Այն օրվանից, երբ ԹՀ նախագահ Էրդողանը Ադրբեջանի 44-օրյա ագրեսիայի «ձեռքբերումները փառաբանելիս» Բաքվում անցկացված զինվորական շքերթի ժամանակ պանթյուրքիստական բարձր ոգեշնչվածությամբ Արաքս գետին նվիրված բանաստեղծություն է արտասանել ու Արաքսն անվանել «երկու ժողովուրդներին բռնի ուժով միմյանցից բաժանող» գետ, Իրանում տրամադրությունները Թուրքիայի ղեկավարության նկատմամբ փոխվել են: Այդ օրվանից Թուրքիայի նախագահին չի հաջողվում իր եւ ԻԻՀ նախագահի աշխատանքնային օրակարգում Թեհրան այցելելու գեթ մեկ օր հստակեցնել:
Մի անգամ էլ, հեռավոր 2015 թվականին, Թեհրան նախատեսված այցելության նախօրեին, Էրդողանը խոսել էր Մերձավոր Արեւելքում Իրանի նվաճողական քաղաքականության մասին ու դրանով առաջացրել իրանական կողմի զայրույթն ու օրակարգ մտցրել Էրդողանի այցը չեղարկելու մեջլիսի պահանջը:
Թեեւ անցյալ տարի նոյեմբերի 15-ին պաշտոնական այցով Թեհրանում գտնվող Թուրքիայի արտաքին գործերի նախարար Չավուշօղլուն խոսել էր նախագահ Էրդողանի Թեհրան նախատեսվող մոտալուտ այցելության եւ երկու երկրների միջեւ երկարաժամկետ հարաբերությունները համակարգող Համաձայնագրի ստորագրման անհրաժեշտության մասին, սակայն Էրդողանի Թեհրան այցելելու քանիցս հայտարարված ու համաձայնեցված ժամկետներն այդպես էլ իրականություն չեն դառնում:
Բացի այդ, Էրդողանի Թեհրան այցելությանը խանգարում է Թուրքիա-Իսրայել մերձեցումն ու Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգի մարտի 9-10-ը Թուրքիա այցը, որտեղ պաշտոնատար անձանց, այդ թվում նախագահ Էրդողանի հետ հանդիպումներից հետո, իսրայելցի բարձրաստիճան հյուրը մասնակցել է Ստամբուլի Բեյօղլու թաղամասի սինագոգում տեղի ունեցած կրոնական արարողությանն ու հանդիպել հրեական համայնքի ներկայացուցիչների հետ:
Եվ քանի որ Թեհրանն իր արտաքին քաղաքականության առաջնահերթություններից ելնելով, տարբեր երկրների հետ երկկողմ հարաբերությունները կարգավորելիս, կամ բազմակողմ հարաբերությունների ձեւաչափում խնդրարկու երկրի տեղը ճշգրտելիս, առաջին հերթին նկատի է առնում այդ երկրի հարաբերությունների մակարդակն Իսրայելի հետ, ուստի Թեհրանը չէր կարող անտարբեր մնալ Անկարայի նմանօրինակ քաղաքական ռեւերանսների նկատմամբ:
Իսրայելի նախագահի Թուրքիա այցելությունից ընդամենը երեք օր անց, Իրանի իսլամական հեղափոխության Պահապանների կորպուսը (ԻԻՀՊԿ) հայտարարեց, որ ի պատասխան Իսրայելի «վերջին հանցագործությունների», հրթիռակոծել է իրաքյան Քրդստանի Էրբիլ քաղաքում գտնվող մի «իսրայելական կենտրոն», որը, սակայն, ըստ իրաքյան պաշտոնական աղբյուրների, որեւէ անչություն չունի Իսրայելի հետ:
Թուրքիայի արտգործնախարարությունն էլ շտապեց դատապարտել Էրբիլի հրթիռակոծումն ու այն անվանեց խաղաղությանն ու կայունությանն սպառնացող քայլ: Իսկ Իրաքի զանգվածային լրատվամիջոցներն ու որոշ քաղաքական հոսանքներ Իրաքի հյուսիսային շրջաններն ամենօրյա ռեժիմով ռմբակոծող Թուրքիայի կողմից Էրբիլի միջադեպի դատապարտումը տարակուսելի անվանեցին:
Որքան էլ Իրանի ԱԳ նախարարության խոսնակն իր դիվանագիտական հարուստ բառապաշարից ընտրի Իրան-Թուրքիա «առանձնահատուկ» հարաբերությունների մասին ճոխ ձեւակերպումներ, եւ ապրիլի 11-ի իր մամուլի ասուլիսի ժամանակ դրանք ներկայացնի որպես վերջին հարյուրամյակներում ամենակայուն հարաբերությունների օրինակելի նմուշաձեւն ու երկու երկրների միջպետական սահմանն անվանի աշխարհի ամենաապահով սահմանը, միեւնույն է, ԱԳՆ խոսնակի հաջորդող խոսքերը վկայում են Իրան-Թուրքիա հարաբերությունների լարվածության մասին: ԱԳՆ խոսնակ Խաթիբզադեն, առանց Թուրքիայի անունը հիշատակելու, հավելել է. «Այն երկրները, որոնք Երուսաղեմը բռնազավթած օկուպանտ ռեժիմի առնչությամբ սխալ հաշվարկներ են կատարել, գործնականում ճաշակել են իրենց սխալ հաշվարկների հետեւանքները»:
Չնայած օրինակելի թվացող երկկողմ հարաբերությունների մասին ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակի հավաստիացումների, ԹՀ նախագահի այցը Թեհրան պետք է իրականանար այնպիսի մի ժամանակահատվածում, երբ լուրջ անհրաժեշտություն կար վերականգնելու երկու երկրների միջեւ խոցելիության աստիճանի հասած անվստահությունը: Դժվար չէ նկատել, որ Էրդողանի նախագահության ու վերջինիս գլխավորած «Արդարություն եւ զարգացում» կուսակցության օրոք քաղաքական եւ տնտեսական ոլորտներում երկկողմ հարաբերությունների մակարդակը նկատելիորեն զիջել է նախորդ շրջանների մակարդակին:
ԹՀ նախագահ Էրդողանի Թեհրան այցելության ժամկետների հետաձգման փաստից դժգոհել է Թուրքիայի «Հայրենիք» կուսակցության նախագահ Դողու Փերինչեքը, որ Անկարայի նման որոշումն անվանել է «մեծ սխալ»:
Կուսակցապետ Փերինչեքի համոզմամբ, ԹՀ նախագահի այցի հետաձգումով, Թուրքիան մեծ հնարավորությունից է զրկվում: Նա էներգետիկ ճգնաժամի շեմին կանգնած Թուրքիայի համար բարեբախտություն է համարել Իրանի, Ադրբեջանի, Իրաքի ու Սիրիայի պես էներգետիկ ռեսուրսներով հարուստ երկրների հետ հարեւան լինելը, եւ այցի հետաձգումը աննպատակահարմար որակել:
Փերինչեքի խոսքերից կարելի է ենթադրել, որ Էրդողանի Իրան այցելության հետաձգման նախաձեռնությունը թուրքական կողմինն է: Իսկ ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Խաթիբզադեի ասածները վկայում են այցը հետաձգելու իրանական կողմի նախաձեռնության մասին:
Իրականում էական էլ չէ, թե ո՞ր կողմն է հերթական անգամ հանդես գալիս այցի հետաձգման նախաձեռնությամբ: Էականն այն է, որ երկու երկրների միջեւ փոխվստահությունը խոցվել է ոչ այնքան Արաքս գետին նվիրված բանաստեղծության ու Անկարայի քաղաքական ռեւերանսների, կամ էլ Էրբիլի հրթիռակոծմանը Թուրքիայի արձագանքների շարժառիթով, որքան ռուս-ուկրաինական ճգնաժամով պայմանավորված հակադիր ճամբարներում հայտնվելու պատճառով:
ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Դիվանագետ