնի բարձունքից Եվրոհանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լեյենը երեւի հպանցիկ, աչքի պոչով, ինչու չէ՝ նաեւ սուրճ խմելով, գուցեեւ լսում էր հրապարակում հավաքված արդարություն պահանջող հայերի ձայնը: Բայց ստացվում է, որ այսօրվա Եվրոպայի համար ուկրաինացի ժողովրդի շահերն հայերից առավել արժեքավոր են: Ամեն օր ուղիղ եթերով Եվրոպայում ցուցադրվում են կադրեր ցուրտ Ուկրաինայից, ժողովրդի ծանրագույն վիճակից, քննադատում Ռուսաստանին, բայց միաժամանակ անտեսում նույն իրավիճակում հայտնված արցախահայերին:
Հայաստանից արտահանվող էներգակիրներ չկան, հետեւաբար ԵՄ- ն մեզ փաղաքշում է միայն քաղաքական հայտարարություններով, բայց Ադրբեջանին գործնական շնորհավորանքներ փոխանցում՝ խրախուսելով օրերս Վրաստան-Ադրբեջան- Ռումինիա- Հունգարիա սեւծովյան տարածքով նոր էներգատարի շուրջ համաձայնագրի ստորագրման համար: Ավելին՝ Եվրոհանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենը հայտարարում է ծրագրին ֆինանսապես աջակցելու իր պատրաստակամությունը:
Ինչեւէ, բարեբախտաբար հայ համայնքը միայնակ չէ Եվրոպայում: Մեզ սատարելու էին եկել նաեւ Բելգիայի խորհրդարանի ու Եվրոխորհրդարանի պատգամավորներ, ովքեր իրենց ելույթով դատապարտեցին, նաեւ խոստացան հետեւողական լինել եւ հնարավոր բոլոր լծակներով պաշտպանել արցախահայությանը:
ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի պատասխանատու Գասպար Կարապետյանը ԵՄ- ին մշտապես հիշեցնում է ,որ դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը շարունակում է արգելափակել դեպի Արցախ մուտքի միակ ճանապարհը, որ Ադրբեջանի շարունակական սադրանքները անխուսափելիորեն կհանգեցնեն հումանիտար աղետի եւ վերջնարդյունքում՝ Արցախի հայ բնակչության Էթնիկ զտման: Նա նախ շնորհակալություն հայտնեց Եվրոխորհրդարանի պատգամավորներին, միջազգային ատյաններին, լրատվամիջոցներին Արցախի խնդիրին մշտապես հետամուտ լինելու, արձագանքելու համար, սակայն փաստեց, որ պահն օրհասական է, հետեւաբար պետք է բոլոր ջանքերը միավորել եւ Եվրոպական Միությունից պահանջել հայտարարություններից անցնել գործնական քայլերի: Հայերենով եւ անգլերենով նա թվարկեց գործնական պահանջների հստակ կետեր, Այն է՝
Բոլոր միջոցներով ճնշում գործադրել Ադրբեջանի վրա, որպեսզի վերջինս անհապաղ եւ առանց նախապայմանների բացի Լաչինի միջանցքը եւ երաշխավորի,որ նման իրավիճակ այլեւս չկրկնվի:
Շոշափելի քայլեր ձեռնարկել արցախահայության անվտանգությունն ապահովելու համար:
Ճանաչել Արցախի հանրապետությունը, հիմնել հումանիտար գրասենյակ Արցախում:
Կիրառել դիվանագիտական, տնտեսական եւ անհատական պատժամիջոցներ Ադրբեջանի իշխանությունների ակտիվների նկատմամբ:
Անհապաղ երկարաձգել Եվրոպական Միության դիտորդական առաքելության մանդատը Հայաստանի Հանրապետությունում:
Գրեթե երկու ժամ տեւած ցույցից մեր հայրենակիցները հեռացան անհանգիստ, հիասթափված՝ մարդու իրավունքներ քարոզող, բայց երկակի ստանդարտներով շարժվող Եվրոպայից:
Այսուհանդերձ, բելգիահայերը վճռական են, մինչեւ վերջ պատրաստ՝ հայերի իրավունքները մշտապես ԵՄ ատյաններին ահազանգելու համար:
ԱՐԱՔՍ ՍԱՖԱՐՅԱՆ
Բրյուսել