Աչքս դեռ չի տեսել, չի էլ կարդացել, ոչ էլ լսել եմ, թե վերջին երեսուն տարում երեք պատերազմ տեսած, միջազգային հանրության եւ մամուլի նախընտրելի բնութագրմամբ «չճանաչված մի պետություն», որի «դե ֆակտոն» մինչ 2020-ի հոկտեմբեր այդուհանդերձ արձանագրում էին նաեւ միջազգային ԶԼՄ-ները, որի «դե յուրեն» համենայնդեպս ցուցանում էին այնտեղ անցկացվող ժողովրդավար, թափանցիկ ընտրությունները, իսկ անկախ դիտորդները փաստում, որ կարող է այնքա՛ն զորեղ լինել, որ գա հասնի իրեն արհամարհող Եվրոպա եւ ասի՝ ես կա՛մ։
Մինչ պաշտոնական Երեւանը սնամեջ խաղաղասիրությամբ, Հայոց պետականության հանդեպ անպատասխանատու վարքով, Բրյուսելի հետ իր զրույցից հետո հայտարարում է, թե «օբյեկտի» հարցում «նշաձող է իջեցնում», արժանապատվությունը չկորցրած «սուբյեկտն» ինքն է հասնում եվրոպական կենտրոններ, բեմ բարձրանում եւ մեզ բարձրացնում՝ անհուսությունն ու անելանելիությունը վանում՝ հրաշապատո՞ւմ, թե՞ իրապատում «Երկնքից երեք խնձոր ընկավ» 2,5 ժամանոց ներկայացմամբ. Հունիսի 17-ին Ֆրանսիայի Լիոնում, հունիսի 22- ին Բելգիայի Մեխելենում, այնուհետ հունիսի 24-ին գերմանական Քյոլնում, հունիսի 26-ին Բեռլինում, իսկ եզրափակիչ ներկայացմամբ՝ հունիսի 28-ին Վիեննայում։
Ստեփանակերտի 90-ամյակը բոլորող «Վահրամ Փափազյան» պետական դրամատիկական թատրոնն առաջին անգամ է արտերկիր հյուրախաղերի մեկնում։
Ռուսագիր Նարինե Աբգարյանի՝ խորհրդանիշներով հարուստ համանուն ստեղծագործությունը, որ 44 -օրյա պատերազմից հետո Ստեփանակերտի թատրոնի բեմի համար «ձեւել է» նյույորքաբնակ Կարինե Քոչարյանը, թարգմանված հայոց լեզվի մեջ կիպ գրկել է թանկագին բարբառը՝ Արցախի հայաշունչ գոյության կարեւոր պայմանը։
Ճիշտ է, հայ հանդիսատեսը՝ արեւելահայ, թե արեւմտահայ, ամբողջովին չի ընկալում, կամ ականջից ուղեղ դժվար են հասնում հայերենի «ում» ճյուղի կենդանի բարբառներից ամենամեծի բոլոր բառերը, բայց մարդիկ չեն էլ դժգոհում, քանզի … երգ են լսում՝ քմայինների, առաջնալեզվյան ձայնավորների առատությունը երաժշտական այն բնական հենքն է, որի վրա բեմում գույն առ գույն շարվում են պատկերները, հյուսվում եւ ամբողջանում պարզ մարդկանց կերպարները, նույնիսկ բեմում պաստառ ծառայող գորգն ու կարպետն են ասես հյուսված այդ բարբառի անշփոթելի հնչյուններից։ Եթե Արցախում չես էլ եղել, եվրոպական բեմական այս տարածքում Արցախի միկրոկոսմոսը փոխանցում է հե՛նց բարբառը։
