Կիրակի, Մարտի 29, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ե՞րբ կավարտվի Իրանի դեմ պատերազմը

Գրիգոր Առաքելյան
13/03/2026
- 13 Մարտի, 2026, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն, Քաղաքականություն
40
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

(Ըստ արեւմտյան վերլուծական կենտրոնների)

Մերձավոր Արեւելքում սկսված նոր պատերազմի ավարտը դեռ չի նշմարվում: Այդ անորոշության հետեւանքները կարող են տարիներ շարունակ ազդել տարածաշրջանում ուժերի հավասարակշռության վրա:

Իրանը, ի պատասխան հարվածների, իրականացրել է մի շարք հրթիռային եւ անօդաչու թռչող սարքերի հարձակումներ տարածաշրջանի տարբեր թիրախների դեմ՝ դրանք ներկայացնելով որպես պատասխան գործողություններ: Այս իրավիճակում փորձագետների առաջ կանգնած կարեւորագույն հարցերից մեկն այն է, թե այս պատերազմը ինչպիսի հետեւանքներ կարող է ունենալ Մերձավոր Արեւելքի համար եւ ինչպիսի սցենարներ կարելի է պատկերացնել Իրանի ներքին զարգացումների ու տարածաշրջանային անվտանգային գործընթացների առումով:

Ամերիկյան RAND վերլուծական կենտրոնի Իսրայելի հարցերով վերլուծաբան Շայրա Էֆրոնը իր վերլուծության մեջ ընդգծում է, որ Իսրայելի նպատակն ուղղված չէ միայն Իրանի համակարգի թուլացմանը, այլ նաեւ տարածաշրջանում հակաիսրայելական տրամադրությունների նվազեցմանը:

Միեւնույն ժամանակ Էֆրոնը համոզված է, որ միայն ռազմական ձեռքբերումները չեն կարող Իսրայելին դուրս բերել տարածաշրջանում մշտական լարվածության իրավիճակից: Նրա կարծիքով՝ Լիբանանը կարող է վերածվել հիմնական ճակատի, իսկ Գազայի իրավիճակը շարունակում է պահպանել իր լուրջ բարդությունները: Փորձագետը նաեւ նշում է, որ Իրանի գործողությունների սաստկացումը արաբական հարեւանների դեմ ոչ պաշտոնական կերպով ուժեղացրել է անվտանգության եւ հետախուզական համագործակցությունն Իսրայելի եւ որոշ երկրների միջեւ: Սակայն պաղեստինյան հարցը շարունակում է մնալ տարածաշրջանային քաղաքականության որոշիչ գործոններից մեկը:

RAND-ի ռազմավարության եւ դոկտրինի ծրագրի տնօրեն Ռաֆայել Քոհենը ներկայիս պատերազմը գնահատում է որպես Իսրայելի անվտանգության համար շրջադարձային պահ: Նա ընդգծում է, որ նույնիսկ Իրանի համակարգի անկման դեպքում այդ երկրի դաշնակից խմբերը, որոնք հաճախ անվանվում են Իրանի «պրոքսի» ուժեր, իրենց խոր սոցիալական արմատների պատճառով կշարունակեն գործունեությունը: Քոհենը նաեւ զգուշացնում է, որ տարածաշրջանի քաղաքական քարտեզի փոփոխությունը կարող է որոշ արաբական երկրների մղել հակաիսրայելական դիրքորոշման՝ ճգնաժամի մեջ ակամա ներքաշվելու հետեւանքով:

Դիվանագիտության ոլորտում ապագայի ուսումնասիրության տեսանկյունից RAND կենտրոնի փորձագետներ Ջուլիա Մասթերսոնը եւ Քարեն Զուդքամփը կարծում են, որ լարվածության նվազեցման հստակ ուղի ներկայումս չի նշմարվում: Իրանը եւ Իսրայելն իրենց շահերը կապում են գոյաբանական սպառնալիքների հետ եւ այժմ հիմնականում կենտրոնացած են հակառակ կողմի ռազմական կարողությունների թուլացման վրա: Իսկ Մոջթաբա Խամենեիի ընտրությունը որպես Իրանի նոր առաջնորդ նույնպես մեկնաբանվում է որպես միջնորդության հնարավոր ուղիների մերժման ազդակ:

Այլ կերպ ասած՝ RAND-ի վերլուծաբանները նշում են, որ այս ճգնաժամից հետո Իրանը կարող է ունենալ ավելի թուլացած ռազմական կարողություններ, սակայն միաժամանակ՝ ավելի կոշտ եւ հեղափոխական իշխանություն, որը կշարունակի դիմակայել արտաքին ճնշումներին:

Ճգնաժամի երկարաժամկետ ուղղությունը գնահատելու հիմնական ցուցանիշներից մեկը Իրանի հրթիռային հարձակումների ինտենսիվությունն ու շարունակականությունն է: Այդ հարձակումների նվազումը կարող է նշանակել կա՛մ պահեստային զինանոցների պակաս, կա՛մ էլ գիտակցված ռազմավարություն՝ ուժերը պահպանելու երկարատեւ պատերազմի համար: Այդ պատճառով վերլուծաբանները նշում են, որ Մերձավոր Արեւելքի ապագայի վերաբերյալ ցանկացած ճշգրիտ կանխատեսում պահանջում է ռազմական, տնտեսական եւ դիվանագիտական գործոնների մշտադիտարկում առաջիկա շաբաթներին եւ ամիսներին:

1916 թվականին Ռոբերտ Ս. Բրուքինգսի կողմից հիմնադրված ամերիկյան Brookings վերլուծական կենտրոնի փորձագետները նույնպես զգուշացնում են, որ այս պատերազմի հետեւանքները դուրս են գալիս Իրանի սահմաններից եւ կարող են կարեւոր ազդեցություն ունենալ ինչպես տարածաշրջանային, այնպես էլ միջազգային մակարդակում:

Brookings-ի արտաքին քաղաքականության ծրագրի տնօրեն Սյուզան Մալոնին նշում է, որ թեեւ օդային հարվածները թիրախավորել են Իրանի ռազմական կարողությունները եւ առանցքային ղեկավարությանը, սակայն Իրանի ինստիտուցիոնալ կառույցներն ու քաղաքական ցանցերը դեռեւս զգալի առավելություն ունեն ներքին մարտահրավերների նկատմամբ: Այդ պատճառով Իրանը փորձում է ուժեղացնել հարձակումները հարեւան երկրների էներգետիկ եւ տնտեսական ենթակառուցվածքների դեմ՝ դիվանագիտական ճնշում գործադրելու եւ ԱՄՆ-ի հետ բանակցելու հնարավորությունները մեծացնելու համար:

Brookings-ի արտաքին քաղաքականության ծրագրի ավագ գիտաշխատող եւ Թել Ավիվի համալսարանի պրոֆեսոր Իթամար Ռաբինովիչը Իրանի ներկայիս քաղաքականությունը բնութագրում է որպես «ռադիկալ շրջադարձ»: Նրա կարծիքով, չնայած սկզբնական ծանր հարվածներին, Իրանի իշխանությունը դեռ չի տապալվել, եւ նրա ռադիկալ միջուկը շարունակում է վերահսկել իրավիճակը: Պարսից ծոցի երկրներին ուղղված հրթիռային հարվածները եւ Հարավային Կիպրոսը թիրախավորելու փորձերը, ըստ նրա, ցույց են տալիս մի քաղաքականություն, որի նպատակը ԱՄՆ-ին եւ միջազգային հանրությանը համոզելն է, որ պատերազմի շարունակությունը չափազանց թանկ կլինի: Սակայն Ռաբինովիչը զգուշացնում է, որ այս մոտեցումը կարող է նաեւ հակառակ ազդեցությունն ունենալ եւ ստիպել վերանայել արաբական երկրների հարաբերություններն Իրանի հետ:

