Որպեսզի պետությունը կամ «օրենքը» չմտնեն մատի եւ մատանու՝ լրատվամիջոցի եւ դրա սպառողի, արանքը, արդարադատության նախարարությոնն առաջարկում է փոփոխել եւ լրամշակել «Զանգվածային լրատվության մասին» օրենքն ու դաշտի խաղացողների համար իքնակարգավորման համակարգ ներդնել: Ի՞նչ է այն ենթադրում. ունենալ դիտորդ մարմին, որ կքննարկի լրատվամիջոցի կամ լրագրողի էթիկային առնչվող հարցերը, գնահատական կտա ու կփորձի հարթել տարաձայնություններն՝ առանց դատ ու դատաստանի: Ինքնակարգավորող մարմինը, ըստ նախագծի, կարող է գործել թե՛ ԶԼՄ-ի ներսում, թե՛՝ դրանից դուրս՝ ընդհանուր դաշտի համար: Փոփոխությունների նախնական տարբերակով, որ շրջանառված է e-draft հարթակում, ինքնակարգավորումը պարտադիր չի լինի, բայց կարող է արտոնություններ սահմանել ինքնակարգավորված ԶԼՄ-ների համար: Օրինակ՝ պետական ինստիտուտներին հորդորի «քաղցր աչքով» նայել դիտորդ մարմին ունեցող ԶԼՄ-ներին ու ավելի պարզեցված ընթացակարգով հավատարմագրել նրանց եւ այլն:
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն «Ազգ»-ի հետ զրույցում ասում է՝ լրատվամիջոցների ընտրությունն է լինելու ինքնակարգավորման համակարգին մաս կազմելը, և եթե լրատվամիջոցը դրան մաս չկազմի, չի դադարելու նրա լրատվամիջոց լինելը: «Այդ արտոնությունների հարցը պետք է լավ քննարկվի, որպեսզի այն չլինի միջամտող կամ էական տարբերություն առաջացնի լրատվամիջոցների համար, որպեսզի հանկարծ այնպես չստացվի՝ օրենքը ռեգրեսիվ լինի, ինչը տեսել ենք նախորդող 2-3 տարիներին, երբ իշխանությունները ռեգրեսիվ օրենսդրական նախաձեռնությունների շարք մշակեցին ԶԼՄ-ների մասին,- հիշեցնում է մեր զրուցակիցն ու մասնավորեցնում,- 5 րոպե էր պակաս, որ ԱԺ-ն ընդուներ օրենք, որով արգելվում էր հղումը չնույնականացվող աղբյուրներին:
Մեզանից մեծ ջանքեր պահանջվեցին, որպեսզի այդ օրինագծի հեղինակը նախագիծն ուղարկի ԵԽ, ստանա փորձագիտական եզրակացություն, որ այդպես չի կարելի, լրագրողը կարող է օգտվել ցանկացած աղբյուրից, բայց պատասխանատվությունը մնում է լրագրողի վրա»:
Մելիքյանը շեշտում է, որ նույն օրենքի մեջ մեկ այլ դրույթ էլ կա, որով նախատեսվում է լրագրողի հավատարմագրման դադարեցում, ինչն ընդունելի չէր: Ի դեպ, օրինագծով առաջարկվում է նաեւ հրաժարվել «Զանգվածային լրատվության միջոց» տերմինից եւ գործածության մեջ դնել «Հանրային իրազեկման միջոց»-ը:
ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