Անցյալ դարի վերջին Արցախի բարբառի սահմանները ձգվում էին մինչև Բաքու, Սումգայիթ, Գանձակ, Գետաշեն, Դաշտային Ղարաբաղ, այժմ բռնագաղթի անվերջանալի բիրտ շղթան դեռ որքան է կրճատելու հնամենի այս բարբառի լեզվական սահմանները, երբ Արցախի կարգավիճակի մասին թշնամու՝ լռելու պահանջին ի կատարումն Հայաստանից հաստատում են՝ Բերձորն ու Աղավնոն, այո՛, հանձնում են։ Իսկ Բերձորից եւ Աղավնոյից պատասխանում են՝ ո՞վ է հանձնում, երբ իրենք չեն հանձնվում։
Հենց այս ծանր խոհերի, հայերիս դառնացած հոգու փակ, անլուսամուտ պատերի մեջ մեկ էլ երդիկ է բացվում՝ Քյոլնի Kulturbunker-ի բեմում 13 դերակատարով Հայաստանի ծերացող գյուղերի, Արցախի ճակատագիրը մարմնավորող խումբը հուշում է շենի հավերժության, մեր անվտանգության բանալին՝ պատերազմի ավերի դեմ սերն է զորավոր։ Գյուղացիներից մեկը, որ կորցրել է կնոջն ու զավակներին, նորից է ամուսնանում, նրա առաջացած տարիքով կինը՝ Անատոլյան զավակ է ունենում։ Ծնունդն ու վերածնունդն են արցախցիների հույսը վառ պահում՝ հրաշքներ լինում են, եթե մարդն անձնատուր չի լինում, ճիշտ որոշմամբ դիմակայում, դիմագրավում է արհավիրքին։ Պատերազմի ու մահվան երկյուղը հաղթահարելի է, երբ ծնունդ կա։
«Գիտե՞ս որքան խոխա ա ծնվել պատերազմից հետո, նաեւ հենց էս պահին», ներկայացման ավարտին ինձ գրկում եւ հույս է տալիս Յասամանի դերակատար, թատրոնի երկարամյա դերասանուհիներից Ռուզան Գասպարյանը։
Ես չգիտեմ աշխարհի բոլոր հեքիաթասացներին, բայց համոզված եմ, որ Նարինե Աբգարյանի պատմածն իրապատում է։
Ես չգիտեմ անհավանականը հավանական, ավելին՝ շոշափելի դարձնող մարդկանց թիվը որքա՞ն է, բայց համոզված եմ, որ Կարինե Քոչարյանը նրանցից մեկն է։ Նա գտել է Արցախին սատարելու, նրա արնահոսող վերքը դարմանելու ճիշտ սպեղանին՝ մանավանդ 44 -օրյա պատերազմից հետո։ Վերջին 29 տարիներին Նյու Յորքում բնակվող եւ ստեղծագործող՝ դերասանուհի, ռեժիսոր եւ հեռուստամեկնաբան Կարինե Քոչարյանը ներկայացնում է բեմադրության պատմությունը։« 5 ամիս Արցախում եմ եղել պատերազմից հետո։ Երբ իմացա, որ Արցախի թատրոնը պատերազմից հետո զրոյական վիճակում է հայտնվել՝ թե՛ գլխավոր ռեժիսորն էր գնացել Արցախից, թե՛ դերասաններից շատերը, որոշեցի, որ անպայման պիտի գնամ եւ բեմադրություն անեմ»։ Մտել է թատրոն, աշխատել դերասանների հետ եւ, որ առավել կարեւոր է, բեմից հաղորդակցություն ստեղծել հանդիսատեսի՝ հանրության տարբեր շերտերի միջեւ։ Հետպատերազմյան Արցախից առաջին լուսավոր շողն էր Ստեփանակերտում ներկայացման առաջնախաղը, որի մասին տեղեկացանք Հասմիկ Պապյանի ֆեյսբուքյան ավետիսից։ Ինքն առաջինն էր հասել, իր զույգ ձեռքի ծափը ընծայել, իր պայծառ հայացքով գրկել բեմում արարող մարդկանց։ Ներկայացումը շատ ջերմ հանդիսատես էր ունեցել։ «Բայց, մեր զրույցում նկատել է տալիս Կարինե Քոչարյանը, Հայաստանից Պապյանի գլխավորությամբ 4 հոգի էին եկել, իմ բարեկամները։ Միայն»։
Կարինե Քոչարյանը շրջափակումից դուրս է բերել Արցախը, նրա պետական խորհրդանիշներից ընտրել մշակութապահպան, լեզվապահպան 90-ամյա կաճառը, որի սյուները դեռ կանգուն են, անցյալ տարի հասցրել է նախ Երեւան։ Մեր երկրի բարձրաստիճան պաշտոնյաները, եթե հեռու, ապա միայն արտերկիր են մեկնում, իսկ նրանց ուղեկցող թիկնազորը բյուջեն հո չի մսխի՝ տարբեր ուղեկալներով անցնելիք խիստ վերահսկվող ու բավականաչափ երկար ճանապարհն ընտրելով հասնի Ստեփանակերտ, որ ներկայացման առաջնախաղ դիտի։
2021-ի սեպտեմբերի 17, 18, 19-ին Ստեփանակերտի դրամատիկական թատրոնը «Երկնքից երեք խնձոր ընկավ» բեմադրությունը ներկայացնում է Երեւանում, այնուհետ մարզերում՝ Արտաշատում, Հրազդանում, Գյումրիում, Վանաձորում։ «Բացի Վանաձորից, որեւէ պաշտոնական ներկայություն չի եղել, թեպետ հրավերներ ուղարկվել են թե՛ ԿԳՄՍ նախարարություն, թե՛ Սփյուռքի հանձնակատարի գրասենյակ», մեր զրույցում տեղեկացնում է Կարինե Քոչարյանը։ Եւ նա 2021-ի դեկտեմբերից ի վեր աշխատում է մի՝ թվացյալ անհավանական՝ Արցախի թատրոնի եվրոպական շրջագայություն կազմակերպելով։
Ամուր, չճկվող ողնաշար է, ընդօրինակելի վարք է, չէ՞։ «Վահրամ Փափազյան» թատերախումբը Եվրոպայի 5 քաղաքներում բեմ է բարձրանում այն ժամանակ, երբ մարդիկ՝ օտար թե արյունակից, «դե ֆակտո» եւ «դե յուրե» Արցախի ստեղծած հեքիաթ իրականությունը ոչ այնքան պաշտպանել, որքան հանդուրժել չեն ցանկանում։
Գերմանահայերի համար առավել տարօրինակ էր այն իրողությունը, որ հայաշատ Փարիզում ներկայացում չխաղարկվեց։ Փորձում եմ բեմադրիչից պարզել իրականությունը։ «Արցախի ներկայացուցիչը, որ սկզբում ասել էր, թե կօգնի, ավելի ուշ իրազեկեց, թե ժամանակ չունի, եւ այդքան աշխատանքից հետո պարզվեց, որ որեւէ տոմս չի վաճառվել, իսկ չի վաճառվել, քանի որ մարդիկ ուղղակի տեղյակ չեն եղել»։
Քյոլնում Արցախի թատրոնին ջերմորեն ընդունեցին Գերմանահայոց առաջնորդարանն ու համայնքայինները, Բեռլինում կազմակերպչական հոգսը ստանձնել էր ՀԲԸՄ-ի տեղական կառույցը։
Թշնամու, պատերազմի, անորոշության սեւ ու սեւացնող ամպը չի կարող կուլ տալ բովանդակ երկինքը, եթե արեւը մեր աշխարհից դեռ չի հոգնել, երբ ամեն օր լույսը բացվում է թե՛ Հեռավոր Արեւելքում, թե՛ Արցախ աշխարհում, երբ արեւը գլորվելով դեպի մայրամուտ՝ դեպի Արեւմուտք, Արցախի վրայով է սահում։ Բարձրից է երեւում Արցախը, մեր հրաշալի երկիրը, մեր սիրտն էլ այդ բարձր լեռներում է։
Չիջնենք անդունդ։
Ներկայացման մասին մեր առաջիկա համարում։
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Գերմանիա