Brookings-ի Մերձավոր Արեւելքի քաղաքականության կենտրոնի ավագ հետազոտող Սթիվեն Հեյդեմանը պատերազմի հիմնական վտանգը համարում է իշխանափոխության վրա խաղադրույքը: Նրա կարծիքով՝ նույնիսկ Իրանի թուլացման դեպքում իշխանությունը կարող է պահպանվել եւ ներքին ճնշումների, զսպման կարողությունների վերականգնման ու ասիմետրիկ գործիքների կիրառման միջոցով նոր խնդիրներ ստեղծել իր հակառակորդների համար:

Բացի այդ, հնարավոր իշխանափոխությունը խաղաղություն հաստատելու փոխարեն կարող է բերել երկարատեւ քաղաքական անկայունության եւ սահմաններից դուրս հակամարտությունների՝ հաշվի առնելով Իրանի միջնորդական ցանցերն ու սոցիալական խոր արմատները տարածաշրջանում:

Brookings-ի փորձագետների գնահատմամբ՝ կարճաժամկետ հեռանկարում ավելի հավանական սցենարը սահմանափակ քաղաքական համաձայնությունն է, այլ ոչ թե լիակատար իշխանափոխությունը: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւ նրա թիմը, ներքին քաղաքական նկատառումներից ելնելով եւ պատերազմն օր առաջ ավարտին հասցնելու ուղղությամբ ճնշումների պայմաններում, հավանաբար կփորձեն հասնել ինչ-որ համաձայնության Խամենեիի հնարավոր հաջորդի հետ: Միեւնույն ժամանակ Իրանը, պատերազմի սաստկացմամբ, փորձում է դիվանագիտական ճնշում գործադրել՝ բանակցություններում զիջումներ կորզելու նպատակով:

Էմիրությունների քաղաքականության կենտրոնի հիմնադիր եւ նախագահ Իբթիսամ ալ-Քեթբին  Բելֆեր (Belfer Center for Science and International Affairs)  վերլուծական կենտրոնի կայքում հրապարակված իր հոդվածում ընդգծում է, որ Պարսից ծոցի ռազմավարական դերը չափազանց կարեւոր է: Նրա խոսքով՝ Արաբական Միացյալ Էմիրությունների համար հարցն այլեւս միայն անկայունությունից խուսափելը չէ, այլ դրա շրջանակների կառավարումը՝ զսպման կարողությունների ուժեղացման եւ ազգային ինքնիշխանության պաշտպանության միջոցով:
Էներգետիկ տեսանկյունից Հորմուզի նեղուցի շուրջ լարվածությունը անմիջական գլոբալ հետեւանքներ ունի, եւ էներգետիկ անվտանգությունը դարձել է ազգային անվտանգության անբաժանելի մաս:

Նա նշում է, որ պաշտպանական միջոցառումները՝ ներառյալ արտահանման այլընտրանքային ուղիների ստեղծումը, ծովային համակարգման ուժեղացումը եւ գործառնական շարունակականության ապահովումը, միայն պաշտպանական բնույթ չունեն: Դրանք նաեւ ռազմավարական ազդանշան են, որ Ծոցի ենթակառուցվածքները հեշտությամբ խոցելի չեն:
Բացի էներգետիկ անվտանգությունից, առեւտուրն ու հաղորդակցությունները նույնպես կենսական նշանակություն ունեն Էմիրությունների համար: Որպես Ասիայի, Եվրոպայի եւ Աֆրիկայի միջեւ լոգիստիկ եւ վերարտահանման հանգույց՝ երկիրը իր տնտեսական շահերը կապել է տարածաշրջանային տրանսպորտային ուղիների կայունության հետ: Երկարատեւ հակամարտության սրացումը կարող է ազդել ապահովագրության ծախսերի, փոխադրումների երթուղիների եւ արտաքին ներդրումների վրա: Այդ պատճառով միջին կարողությունների տեր երկրները պետք է միաժամանակ պաշտպանեն իրենց տնտեսական ցանցերը համակարգային ցնցումներից եւ դիվանագիտության միջոցով կանխեն առեւտրային ուղիների հետագա ռազմականացումը:

Պատերազմի տնտեսական հետեւանքները նույնպես վերլուծական կենտրոնների ուսումնասիրությունների կարեւոր ուղղություններից են: Ատլանտյան խորհրդի վերլուծական կենտրոնի (EUISS)  փորձագետ Խալեդ Ազիմը Իրանի պատերազմի նկատմամբ համաշխարհային շուկաների արձագանքի վերաբերյալ իր վերլուծությունում նշում է, որ ֆինանսական շուկաների արձագանքը, նախորդ աշխարհաքաղաքական ճգնաժամերի համեմատությամբ, ավելի վերահսկելի է եղել, սակայն էներգետիկ շուկաների արձագանքը ռազմական զարգացումների նկատմամբ՝ ոչ այնքան զգալի:

Ազիմի խոսքով՝ բնական գազի գների աճը եւ նավթի գնի ժամանակավոր թռիչքը հիմնականում պայմանավորված են եղել Պարսից ծոցի էներգետիկ ենթակառուցվածքների խափանման վտանգի եւ Հորմուզի նեղուցով նավարկության դանդաղեցման վերաբերյալ մտահոգություններով: Այդ նեղուցը շարունակում է համարվել համաշխարհային տնտեսության համար էներգիայի փոխանցման կարեւորագույն ռազմավարական ուղիներից մեկը:

Ազիմը կարծում է, որ շուկաների վարքագծի վրա ամենամեծ ազդեցությունն ունեն երկու գործոն՝ ժամանակը եւ անորոշությունը: Կարճաժամկետ հեռանկարում համաշխարհային տնտեսությունում էներգիայի պահանջարկը ճկուն չէ: Սա նշանակում է, որ նույնիսկ ճգնաժամի պայմաններում էներգիայի սպառումը մեծ փոփոխությունների չի ենթարկվում: Հետեւաբար, եթե էներգիայի մատակարարման խափանումները շարունակվեն, գների բարձրացումը գրեթե անխուսափելի կլինի: Այդ աճը կարող է շղթայական ազդեցություն ունենալ համաշխարհային գնաճի, կենտրոնական բանկերի դրամավարկային քաղաքականության, տոկոսադրույքների եւ, վերջապես, տնտեսական աճի վրա:

Այլ կերպ ասած՝ ըստ վերը նշված  վերլուծական կենտրոնների, Մերձավոր Արեւելքի ապագան կախված է լինելու ոչ այնքան ռազմական գործողությունների արդյունքից, որքան այս ճգնաժամի կառավարման ձեւերից եւ տարածաշրջանային դերակատարների կարողություններից:

Կազմեց  Գ. ԱՌԱՔԵԼՅԱՆԸ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հատուկ ծառայություններ. Կիբեռպատերազմ Իրանի դեմ

Հաջորդ գրառումը

2030 տարվա բանտարկություն է սպասվում Էրդողանի մրցակցին

Համանման Հոդվածներ

Հրապարակախոսություն

Նվաստանալով Ադրբեջանի ուժի ցուցադրումից` իշխանությունն այդ նվաստացումը փոխակերպում է Հայաստանի ներսում ուժի ցուցադրությամբ՝ ձգտելով նվաստացնել ընդդիմախոսներին

28/03/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Իրանի միջուկային ենթակառուցվածքների թիրախավորումը և պատերազմի սրման նոր փուլը. Արմեն Այվազյան

27/03/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանն այսօր Հայոց պետականության և ինքնիշխանության գլխավոր սպառնալիքն է, ում հեռացնելու պատմական հնարավորությունը հայ ժողովուրդը կունենա հունիսի 7-ին. ՀԱԿ

27/03/2026
27 Մարտի, 2026

Մեր քաղաքական կյանքի տրամաբանությունը

27/03/2026
Հաջորդ գրառումը

2030 տարվա բանտարկություն է սպասվում Էրդողանի մրցակցին

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական