Հուլիսի 6-ին Սերգեյ Փարաջանովի թանգարանում կայացավ «Փարաջանով. Չտեսած երազներ (թանգարանային միստերիա)» ներկայացման առաջնախաղը, որի նպատակն է Փարաջանովի արվեստը, նրա ուրույն գեղագիտությունը թատերական արվեստի, մնջախաղի եւ պարի մի անսովոր, երազային համադրության միջոցով ներկայացնելը: Նախագիծն իրագործվել է թանգարանի պատվերով (տնօրեն՝ Անահիտ Միքայելյան). դրա հեղինակը, երաժշտական ձեւավորողն ու բեմադրողն է ռեժիսոր եւ դերասան Գարեգին Գրիգորյանը:
Մեղմասահ դահլիճ է մտնում շղարշապատ փերին, որ հանդիսատեսի առջեւ աստիճանաբար վերափոխվում է իրական աղջկա: Սյուժե չունեցող այս նախագծի հիմքում Փարաջանովի գեղագիտական սկզբունքներն են, որից էլ ձեւավորվել է պատումի կառուցվածքային ձեւավորումը՝ փարաջանովյան բնորոշումներով մեկնված յոթ բաղադրիչներով. 1) խորանամուտք, 2) մեղադրանք («ինձ միշտ մեղադրում են, որ ես գեղեցկություն եմ ստեղծում: Գեղեցկությունն իմ հիվանդությունն է»), 3) ծնունդ («ռեժիսոր չեն դառնում, ծնվում են… իմ ողջ արվեստը մանկությունից է գալիս»), 4) գեղեցկություն («մի՞թե գեղեցկության համար կարելի է ինչ-որ սահմաններ նշել»), 5) արվեստ («պետք է գնալ հեռուն՝ երեւակայության կածանով»), 6) արտացոլանք («ուզում եմ նկարել՝ չմտածելով սյուժեի մասին, նկարել միայն գեղեցիկը»), 7) աղոթք («թող եռապատկվի ու բազմանա ամենայն գեղեցիկը աշխարհում»): Ոչ մի բառ չարտասանելով՝ դերարար Գայանե Խաչատրյանն անընդհատ վերափոխվում է, դիտողի մտքում արթնացնելով ամենատարբեր հիշողություններ, զուգորդումներ ու պատկերներ, հիշեցնելով Խորենացու «երգէր ձեռամբը». նա մե՛կ արեւելյան քրմուհի է, մե՛կ չարենցյան նայադ, մե՛րթ ժամանակի, մե՛րթ բնության խորհրդանիշ է, մե՛րթ էլ՝ սիրո ու մաքրության: Ներկայացման ընթացքում հնչում են հատվածներ Ալան Հովհաննեսի, Թակաշի Յոշիմացուի, Ալֆրեդ Շնիտկեի եւ Գիա Կանչելիի ստեղծագործություններից: Պարուհու ճկունությամբ Գայանե Խաչատրյանը մարմին է տալիս երաժշտությանը, կենդանացնում ու ոգեկոչում այն: Նուրբ հորինվածքով է կատարված տարբեր էֆեկտներ հաղորդող զգեստավորումը: Փարաջանովյան կոլաժները, ասամբլյաժները, ֆիլմերի համար արված էսքիզները, կտավները, տիկնիկներն ու զոհասեղանը կենտրոնում՝ ասես գործողության դեկորացիաներն են, եթե ոչ մասնակիցները. միաժամանակ, բուն ներկայացումը դուրս է փարաջանովյան ոճի կաղապարումներից, ինչը յուրաքանչյուր բեմադրիչի համար լուրջ փորձություն է: Ինքը՝ հանդիսատեսը, գործողության կարեւոր հերոսն է, որը, ըստ նախատեսվածի, պետք է համաստեղծագործի, փորձի գտնել շարժումներով ու պատկերներով նշանագրված հանելուկների պատասխանները: Ի վերջո, թանգարանի սրահը լցվում է մոմի լույսով ու խնկի բույրով: Գեղեցիկին ուղղված աղոթքի տեսարանով էլ ավարտվում է ներկայացումը…
ԱՇՈՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